Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2024թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը
Հղումներ


 


 


 

 


Կաճառ գիտական պարբերական 2019, II

ԿԱՃԱՌ

ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

II, 2019

Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից

 

ԱՐԱՄ ՊԱՊՈՅԱՆ

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 

ՀԵՏԱՀԱՐՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ ԱԼԿԱԼԻ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՏՈՄՆԵՐԻ
ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍՊԵԿՏՐԱՍԿՈՊԻԱՅՈՒՄ

Վերլուծվել է լազերային ճառագայթման հետ ռեզոնանսային փոխազդեցության ընթացքում ատոմի կողմից ձեռքբերած մեխանիկական մոմենտի (հետահարման երևույթ) ազդեցությունը ալկալի մետաղների ատոմների սպեկտրասկոպիայում: Ուղղակի քանակական չափումները կատարվել են նատրիումի ատոմական փնջի սարքավորման վրա: Շեղող լազերի 7.5 մՎտ հզորության դեպքում փոխազդեցության կետից 890 մմ փունջն ի վար գրանցվել է ատոմների 1.3 մմ շեղում, ինչը համապատասխանում է ատոմների ձեռքբերած ≈ 300 սմ/վ ընդլայնական հետահարման արագությանը: Շեղման կախումը հզորությունից դրսևորում է քառակուսի-արմատային օրենք՝ պայմանավորված լայնական արագության մեծացմանը զուգընթաց տեղի ունեցող ռեզոնանսային հաճախության դոպլերյան վերալարումով: Քննարկվում է հետահարման երևույթի հնարավոր դերը բարձր լուծունակության ատոմային սպեկտրասկոպիայում: Ստացված արդյունքները օգտագործվել են գազային միջավայրերի հետ լազերային ճառագայթման փոխազդեցության դեպքի վերլուծության համար: Կատարվել են համապատասխան գնահատականներ ալկալի մետաղների ատոմական գոլորշի պարունակող նանոբջիջներում լազերային սպեկտրասկոպիայի համար, որտեղ սպասվում է հետահարման երևույթի ամենամեծ ազդեցությունը:


ԱՐՄԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի 4-րդ կուրսի ուսանող

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

կենսաբանական գիտությունների թեկնածու

 

ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՏՐԱՆՍԿՐԻՊՏՈՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ 
ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Տվյալ աշխատանքում իրականացվել է հեպատոմայի բջջային կուլտուրաներում նիկելի, կադմիումի և արսենի ազդեցության ուսումնասիրություն: Այս նպատակով առկա կենսաչիպերով չափված գեների էքսպրեսիայի  տվյալները խմբավորվել և ֆունկցիոնալ վերլուծության ենթարկվել են ինքնակառավարվող քարտեզների ալգո­րիթմի օգնությամբ: Արդյունքները ցույց են տվել, որ  նիկելը և կադմիումը առաջացնում են հիպօքսիայի և օքսիդատիվ սթրեսի հետ ասոցացված գեների էքսպրեսիայի մակարդակի բարձրացում, մինչդեռ արսենը ակտիվացնում է քաղցկեղածին պրո­ցեսները: Այսպիսով՝ ստացված արդյունքները վկայում են, որ գեների էքսպրեսիայի փոփոխությունները խիստ կերպով կախված են ծանր մետաղի տեսակից:


ԱՐԵԳ ՀՈՒՆԱՆՅԱՆ

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՄԱԼՅԱՆ

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

 

ՍԱՀՔԻ ՆՈՐՄԱԼ ԱԼԻՔԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ-ԱՆՀԱՄԱՍԵՌ ԱՌԱՁԳԱԿԱՆ ՇԵՐՏՈՒՄ

Մեխանիկական տարբեր եզրային պայմանների դետքում ուսումնասիրվում են առաձգական շերտի նյութի երկայնական թույլ անհամասեռության, ինչպես նաև շերտի մակերևույթների թույլ անհարթությունների  ազդեցությունները նորմալ ալիքի տարած­ման վրա: Ցույց է տրվում, որ իզոտոպ առաձգական շերտի կոշտ ամրակցված հարթ մակերևույթների դեպքում ալիքի էներգիայի ասիմետրիկ տեղայնացումը տեղի է ու­նե­նում շերտի միջին հարթության մոտ: Մեխանիկորեն ազատ հարթ մակերևույթի դեպքում ալիքի էներգիայի տեղայնացումը տեղի է ունենում մերձմակերևութային գո­տի­ներում, բայց ավելի ինտենսիվորեն այն կրկին տեղայնացվում է շերտի միջին մակերևույթի մոտ: Երկու դեպքում էլ նորմալ ալիքի վրա նյութի անհամասեռության ազդեցության պատճառով առաջանում են երկու նոր, փոխկապակցված հաճախու­թյուն­ներ:

Մեխանիկորեն ազատ, թույլ մակերեսային անհարթությունների դեպքում առաջանում են ալիքի թույլատրելի հաճախականությունների գոտիներ (ինչպես նաև հաճախականությունների լռելյայն գոտիները), և ալիքային էներգիայի տեղայնացումը տեղի է ունենում մերձմակերևութային գոտիներում:


ԳՐԻԳՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 

ՈՐՈՇ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԶՐՈՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ

Չնայած սովորական դիֆերենցիալ հավասարումների լուծումների զրոները լայնորեն ուսումնասիրված են, մենք չկարողացանք գտնել հրապարակումներ  հիմնարար հավասարումների լուծումների զրոների վերաբերյալ: Իրական գործառույթների զրոների քանակին վերաբերող, վերջերս հայտնաբերված սկզբունքը թույլ է տալիս նախաձեռնել նմանատիպ ուսումնասիրություններ:

Սույն հոդվածում մենք ուսումնասիրել ենք նաև հավասարումների հայտնի համակարգը, որտեղ  և  կամայական բազմանդամներ են: Այս համակարգի կամայական  լուծման համար մենք տալիս ենք վերին սահմաններ  և / կամ  –ի զրոների քանակի համար, որոնք ընկած են [a, b] հատվածում:


ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԶՆԵՑՈՎ

տնտեսագիտության դոկտոր, ՌԳԱ թղթակից անդամ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ` 

ՌՈՒՍ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հոդվածը նվիրված է ռուսական առաջատար ինստիտուտներից մեկի՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտա­կան ինֆորմացիայի ինստիտուտի արդի գործունեությանը: Քննության են առնվել ինստիտուտի երկու հիմնական ոլորտների՝ գիտահետազոտական և գրադարանային – մատենագիտական աշխատանքների ուղղությամբ ռուս գիտնականներին ներկայաց­վող հրատարակչական նոր պահանջները: Հոդվածում առանձնահատուկ ուշադրու­թյուն է դարձվում գիտաչափական ցուցանիշների համաձայն հասարակական գիտությունների բնագավառում գիտնականների և կազմակերպությունների գնահատ­ման առավելություններին ու թերություններին: Տրված է Միացյալ Նահանգներում մշակված գիտաչափական գործիքներով ռուս գիտնականների գնահատման ժամանակ գերազանցապես կիրառվող ներկայիս պետական ​​քաղաքականության քննադատական ​​վերլուծությունը (Web of Science, DOI և այլն): Ռուս գիտնականների հրատարակման գործունեությունը գնահատելու համար առաջարկվում են ավելի համարժեք միջոցներ և գործիքներ, ցույց է տրված դրանց իրականացման գործում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական ինֆոր­մացիայի ինստիտուտի  հնարավոր տեղը:


ՀՏԴ 82+32

ԱԼՎԱՐԴ ՍԵՄԻՐՋՅԱՆ-ԲԵՔՄԵԶՅԱՆ

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համառոտագիր

Կարո՞ղ է արդյոք գեղարվեստական գրականությունը լինել պոպուլիստա­կան՝ դառնալով «գործիք» իշխող դասակարգի ձեռքում՝ հասարակությանը, մասսաներին գաղափարապես ուղղորդելու նաև մանիպուլյացնելու քաղաքա­կան նպատակադրմամբ, որքանո՞վ է գրականությունը մասնակից դառնում պոպուլիստական գաղափարախոսության ձևավորմանը և տարածմանը, և, վերջապես, հնարավո՞ր է արդյոք, որ գրականությունն ինքն իրենով լինի պոպուլիստական: Այս հարցադրումներին ըստ էության պատասխանելու համար հարկ է նաև հասկանալ, թե ինչ է նշանակում «պոպուլիզմ» ժամանա­կակից աշխարհում: Պոպուլիզմ բառի կիրառությունը հայ իրականության մեջ հատկապես մեծ տարածում գտավ 2018 թվականի ապրիլյան հեղափոխության ընթացքում և դրանից հետո, և սա հետաքրքիր է նաև նրանով, որ որոշակի կապ է ստեղծվում Հայաստանի և համաշխարհային «պոպուլիստական» միտման միջև:

Հանգուցային բառեր և արտահայտություններ՝ գրականություն, պոպուլիզմ, սոցռեալիզմ, պոպ-արտ, հեղափոխություն:


ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀԱՍՄԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

հոգեբանական գիտությունների թեկնածու

ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

քիմիական գիտությունների թեկնածու

 

ՍՆՆԴԱՅԻՆ ՎԱՐՔԻ ՀՈՒԶԱԿԱՆ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ԵՎ ԷՔՍՏԵՐՆԱԼ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԴԱՍԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Հոդվածը նվիրված է անձի դասական տեսությունների շրջանականերում սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցության ներքո սննդակարգային վարքը սահմա­նափակող, հուզական և էքստերնալ շեղումների առաջացման խնդրի՝ հետա­գայում սննդային վարքի խախտումները կարգավորելու նպատակաով հետազոտական վերլուծությանը: Հոդվածում կարմիր թելով անցնում է  դեռահաս աղջիկների սննդակարգային փոփոխությունների և անձի ինքնադրսևորման, սոցիալական և մարմնային ինքնագնահատականի միջև կապի առկայության մասին միտքը: Խնդիրը վերլուծվել է անձի դասական տեսությունների լույսի ներքո, որոնք առաջ են քաշվել Ա. Ադլերի, Է. Ֆրոմմի, Է. Էրիկսոնի, Ա. Մասլոուի կողմից: Հոդվածն ամփոփվում է Երևան քաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում ուսուցանող մոտ 200 դեռահաս աղջիկների շրջանում անցկացված հակիրճ դիտարկմամբ: Հետազոտության նպատակն է բացահայտել իրական և իդեալական Ես-ի անհամապատասխանության օրինաչա­փությունները և վեր հանել սննդակարգային վարքագծում առաջացած խախտումների հնարավոր պատճառները:


ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

հոգեբանական գիտությունների դոկտոր

 

ՄԱՐՄՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԵՍ-ԶԳԱՑՈՒՄԸ ՀՈԳԵԿԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Մեզնից յուրաքանչյուրը, կախված կենսական և մասնագիտական հետաքրքրու­թյուններից, ժամանակ առ ժամանակ բախվում է, ինչպես մենք ենք անվանում, Ես-ի խնդրին։ Թերևս այս ոչ անբնական հիմնախնդիրը կանգնում է մեր առջև, անկախ նրանից՝ ցանկանում ենք մենք դա, թե ոչ։ Ինչպե՞ս ենք մենք հասկանում մեր մտքերը։ Ինչպե՞ս ենք հասկանում մեր Ես-ը։ Ինչի՞ հետ ենք մենք կապում Ես հասկացությունը, և արդյո՞ք գոյություն ունեն սահմաններ այդ հասկացության համար։ Մենք կարող ենք գտնել հարյուրավոր որոշիչներ «Ես» հասկացության համար, որոնցից յուրաքանչյուրը բացում է այդ հասկացության որոշակի սահմաններ։ Ըստ մեզ՝ ճիշտ պատկերացումն հետևյալն է՝ հասկանալու համար, թե մենք ինչ կարող ենք մտածել՝ խոսելով մեր Ես-ի մասին, անհրաժեշտ է պարզել, թե ինչի հետ է զուգակցվում մեր Ես-ը։ Այնուամենայնիվ, մենք որոշում ենք այս հասկացությունը այն զուգակցելով հոգեկան այլ կառույցների հետ։ Այս հասկացությունը ինքնարժեք չէ, իր որոշման համար այն կարիք ունի որոշակի զուգակցման։ Մեր պատկերացմամբ՝ նման հաստատուն կառույցով կարող է լինել նաև ֆիզիկականությունը։


ՀՏԴ 339.7(479.25)

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝

ՆԵՐԱՌԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

 

Համառոտագիր

Տնտեսության կայուն առաջընթացի կարևորագույն նախապայմաններից մեկը տնտեսական աճի ներառականության ապահովումն է, և այս առումով կարևոր դերակատարում ունի պետական ներդրումային քաղաքականության ուղղվածությունը, որի միջոցով հնարավոր է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների հոսքերն ուղղել դեպի տնտեսության ռազմա­վարական, գիտելիքահեն և ռեսուրսախնայող ոլորտներ, որոնց զարգացումն իր հերթին կխթանի Հայաստանի տնտեսության առաջանցիկ զարգացումը: Այդ ուղղությամբ անհրաժեշտ են գիտականորեն հիմնավորված և համակարգային բարեփոխումներ՝ շուկայական տնտեսական համակարգի ինստիտուտների զարգացման, օրենսդրական դաշտի բարելավման և ներդրումային քաղաքակա­նու­թյան նոր սկզբունքների ու մոտեցումների սահմանման ուղղությամբ:

Հանգուցային բառեր և արտահայտություններ՝ ներառական տնտեսական աճ, ներդրումային քաղաքականություն, տեղական և օտարերկրյա ներդրումներ, մարդկային կապիտալի զարգացում:


ՀՏԴ 373.1

ՆԱԻՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ

մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Համառոտագիր

Դպրոցը բարդ սոցիալական համակարգ է, որն ակտիվորեն համագոր­ծակցում է իր սոցիալական շրջապատի հետ: Դպրոցի կապը շրջապատի հետ երկկողմանի է: Որպես առանձին կրթական հաստատություն՝ դպրոցը մտնում է ավելի լայն կրթական համակարգի մեջ, ինչպիսին են համայնքային, մարզային և հանրապետական կրթական համակարգերը: Դպրոցը, լինելով նախադպրոցական ու բարձրագույն կրթական համակարգերը կապող հիմ­նարար օղակ, անձի սոցիալականացման, հասարակական էակ դառնալու և համապատասխան արժեհամակարգ ձևավորելու այն միջավայրն է, որն անհրաժեշտաբար ենթադրում է ժամանակին համահունչ կառավարման համակարգի առկայություն ու գործունեություն:

Հանգուցային բառեր և արտահայտություններ՝ ավագ դպրոց, կառավարում, դեռահասի սոցիալականացում, ներդպրոցական կառավարում, եռաստիճան մոդել: