ԿԱՃԱՌ
ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
I, 2022
Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
կառավարման ամբիոնի վարիչ,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն,
տնտեսագիտության թեկնածու
COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Համառոտագիր
Կորոնավիրուսային համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը 2020 թվականի սկզբից բավականին արագ տեմպերով թևակոխեց մեկ այլ ճգնաժամի փուլ: COVID-19 համավարակը ազդել է աշխարհի գրեթե բոլոր երկրների և ավելի քան 50 միլիոն մարդու վրա: COVID-19-ի առաջացրած ճգնաժամի պատճառով կառավարություններն ամբողջ աշխարհի մակարդակով գործում էին լիակատար անորոշության պայմաններում՝ բախվելով դժվարին փոխզիջումների ընտրությանը՝ հաշվի առնելով առկա առողջապահական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները: 2020 թվականի գարնան դրությամբ աշխարհի բնակչության կեսից ավելին հայտնվել էր սահմանափակումների մեջ՝ կիրառված ուժեղ զսպման միջոցառումների արդյունքում: Հանրային լայն ընկալմամբ՝ կորոնավիրուսային համավարակը, առողջապահական և մարդկային ողբերգությունից բացի, երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ տնտեսական ճգնաժամ էր առաջացրել աշխարհում:
Համավարակով պայմանավորված ճգնաժամի հիմնական առանձնահատկությունը երկակի շոկի առաջացումն էր՝ և՛ առաջարկի, և՛ պահանջարկի առումով։ Այն, իսկապես, աննախադեպ էր համաշխարհային տնտեսության համար, ինչը հանգեցրերց անսովոր չափի տնտեսական ցնցումների և ապագա զարգացումների անկանխատեսելիության:
Բնականաբար, տնտեսական անկման մակարդակները տարբերվում էին ըստ երկրների՝ կախված տնտեսության բնույթից, ազդեցության գործոններից և համավարակի տարածվածության մակարդակից, կիրառվող սահմանափակումների բնույթից, աջակցության միջոցառումների շրջանակից և թիրախներից։ Մասնավորապես, 2020 թվականին Կենտրոնական և Արևելյան Ասիայի տարածաշրջանում միջին տնտեսական անկումը կազմել է -2,9%, իսկ համաշխարհային ՀՆԱ-ի անկումը՝ -3,1%: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա որոշ երկրներում տնտեսական անկման մակարդակը բավականին բարձր է եղել։ Թեև համավարակի հետևանքների ամբողջական գնահատումն ի սկզբանե անկանխատեսելի էր, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են երկար ժամանակ պահպանվել, ինչն, ամենայն հավանականությամբ, համաշխարհային տնտեսության մեջ կառաջացնի խոշոր կառուցվածքային փոփոխություններ:
Հարկ է նշել, որ դատելով 2020 թվականի վերջին արձանագրված զարգացման միտումներից՝ համաշխարհային տնտեսությունը թեւակոխել է V-աձև վերականգնման փուլ, ինչի մասին են վկայում 2021 թվականին արձանագրված 5,9 տոկոսանոց տնտեսական աճի բարձր ցուցանիշը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումներն առ այն, որ 2022 թվականին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 4,4 տոկոս։
Բանալի բառեր և բառակապակցություններ. համավարակ, տնտեսական ազդեցություն, համաշխարհային տնտեսություն, նավթի համաշխարհային շուկա, ֆինանսական շուկաներ։
ԱՐՓԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ վարչապետի աշխատակազմի
միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի
վճիռների և որոշումների կատարման վարչության պետ,
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎՐՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Համառոտագիր
Սույն հոդվածի շրջանակներում հեղինակների կողմից փորձ է արվել սահմանել մարդու իրավունքների պաշտպանության իրավական չափորոշիչներ եզրույթը և դիտարկել վերջինիս կիրառելիությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների նկատմամբ: Հարցը մասնավորապես, դիտարկվել է մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն համակարգի հիմքում ընկած սկզբունքների, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գաղափարաբանական առանձնահատկությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների բնութագրիչ հատկանիշների համատեքստում։
Այս առնչությամբ.
- սահմանվել են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչների բնութագրիչ հատկանիշները` տիպականությունը և ուղղորդող նշանակությունը, այնուհետև բացահայտվել է վերջիններիս բովանդակությունը,
- ուսումնասիրվել են մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն համակարգի հիմքում ընկած հետևյալ սկզբունքները և դոկտրինները` սուբսիդիարության սկզբունքը, մարդու իրավունքների պաշտպանության նվազագույն չափորոշիչների սահմանման սկզբունքը, պետության հայեցողության ազատության ու Եվրոպական միասնական փոխհամաձայնության դոկտրինները,
- Սույն հոդվածի շրջանակներում, հետաքրքրության կենտրոնում ունենալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի` որպես մարդու իրավունքնրի միջազգային-իրավական պաշտպանության նվազագույն չափանիշները սահմանող փաստաթղթի առանձնահատկությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները դիտարկվել են՝ որպես Եվրոպական կոնվենցիայով սահմանվող իրավական չափորոշիչների բովանդակությունը մասնավորեցնող մեկնաբանություններ։
Աշխատանքի հիմքում դրված է տեսաբանների մոոտեցումների ու Եվրոպական դատարանի պրակտիկայի համապարփակ ուսումնասիրությունը, ինչի արդյունքներով արձանագրվում է, որ Եվրոպական դատարանն իր դատազորության ներքո գտնվող հարցերով կոնվենցիոն դրույթները մեկնաբանելիս բացահայտում է Կոնվենցիայում ամրագրված իրավական չափորոշիչների ծավալը՝ իրավակիրառ պրակտիկայում ձևավորելով նոր չափորոշիչներ:
Բանալի բառեր և բառակապակցություններ. իրավական չափորոշիչներ, ՄԻԵԴ վճիռներ, տիպականություն և ուղենիշային բնույթ, նվազագույն չափորոշիչներ:
ԳԱՅԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի
բժշկական հոգեբանության ամբիոն,
հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ghazaryan.psy@gmail.com
ԼԻԼԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի
բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս
ԴԱՎԻԹ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի
ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերն,
«Դունարեա Դե Ջոս» բժշկական համալսարան ք. Գալաց, Ռումինիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ COVID-19 – ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Համառոտագիր
Այս դժվարին օրերին առավել կարևոր, պատասխանատու և մի շարք ռիսկերի հետ կապված աշխատանք է կատարում «սպիտակ բանակը»՝ բժիշկներն ու բուժաշխատողները, առաջնագծում պայքարելով մարդկանց կյանքերի համար։ Այս հոդվածում մեր կողմից ներկայացված են Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատող բուժանձնակազմի հոգեվիճակը, հուզական խառնվածքի տիպերը, ովքեր ցուցաբերել են մասնագիտական օգնություն COVID-19 վարակված հիվանդներին։
2019 թվականից տարածվեց COVID-19 համավարակը, որը դեռևս շարունակում է բազմաթիվ կյանքեր խլել։ Կորոնավիրուսը և դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը տարբեր կերպ են ազդել մարդկանց հոգեկան առողջության վրա, ինչը պայմանավորված է անձի խառնվածքի տիպերով, բնավորության գծերով, խնդիրներով, իրենց աշխարհայացքով, ինչպես նաև տարբեր բնակավայրերի և բուժհաստատություններում աշխատող բուժանձնակազմով և մի շարք այլ գործոններով։
Նոր կորոնավիրուսային համավարակը կաթվածահար է արել համաշխարհային առողջապահական համակարգը, անմասն չեն մնացել Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության առողջապահական համակարգերը։ Անքնությունը, ամենօրյա պատասխանատու աշխատանքը հանգեցում են սթրեսածին գործոնների զարգացմանը, հոգեբանական դիսթրեսի, ֆիզիկական թուլության և աշխատունակության անկման, նույնիսկ՝ ինքնասպանության։ Այս առումով առողջապահական համակարգի աշխատակիցներն ամենախոցելիներից են: Կորոնավիրուսի համաճարակը վտանգում է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլև նպաստում է մի շարք հոգեբանական խնդիրների առաջացմանն ու զարգացմանը։
Հետազոտության արդյունքում ստացվել են հետևյալ տվյալները՝ հետազոտվողների 56%-ն ունեցել է հուզական խառնվածքի ոչ հասուն տիպ, այսինքն՝ դեպրեսիվ, մանիակալ, հոգեախտաբանական հուզական հակազդման նախատրամադրվածության ձևավորման հակվածություն, ինչն էլ արդեն իսկ աֆեկտիվ խանգարումների սպեկտորի կլինիկական պատկերում կարող է իր տեղը գտնել, 4%-ն ունեցել է հուզական խառնվածքի հասուն տիպ։ Սակայն տարբերվող ցուցանիշ ենք ստացել Ռումինիայի Հանրապետության բուժհաստատությունների աշխատակիցների մոտ՝ հետազոտվողների միայն 15% մոտ է նկատվել հուզական խառնվածքի ոչ հասուն տիպ, իսկ 5% մոտ խառնվածքի հասուն տիպ։
Այսպիսով՝ վերը նշված բացասական երևույթները կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ապահովվել բժիշների և բուժաշխատողների շրջանում բուժհաստատություններում աշխատանքի կազմակերպաման բարձր մակարդակը, մասնավորապես՝ բժշկա-հոգեբանական օգնության կազմակերպում, որը և կբերի հոգեկանի դրսևորման ոչ բարվոք ցուցանիշների նվազեցմանը այս ճգնաժամային պայմաններում։
COVID-ով վարակված հիվանդների հետ աշխատող բժշկական անձնակազմի բժշկա-հոգեբանական օգնությունը պետք է դիտարկվի որպես բարդ հակասթրեսային մասնագիտացված բժշկական օգնության փուլ, որը հիմնված է բժշկահոգեբանական, հոգեթերապևտիկ և հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման համակարգված մոտեցման վրա:
Բուժանձնակազմին աջակցություն կարող է տրամադրվել կանոնավոր կապի միջոցով` ծագող իրավիճակները քննարկելու համար, ինչպես նաև իրենց հոգեկան և հոգեբանական բարեկեցությունը ստուգելու համար: Երբ արտակարգ իրավիճակից անցում կատարվի բնականոն պայմանների, ապա անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ, տրամադրել աջակցություն և անհրաժեշտության դեպքում հոգեբանական վերականգնում և բուժում:
Բանալի բառեր և բառակապակցություններ․ կորոնավիրուս, բուժանձնակազմ, հուզական հակազդում, հասուն և ոչ հասուն հուզական խառնվածքի տիպեր, բժշկա-հոգեբանական օգնության կազմակերպում:
ԼԵՎՈՆ (ՆԵՐՍԵՀ ԱԲՂ.) ԱԼՈՅԱՆ
Հր. Թամրազյանի անվան հայ գրականության
պատմության ամբիոնի հայցորդ
ԾԵՐԵՆՑԻ ՊԱՏՄԱՎԵՊԵՐԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Համառոտագիր
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծերենց վիպասանի լեզվաոճական առանձնահատկությունները պատշաճ խորությամբ չեն ուսումնասիրվել, ներկա հրապարակմամբ ջանացել ենք ուսումնասիրել նրա «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» և «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպերի լեզուն, դրանց առանձնահատկություններն ու արտահայտման եղանակները, որոնք ստեղծում են գեղարվեստական լեզու և անհատական ոճ: Քանի որ երեք վեպերն էլ ունեն լեզվական ընդհանրություններ, այդ ստեղծագործությունները քննում ենք ոչ թե առանձին-առանձին, այլ ընդհանուր, միասնական կերպով:
Ծերենցի վեպերի լեզուն ունի հուզական երանգավորում, գունագեղ է, կոլորիտային և արտահայտիչ: Նա յուրաքանչյուր բառին, նախադասությանը հաղորդել է համապատասխան գույն ու երանգ, իր հերոսների անձնազոհ գործունեությունը ներկայացրել լեզվական երանգավորումով, գեղարվեստական հարուստ միջոցներով: Հեղինակի նկարագրած երևույթների վեհությունն ու վիթխարի նշանակությունն արտահայտվում են նրա համեմատությունների, փոփոխությունների և մակդիրների վարպետ ընտրության ու օգտագործման միջոցով: Իր ստեղծագործություններում գլխավոր կերպարներին բնորոշելիս Ծերենցն այնպիսի խոսքերով է դրվատում նրանց հայրենանվեր գործունեությունը, որ ընթերցողն առանց երկմտելու կարողանում է պատկերացում կազմել բնութագրվող անձի մասին: Տարբեր պատմաշրջաններ ընդգրկող նրա վեպերը լեզվաարտահայտչական կառուցվածքի տեսակետից ունեն նկատելի ընդհանրություններ․ նման են թե՛ թեմատիկայով, թե՛ շոշափած գաղափարներով, թե՛ լեզվի և ոճավորման արվեստի օգտագործած հետաքրքիր հնարներով և թե՛ տիպականացման արվեստի բնորոշ կողմերով: Ծերենցն իր ստեղծագործական մտահղացումներով, լեզվական կարողություններով գեղարվեստորեն վերամարմնավորել է պատմական դարաշրջանում տեղի ունեցող դեպքերն ու իրադրությունները, ստեղծել բազմաթիվ գեղարվեստական պատկերներ, խոսքի զանազան միջոցներով նկարագրած երևույթները հասցրել ընթերցողներին՝ նրանց երևակայության մեջ առաջացնելով պատմականության պատրանք: Նրա ստեղծած պատկերները չափազանց հետաքրքիր և նպատակասլաց են, դրանք իրենց պատկերացման մեջ իմաստավորում են բնութագրվող դարաշրջանը:
Վիպասանը քաջածանոթ է եղել հայ հին և նոր գրական լեզուների արտահայտչամիջոցներին, բարբառներին, դարձվածքներին և օգտագործել է այդ լեզուների հարուստ բառապաշարը, երբեմն ինքն էլ ածանցման և բառաբարդման միջոցով ստեղծել է նոր բառեր, տվել այդ բառերին նոր իմաստներ: Ծերենցը վարպետորեն կարողացել է կիրառել պատմական դարաշրջանի հասարակական կյանքի համար էական, բնորոշ, միջավայրին համապատասխան լեզվաոճական արտահայտչաձևեր, գործածել է գրաբարյան բառեր, դարձվածքներ, արխայիզմներ: Ճիշտ է՝ գրողի վեպերում կան գրաբարյան այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք ունեն էական և նշանակալից իմաստ՝ ընթերցողի երևակայության մեջ պատմականության պատրանք առաջացնելու առումով, բայց և այնպես վիպասանի երկերում այնքան շատ են անհարկի գործածված գրաբարյան բառերն ու ոճական արտահայտությունները, պատմիչների երկերից թափանցված ամբողջական հատվածներն ու նախադասությունները, որ իջեցնում են գրողի պատմական երկերի լեզվական արժեքը․ ավելին՝ ընթերցող լայն շրջանների համար նրա վեպերը դարձնում են դժվարընթեռնելի և դժվարամարս:
Ծերենցի բոլոր վեպերում ցայտուն երևում է, որ նա քաջածանոթ է եղել եկեղեցական բոլոր արարողություններին, աղոթքներին, հոգևորականներին դիմելու ձևերին:
Ուսումնասիրությունը գիտական և տեսական ընդհանրացում է Ծերենցի վեպերի լեզվաոճական առանձնահատկությունների մասին, որը կհետաքրքրի ոճաբանությամբ զբաղվողներին և բանասերներին:
Բանալի բառեր և բառակապակցություններ. Ծերենց, պատմավեպ, լեզու և ոճ, գեղարվեստական երկ, բառապաշար, հնաբանություն, լեզվաոճական առանձնահատկություններ:
ԼԵՎՈՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի
ասպիրանտ
ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Համառոտագիր
2008 թ-ին սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ՀՀ տնտեսությունը հայտնվեց բավականին խորը անկման շրջանում ու, բնականաբար, ինչպես և սպասվում էր, թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրումների ծավալները կտրուկ կրճատվեցին: Հետճգնաժամային տարիներին, թեև տնտեսությունն աստիճանաբար սկսեց դուրս գալ ճգնաժամից և հետզհետե վերականգնել մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկան, այնուամենայնիվ ներդրումների հոսքերի էական աճ չարձանագրվեց և ներդրումային շուկան մինչ օրս բնութագրվում է ցածր ակտիվությամբ:
Պարզաբանելու համար, թե ուսումնասիրվող ժամնակահատվածում համախառն ներքին ներդրումները և օտարերկրյա զուտ ներդրումներն ինչ ազդեցություն են ունեցել ՀՀ համախառն ներքին արդյունքի վրա, անհրաժեշտ ենք համարել համախառն ներքին ներդրումների և ՀՆԱ-ի, ինչպես նաև զուտ օտարերկրյա ներդրումների և ՀՆԱ-ի միջև կոռելացիոն կապը գնահատել: Քրոսս-կոռելյացիոն մատրիցի կառուցումից հստակ երևում է, որ ՀՀ ՀՆԱ-ի աճի վրա 2000-2020 թթ. ընթացքում համախառն ներքին ներդրումների ազդեցությունն ավելի մեծ է եղել, քան օտարերկրյա զուտ ներդրումներինը։ Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններիս ծավալները մեծ չեն եղել, հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ընկած ժամանակահավածում ունեցել են խիստ տատանողական շարժընթաց և ուղղվել են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում հումքի արդյուանահանմանն ու վաճառքին, ինչի պարագայում ձևավորված հավելյալ արժեքը բավական ցածր է եղել։
ՀՀ ներդրումային դաշտի գրավչության մասին միջազգային կառույցների գնահատականների վերլուծությանը զուգահեռ, որոնք մասնավորապես վերաբերում են քաղաքական ռիսկի գնահատմանը, կարևորել ենք նաև ՀՀ ներդրումային միջավայրի գնահատումը՝ փորձագիտական հարցումների հիման վրա: Փորձագետներին առաջարկվել է գնահատել ՀՀ ներդրումային դաշտը՝ հարցաթերթում ներկայացված տարբերակների շրջանակներում:
Հարցման արդյունքների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ անկախ միջազգային տարբեր կառույցների կողմից ՀՀ ներդրումային իրավիճակի մասին գնահատականներից, որտեղ առավելապես շեշտադրվում է քաղաքական ռիսկի առկայությունը, այնուհանդերձ փորձագիտական գնահատականների համաձայն՝ այն բավականաչափ գրավիչ է: Անշուշտ, ներդրումային իրավիճակը հեռու է կատարյալ լինելուց, սակայն վարչարարության և կառավարման ինտիտուտների արդիականացման, օրենսդրության կատարելագործման և բյուրոկրատական քաշքշուկների բացառման դեպքերում հնարավոր կլինի օտարերկրյա ներդրողների համար ներդրումային միջավայրը դարձնել էլ ավելի ընկալելի և հասանելի:
Բանալի բառեր և բառակապակցություննր. ներդրումային շուկա, համախառն ներքին ներդրումներ, օտարերկրյա ուղղակի ներդրումներ, փորձագիտական գնահատական։
ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
գիտակրթական միջազգային կենտրոն
գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱՐՏԱԿ ԴԱԲԱՂՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
գիտակրթական միջազգային կենտրոն
հոգեբանության ամբիոն, դասախոս
հոգեբանական գիտությունների թեկնածու
ԱՆՈՄԻԱՅԻ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՄԱՐԳԻՆԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Համառոտագիր
Դժվար է պատկերացնել որևէ սոցիալական միջավայր առանց մարգինալ երևույթների, առանց մարգինալ խմբերի և մարգինալ մարդկանց, առանց մարգինալ սոցիալական դերերի, մարգինալ գիտակցության և վարքի դրսևորման: Յուրաքանչյուր հասարակությունում անհատները, սոցիալական, էթնիկ խմբերը և սոցիալական շերտերը կարող են հանդես գալ որպես մարգինալ որակների կրողներ: Այլ կերպ ասած, մարգինալությունը սոցիալ-մշակութային և սոցիալ-հոգեբանական երևույթ է, որը միշտ եղել է տարբեր պատմական հասարակությունների, տարբեր սոցիալական տիպերի անբաժանելի մասը։ Այս առումով հատկապես կարևոր է մարգինալության համատեքստում դիտարկվող անոմիայի ֆենոմենի ուսումնասիրությունը։ Անոմիկ ինքնությունների խնդիրների կարևորությունը, հատկապես հոգեբանական տեսանկյունից, մեծանում է հատկապես փոխակերպվող հասարակություններում, որտեղ քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային վերակառուցումների արդյունքում երբեմնի կայուն սոցիալական կառույցները ձևափոխվում են: Դրանց տարրերը՝ սոցիալական ինստիտուտները, սոցիալական խմբերն ու անհատները, հայտնվում են միջանկյալ, անցումային իրավիճակում։ Որոշ իմաստով անոմիան դառնում է մարգինալության հիմնական բնութագրիչներից մեկը փոխակերպվող հասարակության մեջ:
Փոխակերպող հասարակությունում, որտեղ սոցիալական շարժունակության տեմպը բարձր է իր բնույթով, բարենպաստ միջավայր է ստեղծվում անոմիկ իրադարձությունների ինտենսիվ զարգացման համար: Անցումային հասարակության մեջ ինչպես սոցիալ-հոգեբանական անոմիկայի, այնպես էլ մշակութային-մարգինալ ինքնության խնդիրների ակնհայտ ցուցանիշը զուգահեռության երևույթի դրսևորումն է: Մի կողմից հին ինստիտուտները և դրանցից սերվող արժեքներն ու հարաբերությունները շարունակվում են գործել, իսկ մյուս կողմից, նոր սոցիալական ինստիտուտները և միջանձնային հարաբերությունները, որոնք նախատեսված են վերափոխման գործընթացներով, նույնպես սկսում են աշխատել: Անկախ նրանց կամքից և ցանկությունից `օբյեկտիվ պատճառներով, մարդիկ հայտնվում են երկու իրողությունների խաչմերուկում, երկու տարբեր սոցիալ-մշակութային աշխարհներում, և նոր իրողությունների ազդեցության տակ նրանք հաճախ դրսևորում են երկիմաստ վարքագիծ: Ստեղծված իրավիճակները ստիպում են մարդկանց ձևավորել անկայուն հարաբերություններ և սոցիալական դերեր: Այդ հոգեբանական գործընթացը սկսում է համատեղել զուգահեռ համախմբված հին և նոր իրողությունները, ինչը հիմք է հանդիսանում երկակի սոցիալական դիրքորոշումների ձևավորման և վարքագծի մարգինալացման համար:
Բանալի բառեր և բառակապակցություններ. անոմիա, մարգինալություն, վարքագիծ, սոցիալական հարաբերությունների համակարգ, ինքնություն, փոխակերպվող հասարակություն:
ՄԱՐԻԱՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն,
հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ․ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Համառոտագիր
Հոդվածում նկարագրված է «զգայական ինտեգրման» խնդիրը, դրա ուսումնասիրման անհրաժեշտությունը, դրսևորման առանձնահատկությունները։ Զգայական ինտեգրացիան հույզերի կարգավորումն է, որն այնուհետ պետք է ինչ-որ կերպ արտահայտվի: Զգացմունքները, զգայարանները տեղեկատվություն են տալիս մեզ շրջապատող աշխարհի և մարմնի ֆիզիկական վիճակի մասին: Ամեն վայրկյան զգայական տեղեկատվությունը մեր ուղեղ է հասնում հինգ զգայարանների՝ համապատասխան ընկալիչների միջոցով: Շատ կարևոր է նաև հենաշարժողկան համակարգի աշխատանքը. այն օգնում է մարդուն ընկալել սեփական մարմինը տարածության մեջ: Ինտեգրում ասելով հասկանում ենք ինչ-որ բանի կազմակերպում։ Ինտեգրել` նշանակում է տարբեր մասեր հավաքել կամ կազմակերպել մեկ ամբողջության մեջ: Երբ ինչ-որ բան ինտեգրված է, դրա տարբեր մասերը գործում են կազմակերպված ձևով` որպես ամբողջություն: Կենտրոնական նյարդային համակարգը և ուղեղը նախագծված են այնպես, որ կարողանան կազմակերպել անհամար զգայական տեղեկատվություն ամբողջական համակարգի մեջ [1]:
Զգայությունները էլեկտրական իմպուլսների հոսքն են: Նյարդային համակարգում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները նույնպես մասնակցում են իմպուլսների առաջացմանը։ Ազդակները մարդու վարքում դեր խաղալու համար պետք է ինտեգրված լինեն։ Ինտեգրումը թույլ է տալիս ընկալել զգացմունքները: Մենք ընկալում ենք մեր մարմինները և այլ մարդկանց, առարկաները, քանի որ ուղեղը ինտեգրում է զգայական ազդանշանները իմաստային ձևերի և հարաբերությունների մեջ:
Փորձ է արվում մասնագետների ուշադրությունը հրավիրել մի խնդրի վրա, որը հաճախ հանդիպում է այսօր, բայց համապատասխանաբար չի գնահատվում կամ շտկվում ո՛չ երեխաների, ո՛չ մեծահասակների մոտ: Խնդիրը հատկապես սուր է դպրոցականների մոտ, քանի որ մեր դիտարկումները ցույց են տվել, որ այս խնդիրը կարող է լինել կրթական բացասական մոտիվացիայի, ուսումնական պլանը չկատարելու և վատ վարքագծի հիմքում:
Այսինքն՝ երեխան ունի տարիքին համապատասխան ինտելեկտ, կրթված ծնողներ, բայց վատ վարքագիծ է դրսևորում կամ դպրոցական առարկաները չի սովորում։
Հոդվածում խոսվում է նաև 5-ամյա երեխայի դեպքի մասին։ Մեր կարծիքով` տղան զգայական ինտեգրման խնդիր ունի։ Նկարագրված են զգայական ինտեգրման դիսֆունկցիայի ախտանիշները։
Հոդվածում առաջարկվում են նաև տարբեր մեթոդներ և միջոցներ, որոնք ուղղված են առանձին զգայարանների գործընթացների կարգավորմանը՝ գրգռիչների հաճախակի ուղղմամբ դեպի այդ զգայարանները։ Մեր կողմից հոգեբանական միջամտություններ են իրականացվել զգայարանները կարգավորելու և հնարավորինս ակտիվացնելու ուղղությամբ։ Քանի որ մենք կարծում ենք, որ երեխան զգացմունքային քաղց ունի, այդ իսկ պատճառով նա դրսից տարօրինակ վարք է դրսևորում։ Մենք օգտագործել ենք գունային-լուսային թերապիա, երաժշտական թերապիա, ինչպես նաև իզոթերապիա և այլն, որոնք մանրամասն նկարագրված են հոդվածում։
Բանալի բառեր և բառակապակցություններ. զգայական ինտեգրում, աուտիզմ, աուտիստիկ սպեկտոր, զգայություն, անալիզատոր:
ՊԱՅԾԱՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ նախագահի աշխատակազմ,
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և
իրավունքի ինստիտուտի հայցորդ
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՊԵՏԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Համառոտագիր
Սույն հոդվածը անդրադառնում է Եվրոպական Միությունում պետական ինքնիշխանության հիմնախնդրին։ Հետազոտության ընթացքում օգտագործվել են գիտական ուսումնասիրության վերլուծական, պատմական, ընդհանրացման մեթոդներ:
Հոդվածի սկզբում հղում է կատարվում պետական ինքնիշխանության հասկացությանը, տարբեր գիտնականների կողմից տրված սահմանումներին: Հոդվածում նշվում է ինքնիշխանության` յուրաքանչյուր պետության կարևորագույն հատկանիշ լինելու փաստի մասին: Չնայած պետական ինքնիշխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, այնուամենայնիվ ինքնիշխանություն հասկացության համընդհանուր և ճշգրիտ սահմանում մինչ այժմ չի տրվել: Պետության ինքնիշխանության վերաբերյալ տեսակետներն ու մոտեցումները ժամանակի ընթացքում ենթարկվել են փոփոխությունների: Գիտնականները հակված են այն կարծիքին, որ ինքնիշխանությանը հարկավոր է վերաբերվել որպես հավաքական հասկացության: Թեպետև անհնար է տալ ինքնիշխանության հստակ սահմանում, այնուհանդերձ ընդհանրացնելով մեր կատարած ուսումնասիրությունը, հոդվածում տրվել է ինքնիշխանության հասկացության վերաբերյալ երկու մոտեցում:
Հոդվածում կարճ ակնարկ է տրվում Եվրոպական Միության պատմական զարգացման և վերջինիս՝ որպես միջազգային վերպետական միավորի ստեղծման գաղափարի վերաբերյալ: Այնուհետև ներկայացվում է Եվրոպական Միությունում ինքնիշխանության հասկացության վերաբերյալ երեք տարբեր մոտեցումներ: Առաջին մոտեցումը պնդում է, որ պետության ինքնիշխանությունը թուլանում է Եվրոպական Միությանը անդամակցելիս, երկրորդը՝ վերլուծում է ինքնիշխանության հասկացության փոխակերպումը տարածաշրջանային ինտեգրման պայմաններում, և, վերջապես, երրորդ մոտեցումը բացահայտում է ինքնիշխանության անհետացումը՝ որպես ուսումնասիրության օբյեկտ։
Հոդվածի շրջանակներում հեղինակները գալիս են այն եզրահանգման, որ պետական ինքնիշխանությունը շարունակում է մնալ առաջնային կարևորության խնդիր եվրոպական ինստիտուտների օրակարգում, և չնայած տարբեր մոտեցումներին՝ չի կարելի պնդել, որ անդամակցելով Եվրոպական Միությանը՝ անդամ-պետությունը կորցնում է իր ինքնիշխանությունը. անդամ-պետությունը որոշ լիազորություններ է փոխանցում միությանը, սակայն դա չի կարող դիտարկվել որպես ինքնիշխանությունից զրկում:
Բանալի բառեր և բառակապակցություններ. պետական ինքնիշխանություն, Եվրոպական Միություն, անդամ-պետություն, հիմնադիր պայմանագիր, աշխարհակարգ, միջազգային իրավունք, վերպետական միջազգային կառույց, եվրոպական ինտեգրում:
ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն
կրթության որակի ապահովման բաժնի պետ,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԱՆԺԵԼԱ ՂԱԼԱՄԴԱՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնԻ
կրթության որակի ապահովման բաժնի սոցիոլոգ,
ԵՊՀ ասպիրանտ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Համառոտագիր
Բարձրագույն կրթության որակի հիմնահարցրերը շարունակում են մնալ կրթության ոլորտի փորձագետների, հետազոտողների և քաղաքականություն մշակողների ուշադրության կենտրոնում։
Կրթության որակի ապահովման գործընթացում ներգրավվածությունը շատ կարևոր է, ընդ որում՝ խոսքը և՛ ներքին, և՛ արտաքին շահակցիների մասին է։ Շահակիցների ներգրավումը կարևոր է հատկապես այն առումով, որ որոշումները կայացվում են նրանց կարծիքների հիման վրա, և կրթության որակի ապահովումը շարունակաբար բարելավվում է բացահայտելով վերջիններիս կարիքները, չափելով գոհունակությունը և ուսումնասիրելով նրանց կարծիքները տաբեր հարցերի շուրջ։
Հոդվածում ներկայացված է կրթության որակի ապահովման գործընթացում տվյալների հավաքման, մշակման, հետադարձ կապի ապահովման գործիքների և մեխանզիմների գործող օրինակ։ Հոդվածում մանրամասն քննվում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (այսուհետ՝ ԳԿՄԿ) ներդրված և գործող՝ «Ուսանողների կողմից դասավանդման որակի և արդյունավետության գնահատման» ուղղված հարցումների հիմնական սկզբունքները, ներկայացվում են տեղեկատվության հավաքման մեխանիզմները և գործիքները՝ չափվող փոփոխականները, չափման սանդղակները և տվյալների մշակման առանձնահատկությունները։
Հոդվածի հիմքում դրվել է հենց այս հետազոտության օրինակը, քանի որ ԳԿՄԿ-ում անցկացվող այլ հետազոտություններից այն տարբերվում է հետևյալ չափորոշիչներով․
- անցկացվում է ամենահաճախ պարբերականությամբ՝ բոլոր կիսամյակների դասընթացները գնահատելով,
- մինչ այժմ հավաքագրված հետազոտական ամենամեծ տվյալադարանները հենց այս հարցումների արդյուքներով են հավաքագրվել,
- ուսումնառողները առանձնին-առանձին գնահատում են բոլոր դասախոսների գործունեությունը՝ սահմանված հարցարանով, ինչպես նաև գնահատում են ամբիոնի վարիչի և համակարգողի՝ ուսանողների հետ տրավող աշխատանքները,
- ունի կանոնակարգով ամրագրված հետադարձ կապի ապահովման հստակ մեխանիզմներ։
Հոդվածում քննարկվում է նաև կրթության որակի ապահովման գործընթացում ներքին շահակիցների մասնակցության, քանակական հետազոտությունների միջոցով նրանց կարծիքի ուսումնասիրման և որոշումների կայացման հիմքում հետազոտությունների վրա հիմնված տվյալների կիրառման հարցերը։
Բանալի բառեր և բառակապակցություններ․ կրթության որակ, որակի ապահովում, կրթության որակի բարելավում, շահակիցներ, գոհունակության գնահատում, ուսանողակենտրոն ուսուցում։
ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԿԱՐԻՆԵ ԲԵԳՈՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն
ասպիրանտուրայի բաժնի պետ
ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ
Աշխատանքում վերլուծվում են 1997 թվականից ի վեր ՀՀ ԳԱԱ-ում ասպիրանտական կրթության (դոկտորանտուրայի) կազմակերպման զարգացումները և կառավարման գործընթացը: Բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումն ավելի ու ավելի է կարևորվում որպես պետության զարգացումն ապահովող հիմնարար կառուցակարգ: Դոկտորանտուրայի ինստիտուտի (ասպիրանտուրա) բարեփոխումներն ուղղված են գիտության մեջ մարդկային ռեսուրսների որակի բարձրացմանը, գիտության և տեխնիկայի զարգացման առաջնահերթ ուղղություններով տարվող հետազոտական թեմաների օպտիմալացմանը, հրապարակումների և նորարարական գործունեության ավելացմանը, հայրենական գիտության և հետազոտությունների մերձեցմանն համաշխարհային մակարդակին՝ միջազգային ճանաչման հասնելու ակնկալիքով: Հոդվածում ներկայացվում են վերջին 25 տարում պաշտպանված ատենախոսությունների թիվն ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ ԳԱԱ-ում, գիտական աստիճանների շնորհման համակարգի զարգացման դինամիկան և հիմնական միտումները: Հոդվածում քննարկվում է բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման և ատեստավորման համակարգի բարեփոխման հնարավոր ազդեցությունը ՀՀ ԳԱԱ-ում՝ երրորդ աստիճանի բարձրագույն կրթության (դոկտորանտուրա) և մասնագիտական (ատենախոսական) խորհուրդների աշխատանքի կազմակերպման վրա: Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ-ում դոկտորական կրթության և գիտական աստիճանների շնորհման գործընթացների SWOT-վերլուծության արդյունքները՝ մատնանշվում է ՀՀ ԳԱԱ ցանցի առավելություններն ու ուժեղ կողմերը՝ երրորդ մակարդակի դոկտորական կրթության և ուսուցման որակի բարելավման նպատակով: Աշխատանքն ուսումնասիրում է դոկտորանտների և երիտասարդ գիտնականների հետազոտական և նորարարական գործունեության կազմակերպչական, մեթոդաբանական և ենթակառուցվածքային աջակցության մեխանիզմները: Առաջարկվում են նաև ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, արտասահմանյան բուհերի միջև ամուր ցանցային կապ հաստատելու մոտեցումներ՝ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման և ատեստավորման համար: Հեղինակները կարևորում են ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դերը ՀՀ ԳԱԱ դոկտորանտուրայի կառավարման և Հայաստանում հետազոտության և զարգացման (R&D) ոլորտի համար մրցունակ երրորդ մակարդակի բարձրագույն կրթության կազմակերպման գործում:
Բանալի բառեր և բառակապակցություններ․ դոկտորանտուրա, գիտական աստիճան, ասպիրանտուրա, բարձր որակավորում ունեցող կադրեր, ատենախոսություն, գիտահետազոտական և նորարարական գործունեություն, ՀՀ ԳԱԱ ցանց, դոկտորական դպրոցի կառավարում:
ԱՐՄԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն
հոգեբանական գիտությունների թեկնածու
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
Համառոտագիր
Սույն հոդվածում քննարկվում են հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները, որոնք համարվում են կրթական համակարգի անբաժանելի մասը, կարևորվում են հատկապես վաղ, միջին և ավագ տարիքի դեռահասների հետ աշխատանքները: Դեռահաս-ծնող-ուսուցիչ եռակողմ հարաբերությունները հոդվածում քննարկվում են նաև հոգեբանական աշխատանքի համատեքստում։
Արագ զարգացող աշխարհի բոլոր ոլորտներում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են արժեքների վերանայում և նորերի հաստատում։ Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրներում բոլորովին նոր իրողություններ են հաստատվել։ Տնտեսական ճգնաժամը և սոցիալական ծանր պայմաններն իրենց բացասական ազդեցությունն են թողել նաև կրթական ողջ գործընթացի վրա։ 1991 թվականից Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգը, լինելով խորհրդային կրթական համակարգի իրավահաջորդը, թևակոխել է անցումային բարդ փոփոխությունների փուլ, որը կարելի է բնութագրել որպես համակարգի գոյատևման շրջան։ 1996-1997թթ.-ից երկրի տնտեսական զարգացմանը զուգընթաց՝ սկիզբ է դրվել կրթական ոլորտի բարեփոխմանը, որը հիմնականում կրում է կառուցողական բնույթ: Գլոբալիզացման, ինտեգրացման գործընթացների արագաացումը, ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կայացումը պահանջում է մարդու նոր որակ՝ օժտված ոչ միայն գիտելիքով, այլև ամենաթողության, համագործակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, իր կամ այլոց գործողությունները գնահատելու կարողություններով։
«Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում 2003 թ-ից մեր երկրում իրականացվող բարեփոխումներն ուղղված են ազատ, անկախ և զարգացած հասարակության կայացմանը պատրաստված և պատրաստ քաղաքացու ձևավորմանը։ Ուսանողների կատարողականության և բարձր արդյունավետության, ինչպես նաև համագործակցության կարողությունների հետ մեկտեղ՝ մեծ նշանակություն է հատկացվում նրանց հոգեբանական առողջության ավելի բարձր մակարդակի ապահովմանը։Նախատեսված ժամանակահատվածում ակնկալվող արդյունքներին հասնելու համար պետք է շարունակել հանրային հոգածությունը՝ միաժամանակ խստացնելով ուսուցիչների նկատմամբ հոգեբան-մանկավարժական