ԿԱՃԱՌ
ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
II, 2023
Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից
ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆ
Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի
իրավաբանական բաժնի պետ,
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ
ԳԱՌՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի
գլխավոր գիտաշխատող,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Համառոտագիր
Սույն հոդվածը անդրադառնում է արդի իրավագիտության կարևորագույն տեսական և գործնական հիմնախնդիրներից մեկին՝ պետական իշխանության իրավական սահմանփակմանը, վերջինիս ծագման և զարգացման պատմական ակնարկին: Ակնհայտ է, որ առանց պետական իշխանության սահմանափակման հայեցակարգի վերաբերյալ աշխարհահռչակ փիլիսոփաների և իրավաբանների ներկայացրած տարաբնույթ մոտեցումների, ինչպես նաև պատմական, իրավական ակտերի վերլուծության, անհնար է բացահայտել պետական իշխանության իրավական սահմանափակման էությունը: Հիմք ընդունելով հետազոտության առանձնահատկությունները և դրանցում վերլուծված հարցերի շրջանակը՝ կատարված հետազոտության ընթացքում կիրառվել են ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ մեթոդներ՝ համեմատական-իրավական, վերլուծական, պատմական և այլն: Հարկ է նշել, որ հոդվածում բացահայտվում է արդի իրավաբանական գրականությունում առկա իրավական սահմանափակում հայեցակարգի էությունը: Ավելին, ներկայացվել է պետության իշխանության սահմանափակման գաղափարի ծագման և զարգացման առանձնահատկությունները սկսած հին ժամանակներից, որտեղ միապետի իշխանության սահմանափակում գրեթե գոյություն չուներ: Հոդվածում վերլուծվել են միջնադարյան քաղաքական մտքի, ինչպես նաև Լուսավորության դարաշրջան անվանի մտավորականների (Թ.Հոբս, Ջ. Լոք. Ժ.-Ժ. Ռուսսո, Շ. Մոնտեսքյո և ուրիշներ) տարաբնույթ մոտեցումները պետական իշխանության սահմանափակման գաղափարի վերաբերյալ: Ավելին, առանձնակի ուշադրության են արժանացել գերմանական և ամերիկյան քաղաքական և իրավական մտքի ներկայացուցիչների (Ի. Կանտի, Գ. Հեգելի, Գ.Յելլինեկի. Ա. Համիլթոնի, Թ. Ջեֆերսոնի, Ջ. Մեդիսոնի և այլոց) հայացքները անձ-պետություն փոխհարաբերության և պետական իշխանության սահմանափակման վերաբերյալ: Հոդվածում կարճ ակնարկ է տրվում նաև «Ազատությունների մեծ խարտիա» (Magna Carta) և «Իրավունքների մասին խնդրագիր» (Petition of Rights) հիմնարար փաստաթղթերում ամրագրված պետական իշխանության սահմանափակման առանցքային դրույթների մասին: Հոդվածի շրջանակներում հեղինակները հանգել են այն եզրահանգման, որ պետական ինքնիշխանության սահմանափակումը, անցնելով զարգացման բարդ ուղի, շարունակում է մնալ առաջնային կարևորության խնդիր ներկայիս ընթացող գլոբալացման գործընթացներում:
Բանալի բառեր և բառակապակցություններ․ պետական իշխանության սահմանափակում, կառավարություն, միապետ, մարդու իրավունքներ, իրավական սահմանափակում, իրավական կարգավիճակ, փիլիսոփա, քաղաքական միտք, «Ազատությունների մեծ խարտիա» (Magna Carta), իշխանությունների տարանջատում։
ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
մանկավարժության ամբիոնի մագիստրանտ
ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Համառոտագիր
Սույն հետազոտության շրջանակներում մեր կողմից ուսումնասիրվել է սեռով պայմանավորված շփման առանձնահատկությունները կրտսեր դպրոցում: Քննության է առնվել կրտսեր դպրոցականների գենդերային հավասարության խնդիրը, կրտսեր դպրոցում գենդերային դերերի ներկայացվածության մակարդակն ու սեռով պայմանավորված շփման հնարավոր դժվարությունների հաղթահարման մանկավարժական պայմանները: Ուսումնասիրվել են նաև կրտսեր դպրոցի մի շարք դասագրքերում սեռերի ներկայացվածությունը, ինչը, մեր համոզմամբ, առանցքային և կարևոր դերակատարում ունի կրտսեր դպրոցականների սեռային դաստիարակության համատեքստում: Քանակական հետազոտության և հարցախույզի միջոցով փորձ է կատարվել առավել մանրամասն ուսումնասիրել հիմնախնդիրը: Կատարված հետազոտությունների արդյունքների վերլուծության, համապատասխան գրականության և փաստաթղթերի ուսումնասիրության շնորհիվ առանձնացվել են առաջնային հիմնախնդիրները, որոնցից են` իգական սեռի թույլ, երբեմն կարծրատիպային ներկայացվածությունը դասագրքերում, կոնֆլիկտային իրավիճակներով պայմանավորված