ԿԱՃԱՌ
ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
II, 2021
Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից
ԳԱՅԱՆԵ ԵԳԱՆՅԱՆ
Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական
Համալսարան, մանկավարժական գիտությունների թեկնածու
ՊԷԹԹԻ ՔԻԼԷՐՃԵԱՆ
Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական
Համալսարանի մագիստրոս
Մեդիակրթության մանկավարժական պայմանները տարրական դպրոցում
Համառոտագիր
21-րդ դարի հանձնարարականներից է մեդիան և մեդիայի կիրառումը կրթական գործընթացում, որն ունի համամարդկային արժեկողմնորոշիչ նշանակություն. մեդիակրթությունը մանկավարժական գործընթացում յուրաքանչյուր առարկայի շրջանակում հասցեագրվում է յուրաքանչյուր երեխայի՝ ապահովելով ակադեմիական առարկայի անհրաժեշտ նպատակներն ու ուսումնական արդյունավետ գործունեությունը, վերջնարդյունքները:
Մեդիան գործիք է մանկավարժական գործընթացում վաղ ուսուցման խաղերի, գեղագիտական դաստիարակության, լեզվի իմացության, ինչպես նաև մաթեմատիկայի, կրոնի կամ բարոյագիտության համար: Մեդիան կիրառելու նպատակով բավական չէ միայն տիրապետել մշակված սարքավորումների: Տարրական դպրոցում համապատասխան մեդիամիջոցներով հագեցած դասասենյակը, իհարկե, ավելի գրավիչ է աշակերտների համար և հնարավորություն կտա ուսումնառության կրթող, զարգացնող և դաստիարակող գործընթացը դարձնել դյուրին, ակնառու և խթանող:
Տարրական դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում մեդիայի վերահսկելի կիրառումը հատկապես անհրաժեշտ է երևակայության և ստեղծագործականության, ինքնուրույն որոնողական կարողությունների զարգացման համար: Հեռուստատեսության, ձայնագրիչի, շարժանկարի կամ մուլտիմեդիա համակարգչի հետ աշխատելը նույնչափ կարող է նպաստել մեդիակրթությանը, ինչպես մամուլի, գրքերի հետ աշխատելը: Մեդիասարքավորումներն ընտրվում են հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան՝ նպատակների սահմանմամբ և կատարված փորձի պարբերական գնահատմամբ: Այստեղ տեղին է կարևորել տեխնոլոգիական սարքավորումների վերահսկելի կիրառումը. մեդիայի չափազանց կիրառումը տարրական դպրոցում կարող է երբեմն խոչընդոտել սովորողների ճանաչողական, ստեղծագործական կարողությունների դրսևորմանը:
Այսօր անհրաժեշտություն է առաջացել ծնողների և ուսուցչի կողմից երեխայի օժանդակ տեղեկատվության ստացման գործընթացների, բովանդակության և ժամանակի խիստ վերահսկողության ու դրանց մանկավարժական ուղղորդման՝ համակարգչից և համացանցից կանխարգելման համար։
Բանալի բառեր և բառակապակցություններ. մեդիակրթություն, տարրական դպրոց, մեդիագրագիտություն, մեդիագործիքներ, մեդիակոմպետենցիաներ, մանկավարժական պայմաններ։
ԵՆՈՔ ԳՐԻՇԿՅԱՆ
Երևանի պետական համալսարան
բանասիրական գիտությունների թեկնածու
Բնագավառային ցուցչի կիրառումը մեքենական թարգմանության մեջ
Համառոտագիր
Ներկա հոդվածը համառոտակի ուսումնասիրում է մարդկային և մեքենական թարգմանության առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներկայացնում է մեքենական թարգմանության ընթացքում կիրառվող բառային նկարագրության նոր մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է առավել արագ ու ճշգրիտ թարգմանություններ կատարել: Առաջարկվում է բնագավառային ցուցիչը, որն անմիջապես կկցվի բառին` բնորոշելով նրա կիրառության ոլորտը և հստակեցնելով բառի իմաստային դաշտը: Այս ցուցիչը կհեշտացնի մեքենական համակարգի կողմից բառային ընտրությունը` զգալիորեն բարձրացնելով մեքենական թարգմանության որակը:
Բնագավառային ցուցիչը ներառում է հետևյալ երեք հիմնական ոլորտների իմաստաբանական նկարագրությունը` գիտական, հասարակական կամ սոցիալական և հումանիտար: Այս երեք ոլորտները ներառում են ենթադաշտեր, որոնք սովորաբար խառնվում են գլխավոր ցուցչին գծիկի միջոցով, որը դրվում է սկզբում:
Գիտական ոլորտը ներառում է այնպիսի ենթաոլորտներ, ինչպիսիք են աշխարհագրությունը, մաթեմատիկան, քիմիան, ֆիզիկան, տնտեսագիտությունը, բժշկությունը և այլն: Կիրառական գիտությունների ցուցիչը պարունակում է տարբեր բառեր, որոնք օգտագործվում են նույն գիտական ոլորտի այլ ենթադաշտերում՝ համակարգիչ, հեռախոս, գործառույթ և այլն, ինչն էլ վճռական դեր է խաղում բազմիմաստ բառերի տարբերակման մեջ, օրինակ` մկնիկ (սարքավորում), արմատ (մաթեմատիկական) և այլն:
Հասարակական կամ սոցիալական ցուցիչը պարունակում է ենթացուցիչներ, որոնք նեղացնում են բառերի իմաստը և ներառում են արվեստի, գյուղատնտեսության, իրավունքի, կրթության, կրոնի, ֆինանսների, ժամանակի, տրանսպորտի, մարդանց և այլ ոլորտներ: Սա իմաստաբանական ամենալայն ոլորտն է, որն ունի բազմաթիվ ենթադաշտեր, որոնք մակնշում են այնպիսի խմբերին պատկանող բառեր, ինչպիսիք են ճարտարապետությունը, գույները, խաղերը, երաժշտությունը, սպորտը և այլն (արվեստի ցուցչի համար), հագուստ, խմիչքներ, սնունդ և արտադրություն (գյուղատնտեսության ցուցչի համար), իսկ ժամանակի, մարդկանց, մասնագիտությունների և կրոնի, տնային տնտեսության մեջ կիրառվող առարկաների հասկացություններն առկա են այս խմբում` հասարակության մեջ դրա լայն կիրառման պատճառով: Հումանիտար ոլորտը բնութագրում է լեզուներում, գրականության և մատենագրության մեջ օգտագործվող տերմինները: Այս ենթացուցիչները օգնում են բնութագրել և տարբերել լեզուները ազգերից, գրքերի վերնագրերը սովորական բառերից ու արտահայտություններից, ինչպես նաև նկարագրում են գրականության ոճերը (վավերագրական, հեքիաթային, դրամատիկ և այլն): Իրենց հերթին դրանք կարող են հետագայում սահմանվել որպես արձակ կամ բանաստեղծություն:
Ներկայացվող նախագծում բոլոր բանաձևերը տրվել են` հաշվի առնելով բնագավառային ցուցչի առկայությունը և նրա վերջավոր դիրքը: Կախված թարգմանվող լեզվից՝ տվյալ թարգմանված տարբերակը պետք է հետևի վերոհիշյալ բանաձևին:
Բանալի բառեր և բառակապակցություններ. մեքենական թարգմանություն, բառիմաստ, մետալեզու, համընդհանուր լեզվի տեսություն, արհեստական բանականություն։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի վարիչ,
կենսաբանական գիտությունների թեկնածու
ՄԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի մեթոդիստ
ԵԼԵՆԱ ԱՄԻՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի մեթոդիստ
Կրթության որակի ուսումնասիրությունը հանրակրթության ոլորտում կորոնավիրուսային
համաճարակի պայմաններում
Համառոտագիր
ՔՈՎԻԴ-19 համաճարակը հանգեցրել է մատմության պատմության ոնջ ընթացքում կրթության համակարգի գործառնության ամենամեծ խափանմանը, որն ազդել է գրեթե 1.6 մլրդ սովորողների վրա ավելի քան 190 երկրներում և բոլոր մայրցամաքներում: Դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների փակումն ազդել է ուսանողական բնակչության 94 տոկոսի վրա, իսկ ցածր եկամուտ կամ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը հասել է 99 տոկոսի (Հայեցակարգ ՅՈՒՆԵՍԿՕ, 2020թ.): Ինչպես և աշխարհի բոլոր երկրները, Հայաստանը ևս անմասն չի մնացել համաճարակի հասցրած վնասից:
Նմանատիպ հետազոտության իրականացման համար խթան է հանդիսացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի կողմից իրականացվող նախաձեռնությունը, որի նպատակն է ներկայիս ՔՈՎԻԴ-19 համաճարակի պայմաններում իրազեկել և հետազոտել հանրակրթությունում ընթացող կրթական գործընթացները, կրթության որակը, առցանց դասերի առավելությունները և թերությունները:
Սույն հետազոտության նպատակն է համաճարակային պայմաններում խթանել հանրակրթության ոլորտում կայուն զարգացման 4-րդ նպատակի իրագործումը: Ծրագրի ընթացքում սովորողներին ներկայացվել է ՔՈՎԻԴ-19-ի ժամանակ առցանց և հիբրիդ ուսուցման դժվարությունները և առավելությունները, մասնակցության կարևորությունը, ինքնուրույն և ինքնավար սովորելու կարողությունը, ապրումակցման և փոխօգնության կարևորությունը:
Հետազոտության իրականացման համար, որպես օբյեկտ ընտրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված և գործընկեր դպրոցներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացված նախկին ծրագրերում, ինչպես նաև ներգրավված են եղել տարբեր տեղական և միջազգային ծրագրերում:
Ծրագրի արդյունքները ցույց են տվել, որ կրթությունն առավել արդյունավետ է առցանց և առկա (հիբրիդ) ձևերի զուգահեռ իրականացման դեպքում: Հիբրիդային ուսուցումը հնարավորություն է տվել, օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ և լուծելով կազմակերպչական որոշ խնդիրներ, ապահովել աշակերտների բարձր առաջադիմություն:
Բանալի բառեր և բառակապակցություններ. որակյալ կրթություն, առցանց և հիբրիդ ուսուցում, համաճարակային պայմաններ, կրթական ճգնաժամ։
ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Գիտակրթական միջազգային կենտրոն,
կրթության որակի ապահովման բաժնի պետ,
բանասիրական գիտությունների թեկնածու, ԳԿՄԿ դոցենտ
ԳԱՅԱՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտ
ԱՆԺԵԼԱ ՂԱԼԱՄԴԱՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Գիտակրթական միջազգային կենտրոն,
կրթության որակի ապահովման բաժնի սոցիոլոգ, ԵՊՀ ասպիրանտ
ԱՆՆԱ ՄՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտ
Ագրոտուրիզմի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանում
Համառոտագիր
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեծ արագությամբ զարգանում է ագրոտուրիզմը, բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունում ագրոտուրիզմի զարգացման համար կան բավականին լուրջ նախադրյալներ:
Տվյալ հետազոտությունը նպատակ ունի բացահայտել ՀՀ-ում ագրոտուրիզմի ներկա վիճակը՝ ուրվագծելով դրա զարգացման հեռանկարները, մասնավորապես հանրային կապերի (PR) դերը այս ոլորտի զարգացման գործում: Անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելու համար օգտագործվել է փորձագիտական հարցազրույցի, փաստաթղթերի վերլուծության, որակական խորին հարցազրույցների և դիտման մեթոդները:
Ուսումնասիրված տվյալները վերաբերում են մինչև 2020 թվականի առաջին կիսամյակը ՀՀ-ում տարածում ունեցող գաստրոտներին, տուն-արվեստանոցներին, արկածային զբոսաշրջությանը և ագրոտուրիզմի այլ հետաքրքիր ուղղություններին, որոնք գործում են ՀՀ տարբեր մարզերում, մասնավորապես՝ Գեղերաքունիքում, Վայոց Ձորում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Տավուշում, Արագածոտնի, Արարատի մարզերում:
Կարելի է նշել, որ ՀՀ-ն ունի բոլոր նպաստավոր պայմանները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկին, սակայն այդ ծառայությունները լիարժեք և ամբողջությամբ ներկայացված չեն հայաստանյան և օտարերկրյա տուրօպերատորներին և անհատ զբոսաշրջիկներին:
Հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ
- Ագրոտուրիզմն ունի զարգացման հեռանկաներ ՀՀ-ում:
- Ագրոտուրիզմը կարող է նպաստել ՀՀ տարբեր գյուղերի և համայնքների զարգացմանը։
- Զարգացման համար կարևոր նախադրյալ է պլանավորված PR արշավների կազմակերպումը։
- Զարգացմանը խոչընդոտում է ՀՀ-ում համընդհանուր զբոսաշրջային գործող հարթակի բացակայությունը։
- Զարգացմանը կնպաստի հայկական զբոսաշրջային օպերատորների կողմից գյուղական զբոսաշրջություն առաջարկող փաթեթների ստեղծումը/ընդլայնումը։
- Կարևոր է ստեղծել հյուրատների ցանց, որտեղ ներառված կլինեն միայն այն հյուրատները, որոնք զբաղվում են ագրոտուրիզմով և առաջարկում են ծառայություններ այս ոլորտում։
Բանալի բառեր և բառակապակցություններ. ագրոտուրիզմ, գյուղական զբոսաշրջություն, ագրոտուրիզմը Հայաստանում, զբոսաշրջային բիզնես, հանրային կապեր:
ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Գիտակրթական միջազգային կենտրոն, գիտական քարտուղար,
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարանի մասին
Համառոտագիր
Լեզուների ձևային նկարագրությունն ավելի ու ավելի կիրառական է դարձել, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հայոց լեզվի լիարժեք ձևային նկարագրություն դեռ չի կատարվել, չնայած որ որոշակի փորձեր արվել են, անհերքելի է:
Հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարանը (https://form lang.am/) հայոց լեզվի լիարժեք ձևային նկարագրության առաջին փուլն է միայն: Սույն հոդվածում ներկայացրել ենք հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարանի առավելությունները:
Հազարավոր բառերի բառակազմական վերլուծություն պարունակող էլեկտրոնային շտեմարանը հնարավորություն է տալիս որոնելու բառեր, ինչպես նաև դրանց ձևույթները: Սա նշանակում է, որ որևէ արմատ կամ ածանց փնտրելիս հայտնվում են դրանցից կազմված բոլոր պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառերը: Այն մեզ հնարավորություն է տալիս բացահայտելու ինչպես կանոնավոր կազմությունների, այնպես էլ բոլոր տարբերակային ձևերի, շեղումների ու անկանոնությունների ամբողջական պատկերը` հաճախականության տվյալներով և դրանց ավտոմատ վերլուծության ու սերման հնարավորություններով:
Տվյալների շտեմարանը հիանալի հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հայերենի բառակազմությունը համաժամանակյա և տարժամանակյա հայեցակետերով, հայտնաբերել նոր բառերի առաջացման հիմնական օրինաչափությունները, հազարավոր օրինակներով պարզել հայերեն բառերի կազմության սկզբունքներն ու ուղիները, ունենալ պարզ, ածանցավոր, բարդ և բարդածանցավոր բառերի ամբողջական տարբերակված ցանկը:
Սույն տվյալների շտեմարանը ոչ միայն գործնական մեծ արժեք ունի հայոց լեզուն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տիրույթում որպես հաղորդակցման միջոց ներգրավելու համար, այլև ունի տեսական մեծ արժեք բառապաշարի կառուցվածքի ճշգրիտ նկարագրությունը ներկայացնելու համար: Այն մեծ հեռանկարներ կստեղծի ոչ միայն տեսական լեզվաբանության, այլև գործնական-կիրառական խնդիրներ լուծելու համար։ Այն կարող է շատ օգտակար լինել հայագիտության հետագա զարգացման համար:
Բանալի բառեր և բառակապակցություններ. ձևային նկարագրություն, բառակազմական վերլուծություն, հայոց լեզու, էլեկտրոնային շտեմարան, տվյալների շտեմարանի հարցում:
ԶԱՐՈՒՀԻ ՀԱՅՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Գիտակրթական միջազգային կենտրոն,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԼՈՒԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ,
բանասիրական գիտությունների թեկնածու
Ղևոնդ Ալիշանի գրական գործունեությունը ռուս գրաքննադատության լույսի ներքո
Համառոտագիր
Ռուս-հայկական գրական հարաբերությունների պատմությունը ժամանակի ամենավառ և ամենանշանակալից երևույթներից է, որն, անկասկած, ամրապնդել է փոխադարձ մշակութային ժառանգությունը և խորապես նպաստել է ինչպես հայ, այնպես էլ ռուս ստեղծագործների և գրականագետների աշխարհընկալմանը:
20-րդ դարասկզբին հայ մշակույթը, մասնավորապես հայ գրականությունը, մեծ հետաքրքրություն առաջացրեց այնպիսի ականավոր դասականների շրջանում, ինչպիսիք են Մ. Գորկին, Վ. Բրյուսովը, Ա. Բլոկը, Օ. Մանդելշտամը, Ա. Բելին, Ա. Ախմատովան և այլոք: Նրանք ոչ միայն գնահատեցին հայ ստեղծագործողների գեղագիտական և ոճական հյուսվածքը, այլև ձեռնամուխ եղան ռուսերեն թարգմանելու հայկական պոեզիայի լավագույն նվաճումները:
Այս առումով մշակութային մեծ իրադարձություն կարելի է համարել «Поэзия Армении с древнейших времен до наших дней» անթոլոգիայի հրատարակումը 1916-թ. Վալերի Բրյուսովի խմբագրությամբ, որը գրել է նաև աշխատանքի ներածական մասը: Հրատարակությունն իրականացվել է Մ. Գորկու անմիջական աջակցությամբ և հսկողությամբ: Պետք է նշել, որ Վ. Բրյուսովի և Ա. Բլոկի կատարած ռուսերեն թարգմանությունները այժմ էլ թարգմանության գեղարվեստական ժառանգության փայլուն նմուշներից են:
Սույն հոդվածը ներկայացնում է Ղևոնդ Ալիշանի ստեղծագործական ժառանգությունը ռուս քննադատների (Վ. Բրյուսով, Յ. Վեսելովսկի) գնահատման և մեկնաբանության լույսի ներքո: Ռուս քննադատներն արժևորում են Ալիշանի բանաստեղծական անհատականությունը և ազդեցությունը ժամանակի գրական գործընթացների զարգացման վրա: Հոդվածում լուսաբանվում է նաև ռուս բանաստեղծների, թարգմանիչների և գրականագետների դերը Բրյուսովի անթոլոգիայի հրատարակման և հանրահռչակման գործում՝ որպես ժամանակի գլխավոր մշակութային իրադարձություն:
«Արեւմտահայերի պոեզիա» անթոլոգիայի բաժինը ներառում է Ղ. Ալիշանի, Մ.Պեշիկթաշլյանի, Պ. Դուրյանի, Սիպիլի, Լ. Շանթի և այլոց հայտնի բանաստեղծությունները, որոնց զուգահեռ ներկայացված են Վ. Բրյուսովի Ս. Շերվինսկու, Վ. Խոդասեւիչի, Կ. Բալմոնտի, Ս. Բոբրովի և այլոց թարգմանությունները:
Գիտական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ռուս բանաստեղծների և թարգմանիչների շրջանում Բրյուսովն առաջիններից էր, որ հետաքրքրվեց Ղ. Ալիշանի՝ պայծառ բանաստեղծական անհատականությամբ: Եվ դա կարելի է բացատրել նրանով, որ Ալիշանը ոչ միայն արևմտահայ պոեզիայի հայտնի ներկայացուցիչ էր, այլև իր ժամանակի համակողմանի խորաթափանց ստեղծագործող էր և հանրագիտարանային գիտելիքների տեր անհատականություն: Նա պատմաբան էր, բանասեր, թարգմանիչ, փիլիսոփա, աշխարհագրագետ, որն իր ամբողջ կյանքը նվիրեց գիտությանն ու լուսավորությանը: Բրյուսովը նույնպես օժտված անհատականություն էր: Նա բանաստեղծական տաղանդ էր և մեծ ներդրում է ունեցել ռուս տաղաչափության կատարելագործման գործում ՝ այն բարձրացնելով նոր՝ ավելի բարձր մակարդակի: Հետևաբար՝ Բրյուսովի և Ալիշանի միջև կան բազմաթիվ ընդհանրություններ՝ լայնախոհությունը, լեզուների և համաշխարհային գրականության փայլուն իմացությունը, գիտական գործունեության հանդեպ նվիրվածությունը, հայրենիքի նկատմամբ անհուն սերը, մշակութային արժեքների մասին իրազեկվածությունը և հումանիզմի բարձր մակարդակը: Անկասկած, նրանք դարաշրջանի նշանավոր կերպարներից էին, ովքեր մեծ ներդրում են ունեցել մշակույթի, գիտության և գրականության զարգացման գործում:
