Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2025թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը։
Հղումներ


 


 


 

 


Կաճառ գիտական պարբերական 2022, II

ԿԱՃԱՌ

ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

II, 2022

Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից

 

ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ,իրավաբանական գիտությունների թեկնածու

tsimonyan.arm@gmail.com

 

ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձագետ,

ԵՊՀ հայցորդ

ani25sargsyan1097@gmail.com

ԱԲՍԵՆՏԵԻԶՄԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

Համառոտագիր

Սույն    աշխատանքը   նվիրված   է    աբսենտեիզմի   երևույթի    և    նրա՝ ընտրական գործընթացների վրա ունեցած ազդեցության ուսումնասիրությանը:

Աշխատանքի նպատակն է` ներկայացնել աբսենտեիզմի տեսակները, առաջացման պատճառները և հաղթահարման ուղիները: Անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նաև համառոտ ակնարկ այն մասին, թե ինչպես է աբսենտեիզմը դարձել սոցիոլոգների և քաղաքագետների, իսկ հետագայում՝

նաև իրավագետների ուսումնասիրության առարկա:

«Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»:

Աբսենտեիզմի երևույթն առաջացել է հենց վերոնշյալ սկզբունքից և դարձել է ընտրությունները բոյկոտելու միջոց: Աբսենտեիզմը հաղթահարելու համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի ուղի, որը կասկածի տակ չի դնի ընտրական իրավունքի իրականացման ազատության և կամավորության, ինչպես նաև ժողովրդավարական պետությանը բնորոշ այլ սկզբունքների իրագործումը:

Աշխատանքի արդյունքների հիմքում դրված է արտասահմանյան երկրների փորձը, մի շարք երկրներում տեղի ունեցած ընտրությունների (նախագահական, խորհրդարանական) ժամանակ բնակչության մասնա կցության աստիճանը, և հատկապես ՀՀ-ում ընտրություններին բնակչության մասնակցության աստիճանը և վերջինիս կրած փոփոխությունները:

Աշխատանքի արդյունքները մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ գոյու- թյուն ունեն ընտրողների աբսենտեիզմի հաղթահարման երեք հիմնական ուղղություններ՝ ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու՝ քաղաքացիների պարտականության սահմանում, ընտրողների մասնակցու- թյան նվազագույն շեմի, ինչպես նաև ընտրությունները կայացած համարելու վերաբերյալ պահանջի բացառում և ընտրողների իրավական մշակույթի զարգացում, ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդում և պետական կառավարման գործընթացում վերջիններիս մասնակցության կարևորության գիտակցում։

 

Բանալի բառեր և բառակապակցություններ. աբսենտեիզմ, քաղաքա- կան ակտիվություն, ընտրական գործընթացներ, ընտրողների մասնակցության աստիճան, լեգիտիմ իշխանություն։

 

ԷՄՄԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող

kostanian22@mail.ru

ԱՆՆԱ ՉԱՐՉՅԱՆ

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու

charchyananna56@aspu.am

 

«ՇԱԽՄԱՏ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄԸ ԿԱՊԿՈՒ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ

Համառոտագիր

Կրթության առանձնհատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների՝ ուսումնական գործընթացում ներառվելն ու ներգրավվելը կարևոր և առաջնային հարցերից մեկն է: Կրթական միջավայրը, ուսումնական գործընթացը, հոգեբանամանկավարժական մոտեցումներն աստիճանաբար ավելի են հարմարեցվում կրության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կարիքներին, հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին: Հարկ է նշել, որ ԿԱՊԿՈւ սովորողների համար ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ուսուցչից պահանջվում է ստեղծագործական մոտեցում, սովորողների բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ համապատասխան մեթոդաբանության կիրառում, դասանյութի ավելի հետաքրքիր ներկայացում, սովորողների գործնական կարողությունների մշակում: ԿԱՊԿՈւ երեխաների համակողմանի զարգացումը անվերջ և շարունակական գործընթաց է: Անհրաժեշտ բոլոր դեպքերում ստեղծել զարգացող միջավայր թե՛ տանը, թե՛ դպրոցում՝ առարկայական բոլոր դասաժամերին:

