Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2025թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը։
Հղումներ


 


 


 

 


Կաճառ գիտական պարբերական 2021, I

ԿԱՃԱՌ

ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

I, 2021

Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից

 

 

ՍԵՐԳԵՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

խմբի ղեկավար

Ա. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ

ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածու

nick@mail.yerphi.am

ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆ

գտական ղեկավար

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

isec@sci.am

ԵՐՋԱՆԻԿ ԶԱՐԳԱՐՅԱՆ

ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի

ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածու

yerjanikzargaryan@gmail.com

ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԱՎԱԾ YBa2Cu3OX ԲԱԶՄԱԲՅՈՒՐԵՂՆԵՐԻ ԳԵՐՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ԵՎ ՆՈՐՄԱԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՎՐԱ

Համառոտագիր

Ուսումնասիրվել է արտաքին հաստատուն մագնիսական դաշտի կիրառման ազդեցությունը սենյակային պայմաններում երկարատև պահված YBa2Cu3Ox բազմաբյուրեղների (Y123) գերհաղորդչային և նորմալ բնութագրերի վրա՝ օգտվելով ջերմաստիճանների (77-290)K տիրույթում 10mA հաստատուն տրանսպորտային հոսանքի դեպքում որոշված տեսակարար դիմադրության r(T) կորերից: Իբրև գերհաղորդչային բնութագրեր՝ դիտարկվել են գերհաղորդչային անցման լայնությունը (DΤC) և նրա կրիտիկական ջերմաստիճանը (ΤC): Ընդ որում, ΤC-ն որոշվել է անցման սկզբին, միջնակետին և վերջին համապատասխանող ջերմաստիճաններով (ΤCon, Tc0.5 և Tc0): Իսկ որպես նորմալ բնութագիր դիտարկվել է տեսակարար դիմադրության մագնիսադաշտային կախվածությունը (մագնիսադիմադրություն) ֆլուկտուացիոն տիրույթում (Tc0Con): Ցույց է տրվել, որ դիտարկվող բոլոր բնութագրերն էլ մագնիսական դաշտից կախված դրսևորում են ոչ մոնոտոն վարքագիծ: Ընդ որում, մագնիսական դաշտի մեծացմանը զուգընթաց կրիտիկական ջերմաստիճանը ոչ միայն նվազում է, այլ նաև դրսևորում է անոմալ աճ, որի առավելագույն չափը Tcon-ի, Tc0.5-ի և Tc0-ի համար համապատասխանաբար կազմել է 5.3K, 4.2K և 2.9K, ինչը նշանակում է, որ մագնիսական դաշտից կախված ամենամեծ անկայունություն ունի Tcon-ն: Իսկ մագնիսական դաշտից կախված Tcon-ի և DΤC-ի համափուլ փոփոխությունը վկայում է այն մասին, որ երկու բնութագրերն էլ պայմանավորված են միևնույն մեխանիզմով: Բացահայտվել է, որ ֆլուկտուացիոն տիրույթում մագնիսադիմադրության դրսևորած վարքագիծը խստորեն կախված է ջերմաստիճանից: Պարզվել է, որ 92K-ում կիրառված մագնիսական դաշտի ամբողջ տիրույթում դիտվել է բացասական մագնիսադիմադրություն: Մինչդեռ ավելի բարձր ջերմաստիճաններում դիտվում է ինչպես բացասական, այնպես էլ դրական մագնիսադիմադրություն: Բացի դրանից, բացահայտվել է, որ գերհաղորդչային և նորմալ բնութագրերի փոփոխությունը, մագնիսական դաշտից կախված, ընթանում է հակառակ փուլերով, այսինքն՝ մագնիսական դաշտի փոփոխության դեպքում մեկի աճը ուղեկցվում է մյուսի համաժամանկյա նվազումով, և` հակառակը:

Ստացված արդյունքների մեկնաբանությունը կատարվել է ժամանակի ընթացքում դեգրադացված նմուշներում միկրոսկոպիկ մակարդակով առկա կառուցվածքային անհամասեռությունների մոդելի շրջանակներում:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Բարձր ջերմաստիճանային գերհաղոդիչ (ԲՋԳՀ), գերհաղորդչային (ԳՀ) անցում, ԳՀ անցման լայնություն, ԳՀ անցման սկզբի, միջնակետի և վերջի ջերմաստիճան` (DΤC, ΤCon, Tc0.5 և Tc0), մագնիսադիմադրություն։

 

 

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ashot.khachatrian@gmail.com

ԱՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

Ինժեներ ծրագրավորող

«Սմարթթրանս» ՍՊԸ

ԵՊՀ մագիստրանտ

arammm1995@gmail.com

ԳԱԶԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄԻԿՐՈՊՐՈՑԵՍՈՐԱՅԻՆ ՀԻՄՔՈՎ ԳԱԶԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՍԱՐՔԻ ՄԻՋՈՑՈՎ