Սույն հոդվածը անդրադառնում է նաև ռուս թարգմանության տեսության սկզբունքների համապարփակ ուսումնասիրությանը, այստեղ քննվել է նաև Ղ. Ալիշանի հայրենասիրական «Հրազդան» պոեմի ռուսերեն տարբերակը: Ռուս թարգմանիչների հմտությունը և նրանց՝ հայոց լեզվի լեզվական յուրահատկությունների ու ազգային հատկանիշների խորքային ուսումնասիրությունը նպաստել է բնագրի ոճաժանրային առանձնահատկությունների համարժեք վերաստեղծմանը:
Բանալի բառեր և բառակապակցություններ. Վալերի Բրուսով, ռուսերեն թարգմանություն, Յուրի Վեսելովսկի, հայ գրականություն, Ղևոնդ Ալիշան, հայ հայրենասիրական պոեզիա, մշակութային ժառանգություն:
ԲԵՆԻԿ ԵՐԻԲԵԿՅԱՆ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի հայցորդ
Վանաձորի պետական համալսարանի դասախոս
Մանիպուլյատիվ կարողությունը համեմատության մեխանիզմի կիրառության գործընթացում
Համառոտագիր
Հոդվածում ներկայացվել է համեմատության մեխանիզմի ծագումնաբանության որոշ տեսական հիմնավորումներ և որոշ առանձնահատկություններ: Ներկայացվել են նաև համեմատության մեխանիզմի գործնական կիրառման որոշ ոլորտներ, վերլուծվել են հիմնական մանիպուլյատիվ դիտավորությունները: Տեսական հատվածում դիտարկվել և վերլուծվել են համեմատության մեխանիզմի առաջացման խնդիրներն ու առանձնահատկությունները: Մասնավորապես դիտարկվել է Ա. Ադլերի տեսությունը: Հիմնավորվել է այն միտքը, որ համեմատության մեխանիզի առաջացման հիմքերը գալիս են դեռևս վաղ տարիքից: Այստեղ առանձնահատուկ նշանակություն է ունենում համեմատության գործընթացը եղբայրների կամ քույրերի հետ: Որպես տեսական հիմք՝ դիտարկվել է նաև օբյեկտ-հարաբերությունների տեսությունը, մասնավորապես` նարցիստիկ անձնային հոգեկերտվածքի ուսումնասիրության համատեքստում: Տվյալ համատեքստում հոգեվերլուծական հայեցակարգը ներկայացվել է որպես համեմատության մեխանիզմի առաջացման և ձևավորման հիմք, որը հետագայում դառնում է կայուն վարքագիծ: Տեսականորեն հիմնավորվում է նաև համեմատության մեխանիզմի առաջացման և սոցիալական միջավայրի միջև փոխկապվածությունը: Ձևավորված վարքային ձևաչափը հիմք է ստեղծում սոցիալ-հոգեբանական հետագա մանիպուլյատիվ ներգործությունների իրականացման համար: Դիտարկվել է մասնավորապես ռեֆերենտային խմբեր հասկացողությունը, որի ժամանակ անհատը համեմատվում է ինչպես սեփական, այնպես էլ հակադիր խմբի անդամների հետ: Այս համատեքստում խոսվել է նաև ազգային նույնականացման ձևավորման գործընթացի մասին։ Շուկայագիտության ոլորտում համեմատության մեխանիզմի մանիպուլյատիվ օգտագործումը հիմնականում կապված է Ես-կերպարի վրա ներգործելու խնդրի հետ: Քաղաքականության ոլորտում ևս կարելի է հաճախ հանդիպել համեմատության մեխանիզմի մանիպուլյատիվ օգտագործման օրինակների: Հիմնական առանձնահատկությունը և տարբերությունը վերաբերում է մանիպուլյատիվ նպատակաուղղման խնդրին: Քաղաքական ոլորտում հաճախ օգտագործվում է արժեզրկման, շուկայագիտության ոլորտում` գերակայության ցուցադրման նպատակաուղղվածությունը: Վերջինիս համատեքստում օգտագործվում է համապատասխան բառամթերք:
Մանիպուլյատիվ մեխանիզմի մանիպուլյատիվ օգտագործումը դիտարկվոել է առանձին քաղաքական էլիտաների դիսկուրսի ուսումնասիրության օրինակի համատեքստում: Քաղաքականության ոլորտում համեմատության մեխանիզմը հիմնականում օգտագործվում է արժեզրկման նպատակադրման, նարցիստիկ համեմատության նպատակով: Որպես օրինակ՝ դիտարկելի է Վրաստանի նախագահի ելույթը Ուկրաինայի նախագահի ելույթում տեղ գտած արտահայտությունների համեմատության համատեքստում: Նախագահ Զելենսկու ելույթում կարելի է նկատել սիմվոլիկ պատկերի օգտագործում, որն ապահովում է սեփական լսարանի վրա առավել ուժեղ մանիպուլյատիվ ներգործություն: Շուկայագիտության և գովազդի կառուցման ոլորտում համեմատության մեխանիզմի օգտագործումը համակցվում է սեփական ապրանքի, ապրանքանիշի առավելությունների ցուցադրմամբ` այլ, համանման ապրանքների համեմատությամբ:
Բանալի բառեր և բառակապակցություններ. համեմատության մեխանիզմ, մանիպուլյատիվ մտադրություններ, դիսկուրսիվ բնութագրիչներ, ներգործություն։
ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ասիստենտ
ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան,
տնտեսագիտական գիտությունների ասպիրանտ
Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Համառոտագիր
Հոդվածում ներկայացված է տնտեսական աճի կանխատեսման մեթոդների զարգացումը։ Հետազոտողները տնտեսական աճի հետազոտություններին առավել մեծ ուշադրություն սկսել են դարձնել անցյալ դարի 50-ական թվականներից։ Բազմաթիվ վերլուծաբաններ և տնտեսագետներ իրենց աշխատանքներում անդրադարձել են տնտեսական աճի կանխատեսման մեթոդներին և փորձել գտնել այն գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա։ 2000-ական թվականներին տնտեսագետները գտել էին ավելի քան 500 էկզոգեն և էնդոգեն գործոններ, որոնք ազդում էին տնտեսական աճի վրա [1]։ Յուրաքանչյուր ազգային տնտեսություն ունի իր առանձնահատկությունները, որոնք տնտեսական աճի կանխատեսումը դարձնում են ավելի քիչ կապակցված մյուս երկրների տնտեսությունների վերլուծություններին։ Մի քանիսի վրա ազդեցությունը մեծապես կախված է նավթահումքային արտադրանքների ծավալից, մյուսները կախված են ֆինանսական և սպառողական ծառայություններից, իսկ մի շարք այլ երկրների ազգային տնտեսության մեծ մասնաբաժինը ստացվում է գյուղատնտեսական արտադրանքների արտադրությունից և սպառումից։ Հայաստանի տնտեսությունը նույնպես բացառություն չէ։ Հեղինակները ներկայացրել են Հայաստանի տնտեսական աճի դինամիկան, այն գործոնները, որոնք ազդում են նրա վրա, տարածաշրջանի մի քանի երկրների հետ տարել են համեմատականներ։ Հեղինակներն օգտագործել են տարբեր էկոնոմետրիկական մոդելներ, որպեսզի կանխատեսեն տնտեսական աճը։ Օգտագործելով փոքրագույն քառակուսիների մեթոդը կառուցվել է մաթեմատիկական մոդել, որը ցույց է տալիս տնտեսական աճի վրա ազդող 4 գործոնները՝ ՕՈՒՆ-ները, արտահանման ծավալը, ազգային խնայողությունները և տրամադրված վարկերի ծավալը։ Մոդելի որակը կազմել է 98%, որը շատ բարձր ցուցանիշ է։ Ամենամեծ ազդեցությունն ունեցել է ՕՈՒՆ-ը։ Եթե ՕՈՒՆ-ի ծավալը աճի 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, ապա ՀՆԱ-ն կաճի 4․52 միլիարդ ԱՄՆ դոլարով, որը կազմում է 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 36%-ը։ Արտահանման ծավալների ազդեցությունը ևս փոքր չէ։ Եթե արտահանման ծավալներն աճեն 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, ապա ՀՆԱ-ն կաճի 1․58 միլիարդ ԱՄՆ դոլարով, որը կազմում է 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 