Համընդհանուր ներառականության պայմաններում շախմատային ուսուցման արդյունավետ կազմակերպումը, ԿԱՊԿՈւ սովորողներին շախմատի դասաժամերին ներգրավումն ու մասնակցության ապահովումը ուսուցչից պահանջում է այս երեխաների հետ աշխատելու հոգեբանամանկավարժական գիտելիքներ, պատրաստակամություն, համագործակցային մոտեցում, մանկավարժական միջոցների ու հնարների կիրառում: Շախմատի դասաժամերին բազմաբնույթ խաղ-առաջադրանքների, վերլուծելու և համադրելու, քննադատական, ստեղծագործական մտածողության զարգացման միջոցով հնարավորություն է ստեղծվում ընդլայնել ԿԱՊԿՈւ սովորողների ճանաչողա- կան ոլորտը: Կարևոր է հաշվի առնել այս երեխաների հնարավորությունների և կարողությունների բազմազանությունը, դրանց վրա կառուցել դասագործ- ընթացը, ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել շախմատային առաջադրանքներն այս երեխաների կարողություններին հարմարեցնելու հարցում:

Մենք իրականացրել ենք հետազոտություն, վեր ենք հանել տարիների փորձ ունեցող ուսուցիչների կարիքները, ուսումնասիրել առաջարկությունները, որոնք նրանք արել են դասագործընթացի բարելավման վերաբերյալ։ Հետա- զոտությունները ներկայացրել ենք աղյուսակների տեսքով, որտեղ տոկոսային հարաբերությամբ երևում է, թե ինչպիսի դժվարություններ ունեն «Շախմատ» ուսումնական առարկան դասավանդող ուսուցիչները։ Հետազոտության տվյալ- ները հաշվի առնելով՝ որպես արդյունք, ստեղծվել է առաջադրանքների համակարգ, որը կնպաստի ԿԱՊԿՈւ աշակերտներն շախմատ դասավանդելու արդյունավետության բարձրացանը։

Բանալի բառեր և բառակապակցություններ` ներառական կրթություն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, կրթության հարմարեցում, շախմատային առաջադրանքներ:

 

ԱՍՅԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Հայ-Ռուսական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

aspry@inbox.ru

ԼՈՒՍԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայ-Ռուսական համալսարանի հոգեբանության ամբիոնի հայցորդ poghosyan_lusin@mail.ru

ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳԻՏԱՓՈՐՁԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Համառոտագիր

Վերջին տարիների հասարակության առաջխաղացումը չի շրջանցել նաև ուսումնական ոլորտը: Հոգաբանա-մանկավարժական համայնքներում ավելի հաճախ է քննարկվում աճող սերնդի անձնային զարգացման խնդիրը: Դպրոցականների հանդեպ չափազանց բարձր պահանջները ոչ միշտ են համապատասխանում նրանց տարիքային հոգեբանական առանձնահատ- կություններին, քանի որ ժամանակակից դպրոցական ծրագիրը մեծ ինտելեկ- տուալ բեռնվածություն է պահանջում դպրոցականներից: Արդի խնդիր է մնում կրտսեր դպրոցականների հաջող ուսումնառությանը նպաստող անձնային որակների դաստիարակությունը: Ուստի, կարևոր է, որպեսզի դպրոց ընդունվելիս երեխաները հոգեբանորեն պատրաստ լինեն նոր սոցիալական պայմաններին, դպրոցական ուսումնառությանը:

Հոդվածում ներկայացված են կրտսեր դպրոցականների հետ անցկաց- րած գիտափորձի արդյունքները: Հետազոտության մեջ շեշտադրվում է ընկալման մոդալականությունը որպես ուսումնական ճանաչողական գործըն- թացի կարևոր տեսանկյուն, որի շարժիչ ուժերն են հանդիսանում սովորողների ինտելեկտն ու մոտիվացիան:

Հետազոտության կիրառական արժեքը կայանում է նրանում, որ նպատակաուղղված զարգացնելով ընկալումը (աուդիալ և վիզուալ ուղիները) կինեսթետիկ մոդալականության վրա ազդելու միջոցով, կարելի է բարձրացնել կրտսեր դպրոցականների ինտելեկտի և մոտիվացիայի ընդհանուր մակար- դակը:

Բանալի բառեր և բառակապակցություններ` կրտսեր դպրոցական, ձևավորող գիտափորձ, շարժախաղեր, մոտիվացիա, ինտելեկտ:

 

ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող,

պատմական գիտությունների թեկնածու

mmcsar@gmail.com

 

«ԱԼԺԻՐԻ ՃԳՆԱԺԱՄԻ» ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑՔԸ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ 1991-1995 ԹԹ.