շփման բացակայությունը տարբեր սեռերի կրտսեր դպրոցականների միջև, և իրավիճակը վերահսկելու մանկավարժական պայմանների սակավությունը: Խնդիրների շարքում կարելի է առանձնացնել նաև ընտանիք–դպրոց համագործակցության արդյունավետ ձևերի սակավությունը: Հիմնախնդրի շուրջ հետազոտության արդյունքում մեր կողմից նախանշվել են մի շարք մեխանիզմներ, որոնց գործադրումն, իրապես, կարող է նպաստել, որ տարբեր սեռերի կրտսեր դպրոցականների միջև շփումը լինի հավասար, հիմնված փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա: Վստահ ենք` հիմնախնդիրն առանցքային կարևորություն ունի սովորողների զարգացման, դաստիարակության գործում։ Այն կարևոր դերակատարում, ունի նաև միջին և ավագ դպրոցներում դպրոցականների առողջ հոգեբանության, համերաշխ մթնոլորտի և ոչ կոնֆլիկտային շփման գործում՝ կապված հանրակրթական դասարաններում տարբեր սեռերի սովորողների միջև փոխհարաբերությունների հետ:
Բանալի բառեր և բառակապակցություններ․ սեռ, գենդերային կրթություն, տարրական դպրոց, կրթական գործընթաց, հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, դաստիարակություն:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
գիտական քարտուղար,
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի
ավագ գիտաշխատող,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԹՎԱՅԻՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Համառոտագիր
Լեզվաբանության պատմության նորագույն շրջանում մի կողմից ի հայտ են եկել հիմնարար և հարակից գիտական ուղղություններ, մյուս կողմից սահմանափակվել են տեսական և կիրառական լեզվաբանության ոլորտները, մեծացել է անդրտեսության և անդրլեզվաբանության դերը, որն էլ մի ոլորտի նշանակալի ձեռքբերումները նվաճումներ է դարձրել նաև մյուսների համար։ Եթե 21-րդ դարասկզբին լեզվաբանությունը ներփակ, իմանենտ վիճակից աստիճանաբար անցում է կատարում դեպի արտաքին գործոնների նկատմամբ քիչ թե շատ ազատ վիճակի, ապա ներկայումս լեզվաբանությունը ազատ փոխգործակցում է այլ գիտությունների հետ: Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ ներփակ լեզվաբանությունը աստիճանաբար վերածվում է միջգիտակարգային, մարդաբանական լեզվաբանության: Էվոլյուցիոն լեզվաբանության խնդիրներով զբաղվող հետազոտողները, անդրադառնալով լեզվաբանության զարգացմանը, ընդգծում են, որ ներկայումս լեզվաբանությունը ավելի քանակական է դառնում: Այժմ մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, և այսօր առավել քան երբևէ ժամանակակից հաղորդակցման տեխնոլոգիաների շնորհիվ հեռավորությունը գրեթե մեծ դեր չունի, ինչպես նախորդ դարում: Ներկայիս լեզվական խոշոր կորպուսները, էվոլյուցիոն կենսաբանության բնագավառի վերլուծական մեթոդները, գրաֆիկական վերլուծությունները, վիճակագրական մեթոդները հնարավորություն են տալիս լեզուն ուսումնասիրել և լեզվական երևույթները ներկայացնել բազմակողմանիորեն: Անվերապահորեն կարող ենք ասել, որ թվային այս դարաշրջանում գործ ունենք թվային լեզվաբանության հետ, որն ունի միջգիտակարգային բնույթ, և որի ուսումնասիրության մեջ գերիշխող է դառնում քանակական մոտեցումը:
Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց լեզվաբանության մեջ ի հայտ եկան նոր գիտակարգեր, որոնք մի կողմից ասպարեզից դուրս են մղում նախկինում գործառող գիտակարգերը, մյուս կողմից էլ՝ սկսում են կենտրոնական դեր զբաղեցնել լեզվաբանական հետազոտությունների բնագավառում: Լեզվաբանությունը կարծես փոխում է իր բնույթը՝ տեսական դաշտից փոխադրվելով դեպի փորձարարական դաշտ: Գրեթե բոլոր գիտակարգերում (քերականություն, հնչյունաբանություն, պրագմատիկա) մեծացել է փորձարարական հետազոտությունների դերը: Ակտիվ փոփոխություններ են նկատվել նաև լեզվաբանական գիտակարգերի ուսումնասիրության մեթոդաբանության մեջ:
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել լեզվաբանական գիտական հարացույցի փոփոխությունները թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, անդրադառնալ այս փոփոխությունների դրական և բացասական կողմերին, վեր հանել թվային լեզվաբանության առանձնահատկությունները և զարգացման միտումները, ցույց տալ լեզվաբանական գիտակարգերի համակարգի տեղաշարժերը, գիտակարգերի փոխակերպումները և զարգացման հեռանկարները:
Անդրադառնալով էվոլյուցիոն լեզվաբանության բնագավառում կատարված վերջին հետազոտությունների արդյունքներին, ինչպես նաև համեմատելով լեզվի զարգացման տարբեր փուլերում գործառող լեզվաբանական գիտակարգերը՝ կարող ենք փաստել, որ այժմ՝ թվային տեխնոլոգիաների մեծ հնարավորությունների դարաշրջանում, լեզվաբանական գիտակարգերը բավական հետաքրքրիր փոխակերպումների են ենթարկվել, դրանց գերխնդիրն է լեզվի համակողմանի ներկայացումը, լեզվի գործառման կողմի բացահայտումը, լեզվի և այլ երևույթների միջև կապերի բացահայտումը և այլն: Այժմ լեզվաբանության զարգացման մեջ մենք տեսնում ենք բոլորովին նոր որակ՝ թվային լեզվաբանության տեսքով, որը հանդես է գալիս արդեն նորացված և բոլորովին նոր գիտակարգերով։ Թվային լեզվաբանությունը կարող է էական հեռանկարներ ստեղծել տարբեր լեզվաբանական կենտրոնների միջև կապերի ամրապնդման և միջգիտակարգային համատեղ հետազոտություններ իրականացնելու համար: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն զբաղվել առանձին կոնկրետ լեզուների նկարագրությամբ, այլև լուծել տեսական և լեզվափիլիսոփայական խնդիրներ, հավասարապես զբաղվել թե՛ ներլեզվաբանական, թե՛ արտալեզվաբանական խնդիրներով:
Բանալի բառեր և բառակապակցություններ. թվային լեզվաբանություն, թվային տեխնոլոգիաներ, լեզվաբանական հարացույց, լեզվի ուսումնասիրություն, լեզվաբանական գիտակարգեր:
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խ.Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարան
ԱՆՁԻ ԵՎ ԽՄԲԻ ՎՐԱ ՈՉ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՍՏՐՈՒԿՏԻՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Համառոտագիր
Հոդվածի նպատակը անձի և խմբի վրա ոչ հավաստի տեղեկատվության դեստրուկտիվ ազդեցության սոցիալ-հոգեբանական մեխանիզմների, դրանց հետևանքների բացահայտումն է։ Հոդվածում անդրադարձել ենք հիբրիդային պատերազմի էությանը, տեղեկատվության միջոցով անձի, խմբի, մասնավորապես ուսանող երիտասարդության վրա բացասական, դեստրուկտիվ ազդեցության սոցիալ-հոգեբանական մեխանիզմներին, դրանց դրսևորման ձևերին։ Հիմնավորել ենք, որ հետպատերազմական Հայաստանում առավել ևս կարևորվում է և՛ ազգային, պետական, հանրային, և՛ անձնային մակարդակներում հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական բացասական ազդեցություններին դիմագրավելու հիմնախնդրի լուծումը։
Բանալի բառեր և բառակապակցություններ. ապատեղեկատվություն, անձ, խումբ, դեստրուկտիվ ազդեցություն, ոչ հավաստի տեղեկատվություն, ուսանող երիտասարդություն, հիբրիդային պատերազմ։
ԳԱԳԻԿ ՄԱՅԻԼՅԱՆ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ,
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ
ԼԻԼԻԹ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս,
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Համառոտագիր
Սույն գիտական հոդվածում, հիմք ընդունելով հայտնի իրավաբանների կարծիքները, միջազգային և ներպետական օրենսդրության ուսումնասիրությունը, ներկայացված են ժողովրդավարական, իրավական պետությունում պետության և անհատի փոխադարձ պատասխանատվության և պարտականությունների (պարտականության) առանձնահատկությունները: Մասնավորապես, բացահայտվում են նաև «անձնավորություն», «պարտականություն», «պարտք» հասկացությունների և «պատասխանատվություն» հասկացության այլ կարևոր բաղադրիչների առանձնահատկությունները։ Ավելին, հոդվածում ներկայացվել և քննարկվել են պետության և անհատի փոխադարձ պատասխանատվությունն ու հիմնական պարտականությունները։ Այսպիսով, հեղինակներն ընդգծում են, որ որոշ ժամանակակից իրավաբաններ «պարտականություն» եզրույթը սահմանում են որպես գործողություն, որը քաղաքացին պարտավոր է կատարել օրենքով, իսկ «պատասխանատվությունը»՝ որպես գործողություն, որը քաղաքացին պետք է կատարի հանուն ընդհանուր բարօրության:
Հոդվածում նկարագրվում է «իրավական պատասխանատվության» խնդիրը, դրա ուսումնասիրման անհրաժեշտությունը, դրսևորման առանձնահատկությունները։ Իրավական պատասխանատվությունը անքակտելիորեն կապված է պետության, օրենքի գերակայության, պարտականությունների և մարդկանց ու նրանց միավորումների անօրինական վարքագծի հետ։
Հոդվածում ընդգծվում է, որ գլոբալացման գործընթացները ենթադրում են փոփոխություններ մարդու իրավունքների համակարգում՝ կապված ազատության շրջանակի և տեսակների, անհատի իրավական պատասխանատվության հետ։ Ավելին, պետության և անհատի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն հավասարության, գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքի վրա։ Պետությունը պարտավոր է արդարություն ապահովել իր քաղաքացիների հետ հարաբերություններում։
Հոդվածում ընդգծվում է, որ պետությունը՝ ի դեմս պետական մարմինների և պաշտոնատար անձանց, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր պարտավորությունները չկատարելու համար։
Պատասխանատվության անխուսափելիության խնդիրը սերտորեն կապված է կոռուպցիայի մակարդակի, պաշտոնյաների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման և հասարակության մեջ իրավական պատասխանատվության և իրավական նիհիլիզմի առկայության հետ։ Բացի այդ, հոդվածում վերլուծվում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության սկզբունքը, որը նորամուծություն է ՀՀ քրեական նոր օրենսգրքում։
Կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ պետությունը դրական պատասխանատվություն է կրում մարդկանց իրավունքների և ազատությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, երկրում պատշաճ հասարակական կարգի պահպանման, ինչպես նաև հասարակության անդամների անձնական անվտանգության ապահովման, նրանց հանցավոր ոտնձգություններից պաշտպանվելու համար։
Հետևաբար՝ իրավական պետության ձևավորումն անհնար է առանց անհատի առջև պետության և նրա պաշտոնյաների ու ներկայացուցիչների իրավական պատասխանատվության իրականացման։
Բանալի բառեր և բառակապակցություններ․ անհատականություն, պարտականություն, պարտավորություն, պատասխանատվություն, կառավարություն, երաշխիքներ, պատգամավոր, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ և ազատություններ։
ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի հայցորդ
ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՍԵՌԱԴԵՐԱՅԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՍՏՐՈԻԿՑԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՇՈՒՐՋ
Համառոտագիր
Վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացել դեռահասների գենդերային ինքնության և այն դերի նկատմամբ, որով պայմանավորվում է երեխաների հոգեկան առողջությունն ու վարքը: Գենդերային ինքնությունը կարող է սահմանվել որպես գիտելիքի մի ամբողջություն, որն ընդգրկում է անձի համատեղելիության գնահատումը նրա սեռի հետ և սեփական սեռին համապատասխանելու մոտիվացիան: Այն բազմագործոն երևույթ է, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել գենդերային ինքնության դեստրուկցիան: Գենդերային ինքնության դրսևորումներից մեկը, որը կարևոր նշանակություն ունի տեսության և պրակտիկ հետազոտությունների համար, սեռային պատկանելիության նույնականությունն է կամ սեփական գենդերային խմբի հետ անձի նմանությունը: Գենդերային ինքնության այս գործոնի ուսումնասիրումն արտացոլում է գիտական հետաքրքրությունը մարդկանց տղամարդկային կամ կանացի զգացմունքների արտահայտությունների նկատմամբ` հոգեկան առողջության և սոցիալական վարքի համատեքստում: Այս եզրույթները, թերևս, այսօր հազվադեպ են օգտագործվում իմաստի ոչ հստակ լինելու պատճառով, բայց գաղափարը, որը վերաբերում է սեռային համատեղելիությանը, շարունակում է մնալ արդիական և կարևոր: Մեր ուսումնասիրման հիմնական նպատակն է սահմանել դեռահասների գենդերային ինքնության և սեռադերային ինքնության դեստրուկցիայի տարբեր գործոնները: Հարկ է նշել նաև, որ սեռադերային ինքնության հայեցակարգը վերջերս ընդլայնվել է` ներառելով լրացուցիչ գործոններ, ինչպիսիք են նմանությունը մեկ այլ սեռի հետ և սեփական սեռային պատկանելիության հանդեպ գոհունակության աստիճանը: Դեռահասները, ովքեր տարբերվում են նույն սեռի հասակակիցներից, առաջին հերթին բախվում են հաղորդակցման դժվարություններին, եթե նրանք բախվում են սեռադերային համապատասխանության ուժեղ ճնշմանը: Այսպիսով, կարևւոր է ուսումնասիրել սեռադերային ինքնության տարբեր գործոններ` միմյանց հետ համատեղ: «Գենդերային դերի» եւ «գենդերային ինքնության» հասկացությունները սերտորեն կապված են միմյանց հետ: Միևնույն ժամանակ, գենդերային ինքնությունը գենդերային դերի սուբյեկտիվ փորձն է, իսկ գենդերային դերը գենդերային ինքնության սոցիալական արտահայտությունն է: Գենդերային դերերի հարմարման գործընթացը կազմում է դեռահասի գենդերային հոգեբանական զարգացումը, որը բնութագրվում է վարքի որոշակի հատկանիշների և հուզական հակազդումների հմտությամբ: «Գենդերալի ինքնության» և «գենդերային ինքնության դեստրոիկցիայի» հասկացությունները օգտագործվում են բազմաթիվ հեղինակների կողմից որպես գիտական եզրույթներ: Եզրույթների և հասկացությունների գիտական և գործնական կիրառման նպատակով հոդվածում լուսաբանվում են ինքնագիտակցության և սեռադերային ինքնության դեստրուկցիայի խնդիրները, ինչը պահանջում է այս սեռադերային ինքնության տեսության մանրամասն ուսումնասիրություն:
Բանալի բառեր և բառակապակցություններ. սեռադերային ինքնություն, սեռադերաին ինքնության դեստրուկցիա, դեռահասներ, գործոն, հարմարման մեխանիզմներ:
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն,
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի
Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության
բաժնի ավագ գիտաշխատող,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
1948 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9–Ի «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ» ԼՐԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԵՆՔԻ ՎՐԱ
Համառոտագիր
Հայերի ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից է։ Այն նաև հայ ժողովրդի չսպիացող վերքն է, որը պարտավորեցնում է կրած ցավը հիշելու հետ մեկտեղ՝ պայքարել հանուն մեր ազգային արդար իրավունքների վերականգնման՝ հայ ժողովրդի կրած տարածքային, նյութական, բարոյական, հոգեբանական վնասների հատուցման, հանուն մեր ազգային անվտանգության ապահովման։
Երբ թուրքական իշխանությունները ծրագրում էին հայ ժողովրդի բնաջնջման ծրագիրը և գործադրում այն, «ցեղասպանություն» հասկացությունը դեռևս գոյություն չուներ։ Միջազգային իրավունքի միակ բաժինը, որի նորմերը համապատասխանում էին Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ կատարված գործողություններին, պատերազմի և խաղաղության իրավունքն էր՝ դրան վերաբերող Հաագայի 1899 և 1907 թվականներին ընդունված կոնվենցիաներով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան։ Դրանում ցեղասպանությունը բնութագրող հինգ գործողությունները՝ այս կամ այն ազգային, էթնիկական, ռասայական կրոնական խումբը լրիվ կամ մասնակի ոչնչացնելու նպատակով նրա անդամների սպանությունը, խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածք կամ մտավոր խանգարում պատճառելը, խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական բնաջնջումը, այդպիսի խմբում ծնելիության կանխմանն ուղղված միջոցառումները, երեխաների հարկադրական փոխանցումը մարդկանց մի խմբից մեկ ուրիշին, լիովին համապատասխանում են 1915-1916 թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի ֆիզիկական բնաջնջման նպատակով գործադրված մեթոդներին։ Այդուհանդերձ, Կոնվենցիայի առկայությունը գործնական նշանակություն չի ունեցել և չունի XX դարում տեղի ունեցած ու ներկայումս տեղի ունեցող ցեղասպանության հանցագործությունները կանխելու կամ դրանց համար պատասխանատու պետական-քաղաքական գործիչներին և պետություններին համապատասխանաբար քրեական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու գործում, քանի որ նրանում առկա են էական թերություններ։
Սույն աշխատանքում Հայոց ցեղասպանության օրինակով քննության են առնված Կոնվենցիայի թերությունները, որոնք հիմնավորում են փաստաթուղթը վերանայելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, քննության է առնված ցեղասպանության համար, անկախ վաղեմության ժամկետից, պետության քաղաքական պատասխանատվություն սահմանելու, ցեղասպանության հետևանքով տուժածի հատուցում ստանալու իրավունքը՝ ներառյալ և նախևառաջ Հայրենիք վերադառնալու իրավունքը, իր հայրենիքից բնակչությանը բռնի տեղահանելու և ազգային-մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար պատիժ նախատեսելու անհրաժեշտության հարցը։
Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթների թերի լինելն ազդում է Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի վրա, քանի որ հնարավորություն է տալիս պետություններին շրջանցելու միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը՝ այդ մոտեցումը ձևականորեն արդարացնելով խնդրո առարկա փաստաթղթի թերություններով։