13․6%-ը։ Հեղինակը ներկայացրել է նաև 2020-2029 թվականների համար տնտեսական աճի կանխատեսում՝ օգտագործելով ARIMA կանխատեսման փաթեթը։ Արդյունքները հետաքրքրիր են, քանի որ պատկերում են կորոնավիրուսի համավարակի հետևանքները, ինչպես նաև ստեղծում անհրաժեշտություն կատարելու փոփոխություններ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններում։ Հոդվածը կարող է ազդանշան լինել ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի համար, որոնք կարող են օգտվել հոդվածի արդյունքներից և կատարել փոփոխություններ վերոնշյալ քաղաքականություններում։
Բանալի բառեր և բառակապակցություններ. էնդոգեն և էկզոգեն գործոններ, տնտեսական աճ, ֆինանսական ճգնաժամ, ARIMA, OLS:
ԼԻԼՅԱ ՊԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Լ.Ա Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող
Հինգ կոբրաների թույների ցավազրկող ազդեցությունների համեմատական հետազոտություն
Համառոտագիր
Ամեն օր բազմաթիվ մարդիկ տառապում են տարբեր բնույթի ցավերից: Ցավն այն առավել հաճախ հանդիպող ախտանշանն է, որի պատճառով հիվանդները դիմում են բժշկին: Չնայած ցավային ազդակների փոխանցման ուղիներն ու մեխանիզմները մշտապես ուսումնասիրվում են և դեղերի շուկան անընդհատ համալրվում է նոր ցավազրկողներով, սակայն հայտնի է, որ դրանք հաճախ ունենում են անցանկալի կողմնակի հետևանքներ (չափավոր արդյունավետություն, ֆիզիկական կախվածության առաջացում, շնչառության կանգ, շնչահեղձություն, սրտի կանգ և այլն): Ուստի՝ նոր, ավելի արդյունավետ դեղերի հայտնաբերումը արդիական խնդիր է:
Բնական ռեսուրսները, մասնավորապես՝ կենդանական թույները, համարվում են հակացավային և հակաբորբոքային միջոցների հեռանկարային հումք: Թույները կենսաբանորեն ակտիվ միացությունների բարդ խառնուրդներ են, որոնք ունեն բարձր խնամակցություն տարբեր կենսաբանական գործընթացներում:
Սույն հետազոտության նպատակն է համեմատել հինգ տարբեր կոբրաների թույների հակացավային ազդեցությունները: Հետազոտությունները իրականացվել են միևնույն փորձարարական պայմաններում, ֆորմալինային թեստի սուր և բորբոքային փուլերի ընթացքում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հետազոտված բոլոր թույները ֆորմալինային թեստի առաջին փուլի (0-5րոպե) ընթացքում ցուցաբերել են թույլ սենսիտիզացնող ազդեցություն, իսկ երկրորդ՝ բորբոքային փուլում ցուցաբերել են նշանակալի ցավազրկող ազդեցություն: Մասնավորապես, NNO-ի թույնը ճնշել է ցավազգայնությունը 48.4%-ով, NNP-ի թույնը՝ 75.4%-ով, NNN-ի թույնը՝ 38.5%-ով, NNK-ի թույնը՝ 33.2%-ով և OH-ի թունը՝ 78.3%ով (p<0.05): Սա այն դեպքում, երբ անալգինի ցավազրկող ունակությունը միևնույն պայմաններում 77,9% է, իսկ դիկլոֆենակինը՝ 88,7%: Ուստի՝ NNP և OH թույների ցավազրկող ազդեցությունները մրցունակ են ստանդարտ ցավազրկողների հետ և կարող են կիրառվել հետագայում՝ նոր ցավազրկող միջոցների մշակման համար:
Բանալի բառեր և բառակապակցություններ. ցավ, հականոցիցեպցիա, կոբրայի թույն, ֆորմալինային թեստ:
ԳՈՀԱՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Գիտակրթական միջազգային կենտրոն,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԱՐՄԵՆ ԳԱԲՈՒՉՅԱՆ
Ա. Ի. Եվդակիմովի անվան Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարան,
բժշկակակն գիտությունների թեկնածու
ՎԼԱԴԻՄԻՐ ԿՆՅԱԶ
Ավիացիոն համակարգի պետական հետազոտական ինստիտուտ (ԱՀՊՀԻ),
տեխնիկական գիտությունների թեկնածու,