Համառոտագիր

Ալժիրի ներքաղաքական կյանքը սկսեց արագ փոփոխության ենթարկվել 1989 թ. փետրվարին՝ երկրի նոր Սահմանադրության ընդունումից հետո, որի 40-րդ հոդվածը երաշխավորում էր քաղաքական միավորումներ ստեղծելու իրավունքը։ Ժողովրդավարական այս գործընթացը հանգեցրեց բազմաթիվ կուսակցությունների, այդ թվում նաև իսլամական կուսակցությունների օրինա- կանացմանը և հետագա ամրապնդմանը։

Հոդվածի նպատակն է ներկայացնել Ալժիրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական զարգացումները, որոնք ի հայտ եկան երկրում իսլամական շարժումների լայն տարածման հետևանքով: Այս ժամանակա- շրջանում Ալժիրում հաստատված համակարգային ճգնաժամը կարևորագույն գործոններից էր, որն էապես ազդեց հասարակության շրջանում ծայրահեղ իսլամական գաղափարախոսությունների լայն տարածմանը: Շատ կարճ ժամանակում իսլամական շարժումը միավորվեց Իսլամական փրկության ճակատի շուրջ՝ վերածելով այն ամենաազդեցիկ և ուժեղ իսլամական կազմակերպությանը, որի առաջնային նպատակն էր Ալժիրի իսլամակա- նացումը: Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում բանակի դերակատարությանը «Ալճիրի ճգնաժամի» կարգավորման գործում: Ելնելով պատմական զարգացման առանձնահատկություններից՝ բանակն առանձնա- հատուկ տեղ էր զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում և միակ իրական ուժն էր, որն ունակ էր պահպանել Ալժիրում հաստատված աշխարհիկ համակարգը:

Ներկայացվում են նաև իշխանությունների և իսլամիստների միջև սկսված զինված պայքարի՝ տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքների լուծման փորձերը: Առանձին դիտարկվում է թե՛ իշխանությունների, թե՛ գործող ընդդիմադիր կուսակցությունների ձեռնարկած քայլերը «Ալժիրի ճգնաժամի» խաղաղ կարգավորման գործում: Ուշագրավ է, որ, չնայած երկրի իսլամականացման կողմնակիցները բավական մեծ և ազդեցիկ ուժ էին ներկայացնում, այնուամենայնիվ իշխանություններին հաջողվեց պահպանել երկրում հաստատված կառավարման համակարգը և խոչընդոտել իսլամական ծայրահեղական շարժումների հետագա զարգացումը:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Ալժիրի ճգնաժամ, իսլամական փրկության ճակատ, բանակ, իսլամ, կուսակցություններ, հակամարտություն:

 

 

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնի վարիչ,

բանասիրական գիտութոունների թեկնածու, դոցենտ

gohar.grigoryan@isec.am

 

ՀԱՅԵՐԵՆԻ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՀՈՒԶԱԳՆԱՀԱՏՈՂԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Համառոտագիր

Պատմականորեն ձայնարկությունների կամ միջարկությունների նկատմամբ եղել է երկու տիպի մոտեցում. նախ` որպես խոսքային ինքնաբերական արտահայտություններ, որոնք նշանակել են զգացական կամ մտավոր վիճակներ, ապա` դրանք դիտվել են բառային բնութագրման շրջա- նակներում: Եվ, իսկապես, ձայնարկությունները պարունակում են ինչպես բնական արտահայտչական, այնպես էլ նշանային` վերաբերական և հա- ղորդակցական բովանդակություն, որոնք տեսականորեն հաշտեցնելու անհրաժեշտություն կա` հիշատակված մոտեցումների միջև եղած հակա- սությունը անցումով փոխարինելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում հուզագնահատողական արտահայտությունները (այսուհետ՝ ՀԳԱ) քննել ոչ միայն մեկ լեզվի, այլև միջլեզվամշակութային զուգադրության տեսակետից:

Թե´ հայերենի ձայնարկությունները և եղանակավորող բառերը, թե՛ անգլերենի միջարկությունների իմաստաբանական և գործաբանական առանձնահատկությունները հնարավոր է ուսումնասիրել երեք տեսանկյունից.

ա. ի՞նչ են հաղորդում դրանք,

բ. ինչպե՞ս են հարաբերվում ընդհանուր խոսընթացին, գ. լեզվական ի՞նչ կազմություն կարող են դրանք ունենալ:

Ֆ. Ամեկան [1, p101-118] և Ա. Վեժբիցկան [2, էջ 155-192] պնդում են, որ դրանք իմաստաբանորեն բազմազան լեզվական միավորներ են և ունեն որոշակի հասկացական բովանդակություն:

Լեզվաբաններից Է. Գոֆմանը, օրինակ, կարծում է, որ դրանք լեզվական իմաստից զուրկ լայն իմաստով նշանային արարողություններ են [3, էջ 115-157], քանի որ առկայանում են առոգանական և այլ հարալեզվական միջոցների օգնությամբ միայն:

Այս երկու մոտեցումները թույլ են տալիս ենթադրել, որ ՀԳԱ-ները մարդու գործունեության լեզվական և ոչ լեզվական ձևերի միջև սահմանային տեղ են զբաղեցնում:

Միջլեզվական ակնհայտ ընդհանրություններից են բնաձայնական արտահայտությունները, ինչպես նաև ավելի բարդ հաղորդակցական արտահայտությունները, կամային և իմացական ՀԳԱ-ները:

Միջլեզվամշակութային զուգադրության մեկ այլ հատկանիշ է ՀԳԱ- ներում հուզականի և գնահատողականի, այլ կերպ, ինքնաբուխ-անգիտակ- ցական և գիտակցված-վերաբերմունքային բաղադրիչների հարաբերակցությունը։

Այսպիսով, ՀԳԱ-ները, բացի քաջածանոթ կառուցվածքային, շարա- հյուսական և հաղորդակցական մոտեցումներից, միջլեզվական համեմատու- թյան մեջ կարելի է քննել` ըստ հետևյալ լեզվաճանաչողական հատկանիշների.

  1. ըստ գիտակցվածության աստիճանի,
  2. ըստ հասցեագրման,
  3. ըստ հաղորդվող նյութի նկատմամբ արժեքային վերաբերմունքի:

Ուրեմն՝ բոլոր ՀԳԱ-ները կարելի է դասակարգել ըստ վերը նշված հատկանիշների, որոնցից մեկն ունի ճանաչողական, մեկը` հանրամշակութային, իսկ երկուսը` հաղորդակցական նշանակություն: Այս դասերից յուրաքանչյուրը համապատասխանաբար ունի իր կարգերը և ներկայանում է որպես ՀԳԱ-ների միջլեզվական համալիր զուգադրության հիմք: Թե որքանով հնարավոր կլինի տիպականացնել հատկանիշների այս կամ այն փունջը պարունակող ՀԳԱ-ները որպես հաղորդակցական միավորներ, հնարավոր կլինի պարզել միայն կոնկրետ օրինակների միջլեզվամշակութային զուգադրման և լեզվախոսքային տվյալների քանակական հետազոտությունների միջոցով:

Բանալի բառեր և բառակապակցություններ. հուզագնահատողական արտահայտություններ, միջլեզվական համեմատություն, ճանաչողական առանձնահատկություններ, գիտակցվածության աստիճան, ինքնաբուխ արտահայտություններ, հաղորդակցական նշանակություն:

 

 

ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, գիտական քարտուղար,

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտ, ավագ գիտաշխատող,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 meri.sargsyan@isec.am

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԽՈՍՔԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Համառոտագիր

Հասարակության մեջ կնոջ և տղամարդու կարգավիճակների հարցը մշտապես եղել և մնում է գենդերային հետազոտությունների ուշադրության կենտրոնում: Գենդերային ստորակարգությունը հաճախ կապում են գենդերային դերերի հետ: Լեզվաբանության ոլորտում գենդերային ուսումնասիրությունների ձեռքբերումներից մեկն այն փաստի հաստատումն է, որ եթե նույնիսկ տղամարդիկ և կանայք ծնվել, դաստիարակվել և բնակվել են հասարակական նույն միջավայրում, նրանք խոսում են տարբեր «լեզուներով»՝ տարբեր կերպ ընկալելով նույն իրավիճակը, տարբեր կերպ ճանաչելով աշխարհը:

Այժմ գենդերային մոտեցումները շատ լայն ընդգրկում ունեն, խոր վերլուծության է ենթարկվում նաև գենդերային վարքագիծը։ Մի շարք գիտական հետազոտություններ են իրականացվել՝ ուսումնասիրելու համար տղամարդկանց և կանանց գրավոր և բանավոր հաղորդակցական վարքագիծը և խոսքը: Հաշվի են առնվել ոչ միայն գենդերային առանձնահատկությունները, այլև տարիքը, խոսքի ընկալման առանձնահատկությունները, հոգեբանական բնութագրերը և այլն: Տղամարդկանց և կանանց խոսքի վերլուծությունը առավել հաճախ է դառնում հետազոտության առարկա: Տարբեր գենդերային խմբերի խոսքն ունի իր առանձնահատկությունները:

Նմանատիպ գիտական ուսումնասիրությունների տվյալները լայնորեն տարածվում են՝ ամրապնդելով տղամարդկանց և կանանց խոսակցական հաղորդակցության տարբերությունների մասին պատկերացումները: Ըստ այդմ՝ տղամարդկանց հաղորդակցման ամենատարածված ժանրը զրույցտեղեկատվությունն է, կանանց շրջանում` անձնական զրույցները և երկխոսությունը։ Սեռերի հոգեկերտվածքի այդ տարբերությունը իր զանազանդրսևորումներն է ունենում բարբառային խոսքում։ Խոսքի հուզականությունը նախ և առաջ արտահայտվում է հնչերանգով։ Եթե տղամարդկանց խոսքը ավելի զուսպ է և կտրուկ, ապա կանանց խոսքը սովորաբար երանգավորվում է ավելի արտահայտիչ հնչերանգով, որը դրսևորվում է ձայնի բարձրացում- իջեցումներով, առանձին վանկերի տևական արտասանությամբ։ Պարզվում է, որ տղամարդիկ հազվադեպ են ընդհատում միմյանց, իրենց շատախոսությամբ չեն տարբերվում թույլ սեռից: Կանայք ավելի հաճախ են հարցեր տալիս և ներողություն խնդրում: Տեղեկատվություն հաղորդելիս կանանց հա- մար շատ կարևոր է մանրուքների մասին խոսելը։

Մեր հետազոտության շրջանակում հարցումներ ենք կազմակերպել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային տարբեր միավորներում ապրող մարդկանց շրջանում: Ընդգրկել ենք տարբեր տարիքային խմբերի տարբեր սեռի մարդկանց թե՛ մայրաքաղաք Երևանից, թե՛ Հայաստանի տասը մարզերից: Ընդհանուր հարցվողների թիվը 360 է, որից 60-ը մայրաքաղաք Երևանից, և յուրաքանչյուր մարզից 30 անձ: Հարցումներն իրականացրել ենք 15-65 տարեկան անձանց շրջանում: Սույն հոդվածում ներկայացնում ենք մայրաքաղաք Երևանից հարցմանը մասնակցած լեզվական հանրույթի (թվով 60 լեզվակիր) հանրալեզվաբանական քննության արդյունքները: Սեռային բաշխումը կատարել ենք համաչափ. թվով 60 լեզվակրից 30-ը արական սեռի ներկայացուցիչ է, 30-ը՝ իգական: Հետազոտությունն իրականացնելու համար դիմել ենք դիտարկման և հարցումների մեթոդներին: Քանի որ մեր հետազոտության շրջանակում առավել հետաքրքրական են խոսքի գենդերային տարբերությունները, նմանությունները, առանձնահատկությունները, կարիք չկար տեսաձայնագրությունների և ամբողջական խոսքի գրանցման: Հետևաբար՝ գրի ենք առել խոսքի՝ մեր հետազոտության համար առավել կարևոր հատվածները, ինչպես նաև հարցվողները լրացրել են անանուն հարցաթերթիկները: Հավաքված տվյալները ներկայացրել ենք աղյուսակների տեսքով և խմբավորել: Ըստ այդմ՝ մաթեմատիկական վիճակագրության մեթոդով կատարել ենք հավաքված նյութի գնահատում, որի հիման վրա էլ հնարավոր եղավ արձանագրել կանանց և տղամարդկանց խոսքի գենդերային առանձնահատկությունները հայերենում:

Մեր հարցումները հնարավորություն են տալիս պարզելու տղա- մարդկանց և կանանց խոսքի գենդերային ընդհանուր առանձնահատկություն- ները, ինչպես, օրինակ՝ արտասանական, հնչերանգային տարբերությունները, խոսքի հուզականությունը, նախընտրելի քերականական կառույցները և բառերը և այլն:

Բանալի բառեր և բառակապակցություններ. գենդերային հետազո- տություն, արական խոսք, իգական խոսք, լեզվի գենդերային առանձնահատ- կություններ, խոսքի գենդերային տարբերություններ:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

nairahambardzumyan@yahoo.com

ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան

գրականության ինստիտուտի ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող siranush.parsadanyan.2014@mail.ru

ԿԻՆ-ՍՈՒԲՅԵԿՏ-ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՈՐՊԵՍ ՍԵՌԻ ԻՆՔՆԱՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՐՁ

Համառոտագիր

Հոդվածի նպատակն է՝ քննել կին-սուբյեկտի ինքնաներկայացման առանձնահատկությունները, ինչպես նաև՝ կանանց գրականության գենդերային առանձնահատկությունների նույնականացումը 19-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունում ապրած և ստեղծագործած կին հեղինակների քերթվածներում:

Հոդվածի խնդիրն է՝ վերլուծել կանանց բանաստեղծությունները կանացիություն և առնականություն գենդերային կարծրատիպերի գործնականության տեսանկյունից:

Հոդվածի արդիականությունը պայմանավորված է կին հեղինակների գիտակցության սուբյեկտիվ դրսևորումների և կին – սուբյեկտ - ինքնություն հիմնախնդիրը՝ որպես գրի ներկայություն դիտարկելու փորձով և վերլու- ծությամբ: Այսօրինակ վերլուծություն կատարվում է առաջին անգամ:

Ընդհանրացնելով կանացիություն և առնականություն գենդերային բինար դրսևորումները նկատում ենք, որ դրանք բացահայտվում են գեղարվեստական պատկերների միջոցով, բնորոշ են կին հեղինակների գիտակցությանը և տրվում են նրանց ստեղծագործությունների պոետիկայի միջոցով: Այդ է պատճառը, որ սույն տեքստերը դիտարկել ենք երկու տեսանկյունից՝

ա. գենդերային աշխարհ-պատկերի արտահայտության,

բ. գենդերային հստակ խնդրի ներկայացման:

Գիտականորեն և տեսականորեն ամփոփելով ուսումնասիրությունը՝ նշենք, որ Օսմանյան կայսրությունում կանացի դիսկուրսը գրական տարբեր ժանրերում բացահայտվում է կառուցվածքային և հարացույցային առանձնահատուկ էթնիկական տարրերի միջոցով, հետևաբար՝ պահանջվում է կանանց տեքստերի պոետիկայի և տիպաբանության լրջագույն ուսումնասիրություն մեթոդաբանական նոր սկզբունքներով:

Բանալի բառեր և բառակապակցություններ: սեռ, կանացիություն, առնականություն, կին սուբյեկտ, գենդերային դիմակ, սուբյեկտիվություն, կանացի տեքստ:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս

rouzannabaghramyan@gmail.com

 

ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ,

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

lusineharutyunyan100@yahoo.com

 

ՄՏԱՎՈՐ ԿԱՂԱՊԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՍՈՒՅԹԻ ՎՐԱ ԱԶԴԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Համառոտագիր

Սույն հոդվածը միտված է վերլուծելու մտավոր կաղապարների վերարտադրությունը գործարար հաղորդակցման մեջ՝ ընդգծելով խոսույթի հասարական-ճանաչողական կողմը անձնական և հասարակական մակարդակներում: Խոսույթը բարդ ճանաչողական գործունեություն է, որը, ըստ որոշ հետազոտողների (Գրեյսեր, Միլիս, վան Դեյկ և Կինտշ), ներառում է

5 մակարդակ. 1. մակերեսային ծածկագիր (բառեր և շարահյուսություն), 2. տեքստային հիմք (տեքստի իմաստային ներկայացում), 3. իրավիճակի մոդել (դիսկուրսի վերաբերյալ բոլոր բացահայտ և անուղղակի գործոնները), 4. ժանրային և հռետորական կառուցվածք (շարադրանք, նկարագրություն, փաստարկում և այլն, ինչպես նաև համապատասխան հռետորական կառույցներ) 5. պրագմատիկ հաղորդակցություն (մասնակիցների միջավայրը, ժամանակը, վայրը, սոցիալական կարգավիճակը և այլն): Խոսույթը ընկալվում և ակտիվանում է արտաքին և ներքին գործոնների համաձայն, որոնք անքակտելիորեն փոխկապակցված են մեկ կոնկրետ իրավիճակում: Խոսույթի սոցիալական հարթությունը, ճանաչողական գործընթացների հետ համատեղ, մեծապես նպաստում է մտավոր կաղապարների ձևավորմանը, որոնք կարող են ազդել ցանկացած հաղորդակցության ընթացքի վրա: Մտավոր կաղապարները սուբյեկտիվ պատկերացումներ են՝ հիմնված անձնական, ճանաչողական գործընթացների վրա: Ճանաչողական գործընթացները (մտածել, ընկալել, հասկանալ, զգալ) ստեղծում են մտավոր կաղապարներ, որոնք հիմնված են էմպիրիկ տվյալների վրա, որոնք մարդն ունի իր մտքում կամ ձեռք է բերել գիտելիքների միջոցով, և հետագայում կարող է կիրառել տարբեր իրավիճակային խոսույթներում: Մտավոր մոդելները մեկնաբանվում են որպես գաղափարախոսության ձև կամ մաս, նկատելի է անհամապատասխանություն՝ խմբի, հասարակության, ընկերության և այլնի կողմից ներկայացվող գաղափարախոսության և գաղափարականորեն հիմնավորված անձնական վերաբերմունքի (մտավոր կաղապարներ) միջև: Գաղափարախոսության դիսկուրսիվ հատկությունը ենթադրում է ճանաչողական գործընթացներ տարբեր սոցիալական իրավիճակներում, որոնք հնարավորություն են ընձեռում գաղափարախոսության տարատեսակ մեկնությունների: Արժեքները և արժանիքները, որոնք կազմում են որևէ խմբի կամ հասարակության գաղափարախոսության հենքը, ենթակա են որոշակի փոփոխությունների՝ ժամանակավրեպ դառնալու վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով, քանի որ գաղափարախոսության առաջնային նպատակը ոչ միայն իր արժեքներին և արժանիքներին խարսխելն է, այլ նաև ընդլայնել այն մարդկանց շրջանակը, որոնք կունենան նույն գաղափարախոսությունը: Վերոգրյալ նպատակին հասնելու համար խոսույթն ամենաարդյունավետ գործիքն է՝ առավել մեծ թվով «հեռանկարային գաղափարախոսներ» թիրախավորելու համար: Օրինակ՝ նման անհամապատասխանու- թյունները կարելի է նվազեցնել կամ վերացնել հաղորդակցման բոլոր մասնա- կիցների կողմից ընդունելի ընդհանուր հենքի վերհանման միջոցով: Տվյալ հենքը կարող է լինել մշակութային, սոցիալական, պատմական կամ նույնիսկ գործարար, որի օգնությամբ հաղորդակցության մասնակիցները կարող են բանավիճել, քննարկել և հասնել փոխշահավետ լուծումների: Քանի որ տվյալ հոդվածի շրջանակներում փորձ է արվում ներկայացնել, թե ինչպես են մտավոր կաղապարները ակտիվանում և իրացվում գործարար խոսույթում, ուսումնասիրության շրջանակը ներառում է միայն հաղորդակցական գործարար իրավիճակների վերլուծություն` հասարակական-ճանաչողական խոսույթի ուսումնասիրության մեթոդի կիրառմամբ:

Բանալի բառեր և բառակապակցություններ. մտավոր կաղապարներ, իմաստային կաղապարներ, համատեքստային կաղապարներ, գաղափարա- խոսություն, գործարար խոսույթ:

 

ՍԻԼՎԻ ԹԱՐՋՈՒՄԱՆՅԱՆ

Եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոն դասախոս, ԵՊՀ ընհանուր հոգեբանության ամբիոնի ասպիրանտ

silvitarjumanyan@yahoo.com

ՎԱՐԴՈՒՀԻ ՊԱՊՈՅԱՆ

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

vpapoyan@ysu.am

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ԴԵՊՐԻՎԱՑԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համառոտագիր

Հոդվածում ներկայացված են ծնողական դեպրիվացիա ունեցող անձանց ինքնիրացման առանձնահատկությունները։ Տասնամյակներ ի վեր Ա. Մասլոուի տեսության ամենահայտնի գաղափարներից մեկն այն էր, որ մարդիկ ինքնիրացման բնածին ցանկություն ունեն և ծնողի սերն ու հոգատարությունը ինքնիրացման գործընթացում հաջողության հասնելու հիմքերից են: Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ այն մարդիկ, ովքեր մանկական տարիքում ունեցել են ծնողական դեպրիվացիա՝ ծնողի(ների) բացակայության կամ դերի խախտման պատճառով, դժվարություններ են ունենում ինքնիրացման ճանապարհին: Այս ենթադրությունը ստուգելու համար մենք իրականացրել ենք հետազոտություն: 140 մասնակիցներից 70-ը ունեցել են ծնողական դեպրիվացիա մինչև 10 տարեկան հասակը, մյուս 70-ը չեն ունեցել ծնողական դեպրիվացիա:

Սույն հոդվածում ներկայացրել ենք որոշ փորձարարական արդյունքներ, որոնք բացահայտում են դեպրիվացված անձի ինքնիրացման գործընթացում հանդիպող դժվարությունները։ Հոդվածում քննարկվել են նաև ստացած տվյալների հնարավոր բացատրությունները:

Հոդվածում ամփոփված են հետազոտության արդյունքներն ու հետևությունները: Հիմնական եզրակացությունն այն է, որ թեև գրականության բազմաթիվ աղբյուրներ ցույց են տալիս, որ ծնողական դեպրիվացիա ունեցող մարդիկ դեպրիվացիա չունեցողների համեմատ ավելի շատ դժվարություններ ունեն ինքնիրացման գործընթացում և ավելի քիչ հնարավորություններ՝ դառնալու ինքնիրացված անձ, մեր ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ միայն աննշան տարբերություն կա դեպրիվացված և դեպրիվացիա չունեցող սուբյեկտների ինքնիրացման մակարդակի միջև: Ընդհանրացնելով՝ մեր բացահայտումները ցույց են տալիս, որ ծնողական դեպրիվացիան անփոփոխ և անշրջելի ազդեցություն չի թողնում անձի ինքնիրացման վրա:

Բալանի բառեր և բառակապակցություններ. ծնողական դեպրիվացիա, ինքնիրացում, ժամանակի կողմնորոշում, արժեքներ, ինքնահամակրանք, ծնողական բացարձակ սեր։

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՆԱՆՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնի դասախոս,

Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ

susanna.nanyan@isec.am

ՀԱՅԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական համալսարանի կառավարման և նորարարության ամբիոնի դոցենտ

տնտեսագիտության թեկնածու

ggnalbandyan@fa.ru

ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համառոտագիր

Սույն հոդվածի նպատակն է՝ պարզել ուսանողների խոսքում անգլերենի բառապաշարի հնարավոր սխալները: Իրականացվել է խառը մեթոդի հետազոտություն, որի ընտրանքը ներառում է համալսարանների բակալավրի կրթական աստիճանում սովորող 38 ուսանող: Տվյալները հավաքագրվել են ուսանողներից բանավեճերի միջոցով: Բանավեճերը ձայնագրվել են, իսկ գրի առնվելուց հետո բառապաշարի սխալները դուրս են գրվել և դասակարգվել են՝ ըստ սխալների բնույթի: Բառապաշարի իմացությունը ստուգվել է բառապաշարի չափելիության թեստի միջոցով` բառապաշարի չափի և սխալի մակարդակի միջև կոռելացիոն կապը գտնելու համար: Համաձայն սովորույթի՝ հայկական դպրոցներում հիմնականում ուշադրություն են դարձնում անգլերենի քերականությանն ու ընթերցանությանը, և ոչ թե բառապաշարին և խոսքին։ Ավելին, ինչպես նշում են Նեյշնը և Մեարան [24], անգլերենի բառապաշարը բարդ է՝ իր երեք ընդհանուր ուղղություններով՝ կապված իմաստի օգտագործման և ձևի հետ, ինչպես նաև իր բազմաթիվ իմաստային շերտերով, որոնք կապված են առանձին բառերի արմատների հետ: Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ կան մի շարք գործոններ, որոնք ազդում են բառապաշարի ուսուցման վրա և դժվարացնում են բառապաշարի յուրացումը: Այս գործոնները դասակարգվում են որպես ներբառային հատկանիշներ, այսինքն՝ բառի ձևի և իմաստի հետ կապված ներքին հատկանիշներ: Այսինքն՝ բառապաշարը կարող է դժվար լինել տարբեր գործոնների պատճառով, ինչպիսիք են՝ արտասանության կարողությունը, քերականական դասը, հայտնի բառերի նմանությունը և իմաստի կոնկրետությունը կամ պատկերային կարողությունը [23]: Հետևաբար, եթե ուսանողը չի կարողանում ավելի շատ բառեր սովորել, ապա դա հանգեցնում է բանավոր վերարտադրության սխալների: Ինչպես նշվեց, ուսանողների՝ անգլերեն խոսույթի ավելի շատ սահունության զարգացումը կարևորվում է բառապաշարի ավելի արդյունավետ գիտելիքի ձեռքբերմամբ [3]: Սակայն Հայաստանում, համալսարան ընդունվելուց հետո, ուսանողներն անցնում են մասնագիտական օտար լեզվի դասընթացներ՝ չունենալով հիմնական բառապաշարի հիմք: Չնայած այն հանգամանքին, որ ուսանողները սովորում են կոնկրետ բառապաշար՝ կապված իրենց մասնագիտության հետ, նրանք դեռևս դժվարանում են օգտագործել այդ բառապաշարը փաստարկային խոսքում, այսինքն՝ բանավեճերի կամ քննարկումների ժամանակ արտահայտել իրենց պնդումները։

Բառեր և բառակապակցություններ. խոսքի հմտություններ, բառապա- շար, բառապաշարի սխալներ, սխալների տեսակներ, բառապաշարի չափելիության թեստ:

 

ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու pet_petros@ysu.am

 

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրոս

tigran.petrosyan@student.rau.am

 

ՈՐՈՇ ԼՐԻՎ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԳՐԱՖՆԵՐԻ ԳԱԳԱԹ-ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ԿՈՂԱՅԻՆ ՆԵՐԿՈՒՄՆԵՐ

Համառոտագիր

Գրաֆների տեսության մեջ կողային ներկում է կոչվում կողերի ներկումը, այսինքն՝ գրաֆի յուրաքանչյուր կողին գույնի համապատասխանեցումը։ Կողային ներկումը կարելի է ներկայացնել