Բանալի բառեր և բառակապակցություններ․ Հայոց ցեղասպանություն, Միավորված ազգերի կազմակերպություն, միջազգային իրավունք, Ցեղասպանության մասին կոնվենցիա, տեղահանություն, հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության, Հայկական հարց, Հայոց պահանջատիրություն։
ՄԱՐՈ ԴԵԹԼՈՖՖ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Համառոտագիր
Հոդվածը նվիրված է երկրորդային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը, Հայաստանի Հանրապետությունում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների բացահայտմանը:
Հոդվածում վերլուծվել է թափոնների կառավարման զարգացած երկրների առաջավոր փորձը, կենցաղային կոշտ թափոնների (ընդհանուր տեսակի, թղթե, պլաստիկ, ապակե և կենսաքայքայվող` բիո) կառավարման ներկայիս վիճակն՝ ըստ թափոնների կարգավորման հինգաստիճան 5R հիերարխիայի:
Հոդվածում ներկայացվել և վերլուծվել են ՀՀ-ում իրականացվող թափոնների կառավարման միջոցառումները, ռազմավարությունը և օրենքները:
Հաշվի առնելով գնալով սպառվող բնական ռեսուրսները` ներկայումս առաջնահերթ են դարձել սահմանափակ ռեսուրսների արդյունահանման և արդյունավետ օգտագործման հետ կապված հիմնահարցերը, քանի որ թափոնները արժեքավոր երկրորդային ռեսուրս են: Վերջին տարիներին շրջանաձև տնտեսության հայեցակարգը և դրա հետ կապված քաղաքականությունը վերաբերում են ռեսուրսների օգտագործմանը, արտադրությանը, սպառմանը և թափոններին: Այս հայեցակարգը նպատակ ունի փակել նյութական օղակները՝ հնարավորինս երկար պահպանելով արտադրանքի, նյութերի և ռեսուրսների արժեքը տնտեսությունում: Սա արդյունավետորեն նվազեցնում է թափոնների առաջացումը և առաջնային ռեսուրսների, նյութերի օգտագործումը: Ռեսուրսների օգտագործումը և թափոնների ստեղծումն ու մշակումը հանգեցնում են էական բնապահպանական խնդիրների արդյունահանման, արտադրության, օգտագործման և կենսացիկլի ավարտի փուլերում: Որպես այդպիսին՝ բնապահպանական քաղաքականության նպատակները ներառում են տնտեսության մեջ օգտագործվող նյութերի քանակի կրճատումը, ռեսուրսների արդյունավետության բարելավումը, թափոնների առաջացման նվազեցումը և թափոնները ռեսուրսի վերածելը: Ուստի՝ տնտեսագիտության ներկայիս հիմնական կողմնորոշիչներից է դարձել տնտեսական և բնապահպանական խնդիրների համադրումը` դրանք դիտարկելով համակարգային մոտեցմամբ: Շրջակա միջավայրի համար պոտենցիալ աղտոտիչ են թափոնները, որոնք օգտահանման դեպքում կարող են վերածվել երկրորդային հումքի (ռեսուրսի), իսկ անկառավարելի պայմաններում` դառնալ աղտոտիչ:
Ամբողջ աշխարհում երկրները ստիպված են առերեսվել կոշտ թափոնների աճող ծավալների մարտահրավերին, ուստի՝ անհրաժեշտ է թափոնների կառավարման արդյունավետ ազգային քաղաքականության մշակում և իրականացում:
Եվրոպական երկրներում ներկայումս գործում է թափոնների կարգավորման հիերարխիան (5R)` կանխարգելում, վերաօգտագործում, վերամշակում, օգտահանում, վերացում, որը սահմանում է շրջանաձև տնտեսության սկզբունքներին ամբողջովին համահունչ հայեցակարգային շրջանակ։ Թափոնների հիերարխիայի որդեգրումը և դրա ինտեգրումը ազգային քաղաքականությունների և ռազմավարությունների մեջ պետք է դառնա առաջնահերթ ուղղություն Հայաստանի կառավարության համար: Թափոնների հիերարխիայի առանձին բաղադրիչներ, մասնավորապես՝ թափոնների կանխարգելումը, նվազեցումը և օգտահանումը, առկա են Հայաստանի օրենսդրության և ռազմավարությունների մեջ, սակայն դրանց պատշաճ առաջնահերթություն չի տրվել։
Վերլուծելով թափոնների կարգավորման հիերարխիայի միջոցառումների ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում` երկրորդային ռեսուրսների, մասնավորապես՝ թափոնների կառավարումը Հայաստանի Հանրապետությունում կարելի է գնահատել թույլ զարգացած:
Քանի որ շրջակա միջավայրի համար պոտենցիալ աղտոտիչ են թափոնները, սակայն դրանք օգտահանման դեպքում կարող են վերածվել երկրորդային արժեքավոր հումքի (ռեսուրսի), իսկ անկառավարելի պայմաններում` դառնալ աղտոտիչ, ուստի՝ երկրորդային ռեսուրսների, մասնավորապես՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում անհրաժեշտ է մշակել միասնական պետական քաղաքականություն: Մինչ այժմ ձեռնարկված բոլոր քայլերն ու առաջարկվող լուծումներն ունեցել են հատվածային բնույթ և հիմնականում վերաբերել են աղբը հավաքելուն, առանց տեսակավորելու և խտացնելու բնակավայրերից հեռացնելուն: Համայնքային, մասնավոր նախաձեռնությունները, միջազգային հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ, վերաբերել են հիմնականում կոշտ կենցաղային թափոնների կառավարման գործընթացում որևէ առանձին բաղադրիչների:
Բանալի բառեր և բառակապակցություններ. երկրորդային ռեսուրս, թափոնների կառավարում, կոշտ կենցաղային թափոններ, թափոնների հիերարխիա, օգտահանում, վերամշակում, վերաօգտագործում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազային կենտրոն,
Երևանի պետական համալսարան,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Համառոտագիր
Ցանկացած լեզվի բառային կազմը՝ որպես դրա անբաժանելի մաս, ուղղակիորեն արտացոլում է լեզվակիրների հասարակական և գիտական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները։ Այլ կերպ ասած՝ այն անմիջապես արտացոլում է լեզվի փոփոխությունը և զարգացումը։ Գիտության, տեխնիկայի բնագավառում, հասարակական կյանքում ի հայտ եկած յուրաքանչյուր նոր երևույթ անմիջապես արտահայտվում է լեզվում՝ հարստացնելով դրա բառապաշարը։ Իր հերթին նոր եզրույթների առաջացումը տեղի է ունենում լեզվի բառապաշարի մշտական փոփոխության և հարստացման եղանակով։ Նորաստեղծ այս եզրույթները հաճախ արմատավորվում են լեզվում այնպես, ինչպես սովորական բառերը և դրանով իսկ հարստացնում այն:
Հայոց լեզվի զարգացման հիմնական աղբյուրը նրա ներքին կարողություններն են՝ բառակազմությունն ու ներքին փոխառությունները։ Լեզվի զարգացման ներքին ուղիներից է այսպես կոչված «ներքին փոխառությունը»։ Բոլոր լեզուներն իրենց զարգացման ընթացքում ենթարկվում են տարբեր փոփոխությունների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների ազդեցությամբ: Այլ լեզուներից փոխառված բառերը, որոնք մուտք են գործում հիմնականում գրական ստեղծագործությունների, թարգմանությունների և այլնի միջոցով, կոչվում են արտաքին փոխառություններ, մինչդեռ նույն լեզվի ավելի վաղ շրջաններից կամ նրա ոչ ստանդարտ տարատեսակներից փոխառված բառերը ներքին փոխառություններ են:
Սույն հոդվածը նպատակ ունի ուսումնասիրելու հայոց լեզվում իրավական եզրույթների զարգացումը Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» աշխատության հիման վրա։ Այդ նպատակով նշված աշխատության համաբարբառից առանձնացրել ենք իրավական իմաստ արտահայտող բառեր և եզրույթներ՝ քննելով դրանք թե՛ համաժամանակյա և թե՛ տարաժամանակյա տեսանկյուններից:
Բանալի բառեր և բառակապակցություններ. բառային ֆոնդ, ներքին փոխառություն, արտաքին փոխառություն, իրավաբանական, ընդհանրացում, մասնագիտացում, բազմիմաստություն, գրաբար, ժամանակակից հայերեն, անցյալ դերբայ, ածական:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս,
բանասիրական գիտությունների թեկնածու
ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐՈՒՄ (BRAND)
Համառոտագիր
Չնայած այն հանգամանքին, որ կան բազմաթիվ քննարկումներ թվային փոխակերպման (Digital transformation) հայեցակարգի շուրջ՝ գրականության ամբողջական ուսումնասիրությունը գալիս է փաստելու, որ կան նշյալ եզրույթի բազմաթիվ, երբեմն նաև իրար հակասող մեկնաբանություններ և սահմանումներ: Որոշ հեղինակներ պնդում են, որ թվային փոխակերպումը վերաբերում է ընկերության գործունեության մեջ ՏՏ լուծումների ինտեգրմանը, ոմանք այն համարում են բնական, էվոլյուցիոն գործընթաց: Վերջիններիս թվում թվային փոխակերպումների առավել համապարփակ և ամբողջական հայեցակարգերից մեկն այն նկարագրում է՝ որպես զարգացման բնականոն մի գործընթաց, որը թվային տեխնոլոգիաներն ու դրանց ընձեռած հնարավորություններն օգտագործում է արժեք ստեղծող բիզնես մոդելների գեներացման, ծառայությունների ավելի արդյունավետ մատուցման և այլնի համար: Հնարավոր է նաև թվային փոխակերպումը դիտարկել կազմակերպչական, կառուցվածքային, ռազմավարական և տեխնոլոգիական փոփոխությունների փոխազդեցության տեսանկյունից, որոնք անհրաժեշտ են ներկայիս թվային դարաշրջանի պահանջները բավարարելու համար:
«Թվային փոխակերպում» իրողությանը վերաբերող հայեցակարգային և էմպիրիկ հետազոտությունների և հրապարակումների քանակը կտրուկ աճ է գրանցել վերջին տարիներին։ Զգալի թիվ են կազմում նաև այն հրապարակումները, որոնք վերաբերում են թվային փոխակերպմանը բուհական համակարգում: Այդուհանդերձ, սույն հոդվածը գրելու ժամանակ բավական սակավաթիվ էին այն աշխատանքները, որոնք թիրախում էին թվային փոխակերպումը հենց հետխորհրդային երկրների բարձրագույն կրթության ոլորտներում։
