Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2025թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը։
Հղումներ


 


 


 

 


ԿԱՃԱՌ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ 2023, I

ԿԱՃԱՌ

ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

I, 2023

Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Ռուս-հայկական համալսարանի հայցորդ

simonyan21@gmail.com

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Համառոտագիր

Հոդվածը նվիրված է օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների դերի ու նշանակության, ինչպես նաև դրանց օգտագործման հեռանկարների բացահայտմանն ու վերլուծմանը:

Հոդվածում հանգամանորեն վերլուծվել է «օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներ» եզրույթի էությունը, մասնագիտական գրականության մեջ «օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներ» եզրույթի վերաբերյալ գոյություն ունեցող տարբեր բնորոշումները:

Հոդվածում արտացոլված է այն փաստաթղթերի ցանկը, որում իրենց նյութական արտահայտությունն ու ամրագրումն են ստանում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները (այսուհետ՝ ՕՀԳ):

Հոդվածում ներկայացվել և վերլուծվել են թեմային առնչվող « ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» համապատասխան հոդվածները և վերլուծության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ ՕՀԳ օրենքում անհրաժեշտ է պարտադիր սահմանել «ՕՀԳ-ի արդյունքներ» հասկացությունը, ինչպես նաև այդ արդյունքները դասակարգել Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներին համապատասխան:

Հոդվածում ներկայացված են նաև այն ընդհանրական պայմանները, որոնց պահպանման պարագայում ՕՀԳ ընթացքում ստացված փաստական տվյալները կարող են համարվել ՕՀԳ արդյունք: Դրանք հանգում են հետևյալին․

  • փաստական տվյալները պետք է ստացված լինեն օպերատիվ ստորաբաժանումների կողմից ՕՀԳ օրենքով սահմանված կանոններին համապատասխան,
  • պետք է պարունակեն տեղեկատվություն նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցանքների հատկանիշների վերաբերյալ, իրավախախտումներ նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց, ինչպես նաև ՀՀ պետական, ռազմական, տնտեսական կամ էկոլոգիական անվտանգությանը վտանգ սպառնացող իրադարձությունների և գործողությունների վերաբերյալ,
  • պետք է ամրագրված լինեն օպերատիվ-ծառայողական փաստաթղթերում, նյութական (ֆիզիկական) կրիչների վրա, որոնց պետք է կցված լինեն ՕՀԳ-ների իրականացման ընթացքում ստացված առարկաները և փաստաթղթերը:

Հոդվածում արված վերլուծությունների արդյունքում հանգել ենք այն հետևությանը, որ ՕՀԳ օրենքում առավել նպատակահարմար է օգտագործել «օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներ» արտահայտությունը՝ բացահայտելով դրա բովանդակությունը: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նույն օրենքում ամրագրել նաև «օպերատիվ-հետախուզական տեղեկություն» կամ «օպերատիվ տեղեկություն» հասկացությունը՝ որպես իրավական եզրույթ, քանի որ օպերատիվ-հետախուզական տեղեկությունն ըստ էության ՕՀԳ-ի նախապայման հանդիսանալով՝ հիմք է տալիս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար:

Բանալի բառեր և բառակապակցություններ օպերատիվ-հետախուզական գործունեություն, քրեական վարույթ, քրեական դատավարության օրենսգիրք, փաստեր, ապացույցներ, արդյունքներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հետաքննության մարմնի աշխատակից:

 

ԱՆԺԵԼԻԿԱ ԱՅՎԱԶՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

հոգեբանության ամբիոնի, դասախոս

հոգեբանական գիտությունների թեկնածու

«ՍՈՒԻՑԻԴԱԼ ՎԱՐՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՏԵՍԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Համառոտագիր

Ինքնասպանությունը միշտ համարվել է հոգեբանության և հոգեբուժության կարևորագույն խնդիրներից մեկը: Այնուամենայնիվ, այս խնդրի շատ դրսևորումներ ենթակա են քննարկման, իսկ հոգեբանական այս երևույթի տարբեր դրսևորումները դեռևս բացահայտված չեն: Այդ իսկ պատճառով սուիցիդալ վարքի հետազոտության և կանխարգելմանն ուղղված հոգեբանների մասնագիտական գործունեությունը պահպանում է իր արդիականությունը և կարևորությունը:

Հիմնախնդրի բացահայտման և հետազոտման մեխանիզմների ներկայացման նպատակով այս հոդվածում վերլուծվում են «Սուիցիդալ վարքի հետազոտություն» առարկայի դասավանդման տեսամեթոդական որոշ մոտեցումներ, ներկայացվում են առարկայի դասավանդման մեթոդաբանական հիմքերը, հիմնախնդրի հետազոտության առանցքային մեթոդները և մասնագիտական պրակտիկայում դրանց կիրառման մեխանիզմները:

Հավելենք նաև, որ «Սուիցիդալ վարքի հետազոտություն» առարկայի դասավանդման տեսամեթոդական մոտեցումների քննարկումը հատկապես կարևոր է ներկայումս սուիցիդալ վարքի հոգեբանական գործոնների քանակի և ինտենսիվության բարձրացման հետ կապված, որոնք նպաստում են ինքնասպանության քանակական ցուցանիշների զգալի աճին: Կասկածից վեր է, որ սուիցիդալ վարքի դրսևորումների աճը բացասաբար է անդրադառնում հասարակության տնտեսական, քաղաքական իրավիճակի և հոգեբանական առողջության վրա։

Այսօր սուիցիդալ վարքի հիմնախնդրի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է մի քանի պատճառներով։ Նախ, գիտնականների և մանկավարժների հետաքրքրությունը մեծանում է ժամանակակից հասարակություններում կատարված ինքնասպանությունների թվի կտրուկ աճի պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ վերջին 45 տարիների ընթացքում ինքնասպանությունների մակարդակն աճել է 60%-ով, և մեր ժամանակներում ինքնասպանությունը 15-ից 44 տարեկան տարիքային կատեգորիայի մահացության երեք հիմնական պատճառներից մեկն է [8]։

Երկրորդ, ինքնասպանության խնդիրն արդիական է այն պատճառներով, որոնք որոշիչ են դառնում և դրդում են մարդուն կատարելու այդ արարքը։ Ինքնասպանության ֆենոմենը պետք է դիտարկել որպես անձի սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի ձև [13; 14]։ Անցյալում հոգեբույժների մեծ մասը կարծում էր, որ գրեթե բոլոր ինքնասպանությունները վերաբերում են հոգեպես անառողջ մարդկանց: Ներկայումս կասկածի տակ է դրվում ինքնասպանություն գործած անձանց հոգեկան հիվանդության մասին կարծիքը։ ԱՀԿ-ն հայտարարում է ինքնասպանության մոտ 800 պատճառի մասին, որոնց մեծ մասը՝ 41%-ը, մնում է անհայտ, և միայն 18%-ի դեպքում է ինքնասպանության պատճառը դիտվում հոգեկան հիվանդությունը։

Հիմնախնդրի նկատմամբ գիտնականների և մանկավարժների հետաքրքրության աճի երրորդ պատճառն ինքնասպանության մտադրությունների և սուիցիդալ վարքագծի անբավարար ախտորոշումն է, ինչպես նաև կանխարգելիչ ծրագրերի փոքր ծավալով գործնական կիրառումը բնակչության շրջանում։ Հարկ է նշել, որ ինքնասպանությունների ախտորոշման և կանխարգելման մեթոդաբանության հարցում տեսաբանները միակարծիք չեն։ Տարբեր գիտական ոլորտների ներկայացուցիչներ, հոգեբանական դպրոցների հետևորդներ այդ հարցը դիտարկում են տարբեր տեսանկյուններից։ <<Սուիցիդալ վարքի հետազոտություն>> առարկայի դասավանդման առանցքային կետերից է մեթոդների համադրման և դասակարգման միջոցով  վերոնշյալ հարցարդումների համալիր ներկայացումը:

Բանալի բառեր և բառակապակցություններ. սուիցիդալ վարք, հոգեախտորոշում, ինքնասպանության կանխարգելում, ռիսկի գործոն, դասավանդման տեսամեթոդական մոտեեցումներ։

 

ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի

հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս

anushstepanian31@gmail.com

ԱՆՁՆԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ՓՈԽԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համառոտագիր

Ժամանակակից աշխարհը ենթարկվում է անընդհատ փոփոխությունների և նոր մարտահրավերների, որոնք ազդեցություն են ունենում տարբեր սոցիալական ոլորտներում։ Շատ հասարակություններ պատրաստ չեն արագ հարմարման և որոշումների կայացման փոփոխվող միջավայրում։ Այս փոփոխությունները վերաբերվում են սոցիալական, քաղաքական, տնտեսական, կրթական, գործնական և այլ ոլորտների։ Ազդեցությունն ակնառու է նաև պետական և հանրային կառավարման ոլորտում։ Փոխակերպվող հասարակություններում տեղի ունեցող տեղաշարժերով պայմանավորված՝ փոփոխության են ենթարկվում նաև աշխատանքային գործընթացները, մասնագիտությունները, կարիերան և կազմակերպությունների կառավարման գործընթացները։ Այս իրադարձությունները նշանակալի ազդեցություն են ունենում հասարակության անդամների վրա։ Իսկ մարդկային ռեսուրսների կառավարման (այսուհետ ՄՌԿ) ոլորտը  դառնում է կապող օղակ անձնային գործոնների և մասնագիտական պահանջների միջև։

Մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացում անհրաժեշտություն է առաջանում անընդհատ ուսումնասիրություններ իրականացնելու, որոնք ուղղված կլինեն ժամանակակից աշխարհի փոփոխությունների, պահանջների, հասարակության անդամների հետ տեղի ունեցող փոփոխությունների հետազոտմանը։ Այսպիսով փոփոխվում են ՄՌԿ նպատակները և առաջ են գալիս նոր պարտականություններ և գործընթացներ։

Հասարակության անդամների անձնային փոփոխությունները տեղի են ունենում անձնային կառույցների տարբեր մակարդակներում։ Վերջիններս ներառում են այնպիսի որակներ, ինչպիսիք են պահանջմունքները, մոտիվացիան, նպատակները, դիրքորոշումները, արժեքները։ Հանդիսանալով անձնավորության առանցքը՝ այս գործոնների փոփոխությունը ազդում է անձի վարքագծի ձևավորման վրա։ Մասնագիտական գործունեությունում վերջինիս կանխատեսման նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել անձնային որակների առանձնահատկությունները։ Ընդհանուր առմամբ դրանց ազդեցությունը ակնառու է մասնագիտական զարգացման գործընթացում և մասնագիտական արդյունավետության հարցում։

Մեր կողմից իրականացված հետազոտության ընթացքում փորձ է կատարվել՝ պարզելու փոխկապվածությունը հասարակության փոփոխությունների, ՄՌԿ և անձնային գործոնների միջև։ Այս նպատակով առանձնացրել ենք համաշխարհային և տեղական մակարդակում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում: Անդրադարձ է կատարվել ժամանակակից ՄՌԿ հիմնական ուղղություններին։ Անձնային որակների առաձնահատկությունների բացահայտման նպատակով հետազոտվել են քաղաքացիական ծառայողների մոտիվացիայի ուղղվածությունը և արժեհամակարգերի առանձնահատկությունները։ Մոտիվացիայի և արժեքների ցուցանիշների միջև իրականացվել է համահարաբերակցական վերլուծություն։

Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա՝ ներկայացված են հանրային կառավարման ոլորտում ՄՌԿ զարգացման և մոտիվացիոն համակարգի բարելավման ուղղություններ։

Բանալի բառեր և բառակապկցություններ. կարիերա, մարդկային ռեսուրսներ, մոտիվացիա, մասնագիտական զարգացում, հանրային կառավարում, հասարակություն, արժեքներ։

 

ԱՇՈՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

ֆինանսական ֆակուլտետի ֆինանսների ամբիոնի դասախոս

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

matashan@mail.ru

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

ֆինանսական ֆակուլտետի ֆինանսների ամբիոնի ասպիրանտ

anigrigoryan176@gmail.com 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԼԱՊՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Համառոտագիր

Ցանկացած երկրի միջազգային պահուստների համալրվածության և համարժեքության մակարդակը թույլ է տալիս կանխորոշելու ֆինանսատնտեսական կոլապսային իրավիճակներին երկրի հակվածության խորությունը: 

Այս համատեքստում հաշվի առնելով ՀՀ զարգացման հեռանկարները, այլընտրանքային ներդրումային միջոցների ներգրավման սահմանափակությունը, ՀՀ արտաքին պարտքի ներկայիս մակարդակի շարունակական աճը՝ աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերներով պայմանավորված, տնտեսական շոկերի դրսևորման պարագայում հրատապ է դառնում ՀՀ արտաքին պահուստների համարժեքության գնահատման հետազոտությունների անհրաժեշտությունը՝ խիստ բացասական հետևանքներից զերծ մնալու և տնտեսական ակումներից խուսափելու համար։

Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը բացասական հետևանքներ է ունեցել գլոբալ տնտեսական համակարգի, միջազգային ֆինանսական և ապրանքահումքային շուկաների, բնականաբար, նաև՝ ՀՀ տնտեսության վրա։

Հակամարտության ընթացքում, Ռուսաստանի նկատմամբ կիրառվեցին «տնտեսական սանկցիաներ», սահմանափակումներ դրվեցին նաև միջազգային փոխանցումների վրա։

Ռազմաքաղաքական «էսկալացիաների» բացասական ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա նկատվեցին թերևս ավելի ուժգին, քանի որ ՀՀ ապրանքաշրջանառության գերակշռող մասն ապահովվում է ռուսական կողմից։ Խաթարվեցին տնտեսական որոշ (ռուսական)կապուղիներ, դժվարացան միջազգային բանկային փոխանցումները, «գնաճային սինդրոմներ» արձանագրվեցին գրեթե բոլոր երկրներում։

Վերջին շրջանում ՀՀ-ում գնաճը զսպելու նպատակով երկրի գլխավոր դրամատունը վարում է թանկ փողի քաղաքականություն՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանվելով 10.75 տոկոս, իսկ 2023 թվականի խորհրդի նիստում այն մնացել է անփոփոխ։

Սույն հետազոտական նպատակն է ՀՀ միջազգային պահուստների համալրվածության և համարժեքության գնահատումը՝ հատկապես ներկա աշխարհաքաղաքական անորոշությունների պայմաններում։

Հետազոտության ընթացքում խնդիր է դրվել ուսումնասիրել ՀՀ կենտրոնական բանկի միջազգային պահուստների բավարարելիության մակարդակը՝ որպես արտաքին պարտավորությունների սպասարկման կարողությունը երաշխավորող և խոցելիությունը մեղմող գործոն։

Հոդվածում ՀՀ արտաքին պահուստների օպտիմալ մակարդակի գնահատման համար մեթոդաբանական հիմք են հանդիսացել միջազգային պրակտիկայում լայն կիրառություն գտած Ռեդիի չափանիշը և Գվիդոտիի կանոնը։

Ըստ Ռեդիի չափանիշի և Գվիդոտիի կանոնի, կատարված գնահատումների արդյունքներով պարզ է դարձել, որ ՀՀ արտաքին պահուստների ներկա մակարդակը գնահատվում է բավարար՝ անկանխատեսելի շոկերի ի հայտ գալու պարագայում։

Բանալի բառեր և բառակապակցություններ. պետական պարտք, պարտքի կառավարում, պարտքի օպտիմալ մակարդակ, միջազգային իրացվելիություն, արտաքին  պահուստներ, Գվիդոտիի կանոն, Ռեդիի չափանիշ։

 

ԱՍՅԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Ռուս–հայկական համալսարանի

հոգեբանության ամբիոնի վարիչ,

հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

aspsy@inbox.ru

ՍԱԹԵՆԻԿ ՏԵՓԱՆՅԱՆ

Հայ–ռուսական համալսարանի

հոգեբանության ամբիոնի

ասպիրանտ

satenik_tepanyan@mail.ru

ՀԱՅ ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԷԹՆԻԿ ԽՄԲԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Համառոտագիր

Վերջին տարիներին էթնիկության և էթնիկ ինքնության խնդիրները բազմաթիվ  հետազոտողների ուսումնասիրության կենտրոնում են։ Գլոբալիզացիայի գործընթացները և միգրացիայի շարունակական աճը կանխորոշում են էթնիկ բազմազանությունը և ընդգծում էթնիկ ինքնության կարևորությունը ինչպես միազգ, այնպես էլ բազմազգ հասարակություններում: Այս ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է արագ փոփոխվող աշխարհում էթնիկ ինքնության խնդրի կարևորմամբ։

Հոդվածում ներկայացված է «ինքնություն» հասկացության և դրա էության ուսումնասիրությունը: Դիտարկվել են ինքնություն հասկացության տարբեր սահմանումներ, առանձնացվել են էթնիկ ինքնության տիպերը, բացահայտվել են էթնիկ ինքնության զարգացման և դրա ձևավորման պայմանները, վերլուծվել են էթնիկ ինքնության տիպերի և անձնային առանձնահատկությունների փոխկապակցվածությունը, ինչպես նաև էթնիկ ինքնության տիպերի և էթնիկ ինքնության հետ կապված զգացմունքների գնահատման տարբերությունները տարբեր սոցիալ-մշակութային միջավայրերում:

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել էթնիկ ինքնության փոխկապակցվածությունը վերջինիս զգացմունքների գնահատման հետ, ինչպես նաև հայերի անձնային առանձնահատկությունները երկու տարբեր սոցիալ-մշակութային միջավայրերում` Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում: Այդ նպատակով հեղինակները հարցում են իրականացել 40 հայաստանաբնակ և Ռուսաստանի սփյուռքում բնակվող էթնիկ հայերի շրջանում։

Ուսումնասիրության արդյունքները վեր են հանել էթնիկ ինքնության տիպերի և վերջինիս հետ կապված զգացմունքների գնահատման վիճակագրորեն նշանակալի տարբերությունները հարցվողների երկու խմբի՝ հայաստանաբնակ  և ՌԴ տարածքում բնակվող էթնիկ հայերի միջև։ Տիտղոսային էթնիկ խմբի հարցվածների շրջանում գերակշռում էր «նորմա կամ դրական էթնիկ ինքնություն» սանդղակը։ Հաջորդ առավել ընդգծված սանդղակներն են «էթնոֆանատիզմը» և «էթնիկ անտարբերությունը»։ Տիտղոսային էթնիկ խմբի հարցվողների մեջ ամենաքիչը արտահայտված է «էթնոնիհիլիզմը»։ Սփյուռքի ներկայացուցիչների շրջանում ևս առավել տարածված է  «նորմա կամ դրական էթնիկ ինքնություն» սանդղակը, սակայն երկրորդ և երրորդ առավել ընդգծվածները՝ «էթնիկ անտարբերությունը» և «էթնոֆանատիզմը», փոխվել են տեղերով։ Սփյուռքի ներկայացուցիչների մեջ ամենաքիչը արտահայտված են «էթնոնիհիլիզմը» և «էթնոէգոիզմը»։

Էթնիկ պատկանելիության հետ կապված զգացմունքների գնահատումը ցույց է տվել, որ տիտղոսային էթնիկ խմբի ներկայացուցիչների մեծ մասն ունի էթնիկ ինքնության ուժեղ դրական հուզական գունավորում (հպարտություն) և նորմալ հուզական գունավորում (հանգիստ վստահություն) սեփական ինքնության նկատմամբ: Սփյուռքի ներկայացուցիչների շրջանում նույնպես գերակշռում են էթնիկական ինքնության ուժեղ դրական հուզական գունավորումը (հպարտությունը) և էթնիկ ինքնության նորմալ հուզական գունավորումը (հանգիստ վստահություն), բայց ավելի ցածր ցուցանիշներով։ Ի տարբերություն տիտղոսային էթնիկ խմբի ներկայացուցիչների` սփյուռքահայ ավելի մեծ թվով հարցվածներ հուզական գունավորման բացասական գնահատական են տվել։

Հետազոտության արդյունքների վիճակագրական վերլուծությունը թույլ է տվել բացահայտել հայերի էթնիկ ինքնության տիպերի և անձնային առանձնահատկությունների միջև կապը տարբեր սոցիալ-մշակութային պայմաններում՝ հայ տիտղոսային էթնիկ խմբի ներսում և ռուսական սփյուռքում: Հետազոտված երկու խմբի ներկայացուցիչների տարբերությունները պայմանավորված են սոցիալ-մշակութային միջավայրով: Նրանց դիրքորոշման երկակիությունը պայմանավորված է այն տիտղոսային էթնիկ խմբի ազդեցությամբ, որի կողքին նրանք բնակվում են։

Բանալի բառեր և բառակապակցություններ. էթնիկ ինքնության տիպեր, անձնային առանձնահատկություններ, փոխկապակցվածություն, տիտղոսային էթնիկ խմբի և սփյուռքի հայեր։

 

ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

արևելագիտության ինստիտուտ, արաբական երկրների բաժնի

առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու

mmcsar@gmail.com

 

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄՆ ԱԼԺԻՐՈՒՄ 2000-ԱԿԱՆ ԹԹ.. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Համառոտագիր

XX դ. վերջում Ալժիրը հայտնվել էր տնտեսական և սոցիալական ծանր դրության մեջ: Իշխանությունների անգործությունն ու ծագած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը բացասական ազդեցություն ունեցան իշխանությունների հեղինակության վրա: Ալժիրցիների զգալի հատվածը կորցրել էր վստահությունը ոչ միայն պետական կառույցների, այլ նաև հաստատված իշխանական համակարգի հանդեպ:      

Եվ ահա այսպիսի պայմաններում Ալժիրում աննախադեպ ակտիվացան իսլամական շարժումները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցին մեծ հեղինակություն և տարածեցին իրենց ազդեցությունը երկրի գրեթե ողջ տարածքում: Վերջիններս առաջարկեցին առկա խնդիրների լուծման իրենց տեսլականը՝ առաջ քաշելով Ալժիրում իսլամական օրենքների գերակայության վրա հիմնված իսլամական պետության ստեղծման գաղափարը:

Արմատական իսլամական շարժումը նշանակալի դեր խաղաց Ալժիրում քաղաքացիական պատերազմի բռնկման գործում, որը տևեց 1991-2000 թթ.: Այդ ժամանակից ի վեր կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել արմատական իսլամի սպառնալիքներին դիմակայելու համար՝ կիրառելով ինչպես ուժային, այնպես էլ քաղաքական մեթոդներ: Ալժիրյան ճգնաժամը հնարավոր եղավ կարգավորել միայն մեկ տասնամյակ անց, ինչը պայմանավորված էր մի շարք գործոններով:

Հոդվածի նպատակն է ներկայացնել այն պատճառները, որոնց հետևանքով իսլամական շարժումը,  մասնավորապես դրա արմատական թևը կորցրեց իր ուժը և թուլացավ՝ արձանագրելով փաստը, որ իսլամական արմատականությունը հնարավոր չեղավ ամբողջովին վերացնել: Ալժիրում մինչ օրս պահպանվում են առավել ծայրահեղական խմբավորումներ, որոնք շարունակում են իրենց  պառակտիչ գործունեությունը:

Ուսումնասիրվում է ոչ միայն իշխանությունների կողմից «ալժիրյան ճգնաժամի» կարգավորման ուղղությամբ ձեռնարկած քայլերը, այլ նաև այն գործոնները, որոնք հնարավոր դարձրին հակամարտության քաղաքական լուծումը: Այս համատեսքսում առանձնակի կարևորվում է ծայրահեղ իսլամական կազմակերպությունների միջև առկա տարաձայնությունները և խնդիրները, որոնք լրջագույն ազդեցություն ունեցան իսլամական շարժման կենսունկության վրա:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Ալժիրի ճգնաժամ, իսլամական ծայրահեղականություն, Աբդ ալ-Ազիզ Բուտեֆլիկա, «Քաղաքացիական համերաշխության» օրենք, կազմակերպություններ:

 

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

օտար լեզուների ամբիոնի վարիչ

բանասիրական գիտութոունների թեկնածու, դոցենտ

gohar.grigoryan@isec.am

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ

lusmovsisan95@mail.ru

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Համառոտագիր

Միջմշակութային հաղորդակցությունը բխում է մշակույթ և հաղորդակցություն հասկացություններից: Միջմշակութային հաղորդակցությունը ուսումնասիրում է տարբեր մշակույթների, սոցիալական խմբերի միջև հաղորդակցությունը և նկարագրում է հաղորդակցման գործընթացները, տարբեր մշակութային ծագում ունեցող անհատների և խմբերին առնչվող խնդիրները: Միջմշակութային հաղորդակցությանը բնորոշ առանձնահատկություններից է այն, որ երբ հանդիպում են տարբեր մշակույթների ներկայացուցիչներ, նրանցից յուրաքանչյուրը գործում է իր մշակութային նորմերին համապատասխան: Հարկ է նշել, որ միջմշակութային հաղորդակցությունը սոցիալ-մշակութային մեխանիզմ է, որի շնորհիվ մարդը կարող է համակարգված գործունեություն իրականացնել: Տարբեր մարդիկ կարող են այս պարզ գործառույթը յուրովի իրականացնել։ Որքան մեծանում է միջմշակութային հաղորդակցությունը, այնքան ավելի են շատանում միմյանց հասկանալու հնարավորությունները: Սակայն պետք է նշել նաև, որ տարբեր մարդկանց, խմբերի, համայնքների, կազմակերպությունների և ազգերի հետ շփվելիս թյուրըմբռնման և սխալ հաղորդակցվելու հնարավորությունները հավասարապես մեծանում են։ Եթե թյուրըմբռնումը կամ սխալ հաղորդակցությունը չկառավարվի, այն կարող է հանգեցնել կոնֆլիկտների, որոնք, իրենց հերթին, կարող են վերածվել միջանձնային, միջխմբային, միջկազմակերպչական և, վերջապես, միջազգային հակամարտությունների [1, էջ 252]։ Այսօր արդյունավետ միջմշակութային հաղորդակցությունը ռազմավարական նշանակություն ունի միջազգային անվտանգությանտեսանկյունից : Համարվելով հմտություն կամ իրավասություն՝ միջմշակութային հաղորդակցություն պետք է զարգացնի և կիրառի XXI դարի յուրաքանչյուր անհատ, և այն պետք է լինի մեր հասարակություններում խաղաղություն և հավասարակշռություն ապահովող ամենակարևոր տարրերից մեկը: Այլ կերպ ասած՝եթե այն դիտարկենք ավելի լայն համատեքստում, գլոբալիզացիան բերեց այն գիտակցմանը, որ ժամանակակից հասարակությունները պետք է սովորեն համագործակցել:

Միջմշակութային հաղորդակցության հիմքում ընկած հմտությունները կարող են բնական հարթակ ծառայել միջազգային անվտանգության ամրապնդման համար [2, էջ308]։ Հետևաբար, միջմշակութային հաղորդակցման հմտությունների զարգացումը բարելավում է միջազգային փոխգործակցության որակը՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով կոնֆլիկտների հավանականությունը: Տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ շփվելու էական հմտությունները (ոչ վերբալ հաղորդակցություն, կարեկցանք, կոնֆլիկտների լուծում և այլն) անհրաժեշտ են միջազգային համագործակցության, խաղաղության և անվտանգության ապահովման համար:

Բանալի բառեր և բառակապակցություններ. միջմշակութային հաղորդակցություն, միջազգային անվտանգություն, տարբեր մշակութային ծագում, թյուրըմբռնում, սխալ հաղորդակցություն, կոնֆլիկտների կանխարգելում:

 

ԶԱՐՈՒՀԻ ՀԱՅՐՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոն,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԼՈՒԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ,

Եվրասիա միջազգային համալսարանի

օտար լեզուների և գրականության ամբիոն,

բանասիրական գիտությունների թեկնածու

 

ԱՐՑԱԽԸ ՌՈՒՍ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համառոտագիր

Սույն հոդվածի առանցքում ռուս հեղինակների խոսքարվեստի համապարփակ մեկնաբանությունն է Արցախի պատմամշակութային ժառանգության շուրջ: Ուսումնասիրությունն իրականացվում է տարածաժամանակային տիրույթի շրջանակներում՝ հիմք ընդունելով XIX դարի վերջի և XXI դարասկզբի ռուս գրական երկերը, ուղեգրությունները և ճամփորդական հուշերը։

Ակնհայտ է, որ ռուս ստեղծագործական ժառանգությունը առանձնանում է փիլիսոփայական յուրահատուկ փայլով, գեղագիտական նրբագեղությամբ, իմաստախոսությամբ՝ վեր հանելով համաշխարհային գրական մշակույթի խորքային ծալքերը։ Հարկ է նշել, որ ռուս ստեղծագործները գնահատում էին աշխարհի ազգերի մշակույթն ու ավանդույթները և հաճախ ձեռնամուխ էին լինում ներկայացնել այդ գրական գոհարները ռուս հասարակությանը, ինչպես նաև ռուսալեզու համայնքներին:

Այսպիսով, սույն հետազոտությունը ներկայացնում է ռուս-հայկական մշակութային-գրական հարաբերությունները, որոնք մշտապես պետք է լինեն գիտնականների և տեսաբանների ուշադրության կենտրոնում։ Հարկ է նշել, որ Հայաստան և Արցախ այցելած ռուս հեղինակներն ու մտածողները փորձել են ներթափանցել «հայի հոգու» մեջ, ընկալել ազգային կերպարն ու մշակույթը իրենց գրական ստեղծագործություններում: Հայոց աշխարհը հետաքրքրել էայնպիսի ռուս դասականների, ինչպիսիք են Օ. Մանդելշտամը, Ս. Գորոդեցկին,  Մ.Դուդինը, Կ.Բախշին, Է. Լիմոնովը և շատ ուրիշներ։

Հայկական Արցախը ոգեշնչել է ռուս ստեղծագործներին, որոնք XX դարասկզբին ձեռնամուխ եղան բացահայտել Արցախը, իր հայկական մշակութային, պատմական, կրոնական ժառանգությունը։ Իրենց ճամփորդական հուշերում և գրական աշխատություններում նրանք հիացմունքով են նկարագրել Արցախի աշխարհագրական դիրքը, լեռնային գեղեցկությունը, բնական ռեսուրսները, եզակի բնակավայրերը, միջնադարյան եկեղեցիները, խաչքարերը, ինչպես նաև արցախցիների բացառիկ մշակութային-պատմական ժառանգությունը։

Արցախին նվիրված այս ստեղծագործություններն արժեքավոր աղբյուրներ են, որոնք բացահայտում են Արցախի անփոխարինելի տեղը համաշխարհային ասպարեզում՝ որպես հնագույն քաղաքակրթություն, իր բացառիկ պատմամշակութային ժառանգությամբ, ապրելակերպով ու ավանդույթներով:

ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

հոգեբանության ամբիոնի դասախոս

lilit.khachatryan@isec.am

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՍԵՌԱԴԵՐԱՅԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Համառոտագիր

Դեռահասությունը, անկասկած, հանդիսանում է շատ կարևոր և բավականին ճգնաժամային ժամանակաշրջան անձի ձևավորման գործընթացում: Այդ ժամանակաշրջանի  հետ կապված նոր սոցիալական դերերն ու պահանջները պայմանավորվում են դեռահասի կողմից սեփական փորձը ձեռք բերելու անհրաժեշտությամբ` ճանաչելու սեփական անձը և  շրջապատող աշխարհը: Նման գիտելիքի դրսևորումներից մեկը սեփական «ես»-ի նույնականացումն է, որի անբաժանելի մասը սեռադերային ինքնությունն է [4]: Անձի սոցիալ-հոգեբանական պատկերի ձևավորումը քննարկելու համատեքստում սեփական սեռադերային նույնականացման մասին պատկերացումներն ազդում են մի շարք կարևոր ցուցանիշների վրա, ինչպիսիք են ինքնավստահությունը, սոցիալական հարաբերությունների և բարոյական նորմերի, ինչպես նաև՝ «ես»-ի ընդունումը և հարմարումը հաղորդակցական հարաբերությունների համակարգին:

Սեռադերային ինքնությունը մարդու հիմնական բնութագրերից մեկն է և ցույց է տալիս որոշակի սեռին անձի պատկանելիությունը: Ըստ Վ.Է.Կագանի սահմանման [2], սեռադերային կամ գենդերային նույնականացումը անձի ինքնահարգանքի դրսևորոումներից է, որը նկարագրում է դեռահասի փորձը որպես որոշակի սեռի ներկայացուցչի կամ որոշակի սեռային բնութագրերի հետ կորելացիայի արդյունք, որն իր հերթին սահմանում է ինքնությունը որպես անձնական դրդապատճառների, իդեալների, մարդկային գաղափարների համակարգ:

Չնայած, «սեռադերային  ինքնություն» և «սեքսուալ ինքնություն» եզրույթները հաճախ օգտագործվում են որպես իրար փոխարինող, դրանք հայեցակարգին առումով տարբերվում են միմյանցից: «Սեռադերային ինքնությունը» վերաբերում է անձի բնութագրական հատկությունների լայն շրջանակի, որոնք տարբերակում են տղամարդկային եւ կանացի վարքը, նաև ներառում են անձնական հատկանիշներ, անձի սոցիալական դերեր, սոցիալական սովորություններ վարքի մոդելներ: Բացի այդ, որոշակի սեռի հետ կապված բնութագրական հատկությունները տարբերվում են ժամանակային գործոնի և տարբեր մշակույթների միջև: Օրինակ, նախկինում սպորտային վարքագիծը չի համարվել կանացի վարքագիծ: Այնուամենայնիվ, ժամանակակից հասարակություններում տղամարդիկ և կանայք հավասար եռանդով զբաղվում են սպորտովմ: Ի տարբերություն «սեռադերային ինքնության», «սեքսուալ ինքնություն» եզրույթը ժամանակային և մշակութային գործոնների առումով մշտական ​​է և վերաբերում է կենսաբանական, քրոմոսոմային սահմանմանը, թե ինչպես են տղամարդը (XY) եւ կինը (XX) տարբերվում միմյանցից: Պարզ ասած, այն վերաբերվում է կենսաբանական, իսկ սեռադերային նույնականացումը՝ սոցիալ-հոգեբանական հասկացություններին:

Այսպիսով, ինքնության զարգացման հատուկ բաղադրիչներից մեկը գենդերային կամ սեռադերային նույնականացման զարգացումն է դեռահասության տարիքում: Այս երևույթը վերաբերում է նաև անձի սոցիալական վարքին, որն արտացովում է ագրեսիայի, գերիշխանության, կախվածության կամ հանդուրժողականության տարբեր աստիճաններով, վարքագծի, ժեստերի և այլ ոչ վերբալ գործողություններով, որոնք ընկալվում են որպես տղամարդկանց կամ կանանց վարքագծին համապատասխան գործողություններ: Ընդհանրապես, դեռահասի սեռադերային նույնականացումը զարգանում է որոշակի սոցիալական հարաբերությունների համակարգում, ինչպես նաև՝ ընկերական միջավայրի սեռային պատկանելիությանը ընդօրինակելու համատեքստում:

Բանալի բառեր և բառակապակցություններ. սեռադերային նույնականացում, դեռահաս, սոցիալական միջավայր, կոգնիտիվ, էմոցիոնալ, վարքային բաղադրիչ։

 

 

ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու

lilithakobian@gmail.com

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ ՊԱՏՄԻՉԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՐԿ ԳԱՆՁԱԿԵՑԻՆ ՀՄՈՒՏ ԿԵՐՊԱՐԱՍՏԵՂԾ

Համառոտագիր

Յուրաքանչյուր ազգի մշակութային համապատկերը ամբողջացնելու տեսակետից կարևորվում են անցյալի արժեքների վերհանումը, բազմակողմանի ուսումնասիրությունը և ճիշտ գնահատումը։

Հայ միջնադարյան պատմագրական արձակում արժեքավոր տեղ ունի XIII դարի պատմիչ, եկեղեցական, հասարակական գործիչ Կիրակոս Գանձակեցին։

Սույն հոդվածում անդրադառնում ենք Գանձակեցու աշխատությանը՝ իբրև գեղարվեստական երկի, ևԳանձակեցուն՝ որպես հմուտ կերպարաստեղծի։ Հանգամանորեն ներկայացվում են երկի ոճի, գեղարվեստական առանձնահատկությունների վերաբերյալ լեզվաբանական գրականության մեջ առկա մոտեցումները, կերպարաստեղծման առանձնահատկությունները երկում, նաև բազում օրինակներ, որոնք վկայում են, որ պատմական առումով չափազանց արժեքավոր այս երկը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև գեղարվեստական տեսանկյունից։

Ուսումնասիրվող երկի գեղարվեստական առանձնահատկությունների մասով կարող ենք արձանագրել, որ  «Պատմութիւն հայոց» աշխատությունը հայ գրականության պատմության հետաքրքրական էջերից է։ Հեղինակը հայոց աշխարհի իրական պատկերը շատ գունեղ ու գեղարվեստորեն է նկարագրում, և ընթերցողին երբեմն թվում է, թե գործ ունի ոչ թե պատմական, այլ գեղարվեստական երկի հետ։ Գանձակեցին, օգտագործելով քերթողական արվեստի նրբություններն ու ժողովրդական բանարվեստի որոշ կանոններ, պատմական իրադարձությունները, շատ լուրջ խնդիրներ ու դրանց վերլուծություններ փորձել է շարադրել պատկերավոր ու գեղեցիկ լեզվով։

Կիրակոս Գանձակեցին գրչի վարպետ է և կարողանում է իր մտքերն ու հույզերը այնքան պարզ ու պայծառ արտահայտել, որ համակում է ընթերցողին, երբեմն էլ այնքան է տարվում իր նյութի նկարագրությամբ ու վերլուծությամբ, որ գեղարվեստական հաճույք է պատճառում նրան։

Պատմիչը հմուտ է նաև կերպարաստեղծման հարցում․ նրա երկում հիանալիորեն կերտված են հայ մատենագրության՝ տարբեր ժամանակների նշանավոր գործիչների դիմանկարները։ Այդ մարդիկ գծագրվում են կենդանի գույներով, շարժման մեջ են դրվում, կապի մեջ մտնում ընթարցողների հետ։ Գանձակեցու՝ ժողովրդական ավանդությունների ու մտածողության վրա հիմնված աշխույժ պատմելաձևը օգնում է, որ վերը նշված մարդիկ հարություն առնեն և կենդանի գծերով տպավորվեն ընթերցողի հիշողության մեջ։

Գանձակեցու երկը աչքի է ընկնում նաև պատմիչի կերտած գեղեցիկ դիմանկարներով, որոնցով ընթերցողը ամբողջական և ընդգրկուն կարծիք է ձևավորում ոչ միայն նախորդ դարերում ապրած կրթական-մշակութային հայտնի գործիչների, այլ նաև Գանձակեցու ժամանակակիցներից շատերի մասին։

Բանալի բառեր և բառակապակցություններ. Կիրակոս Գանձակեցի, XIII դար, «Պատմութիւն Հայոց», կերպարաստեղծ, դիմանկար, ոճ, գեղարվեստական առանձնահատկություններ։

 

ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն

հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

naira.hakobyan@isec.am

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

հոգեբանության ամբիոնի դասախոս

հոգեբանական գիտությունների թեկնածու

anna.khachatryan@isec.am

ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԵՅԶ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համառոտագիր

Այս հոդվածում ներկայացված են հետպատերազմական հասարակության  մեջ արժեքային համակարգի քեյզ-վերլուծության արդյունքները: Քեյզ-վերլուծությունը հիմնված է հետպատերազմական անոմիայի հաղթահարման հայեցակարգի վրա: Ուսումնասիրության մասնակիցները Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի մի խումբ վետերաններն են, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր չեն մասնակցել ակտիվ ռազմական գործողություններին: Պատերազմի մասնակիցների շրջանում ստացված քեյզ-վերլուծության արդյունքները վկայում են անոմիայի ավելի ուժեղ դրսևորումների մասին: Համաձայն հետազոտության արդյունքների՝ մշակվել և ներկայացվել է մեթոդական ծրագրի կառուցվածքը` ուղղված հետպատերազմական անոմիայի առանցքային հոգեբանական հատկանիշների հաղթահարմանը: Այս ուսումնասիրության արդյունքները գիտական ​​հետաքրքրություն են ներկայացնում հետկոնֆլիկտային և հետպատերազմական հասարակություններում անոմիայի դրսևորումների ախտորոշման և հաղթահարման տեսանկյունից, և, հետևաբար, կարող են օգտակար լինել հոգեբանության, սոցիոլոգիայի և մշակութաբանության ոլորտի մասնագետների համար բնակչության շրջանում սոցիալ-հոգեբանական տարաբնույթ խնդիրների ախտորոշման և լուծման նպատակով:

Արժեքային համակարգի սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության արդյունքները շեշտում են հետպատերազմական անոմիայի ժամանակակից ընկալումների ձևավորման հիմնական միտումները: Մասնավորապես, պատերազմի մասնակիցների շրջանում աշխատանքի առկայությունը և շրջապատում հաղորդակցության համարժեք մակարդակը գնահատվում են՝ որպես հետպատերազմական անոմիայի հաղթահարման ամենակարևոր արժեքներ: Ընդհակառակը, այն անձինք, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին, նշել են անվտանգությունն ու վստահությունը սոցիալական սպասումների նկատմամբ՝ որպես հետպատերազմական անոմիան հաղթահարելու ամենակարևոր արժեքները: Այնուամենայնիվ, սոցիալական սպասումների նկատմամբ վստահությունն ու անվտանգությունը ուսումնասիրության բոլոր մասնակիցների կողմից գնահատվել են հետպատերազմական հասարակության մեջ՝ որպես անձի գործունեության վրա ազդող հիմնական արժեքներ:

Բանալի բառեր և բառակապակցություններ. հետպատերազմական անոմիա, արժեքային համակարգ, անվտանգություն, սոցիալական սպասումներ, անոմիայի հաղթահարում:

ԲԱԳՐԱՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Իրավագիտության մագիստրոս

bsbagratyan@gmail.com

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ

Համառոտագիր

Պետության ե