Համառոտագիր

Սույն հոդվածը նվիրված է նոր սերնդի միկրոպրոցեսորային հիմքով գազի վերլուծության և հայտնաբերման սարքի նախագծմանը և արտադրությանը: Գազի հայտնաբերման գործընթացի համար ընտրվել է երկու մեթոդ, որոնցից մեկը կատալիտիկ այրման եղանակն է, որը հիմնված է օքսիդացման կատալիզատորի վրա այրվող գազի այրման արդյունքում առաջացած ջերմության վրա, երկրորդը էլեկտրաքիմիական սկզբունքի վրա հիմնված չափումներն են, որտեղ կիրառվում է էլեկտրաքիմիական զգայուն տարր, որը թիրախային գազի էլեկտրաքիմիական օքսիդացման պրոցեսն օգտագործում է էլեկտրոլիտիկ բջջի ներսում գործող էլեկտրոդի վրա, և թիրախային գազի էլեկտրաքիմիական ռեակցիայի մեջ արտադրվում է հոսանք, որը,  Ֆարադեյի օրենքի համաձայն, ուղիղ համեմատա­կան ​​է իր կոնցենտրացիային, ուստի գազի կոնցենտրացիան կարող է ստացվել հոսանքի արժեքը չափելու միջոցով:

   Այս զգայուն տարրերի համադրությունը ապահովում է ցածր սպառում, բարձր ճշգրտություն, բարձր զգայունություն, լայն գծային տիրույթ, ինչպես նաև դետեկտորի արդյունքների գերազանց կրկնություն և կայունություն:

Վերոհիշյալ մեթոդներով աշխատող զգայուն տարրերին ավելացնելով միկրոպրոցեսոր՝ մենք հավաքեցինք սենյակներում օգտագործվող «ELAR» գազ հայտնաբերող և վերլուծող սարքը, որը միկրոպրոցեսորի վրա հիմնված և ծրագրա­կազմով կառավարվող սարք է (այսուհետ` ազդանշանային սարք) նախատեսված բնական գազի արտահոսք (CH4) և թերի այրված ածխածնի օքսիդի (Co) ավելացված կոնցենտրացիա հայտնաբերելու և վերլուծելու համար: Գործարկվելիս սարքը արձակում է ուժեղ ձայնային և լուսային ազդանշան, ինչպես նաև հրաման է ուղարկում փակել էլեկտրական փականը, դադարեցնել բնական գազի մատակարարումը, որպեսզի կանխվեն գազի պայթյունը, արտահոսքը և մարդ­կային զոհերը:

   Արդյունքում ակնկալվում է ունենալ նոր սերնդի գազի վերլուծող և հայտնաբերող սարք, որը չի ազդի այլ գազերի վրա, բացի CH4-ից և Co-ից, կունենա ինքնակարգաբերման գործառույթ՝ հատուկ ծրագրակազմով, 0-ի կար­գաբերում, ավտոմատ տրամաչափարկում շահագործման ժամանակ, ձայնային ազդանշանում զգայուն տարրերի շարքից դուրս գալու դեպքում, ինչպես նաև կգրանցի տվյալները ըստ ժամանակի և միջադեպերի էներգաանկախ հիշողության մեջ և կունենա համակարգչային ծրագրի միջոցով միջադեպեր կարդալու հնա­րավորություն:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Կատալիտիկ այրման մեթոդ, փոխհատուցման տարր, պայթյունի ստորին սահման (LEL), էլեկտրաքիմական օքսիդացման պրոցես, էլեկտրոլիտային բջիջ, էլեկտրաքիմիական ռեակցիա։

 

 

ՎԱՐԴԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ

ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավար, Երևանի պետական ​​բժշկական համալսարանի ռազմական թերապիայի ամբիոնի վարիչ

բժշկական գիտությունների դոկտոր

vtsaturian@mail.ru

ԷԼՅԱ ՓԵՓՈՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժնի գիտաշխատող

elyap@yandex.ru

ՄԱՐԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող

marine.balayan@gmail.com

ԱՍՏՂԻԿ ՓԵՓՈՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ

կենսաբանական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր

apepoyan@gmail.com


 
ՍՆՈՒՑՈՒՄ, ՊՐՈԲԻՈՏՒԿՆԵՐ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀՒՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՄԵՆՍԱԼ  Escherichia coli –ների ԴՆԹ-ՄԵԹԻԼԱՑՈՒՄԸ

 
Համառոտագիր

Հատուկ դիետաների պահպանումը/հաստատումը շատ հիվանդությունների կառավարման հիմնական կետերից մեկն է: Հայտնի է նաև, որ որոշակի սննդա­մթերքի ընդունումը կարող է հիվանդությունների ժամանակ աղիքային բակտերիալ համայնքներում առաջացնել կանխատեսելի տեղաշարժեր: Մյուս կողմից՝ պրոբիո­տիկներն առաջարկվում են աղիների միկրոբիոտայի անբարե­նպաստ փոփոխու­թյունները վերականգնելու համար: Ավելին՝ հատուկ պրոբիո­տիկներով հարստաց­ված սնունդը կարող է  կարևոր հիմք հանդիսանալ որոշ դիետաների համար: Պրոբիոտիկի ընտրությունը, ինչպես նաև սննդի միջոցով պրոբիոտիկի նպատա­կային առաքումը, սակայն, պահանջում են լուրջ գիտատեխնիկական մոտեցումներ, որպեսզի սինբիոտիկ սնուցման միջոցով հնարավոր լինի պահպանել/խթանել նաև պրոբիոտիկ-բակտերիայի աճը:

Պարբերական հիվանդությունը (ՊՀ, PD, ընտանեկան միջերկրածովային տենդ), աուտոսոմալ ռեցեսիվ համակարգային ինքնաբորբոքային խանգարում է և բնութագրվում է ջերմության, սերոզիտի, սինովիտի և/կամ մաշկային բորբոքում­ների պարբերական նոպաներով: ՊՀ հիվանդության կառավարման համար հաջո­ղությամբ կարող է ցածր աղային/յուղայնությամբ դիետա օգտագործվել: Աղիքային մանրէների ճշգրիտ դերը դեռ լիովին պարզ չէ, բայց ՊՀ պաթոգենեզում լայնորեն քննարկվում է տեր-միկրոբիոտա երկխոսության կարևորությունը: Այս ուսումնա­սիրությունը նպատակ ունի պարզելու ՊՀ հիվանդների աղիքային կոմենսալ E. coli-ների ԴՆԹ-ի մեթիլացման ուսումնասիրությունների արդիականու­թյունը տեր-միկ­րո­բիոտա երկխոսության գնահատման համար: PubMed-ից տվյալ­ներ հավաքելու համար (1990-2021) օգտագործվել են հետևյալ հիմնաբառերը՝ E. coli, աղիք, FMF և ԴՆԹ մեթիլացում:

Գրական տվյալների հիման վրա կատարված այս հետազոտությամբ հիմ­նավորվեց ՊՀ-ի ժամանակ տեր-միկրոբիոտա երկխոսության գնահատման հա­մար աղիքային կոմենսալ E. coli բակտերիաների ԴՆԹ-ի մեթիլացման հետա­զոտու­թյունների կարևորությունը:

Բանալի բառեր և բառակապակցություններ. FMF, պրոբիոտիկ, E. Coli, մեթիլացում, ԴՆԹ, աղիքային միկրոբիոտա:

 

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ավագ գիտաշխատող

ՀՀ ԳԱԱ ակադ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

կենսաբանական գիտությունների թեկնածու

margaritadanielyan@rambler.ru

ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

կրտսեր գիտաշխատող

ՀՀ ԳԱԱ ակադ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

karapetyanchristine@gmail.com

ՔՐԻՍՏԻՆԱ ՆԵԲՈԳՈՎԱ

գիտաշխատող

ՀՀ ԳԱԱ ակադ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

կենսաբանական գիտությունների թեկնածու

nebogova.kristina@mail.ru

ԲԱԿՏԵՐԻԱԼ ՄԵԼԱՆԻՆԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎ ՆՅՈՒԹԻ ՎՐԱ ՊԱՐԿԻՆՍՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Համառոտագիր

Պարկինսոնի հիվանությունը համարվում է լայն տարածում ունեցող շարժողական խանգարում և դասվում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների շարքին։ Այն հաճախ կապված է անձի անհատականության աստիճանական խաթարման հետ: Պարկինսոնի հիվանդության հիմնական պատճառներն են սև նյութի կոմպակտ մասի դոֆամիներգիկ նյարդաբջիջների պրոգրեսիվ քայքայումն ու մահը: Դոֆամիներգիկ նյարդաբջիջների մահվան դանդաղեցումը կարող է արդյունավետ բուժման եղանակ լինել։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման համար կիրառում են տարբեր նյարդապաշտպան միջոցներ, որոնց ներարկումը արագացնում է կենտրոնական նյարդային համակարգի կառույցների գործառույթների վերականգնումը: Կատարվել է առնետների սև նյութի կոմպակտ մասի բջջային կառույցների մորֆոֆունկցիոնալ վիճակի համեմատական հետազոտություն Պարկինսոնի հիվանդության մոդելում՝ համակցված բակտերիալ մելանինի ներարկմամբ: Մորֆոհիստաքիմիական ուսումնասիրության համար օգտագործվել է Ca2+ կախյալ թթու ֆոսֆատազի ակտիվության հայտնաբերման մեթոդը: Ստացված տվյալները ցույց են տվել, որ ուղեղի ռոտենոնային թունավորման ժամանակ նկատվում են նեյրոնի մահ և սև նյութի գունազրկրում, տեղի են ունենում ներբջջային կառուցվածքների կտրուկ մորֆոլոգիական փոփոխություններ, ինչը վկայում է նյութափոխանակության և մորֆոլոգիական կոպիտ խանգարումների մասին: Իսկ բակտերիալ մելանինի ներարկման ժամանակ դիտվում է սև նյութի կոմպակտ մասի նյարդաբջիջների նորմալ մորֆոֆունկցիոնալ պատկերի պահպանման միտում՝ ի տարբերություն Պարկինսոնի հիվանդության մոդելի: Ստացված տվյալները հիմք են հանդիսանում եզրակացնելու, որ բակտերիալ մելանինը գործում է որպես նյարդապաշտպան գործոն:

 Բանալի բառեր և բառակապակցություններ. Սև նյութի կոմպակտ բաժին, բակտերաիլ մելանին, Պարկինսոնի հիվանդության մոդել։

ՍՈՒՐԵՆ ՂԱՐԱՋՅԱՆ

մագիստրանտ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիական և քիմիական տեխնոլոգիաների ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոն

suren.gharajyan@mail.ru

ՆԵԼԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

դոցենտ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիական և քիմիական տեխնոլոգիաների ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոն

hovnel@mail.ru

ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԷՔՍՊՐԵՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

Համառոտագիր

Քիմիական հետազոտությունների անցկացումը և դրանց վերլուծությունները զբաղեցնում են գիտնականների ողջ աշխատանքի և ժամանակի մեծ մասը: Իրականում յուրաքանչյուր քիմիկոս կարող է լուծել և խառնել ռեակտիվները, բայց որոշ հետազոտությունների և փորձերի համար հարկավոր է հարյուրավոր անգամ կրկնել նույն մանիպուլյացիաները՝ պահպանելով ռեակտիվների համամաս­նությունների ճշգրտությունը: Բացի այդ, հսկայական ջանքեր են ծախսվում ռեագենտները միմյանց հետ համատեղելու և ստացված արդյունքները գրանցելու վրա: Այս բոլոր գործընթացները խիստ միանման են և պահանջում են կրկնել միևնույն գործողությունները փոփոխականների փոքր տարբերությամբ:

Իհարկե, օգնության են հասնում քիմիական վերլուծության ժամանակակից գործիքային մեթոդները, որոնք օժտված են բարձր ճշգրտությամբ, հիմնված են արդի գիտության նորագույն սկզբունքների վրա, միևնույն ժամանակ պահանջում են ժամանակակից, թանկարժեք սարքավորումների և բարձր մասնագիտացված սպասարկող անձնակազմի առկայություն: Ուստի լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հսկայական ֆինանսական և աշխատատար ներդրումներ կատարել քիմիական լաբորատորիաներում: Դա լիովին արդարացված է որոշ դատաբժշկական, դատաքիմիական և այլ հատուկ լաբորատորիաներում, ինչպես նաև նորարարական հետազոտական ​​լաբորատորիաներում, որտեղ յուրաքանչյուր ուսումնասիրություն եզակի է և հաճախ ունի մի շարք իրավական հետևանքներ: Այնուամենայնիվ, մեծ թվով քիմիական լաբորատորիաներ ամեն օր իրականացնում են սովորական, կրկնվող աշխատանք: Այս լաբորատորիաներին անհրաժեշտ են ամենօրյա արագ փորձարկումներ, որոնք հնարավոր է կատարել արագ, արժանահավատ և առանց էական ծախսերի: Օգտագործելով հոդվածում ներկայացված պարզ ֆիզիկաքիմիական, գունային և այլ թեստերը, ինչպես նաև համեմատաբար էժան քիմիական ռեակտիվներ՝ լաբորատորիան շատ արագ և արդյունավետորեն կարող է իրականացնել իր ամենօրյա խնդիրները՝ միևնույն ժամանակ խուսափելով թանկարժեք սարքավորումների օգտագործումից: Հուսով ենք, որ այս աշխատանքը օգտակար կլինի հատկապես սահմանափակ ռեսուրսներ ունեցող բնապահպանական և քիմիական լաբորատորիաների, ինչպես նաև գործարանային և արդյունաբերական տարբեր լաբորատորիաների համար, քանի որ արդյունքում խնայվում են և՛ նյութական ռեսուրսները, և՛, որ ամենակարևորն է, ժամանակը:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Օրգանական միացություններ, լուծիչ, ալիֆատիկ և արոմատիկ ածխաջրածիններ, սպիրտեր, բարձրամոլեկուլային ալդեհիդներ, կետոններ։

ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

nhakobyan@mail.ru

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

դասախոս

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ

հոգեբանական գիտությունների թեկնածու

anna.khachatryan@cba.am

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆԸ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Համառոտագիր

Այս հոդվածը ներկայացնում է գիտական ​​վարկածն առ այն, որ COVID-19 համավարակի արտակարգ իրավիճակի պայմաններում բժիշկների խմբում հուսա­լիության սոցիալ-հոգեբանական պրոֆիլը ձևավորվում է հիմնականում խմբի անդամների ակտիվ մասնագիտական և անձնային հատկությունների` անկեղծու­թյան, պատասխանատվության, տեղեկացվածության և աշխատանքի արդյունավե­տության միջոցով: Ներկայացված վարկածը հաստատելու համար մենք ուսում­նասի­րել ենք բժիշկների խմբի հուսալիության դրսևորման առանձնահատ­կու­թյունները։ Բժշկական աջակցության խմբում իրականացվել է հուսալիության չա­փա­­նիշների համեմատական ​​էմպիրիկ վերլուծություն:

Սույն հոդվածում ներկայացված հետազոտության գործնական արժեքը նրանում է, որ էմպիրիկ-տեսական հետազոտության ընթացքում խմբերի հուսալիու­թյան վերաբերյալ բացահայտված գաղափարները հանդիսանում են արդյունա­վետության բարձրացմանն ուղղված սոցիալ-հոգեբանական ծրագրերի և դասըն­թաց­ների մշակման մեթոդաբանական հիմքը։ Դրան կարելի է հասնել խմբի համա­խմբ­վածության բարելավման, անձնակազմի հաղորդակցական հմտու­թյունների կատա­րելագործման և մարդկային ռեսուրսների ներդաշնակ զարգաց­ման միջոցով:

Այս հետազոտությունը բացահայտում է նաև մասնագիտական ​​հուսալիության կարևոր կողմ՝ կապված թիմային աշխատանքի հոգեբանական արդյունա­վետու­թյան հետ, որն իր հերթին նվազեցնում է թիմում լարվածությունը և նպաստում է աշխատանքային գործառույթների իրականացմանը: Այս կապակցությամբ նշվում են այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝

• համատեղ մասնագիտական ​​գործունեությամբ զբաղվող անձանց հոգե­բանական առանձնահատկությունները,

• Աշխատանքի կազմակերպման մեխանիզմները՝ հաշվի առնելով աշխատա­կիցների տարբեր մասնագիտական ​​գործառույթները և անհատական ​​առանձնա­հատկությունները:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Խմբային հուսալիություն, անկեղծություն, պատասխանատվություն, տեղե­կաց­վածություն, աշխատանքի արդյունավետություն, արտակարգ իրավիճակներ։

 

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐԱՆ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ oտար լեզուների ամբիոնի վարիչ

բանաիիրական գիտութոունների թեկնածու, դոցենտ

gohargrigoryan2011@yandex.ru

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ արևելագիտութան ինտտիտուտի հայցորդ

lusmovsisyan95@mail.ru

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՊԱՆԴԵՄԻԱՅԻ ՕՐԵՐԻՆ

Համառոտագիր

2019 թվականին աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակն իր ազդեցությունն ունեցավ կյանքի բոլոր ոլորտների վրա, մեծապես տուժեց կրթական համակարգը, քանի որ անցումը հեռավար կրթության նախ մեծ դժվարություններ առաջ բերեց հոգեբանական առումով։ Բացի այդ առաջ եկավ նաև տեխնոլոգիական սարքավորումների ու համացանցի հասանելիության խնդիրը։ Ամբողջ աշխարհում քիչ չէր այն մարդկանց թվաքանակը, ովքեր ի վիճակի չէին ունենալու սեփական համակարգիչը կամ սմարթֆոնը՝ կրթությունը հեռավար եղանակով շարունակելու համար։ Համավարակը, սակայն, նաև հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռքբերման համար։ Համաշխարհային “lockdown”-ի պայմաններում մարդիկ առանց տնից դուրս գալու և ռեսուրսներ ծախսելու կարող էին նոր գիտելիքներ ձեռք բերել։ Աշխատանքը կատարելիս ուսանողների շրջանում կատարել ենք հարցումներ և հետազոտությունների միջոցով պարզել ենք համավարակի պայմաններում օտար լեզուների ուսուցման արդյունավետությունը, կարևորել ենք օտար լեզվի իմացության դերը արդի ժամանակաշրջանում, ուսումնասիրել ենք հեռավար կրթության մոդելը ՀՀ-ում։

Բանալի բառեր և բառակապակցություններ. COVID-19 համավարակ, առցանց ուսուցում, հեռավար ուսուցում, օտար լեզուների դասավանդում, հեռավար կրթություն Հայաստանում:

 

 

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կառավարում» ամբիոնի վարիչ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

kssargsyan@yahoo.com

 

COVID-19-Ի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ  ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ

 

Համառոտագիր

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով սկսած 2020 թվականից համաշխարհային տնտեսությունը բավականին արագ տեմպերով թևակոխել է մեկ այլ ճգնաժամի փուլ: COVID-19 ճգնաժամը աշխարհի կառավարություններին, որոնք առերեսվել են դժվարին փոխզիջումների՝ կապված  առողջապահական, տնտեսական և սոցիալական մարտահրավերների հետ, ստիպում է գործել բացարձակ ​​անորոշության պայմաններում:

Կորոնավիրուսային համավարակի պատճառած տնտեսական ճգնաժամը եզակի է իր բնույթով և դժվար է կանխատեսել դրա հնարավոր խորությունը: Աշխարհի գրեթե բոլոր երկրների կառավարությունները փորձել են և շարունակում են փորձել գտնել ճիշտ հավասարակշռություն մարդկային կյանքերը և ազգային տնտեսությունները փրկելու միջև: Բազմաթիվ երկրների բոլոր մակարդակների կառավարությունները արագ արձագանքել են՝ արձագանքման քաղաքականության համար կիրառելով տեղային մոտեցում և իրականացնելով համարժեք միջոցառումներ՝ COVID-19-ի ճգնաժամին հակազդելու համար:

Ընդհանուր առմամբ, Կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը կարելի է նախնական գնահատել` վերլուծելով ֆինանսական հատկացումների ծավալը և ՀՆԱ հարաբերակցության ցուցիչը, ինչպես նաև այդ միջոցառումների շահառուների շրջանակը:

Ներկայիս տնտեսական ճգնաժամի հաղթահարման ամենաարդյունավետ միջոցը տնտեսության մեջ բավարար իրացվելիություն ներարկելն է, ինչը կօգնի խուսափել ինչպես համախառն առաջարկի, այնպես էլ համախառն պահանջարկի կտրուկ անկումից, հակառակ դեպքում տնտեսությունն անխուսափելիորեն հայտնվելու է անկման  երկար փուլում: Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար ՀՀ կառավարությունը մշակեց և իրականացրեց հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ, որոնք չառանձնացան բարձր արդյունավետությամբ հակաճգնաժամային միջոցառումների գծով փոքրածավալ հատկացումների, ինչպես նաև դրանց շահառուների նեղ շրջանակի պատճառով:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Տնտեսական ճգնաժամ, կորոնավիրուսի համավարակ, հակաճգնաժամային միջոցառումներ, ֆինանսական միջոցներ, արդյունավետություն։

 

ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

atom.mkhitaryan@isec.am

ՆՈՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևանի պետական ​​համալսարան

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

nonnakhachatryan@ysu.am

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ

 

Համառոտագիր

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել դոկտորանտի մասնագիտական ​​և փոխանցելի հմտությունների կարևորությունը, խթանել դոկտորանտուրայի արդյունավետ կառավարման ու ազդեցության վերաբերյալ քննարկումները երրորդ մակարդակի բարձրագույն կրթության քաղաքականության և գործընթացների բարեփոխումների համատեքստում:

Մասնագիտական հմտությունների ուսուցումը դոկտորանտուրայում որոշակի քննարկումների տեղիք է տալիս՝ կապված բարձրագույն մասնագիտական կրթու­թյան նախորդ մակարդակներում արդեն իսկ շրջանավարտի հմտությունների առկայության հետ: Ենթադրվում է, որ կոնկրետ մասնագիտությամբ դիմորդ-մագիստրոսը պետք է որ արդեն տիրապետի հմտությունների այնպիսի գործիքա­կազմի, որը ամբողջովին կիրառելի կլինի դոկտորանտուրայում և կբավարարի հետազոտող շրջանավարտի մասնագիտական ունակությունների լիարժեք իրաց­մանը:

Դոկտորանտուրայի շրջանավարտը համարժեք մասնագիտական հմտու­թյուններ պետք է ցուցաբերի գիտական, կրթական, կառավարչական, նորարարու­թյունների ընդհանրացման ոլորտներում և հետևաբար պետք է տիրապետի այնպիսի հմտությունների, որոնք փոխանցելի կլինեն գիտությունից դեպի մանկա­վարժություն կամ մանկավարժությունից դեպի առաջնորդություն: Այս է պատճառը, որ դոկտորանտուրայում շեշտը դրվում է ավելի շատ փոխանցելի, քան  մասնագիտական հմտությունների ուսուցման վրա:

Այսօր մրցակցային են համարվում այն կրթական ծրագրերը, որոնց վերջ­նարդյունքներով ձևավորվում են ոչ միայն «գիտակ», այլև «ստեղծարար հմտու­թյուններով» շրջանավարտներ: Այս առումով մասնագիտական կրթական ծրա­գ­րերում ներկայումս մեծ ուշադրություն պետք է դարձվի ուսանողի ոչ թե ձևական, այլ արդյունավետ անհատական աշխատանքի վերջնարդյունքներին՝ նպա­տակ ունենալով սովորողի մեջ զարգացնելու ստեղծարարությունը, նորարա­րությունը և ինքնադրսևորումը, որը Բոլոնիայի ներկայիս գործընթացի պահանջ­ներից մեկն է:

Ներկայումս համալսարանների առջև խնդիր է դրվում վերանայելու կրթական ծառայությունների մատուցման ուղղությունները այնպես, որ ամրապնդվի «գործա­տու-բուհ» կամուրջը, հաշվի առնվեն աշխատաշուկայում տեղի ունեցող փոփո­խությունները: Կարևորվում է ապագա գործատուի ներգրավումը դոկտորա­նտո­ւրայի կառավարման և կարիերայի զարգացման գործընթացներում:

Դոկտորը աշխատանքային միջավայրում պետք է ցուցաբերի առաջնորդի հմտություններ՝ ուղղորդելով աշխատողների մեծ կամ փոքր խմբերի թիմային գործունեությունը՝ արդյունավետ կերպով նախանշված արդյունքներին հասնելու համար: Եթե ավանդական կառավարիչը այդ գործընթացը կուղղորդեր նախօրոք սահմանված չափանիշներով և նորմերով, ապա դոկտորի աստիճան ունեցող առաջնորդը այստեղ ստեղծարար մոտեցումներ կցուցաբերեր՝ փորձելով վերափոխել և զարգացնել թիմային կառավարման գործընթացը՝ օգտվելով իր մասնագիտական բարձր որակներից:

 

Բանալի բառեր և բառակապակցություններ. Դոկտորանտուրա, կարիերայի կառավարում, մասնագիտական ​​և փոխանցելի հմտություններ, ասպիրանտի առաջնորդություն։

 

ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի դասախոս

ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի հայցորդ

lilithakobian@gmail.com

ԲԱՌԱԲԱՐԴՈՒՄԸ ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑՈՒ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» ԵՐԿՈՒՄ

Համառոտագիր

Աշխարհի տարբեր լեզուներ ունեն բառակազմական տարբեր միջոցներ, որոնք լեզվի զարգացման տարբեր փուլերում կարող են ունենալ բառակազմական օրինաչափությունների ընդգծված կամ թույլ արտահայտված դրսևորումներ։ Հասա­րակական կյանքում կատարվող փոփոխությունները ամենից շատ ներգոր­ծություն են ունենում բառապաշարի վրա։ Միաժամանակ հարկ է նշել, որ բառա­կազմական կաղապարները կայուն են․ և՛ առանձին բառերը, և՛ բառակազմական կաղապար­ները կարող են փոխանցվել լեզվի մի փուլից մյուսին։

Սույն հոդվածում անդրադառնում ենք բառաբարդմանը, նրա առանձ­նահատկություններին և դրանց արտահայտությանը 13–րդ դարի հայ նշա­նա­վոր պատմիչ Կ․ Գանձակեցու «Պատմութիւն հայոց» երկում։ Հանգամանորեն ներկա­յացվում են բառակազմական տարբեր օրինաչափությունների վերաբերյալ լեզվա­բանական գրականության մեջ առկա մոտեցումները, ինչպես նաև պատմիչի երկում վկայված բարդությունների բոլոր տեսակները, արմատի և հոդակապի տարբեր հարաբերակցությամբ բառակազմական մի շարք կաղապարներ, տարբեր խոսքի մասերի պատկանող սկզբնահիմքերի հնարավոր զուգորդություններ։

Ամփոփելով ուսումնասիրվող երկում հանդիպող բարդ բառերի բառա­կազմական կաղապարների մասին դիտարկումները՝ կարող ենք արձանագրել, որ դրանք աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ, սակայն ունեն գործառական խիստ անհամաչափ բեռնվածություն։ Կան կաղապարներ, որոնցով մի քանի տասնյակ բառեր են վկայված, և կան մեկ օրինակով կաղապարներ։ Ծանոթանալով բառաբարդման առանձնահատկություններին գրաբարում ու միջին հայերենում, դրանք դիտարկելով ուսումնասիրվող երկում՝ կարող ենք վստահաբար պնդել, որ պատմիչը, լինելով հանդերձ միջինհայերենյան շրջանի մատենագրության ներ­կայա­ցուցիչ, առավելապես կիրառել է հին հայերենի բառակազմական օրինա­չափությունները՝ իր երկում կիրառելով բարդությունների բոլոր տեսակները և արմատների ամենաբազմազան զուգորդություններով օրինակներ։

Բանալի բառեր և բառակապակցություններ. Կիրակոս Գանձակեցի, 13-րդ դար, «Պատմութիւն հայոց», բարդություններ, բառակազմություն։

 

ՄԱՐԻԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի տեսուչ,  ոստիկանության լեյտենանտ

ՀՀ  ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ

markosyanmari@mail.ru

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համառոտագիր

Հոդվածը նվիրված է ընտանիքի վերափոխման, ընտանեկան խնդիրների պատճառների և ժամանակակից հայ հասարակության մեջ համաշխարհային տնտեսական գործընթացների արդյունքում առաջացած հնարավոր խնդիրների ուսումնասիրությանը, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր ուղիներին: Ժամանակակից ընտանիքն անցնում է իր զարգացման դժվարին շրջանը: Երիտասարդ ընտանիքը հենց նա է, որը առաջին հերթին պետության  ուշադրության և աջակցության կարիքն ունի: Ընտանիքին և ընտանեկան հարաբերությունների հիմնախնդիրների ուսումնասիրություններին նվիրված գիտական աշխատանքները, այնուամենայնիվ, բավարար չեն, քանզի տարբեր ժամանակներում ընտանիքի ինստիտուտը տարբեր է, ինչպես նաև տարբեր են պահանջները և բավարարման մեխանիզմները: 

Հիմնվելով դաստիարակության տարբեր համակարգերի վերլուծության վրա՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ ռացիոնալ դաստիարակության միջոցով հնարավոր է ձևավորել կայուն ընտանիք: Հաշվի առնելով երիտասարդ սերնդի սոցիալականացման տարբեր ասպեկտներ, որոնք որոշիչ ազդեցություն են ունենում անհատի ձևավորման վրա, հեղինակն առաջարկում է կիրառել ինտեգրված մոտեցում, որը բացահայտում է երիտասարդների՝ ընտանիք կազմելու դրդապատճառները, որի համար պատասխանատու է պետությունը. պնդման հաստատումն է. «Ամուր ընտանիք, ուժեղ հայրենիք»:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Ընտանիք, երիտասարդություն, ընտանեկան դաստիարակություն, ազգային ավանդույթներ, գլոբալացում, հաղորդակցում, սոցիալականացում:

 

ՄԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դեցենտ

marine.mikaelian@gmail.com

Հայ երիտասարդության քաղաքական ակտիվության հոգեբանական դրսեվորումները

Համառոտագիր

Հայ երիտասարդների քաղաքական ակտիվության շարժառիթներն ու դրսևորումներն ուսումնասիրելու նպատակով անց է կացվել հետազոտություն։ Կիրառվել է հարցման մեթոդը (անկետավորում և զրույց)։ Հետազոտությանը մասնակցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճան ստացող 100 ուսանողներ։ Ստացված տվյալները համեմատվել են Ռուսաստանի երիտասարդների հետ անցկացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ։ Համաձայն հարցման տվյալների՝ հայ երիտասարդության մեծ մասը հետաքրքրվում է քաղաքականությամբ, սակայն քչերն են գտնում, որ իրենց կյանքում քաղաքականության դերը մեծ է։ Քաղաքական ակտիվություն ցուցաբերող երիտասարդները վստահ են, որ իրենց կողմից առաջադրվող պահանջները հնարավոր է լսելի դարձնել երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Հայ երիտասարդների քաղաքական ակտիվությունը պայմանավորված է հետևյալ շարժառիթներով՝ հայրենիքի ամբողջականության պահպանում, ոտնահատված մարդկային արժանապատվության վերականգնում, սոցիալական արդարության վերականգնման պահանջ, երկրի տնտեսական վիճակի բարելավում։ Երիտասարդների մեծ մասը չունի հստակ քաղաքական նախընտրություններ․ նրանց դիրքորոշումը հաճախ պայմանավորված է կուսակցության լիդերի անձի հանդեպ ունեցած համակրանքով, ոչ թե կուսակցության ծրագրերի իմացությամբ։ Երիտասարդների քաղաքական ակտիվությունը հիմնականում կրում է աֆեկտիվ բնույթ. քաղաքական գործիչների հանդեպ նրանց վերաբերմունքը խիստ հուզական է և զգացմունքային, դատողական և վերլուծական բաղադրիչն ունի նվազ դրսևորում։ Հայ երիտասարդները քաղաքական իրադարձությունների նկատմամբ ունեն սուբյեկտիվ վերաբերմունք և տալիս են բևեռային գնահատականներ։ Երիտասարդներն իրենց քաղաքական վարքագծում պահանջում են սեփական կարծիքն արտահայտելու ազատություն, սակայն դրսևորում են անհանդուրժողականություն այլակարծության նկատմամբ։ Դպրոցական և բուհական ուսումնառության ընթացքում պատանիների և երիտասարդների մեջ պետք է ձևավորել քաղաքակիրթ երկխոսություն վարելու մշակույթ։

Բանալի բառեր և բառակապակցություններ. Երիտասարդություն, քաղաքական ակտիվություն, սուբյեկտիվ տեսանկյուն, բևեռային գնահատականներ, քաղաքակիրթ երկխոսություն։

 

ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ասպիրանտ, դասախոս

ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն

t.karapetyan@ysu.am

ԸՆՏԱՆԻՔԻ ԳՈՐԾԱՌՆՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Համառոտագիր

Հոդվածը քննարկում է երեխաների խնամազրկության երևույթը՝ նպատակ ունենալով դուրս բերել ընտանիքի գործառնման այն հիմնական չափումները, որոնք նշանակալի են երեխաների լքման տեսանկյունից։

Այս համատեքստում հոդվածում անդրադարձ է կատարվում Սպենսի, Բոուլբիի, Կադուշինի և Բարնշտեյնի՝ ընտանիքում մանկալքության տեսանկյունից ռիսկային գործոնների դասակարգմանը, ինչպես նաև ընտանիքի դիմակայության մոտեցմանը, որն ընտանիքի գործառնման նոր մոտեցում է առաջարկում։

Չնայած սոցիալական գիտություններում ընտանեկան խնամքի թերացումների վերաբերյալ տարատեսակ մոտեցումների առկայությանը՝ երևույթի վերաբերյալ կառուցվածքային պատկեր ունենալու համար անհրաժեշտություն կա լրացուցիչ ուսումնասիրությունների։ Այս համատեքստում իրականացվել է որակական հետազոտություն՝ հիմնավորված տեսության մեթոդաբանության կիրառմամբ։ Մասնավորապես, կատարվել է 2007-2018 թթ. երեխաների լքման շուրջ 282 գրանցված դեպքերի ուսումնասիրություն, որոնք, ըստ խնամազուրկ դառնալու հանգամանքի, դասակարգվել են 4 հիմնական կատեգորիաներում՝ ծնողի մահ, խնամքից հրաժարում, անկարողություն, անհնարինություն։ Արդյունքում հնարավոր է դարձել դուրս բերել նշված չորս հանգամանքներից յուրաքանչյուրի դեպքում ուղեկցող էական գործոններն ու ընդգծել այն հիմնական առանցքները, որոնց հատման կետով է անցնում խնամազրկության վեկտորը։

Ստացված արդյունքները թույլ են տալիս պնդել, որ նախ՝ լինելով բազմակողմանի երևույթ, խնամազրկության պատճառները և հետևանքները առնվազն կախված են սոցիալական կապերից և լքման հիմնական բաղադրիչներից։ Երկրորդ՝ երեխայի լքումը տեղի է ունենում, եթե նվազագույնը երեք ռիսկի գործոն դրսևորվում է միաժամանակ։ Երրորդ՝ որպես կանոն, լքումը ծնողի կողմից նպատակադրված գործողություն է։ Եվ վերջինը՝ սոցիալական կապիտալի ծավալը և որակը ուղիղ կապի մեջ են խնամազրկության ելքի հետ։

Բացի այդ, վերանայվել և ճշգրտվել է նախորդ հոդվածում խնամազրկության երևույթի դասակարգման վերաբերյալ առաջարկված մոտեցումը, որը կարող է օգտակար լինել երևույթի ուսումնասիրման ինչպես տեսական ու հետազոտական հարցերի տեսանկյունից, այնպես էլ գործնական նշանակություն ունենալ խնամազուրկ երեխաների վերաբերյալ քաղաքականության մշակման տեսանկյունից։

Բանալի բառեր և բառակապակցություններ. Մանկություն, մանկության բովանդակություն, ընտանիքի գործառնում, ընտանիքի գործառնման որակական չափումներ, խնամազրկություն, երեխայի լքում, սոցիալական փոխհարաբերություններ, հիմնավորված տեսություն։

 

ԼԵՎՈՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան

տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ

levon.hovnanyan@gmail.com

ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՁևԱՎՈՐՄԱՆ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Համառոտագիր

Յուրաքանչյուր երկրում շուկայական տնտեսության զարգացումն անհնար է առանց շուկայական հարաբերությունների համակարգված և արդյունավետ պետական կարգավորման: Պետական ներդրումային քաղաքականությունը պետական մարմինների և հաստատությունների գործունեությունն է՝ ուղղված ներդրումային շուկայի վրա ազդելուն և կապիտալի հոսքերի վերաբաշխմանը՝ ի նպաստ հանրային նշանակության խնդիրների կարգավորման, ինչպես նաև տնտեսական զարգացման գերակա ոլորտներ ներդրումներ ներգրավելու համար, որոնք սահմանված են համապատասխան պետական ծրագրերում որոշակի կանխատեսված ժամանակահատվածում՝ հաշվի առնելով մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը: Ներդրումային շուկայի կարգավորման արդյունավետությունը կարող է էական ազդեցություն ունենալ հանրային տնտեսական քաղաքականության ընդհանուր արդյունավետության վրա: Դա պայմանավորված է նրանով, որ մի կողմից` պետության տնտեսական աճի համար անհրաժեշտ է զարգացած ներդրումային շուկա, իսկ մյուս կողմից՝ ֆինանսական ապրանքների և ծառայությունների ակտիվ շրջանառությունը նպաստում է գործարար կապերի զարգացմանը:

Ներդրումային շուկայի պետական կարգավորման շրջանակներում պետական ներդրումային քաղաքականության հիմնական դերը շուկայում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության ապահովումն է` հաշվի առնելով, որ մասնավոր շահը դրսևորվում է ներդրումային գործունեու