Սույն հոդվածում քննարկվում են թվային փոխակերպման առկա տեսությունները, մոտեցումները և մոդելները՝ նպատակ ունենալով դուրս բերել ընդհանրական եզրութաբանություն, որի շուրջ հնարավոր կլինի խոսույթ կառուցել։ Իրականացվում է նաև գրականության ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով դուրս բերել մի մոդել, որի կիրառմամբ հնարավոր կլինի ուսումնասիրել հետխորհրդային երկրների բուհերի բրենդը և վերջինիս բաղկացուցիչ տարրերը: Վերջապես, հետազոտության արդյունքները գալիս են լուսաբանելու, թե ինչպես է թվային փոխակերպումն արտացոլվում հետխորհրդային բուհերի բրենդերում։
Բանալի բառեր և բառակապակցություններ․ թվային փոխակերպում, ապրանքանիշ, հետխորհրդային բուհեր, բարձրագույն կրթություն։
ԱՆԻ ՄՈՄՃՅԱՆ
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի
կառավարման ամբիոնի դասախոս
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի տնտեսագիտության և
կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ` ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԹՎԻ
Համառոտագիր
Ժամանակակից արագ զարգացող աշխարհում տնտեսության շատ ճյուղեր փորձում են հարմարվել նոր տեխնոլոգիաներին և ավտոմատացնել հնարավորինս շատ գործընթացներ: Այսօր մենք նոր տեխնոլոգիաների վերելքի ականատեսն ենք, որում որպես ծրագրային ապահովման շարժիչ և չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն առաջ մղող հանդես է գալիս արհեստական բանականությունը (այսուհետ՝ ԱԲ):
ԱԲ ոլորտի ներկայիս զարգացումների համատեքստում կարևորում ենք տարածաշրջանի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, այսուհետ՝ ՏՇ երկրներ) վարած քաղաքականության բազմակողմ ուսումնասիրությունը՝ բացահայտելու համար նրանց տնտեսությունների թվայնացման աստիճանը, ԱԲ-ի հիմնական կիրառության ուղղությունները, քաղաքական նախաձեռնություններից ստացված արդյունքները, ԱԲ-ի կիրառման հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները, խոչընդոտները և դրանց առաջացման պատճառները:
Տարբեր շահագրգիռ կողմեր ԱԲ ազգային ռազմավարության մշակման գործընթացով հետաքրքրված են ոչ թե այն պատճառով, որ շահեն համաշխարհային ԱԲ մրցավազքը, այլ որպեսզի տեխնոլոգիական փոփոխությունների այս ժամանակաշրջանում ստեղծեն հզոր գործիքակազմ իրենց քաղաքացիներին պաշտպանելու և նրանց պատրաստելու սպասվող տեխնոլոգիական փոփոխություններին: Սակավ ռեսուրսներ, սակայն մարդկային մեծ ներուժ ունեցող երկրները, ինչպիսին է նաև Հայաստանը, պարտավորված են քայլեր ձառնարկել գործընթացի ակտիվ մասնակից մնալու համար: Հայաստանյան իրականությանն առավել համապատասխանող ԱԲ ռազմավարության ներդրումը կօգնի ոլորտի քաղաքականություն մշակողներին, կնպաստի արդյունավետ որոշումների ընդունմանը, ինչպես նաև մի շարք զարգացումներին, ինչպիսիք են՝ ներդաշնակ և արդյունավետ կրթական համակարգի ձևավորումը, կրթության միջին մակարդակից անցում բարձր մակարդակի և թույլ տեխնոլոգիաներով հագեցած հասարակության վերազինումը, պետական կառավարման համակարգի շարժունակության բարձրացումը, որի շնորհիվ որոշումների կայացման և իրագործման դանդաղությունը կմղվի հետին պլան՝ արագացնելով ընկերությունների ու հասարակական կազմակերպությունների կառուցվածքային տարատեսակ բարեփոխումների գործընթացը՝ պետական հարկային և արտոնյալ ծրագրերի ներդրման միջոցով:
Հոդվածի հիմնական նպատակն է՝ գնահատել ՏՇ երկրների արհեստական բանականության ոլորտում զբաղեցրած դիրքն աշխարհի երկրների կտրվածքով՝ ԱԲ պատրաստվածության համաթվի ցուցանիշների վերլուծությամբ, և վեր հանել ԱԲ-ի հիմնական կիրառության ուղղությունները:
Հոդվածն ամփոփելով առաջարկվում է ԱԲ–ի վրա hիմնված համակարգերի և տեխնոլոգիաների հետագա զարգացման համար տեղայնացնել այն լուծումները, որոնք ներկայումս կիրառվում են այս ոլորտում առաջատար երկրների կողմից, և բացահայտել տարբեր երկրների շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հնարավորությունները և պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի, հասարակության միջև ճկուն, մրցունակ թվային հաղորդակցության գործընթացների հաստատումը:
Բանալի բառեր և բառակապակցություններ. կառավարության ԱԲ պատրաստվածության համաթիվ, ԱԲ ազգային ռազմավարություն, կիբեռանվտանգություն։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթությ