Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2025թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը։
Հղումներ


 


 


 

 


ԿԱՃԱՌ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ 2024, II

ԿԱՃԱՌ

ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

II, 2024

Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից

 

 

ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,

հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

naira.hakobyan@isec.am

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

anna.khachatryan@isec.am

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Համառոտագիր

Հետպատերազմական հասարակության սոցիալ-հոգեբանական բնութագրումներն ամփոփված են հետկոնֆլիկտային սոցիալական նոր տարածության և ժամանակի ընկալումներում։ Հետպատերազմական շրջափուլի տարածաժամանակային ընկալումները, հոգեբանական նորագոյացություններն արտահայտվում են ինչպես անձի Ես-կոնցեպցիայի, այնպես և զանգվածային սոցիալ-հոգեբանական երևույթների կառուցվածքում, հանգեցնում են սոցիալական միջավայրի և սեփական անձի նորովի ընկալմանն ու արժևորմանը: Հետպատերազմական իրողությունների սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան հե­տա­զո­տութ­յան տե­սանկ­յու­նից կար­ևոր­վում է սոցիալական միջավայրի ու­սում­նա­սիր­ման միջ­դիս­ցիպ­լի­նար մո­տե­ցու­մը, որը նպա­տակ ու­նի բա­ցա

հայ­տե­լու բնութ­յան և սո­ցիու­մի հետ ան­ձի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի էա­կան հիմ­քե­րը: Դա թույլ կտա խոսել ոչ միայն հետպատերազմական փուլում ֆիզիկական տա­րա­ծութ­յան կամ միջավայրի ընկալման, այլև անձի վարքագծի սոցիալ-հոգեբանական ու մշա­կու­թա­յին կողմ­նո­րոշ­ման, վարքագծում արտահայտվող բացասական ներուժի հաղթահարման, ինչպես նաև՝ հետպատերազմական հասարակությունում անձի արժեքային համակարգում նոր շեշտադրումների մա­սին: Հետպատերազմական միջավայրում արժեքների նոր շեշտադրումն անցնում է Ես-ի պրիզմայով։ Այսպիսով, պատերազմը վերապատմելու, պատմական հիշողության մեջ էական իրողությունների ամրապնդման գործընթացները դառնում են ավելի բարենպաստ պատերազմը վերապրելու համար, եթե ուղեկցվում են սեփական անձի նկատմամբ հասարակական արդար վերաբերմունքի ընկալումներով։ Այնքանով, որքանով անհատները և սոցիալական խմբերն իրենց նկատմամբ հասարակական վերաբերմունքն ընկալում են որպես արդար և ճշմարիտ, նրանք հակված են համագործակցային և ասերտիվ վարքագիծ դրսևորել, ինչը կարող է մեծ ազդեցություն ունենալ հետպատերազմական շրջանի ճիշտ գնահատման և հաղթահարման գործընթացի վրա: Հետպատերազմական հասարակության մեջ արժեհամակարգի ճգնաժամի պատճառահետևանքային հարաբերությունները հասկանալու համար անհրաժեշտ է առանձնացնել այն արժեքները, որոնք առավել բնորոշ են հետկոնֆլիկտային ժամանակահատվածին, և ուղղորդել անհատներին ու սոցիալական խմբերին հաղթահարելու պատերազմի աղետը և վերադառնալու բնականոն կյանքին: Ճշմարտության արժեքային պահանջը, որպես կանոն, հուզականորեն հագեցած է, ահա թե ինչու հետպատերազմական տարբեր միջավայրերի ուսումնասիրություններում ընդգծվում է պատերազմական գործողությունների մասին տարբեր պատմություններ պատմելու և վերապատմելու արժեքային կողմնորոշումը, որը դիտվում է ոչ միայն որպես ճշմարտախոսության արժեքային կողմնորոշման ճգնաժամային դրսևորում, այլ նաև որպես կարևոր հոգեբանական պաշտպանական մեխանիզմ պատերազմը վերապրելու համար։ Պատերազմի վերապրման արժեքային կողմնորոշումը հաճախ դրսևորվում է ծիսական վարքագծային մոդելի միջոցով. ի հայտ է գալիս «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» արժեքային կարգախոսը, որն ինքնին ուղղված է հետպատերազմական ժամանակահատվածում պատմական հիշողության վերափոխմանը և վերակառուցմանը: Այդ կարգախոսով ձևավորված վարքագիծը մի կողմից ենթադրում է պատերազմական գործողությունների ընթացքում բացահայտված կարևորագույն արժեքների պահպանում/«սառեցում», իսկ մյուս կողմից՝ այդ արժեքների գոյատևում/«փոխանցում» դեպի պատմական հիշողության տիրույթ։

Բանալի բառեր և բառակապակցություններ հետպատերազմական հասարակություն, արժեքներ, պատմական հիշողություն, հետտրավմատիկ սթրես, Ես-կոնցեպտ։

 

ԱՐԱ ՖԻՐՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն,
Հոգեբանության ամբիոն,

ՀՀԳԱԱ Գիտակրթական Միջազգային կենտրոնի դասախոս

Հոգեբանության ամբիոնի դասախոս,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ara.firyan@isec.am

ՆԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

Գիտակրթական միջազգային կենտրոն,
Հոգեբանության ամբիոն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա,

հոգեբանության մագիստրոս

narinevdavtyan@gmail.com

ԱՌԱՋՆԱԾԻՆ ԵՎ ԿՐԿՆԱԾԻՆ ՀՂԻՆԵՐԻ ՄՈՏ ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Համառոտագիր

Քաղաքացիների առողջության բարելավումը առաջնահերթ է ցանկացած պետության համար։ Եվ համապատասխանաբար կանանց վերարտադրողական առողջությունը և մայրությունը մեծ ուշադրության են արժանի, քանի որ հղի կանանց թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան առողջությունը ազգի առողջության գրավականն է։ Հղիությունը կանանց կյանքում բարդ փուլ է, որը հաճախ ընթանում է տագնապայնության բարձրացումով։

Բազմաքանակ հետազոտություններ ապացուցում են ապագա երեխայի հոգեկան առողջության կապը՝ մոր հղիության ընթացքում տարած հոգեհուզական խնդիրների հետ։ Այդ հարցերով զբաղվում է պերինատալ հոգեբանությունը, որը համեմատաբար նոր ուղղություն է հոգեբանական գիտությունում։

Հետազոտության նպատակն է՝ տագնապայնության դրսևորման առանձնահատկությունների բացահայտումը առաջին, կրկնածին և եռածին հղի կանանց մոտ։

Հետազոտության աշխատանքային վարկածն է՝ առաջնածին և կրկնածին կանանց մոտ տագնապայնության գործոնները տարբերվում են ծննդաբերության փորձառության հանգամանքով։

Հետազոտությանը մասնակցել են 20-ից 42 տարեկան 153 հղի կին, որոնցից 68 առաջնածին, 41 կրկնածին և 44 եռածին։ Կիրառվել են հետևյալ մեթոդները՝ զրույցի, դիտման մեթոդը, հարցարան, Սպիլբերգեր-Խանինի անձնային և իրավիճակային տագնապայնության թեստ STAI, Դոբրյակովի հղիության նկատմամբ վերաբերմունքի թեստը (ՀՆՎ), բացահայտվել են տագնապայնությանը խթանող սթրես գործոնները:

Հետազոտության ընթացքում մենք գրանցեցինք անձնային և իրավիճակային տագնապայնության բարձր աստիճան բոլոր 3 խմբերում, սակայն հայտնաբերեցինք, որ առկա անձնային բարձր տագնապայնության ֆոնին, իրավիճակային տագնապայնությունը կտրուկ նվազում է առաջնածին կանանց մոտ, և թեթև նվազման միտում ունի կրկնածին և եռածին կանանց մոտ։

Ստացված արդյունքները ցույց տվեցին, որ 3 խմբերում առկա է ինչպես անձնային, այնպես էլ իրավիճակային տագնապայնության բարձր աստիճան, սակայն յուրաքանչյուր խմբում սթրես գործոնների առաջնայնությունը տարբերվում է կապված ծննդաբերության և դրա քանակի, ինչպես նաև մայրության դրական փորձի հետ։

Հետազոտության արդյունքում մենք եկանք եզրակացության, որ հղի կանանց շրջանում տագնապային խանգարումները կարիք ունեն վաղ ախտորոշման և կանխարգելման, հետևաբար առաջարկում ենք նախածննդյան բժշկական հաստատություններում ստեղծել մշտական գործող հոգեբանական ծառայություն՝ հղիության շրջանում կանանց հոգեբանական ուղեկցման նպատակով։ Այդ միջոցառումը կօգնի կանխարգելել հղիության շրջանում կնոջ մոտ տագնապայնության առաջացմանը և զարգացմանը, ինչպես նաև մոր և մանկան հոգեկան առողջության պահպանմանը:

Բանալի բառեր և բառակապակցություններ. հղիություն, պերինատալ հոգեբանություն, առաջնածին, կրկնածին, եռածին, տագնապայնություն, սթրես գործոններ:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ԺԱՄԿՈՑՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի

ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան

 հոգեբանության ամբիոնի դասախոս,

հոգեբանական գիտությունների թեկնածու

ruzanna_rom84@mail.ru

 

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԵՎ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՎԱՐՔԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՈՃԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Համառոտագիր

Դեռահասության տարիքը աձնավորության կյանքի սեռական և հոգեբանական հասունացման  դժվար շրջանն է:  Մանկությունից հասունության անցումը այս փուլում տեղի է ունենում զարգացման բոլոր` ֆիզիկական, մտավոր, բարոյական, սոցիալական  կողմերով, որի արդյունքում  ձևավորվում են  որակական նոր կազմավորումներ: Այս տարիքի հիմնական նորագոյացությունը  ինքնագիտակցության զարգացումն է:  Դեռահասի մոտ դրսևորվող  ինքնագիտակցությունը հանգեցնում է հարաբերականորեն կայուն  ինքնագնահատականի և  հավակնությունների մակարդակի ձևավորմանը, որն էլ ինքնուրույնության, ինքնահաստատման, մեծահասակների կողմից  իր իրավունքների  ճանաչման պահանջմունք է  առաջացնում: Դեռահասի  հաջող սոցիալականացման և հարմարման գործընթացի համար կարևոր դեր ունեն անձի միջանձնային հարաբերությունները, որոնցից կախված է նաև անձի հոգեկան ու հոգեբանական առողջությունը, ուսումնական  գործունեության հաջողությունը: Սոցիալականացման ընթացքում ձևավորվում են անձնային առանձնահատկությունները, գիտակցությունն ու ինքնագիտակցությունն իր բաղադրիչներով, որոնք իրենց հերթին մեծ ազդցություն ունեն միջանձնային հարաբերությունների ու միջանձնային կոնֆլիկտների առաջացման ու հաղթահարման վրա:

Հոդվածում ներկայացված է կոնֆլիկտային իրավիճակում դեռահասների վարքի նախընտրելի ոճի և ինքնավերաբերմունքի փոխազդեցությունը:  Ինքնավերաբերմունքը, որպես ինքնագիտակցության համակարգի մաս, մասնակցում է անձի կողմից սեփական անձնային հատկանիշների, ընդունակությունների վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը, արտահայտվում հասարակության մեջ իր ունեցած դերի, առավելությունների և թերությունների գիտակցման, զգացմունքների և վարքի կառավարման միջոցով: Կոնֆլիկտային իրավիճակում անձի կողմից վարքի ընտրությունը պայմանավորված է անձի  հոգեբանական առանձնահատկություններով, ինքնագիտակցության զարգացման մակարդակով, ինքնագնահատականով, ակտիվության ուղղվածությամբ, արժեհամակարգով:

Հետազոտության նպատակն էր պարզել դեռահասների ինքնավերաբերմունքի առանձին բաղադրիչների և կոնֆլիկտային իրավիճակում անձի նախընտրելի վարքային ոճերի միջև փոխկապվածությունը:

Հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ սեփական շահերի պաշտպանությամբ արտահայտվող մրցակցություն և համագործակցություն վարքային նախընտրելի ոճերի կիրառությունը պայմանավորված է ինքնավերաբերմունքի «Սեփական Եսին» կողմ լինելու, ինքնահետաքրքրվածության, ինքնահասկացման, ինքնահամակրանքի և ուրիշներից շփման սպասման հետ: Իսկ կոնֆլիկտային իրավիճակում  փոխզիջման և խուսափման նախընտրելի ոճերի դրսևորումը պայմանավորված է դեռահասների ինքնամեղադրանքի, ուրիշներից դրական վերաբերմունքի սպասման  բարձր և ինքնահարգանքի ցածր մակարդակի հետ:  Մրցակցությունը և համագործակցությունը համարվում են վարքի ակտիվ ոճեր, իսկ խուսափումն ու փոխզիջումը՝ պասիվ:

Այսպիսով՝ կոնֆլիկտային իրադրության մեջ պասիվ վարքային ձևերը դրական համահարաբերակցային կապերով կապված են ինքնամեղադրանքի, ինքնահասկացման և ուրիշներից դրական վերաբերմունքի սպասման հետ, իսկ ակտիվ ձևերը՝ անձի ինքնահետաքրքրվածության, ինքնահամակրանքի, ինքնահասկացման հետ: Ինքնագնահատականից ու ինքնավերաբերմունքից կախված՝ անձը կարող է կոնֆլիկտային իրավիճակներում նախընտրելի վարքի ոճ ձեռք բերել, որը կա՛մ ուղղված կլինի սեփական շահերի ու հետաքրքրությունների պաշտպանությանը, կա՛մ ուրիշների պահանջների բավարարմանը:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Ինքնավերաբերմունք, ինքնահասկացում, ինքնաընդունում, ինքնահարգանք, վարքի նախընտրելի ոճ, համագործակցություն, մրցակցություն, փոխզիջում, խուսափում:

 

ՎԵՐՈՆԻԿԱ ԳԱՅԴԱ

Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանի

հոգեբանության ինստիտուտի

հոգեբանության մագիստրոս,

Դասավանդման և հետազոտության ասիստենտ

w.gajda03@gmail.com

ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՈՒՏԻՍՏԻԿ ՍՊԵԿՏՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՄՈՏ

Համառոտագիր

Հոդվածը վերաբերում է աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող մարդկանց սեռականության և սեռական ինքնության խնդիրներին: Ներկայացված հետազոտության նպատակն է համեմատել աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող և նյարդային զարգացման դժվարություններ չունեցող մարդկանց միջև սեռական ինքնության դրսևորումները։ Հետազոտությունն ընդգրկել է նորմալ զարգացմամբ 75 անձ և աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող 75 հոգուց բաղկացած խումբ: Հարցվածները եղել են 16-59 տարեկան։ Տվյալները հավաքագրվել են առցանց հարցաթերթիկների միջոցով: Հետազոտությունն իրականացվել է անձնական հարցաթերթիկի միջոցով՝ ընդգրկելով հարցեր տարիքի, սեռի և ԼԳԲՏ+ համայնքին պատկանելու սուբյեկտիվ զգացման ախտորոշման վերաբերյալ, ինչպես նաև Սելլի սեռական կողմնորոշման սանդղակը: Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող մարդիկ ավելի բարձր համասեռական նախասիրություններ են դրսևորել, քան չունեցողները:

Բանալի բառեր և բառակապակցություններ. աուտիստիկ սպեկտրի խանգարում, սեռական կողմնորոշում, ռոմանտիկ հարաբերություններ, աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող մեծահասակներ։

 

ՆՈՆԱ ԳՅՈՒԼԱՄԲԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոն

nona.gyulambaryan@gmail.com

ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵՍՏՐՈՒԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ

Համառոտագիր

Այս գիտական ​​հետազոտության արդիական թեման է ժամանակակից հասարակության մեջ անձի մոտիվացիայի խնդիրը: Հասարակական տարբեր գիտակարգերը բազմաբնույթ նյութեր են ներկայացնում մոտիվացիայի խնդիրը ուսումնասիրելու համար։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում հասարակությունը տարբեր վերաբերմունք ուներ մարդկային մոտիվացիայի դրսևորումների նկատմամբ։ Ըստ հասարակության կազմակերպման առանձնահատկությունների՝ ձևավորվեցին մոտիվացիայի տարբեր տեսություններ, որոնք իրենց կիրառությունը գտան հոգեբանական գիտության, սոցիոլոգիայի, մշակութաբանության և մարդաբանության մեջ։ Մոտիվացիայի ուսումնասիրման խնդրին զուգընթաց տեսաբանների և կիրառական ոլորտի մասնագետների շրջանում աճում է հետաքրքրությունը նաև դեստրուկտիվության երևույթի նկատմամբ, ուստի հոգեբանական գիտակարգում անհրաժեշտություն է առաջանում այս երևույթները համեմատելու և վերլուծելու մեջ։ Մոտիվացիայի տեսությունների և դեստրուկտիվության երևույթի միջառարկայական ուսումնասիրությունները բացահայտում են որոշակի փոխկապվածություններ դեստրուկտիվ վարքագծի և մոտիվացիայի միջև: Մասնավորապես, հոդվածում ուսումնասիրվել է մոտիվացիոն ֆրուստրացիայի հոգեբանական կատեգորիան, որը նշանակում է նպատակներին հասնելու անհնարինությունը և մոտիվացիայի ոչ համարժեք դրսևորումները։ Անձի դեստրուկտիվ վարքագծի ուսումնասիրության հիմնական խնդիրներից մեկը այս հարցի վերաբերյալ կիրառական հետազոտությունների բացակայությունն է։ Հետևաբար, անձի դեստրուկտիվության երևույթը վերլուծելիս մենք հիմնականում հիմնվում ենք ագրեսիայի, հանցագործության և շեղվող վարքի տարբեր ձևերի ուսումնասիրությանը նվիրված աշխատությունների վրա, որոնք պարունակում են դեստրուկտիվության բաղադրիչ, որն ուղղված է կամ դեպի արտաքին միջավայր, կամ դեպի մարդու ներաշխարհ: 20-րդ դարից սկսած՝ գիտնականներն ու փիլիսոփաները, ովքեր այս կամ այն ​​կերպ փորձել են հասկանալ մարդկանց կործանարար ցանկությունների պատճառները, այս խնդիրը դիտարկել են ագրեսիայի համատեքստում՝ դրա դրսևորման ծայրահեղ ձևերից մեկը համարելով դեստրուկտիվությունը՝ դաժանության և բռնության հետ մեկտեղ։ Քանի որ վարքագծի այս (դեստրուկտիվ) ձևը գիտակցված է և, մեր կարծիքով, բնորոշ է միայն մարդկանց, ամենից ճիշտ կլինի այն գնահատել որպես մարդկային գործունեության ձև։ Գործունեությունը, մասնավորապես մասնագիտական ​​գործունեությունը, հատուկ է մարդկանց, որը անձնապես նշանակալի գոյության արտահայտությունն է: Սոցիալ-հոգեբանական և մարդաբանական հասկացությունների համաձայն՝ մարդկային դեստրուկտիվությունը ենթակա է սոցիալական օրենքների, կախված է հասարակության մոտիվացիոն կառուցվածքից և, հետևաբար, այն կարելի է կանխատեսել և, որոշ դեպքերում, վերահսկել: Այդ իսկ պատճառով մենք այս երևույթը դիտարկում ենք մոտիվացիայի տեսությունների տեսանկյունից։ Այս հոդվածի տեսական և մեթոդական եզրակացությունները ապագայում կարող են հանգեցնել մոտիվացիոն ֆրուստրացիայի և անձի դեստրուկտիվ վարքագծի հաղթահարման որոշակի մեխանիզմների մշակմանը:

Բանալի բառեր և բառակապակցություններ մոտիվացիա, ֆրուստրացիա, հասարակություն, դեստրուկտիվություն, տեսական մոդելներ:

 

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

օտար լեզուների ամբիոնի վարիչ,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

gohar.grigoryan@isec.am

ԼԻԼԻԹ ՄԱՆՎԵԼՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

մասնագիտական անգլերեն լեզվի դասախոս

lilit.manvelyan@isec.am

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵՋ (ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Համառոտագիր

Այսօրվա գլոբալացված իրավաբանական աշխարհում անգլերենի իմացությունը ապագա իրավաբանների համար անհրաժեշտություն է: Միջազգային իրավաբանական ընկերությունները և բազմազգ կորպորացիաները հաճախ իրենց իրավաբանների թիմերից պահանջում են աշխատել տարբեր մշակութային համատեքստերում:

Այնուամենայնիվ, նրանցից պահանջվում է ավելին, քան լեզվի իմացությունը։ Իրավական համատեքստում արդյունավետ հաղորդակցությունը պահանջում է նաև մշակութային նրբերանգների և միջմշակութային դինամիկայի խոր ըմբռնում: Իրավաբանները պետք է կարողանան իրենց ճիշտ դրսևորել տարբեր իրավական համակարգերի հետ աշխատելիս՝ հաշվի առնելով հաճախորդների  մշակութային ակնկալիքներն ու հաղորդակցման ոճերը՝ նրանց արդյունավետ կերպով սպասարկելու համար: 

Սույն հոդվածում ընդգծում ենք համեմատության առաջադրանքների ներդրման կարևորությունը մասնավորապես Հայաստանի բուհերում մասնագիտական անգլերենի  ուսուցման մեջ՝ միջմշակութային փոխըմբռնումը խթանելու համար: Համեմատության առաջադրանքները մշակվել են Վասյուչկովայի և այլոց «Անգլերեն՝ իրավաբան ուսանողների համար» [11] մագիստրատուրայի դասագրքում զետեղված իրավական տերմինների հիման վրա։ 

Իրավագիտության ուսանողների համար կարևոր է հասկանալ տարբեր երկրների իրավական համակարգերի միջև եղած տարբերությունները, որոնք հաճախ արտացոլվում են տերմինաբանության մեջ։ Այս խնդրի հաղթահարման գործում արժեքավոր գործիք են համեմատության մեթոդները:

Լեզուն և մշակույթը միջմշակութային համեմատության միջոցով սովորելը նպաստում է ուսանողների լեզվական իմացության և անհրաժեշտ  հմտությունների ձեռքբերմանը, ինչի շնորհիվ նրանք կարող են հաղթհարել իրավաբանի մասնագիտության բազմամշակութային բարդությունները: Ուսումնական ծրագրերում պետք է ուսանողներին ընձեռնվեն բազմաթիվ հնարավորություններ՝ համեմատելու տարբեր երկրների իրավական առանձնահատկությունները:  Մենք օրինակներ ենք ուսումնասիրել բրիտանական և ամերիկյան իրավական համատեքստերից՝ ընդգծելով դրանց մշակութային նշանակությունը, և առաջարկում ենք համեմատական-հակադրական աղյուսակներ՝ տարբեր երկրներում որոշ տերմինների իրավական բնութագրերը պատկերացնելու համար:

Բանալի բառեր և բառակապակցություններ. անգլերեն մասնագիտական նպատակների համար (ESP), իրավաբանական անգլերեն (LE), համեմատական ​​գործունեություն, միջմշակութային հաղորդակցություն, միջմշակութային համեմատություն:

 

ՎԵՐԱ ԱԴԱՄՅԱՆ

Երևանի պետական ​​համալսարանի

 ռուս բանասիրության ֆակուլտետի

ռուս գրականության ամբիոնի դոցենտ,

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,

լեզվաբանության ամբիոնի դասախոս,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

vera.adamyan@ysu.am

vera.adamyan@isec.am

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ Ֆ. Մ. ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ «ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ» ՎԵՊՈՒՄ

Համառոտագիր

Վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են գրականության այնպիսի ոլորտներ, որոնք անդրադառնում են երկու գիտությունների՝ գրականության և հոգեբանության, գրականության և սոցիոլոգիայի, գրականության և փիլիսոփայության, գրականության և մշակութաբանության ուսումնասիրությունների խաչմերուկում ընկած խնդիրներին: Այս հոդվածում մենք, մասնավորապես, ապավինում ենք հոգեբանության նվաճումներին: Այս տեսանկյունից մենք դիտարկում ենք Ֆ. Մ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը և անդրադառնում ենք մանիպուլյացիայի խնդրին։ Ուսումնասիրում ենք կերպարների կողմից կիրառվող մանիպուլյատիվ տեխնիկան և հնարքները, որոնք նրանք օգտագործել են իրենց նպատակներին հասնելու համար:

Հատուկ ուշադրություն է դարձվում մանիպուլյատիվ տեխնիկայի օգտագործված կերպարների մարտավարությանը՝ Ռասկոլնիկովին, Պորֆիրի Պետրովիչին, Սվիդրիգայլովին, Լուժինին, Դունյային։ Վերլուծությունը ցույց է տվել, որ վեպի գրեթե բոլոր կերպարները կա՛մ իրենք են մանիպուլյատորներ, կա՛մ ենթարկվում են մանիպուլյացիայի։

Վեպի միակ կերպարը, որը գործում է միայն որպես մանիպուլյատոր, Սվիդրիգայլովն է։ Նա նաև վեպի առավել հմուտ մանիպուլյատորն է: Մենք նաև ցույց ենք տալիս, թե որքան արդյունավետ էր մանիպուլյացիան՝ դիտարկելով մանիպուլյացիայի զոհերի արձագանքը։ Մեր նպատակն է ոչ միայն բացահայտել վեպի հերոսների մանիպուլյատիվ քայլերը, այլև ցույց տալ դրանց ազդեցությունը սյուժեի վրա:

Մենք փորձել ենք դասակարգել մանիպուլյատիվ ռազմավարությունները, մասնավորապես բացահայտել ենք հետևյալ տեսակները․ ակնարկներ, զոհի հետաքրքրություններով տարվածություն, կատակներ, «հեռվից» զրույց սկսելը, ընտրություն պարտադրելը, հանկարծակիության ազդեցությունը, բազմաթիվ հարցեր, հուզական շանտաժ, հիպերբոլա, մինիմիզացիա (նսեմացում), շողոքորթություն, հեղինակությունների ներգրավում, անկեղծություն, քողարկում, զրպարտություն, կեղծ վիրավորանք, ներշնչում։

Վեպի առավել հմուտ մանիպուլյատորը Սվիդրիգայլովն է։ Նա հարուստ և անսկզբունքային մարդ է, ով խաղալիքի պես խաղում է ուրիշների կյանքի հետ։ Նրա մանիպուլյացիաները ողբերգական հետևանքներ են ունենում վեպի շատ հերոսների համար, և նա դառնում է հասարակության արատավորության և քայքայման խորհրդանիշերից մեկը: Ոչ պակաս մանիպուլյատոր է Լուժինը, որը նաև իր նպատակներին հասնելու համար դիմում է ամենասարսափելի մեթոդների։

Այս առումով նրանց մանիպուլյացիաները արմատապես տարբերվում են Ռասկոլնիկովի մանիպուլյացիայից։ Բոլորն էլ հետապնդում են իրենց սեփական շահերը և ձգտում են հասնել իրենց նպատակներին, բայց նրանց մեթոդներն ու տեխնիկան շատ տարբեր են: Ռասկոլնիկովը, չնայած մանիպուլացիա է կիրառում, սակայն ի վերջո ձգտում է ճշմարտության և բարոյական փրկագնման, մինչդեռ Սվիդրիգայլովն ու Լուժինը գործում են՝ բացառապես ծառայելով իրենց ցանկություններին և անբարոյական նկրտումներին: Կերպարները ցույց են տալիս այս թեմայի տարբեր կողմերը՝ ընթերցողին թույլ տալով ավելի խորը հասկանալ մանիպուլյացիայի բնույթը և դրա հետևանքները: Այս ֆոնի վրա Պորֆիրի Պետրովիչը մանիպուլյատոր է, քանի որ դա պահանջում է քննիչի իր մասնագիտությունը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ այս տեսանկյունից վեպի վերլուծությունը կարող է շատ արդյունավետ լինել տեքստի ավելի լավ ընկալման համար:

Բանալի բառեր և բառակապակցություններ. Ֆ. Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ», մանիպուլյացիա, մանիպուլյատոր, զոհ, մանիպուլյացիոն հնարքներ։

 

ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որակի վերահսկողության բաժնի ղեկավար

Աբու Դաբիի կրթության և գիտության վարչություն, ԱՄԷ

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

robert_khachatryan@yahoo.com

ՄԱՐԻԱՄ ՄԱԿԱՐՅԱՆ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի

կառավարման ամբիոնի դասախոս, հայցորդ

mariam_makaryan@yahoo.com

 

ՀՀ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ

 

Համառոտագիր

Կազմակերպական մշակույթի կառավարումը ռազմավարական մոտեցումների և գործընթացների համալիր է, որը ձևավորվում և կիրառվում է կազմակերպության արժեքների, շահակիցների համոզմունքների ու վարքագծի ձևավորման և ուղղորդման նպատակով: Մշակույթի արդյունավետ կառավարումը չափազանց կարևոր է կազմակերպության գործառություններն ու գործունեության արդյունքներն իր ռազմավարական նպատակներին համապատասխանեցնելու, շահակիցների և հատկապես աշխատակիցների ներգրավվածությունը բարձրացնելու, ինչպես նաև գործունեության երկարաժամկետ հաջողությունն ու գերազանցությունն ապահովելու համար: Այս գործընթացը ներառում է մշակույթի կառավարման փորձի ձևավորման և զարգացման փուլեր, որոնք միտված են բարենպաստ աշխատանքային միջավայրի ապահովմանը և դրա միջոցով կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացմանը:

Հոդվածում ներկայացված են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) բուհերում կազմակերպական մշակույթի կառավարման մոդելը, ինչպես նաև կազմակերպական մշակույթի կառավարման փուլերը: Մոդելը մշակվել է մասնագիտական գրականության համապարփակ ուսումնասիրության արդյունքների և միջազգային լավագույն փորձի հիման վրա: Ոլորտին առնչվող հետազոտությունների արդյունքների հիման վրա մշակված այս մոդելը և՛ ճկուն է, և՛ հարմարեցված է ՀՀ բուհերի գործունեության համատեքստին, կարիքներին և մարտահրավերներին: Այս հոդվածն ընդգծում է հայաստանյան բուհերում կազմակերպական մշակույթի կառավարման կառուցվածքային մոտեցման կարևորությունը: Արդյունավետ կառավարվող կազմակերպական մշակույթն էական նշանակություն ունի այնպիսի միջավայրի ստեղծման համար, որտեղ ներքին շահակիցները (ուսանողները, դասախոսները, անձնակազմը) կկարողանան համագործակցել և զարգանալ: Արտաքին շահակիցները կարող են աջակցել կազմակերպական մշակույթի կառավարման գործընթացներին՝ տրամադրելով ռեսուրսներ, կարծիքներ, առաջարկություններ և ուղղորդումներ՝ ի նպաստ կազմակերպության մրցունակության բարձրացման և երկարաժամկետ զարգացման: Այդպիսի մշակույթը ոչ միայն խթանում է բուհի զարգացումը, ակադեմիական գերազանցությունը, այլև նպաստում է ակադեմիական համայնքի ընդհանուր բարեկեցությանը և բավարարվածությանը:

Մոդելը տրամադրում է նաև կազմակերպական մշակույթի կառավարման հայեցակարգային կառուցվածք: Այս մոտեցումը երաշխավորում է մշակույթի դինամիկ և հաստատության շահակիցների կարիքներին արձագանքող բնույթը: Ընդհանուր առմամբ, այս հոդվածն ընդգծում է կազմակերպական մշակույթի կառավարման նշանակությունը բարձրագույն կրթության ոլորտում և տրամադրում է համապարփակ ուղեցույց հայաստանյան բուհերի համար, որոնք ձգտում են գերազանցության հասնել հստակ սահմանված և կազմակերպական մշակույթի կառավարման գործուն մոդելի միջոցով:

Բանալի բառեր և բառակապակցություններ. կազմակերպական մշակույթ, կազմակերպական մշակույթի կառավարում, կազմակերպական մշակույթի կառավարման մոդել, բուհերի կազմակերպական մշակույթ:

 

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի

ֆինանսների ամբիոն, դասախոս, տնտեսագիտության թեկնածու

ani.grigoryan@asue.am

ՊԱՐՏՔԻ, ԴՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԿՎԱԾ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԴԻԱԳԵՈ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համառոտագիր

Տոնենք կյանքը, ամեն օր, ամենուր: [1, Դիագեոյի կարգախոսը]

Դիագեոն ունի ավելի քան 200 ապրանքանիշ, գործում է ավելի քան 180 երկրներում և ունի շուրջ 28000 աշխատակից ամբողջ աշխարհում: Նրանք տիրապետում են աշխարհի ամենաճանաչված միջազգային բրենդներին, ինչպիսիք են՝ Johnnie Walker-ը, Smirnoff-ը, Baileys-ը, Tanqueray-ը, Captain Morgan-ը և Guinness-ը, ինչպես նաև մի քանի ապրանքանիշեր, որոնք կարևոր են փոքր շուկաներում:

Շոտլանդական վիսկին 2022 թվականի դրությամբ կազմում է Դիագեոյի զուտ վաճառքի 24%-ը և, հետևաբար, հանդիսանում է նրանց պորտֆելի կարևորագույն ասպեկտներից մեկը: Diageo-ն ունի վիսկիի 30 թորման գործարան Շոտլանդիայում, այդ թվում՝ Lagavulin, Clynelish և Talisker, և վերահսկում է շոտլանդական վիսկիի հզորության 27,71%-ի արտադրությունը: Pernod Ricard-ը նրանց ամենամոտ մրցակիցն է և ունի 13 թորման գործարաններ, որոնք արտադրում են շոտլանդական վիսկիի ընդհանուր հզորության 19,14%-ը:

Դիագեոն նոր չէ շոտլանդական վիսկիների շուկայում: Այն եղել է շոտլանդական խոշորագույն արտադրողներից մեկը, քանի որ ձևավորվել է 1877թ.-ին, չնայած ծագումը կարելի է համարել 1865-ին Lowlands մի քանի թորման գործարանների գործունեությունից սկսած: Դիագեոն, ինչպես մենք այսօր ճանաչում ենք, ձևավորվել է 1998-ին, երբ 1997 թվականին հայտարարվեց Grand Met-ի և Guinness-ի միաձուլման մասին [2, The History Of Diageo, 2020]:

Դիագեոյի կորպերատիվ կառավարումը համապատասխանում է կորպորատիվ կառավարման կանոններին, որոնք պարունակվում են Միացյալ Թագավորության Ֆինանսական վարքագծի մարմնի ցուցակման կանոններում և ուղեցույցի կանոններում, ինչպես նաև 2006 թվականի Ընկերությունների մասին օրենքի որոշ հարակից դրույթներում:

Դիագեոն ցուցակված է նաև Նյու Յորքի ֆոնդային բորսայում և որպես այդպիսին ենթակա է այս բորսայի և իրավասության գործող կանոններին, ներառյալ ցուցակման պահանջները և ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կանոնները, դրանք վերաբերում են օտարերկրյա մասնավոր թողարկողներին։

2007թ.-ին ընկերության հասույթ է կազմել 31,34 մլրդ դոլար, ինչը 2006թ.-ի համեմատ ավելացել է 26,87 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Ընկերությունը վաստակել է -0,94 միլիարդ դոլար, ինչը նվազել է 2006 թվականի իր շահույթի համեմատ, որը կազմել է -0,9 միլիարդ դոլար:

Համաձայն Դիագեոյի վերջին ֆինանսական հաշվետվությունների՝ ընկերության ընդհանուր ակտիվները կազմում են 46,76 միլիարդ դոլար: Ընկերության ընդհանուր ակտիվները բոլոր ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվների հանրագումարն են, ինչպիսիք են պաշարները, դրամական միջոցները և դրամական միջոցների համարժեքները, գույքը և սարքավորումները:

Ընկերության ընդհանուր պարտավորությունները կազմում են 35,04 միլիարդ դոլար, ընդհանուր պարտքը՝ 21,48 միլիարդ դոլար: Դիագեոյի բաժնետոմսերի վերջին փոխառության վճարը «Interactive Brokers»-ում՝ կազում է 0,2500%:

2024 թվականի հուլիսի դրությամբ Դիագեոն ունի 73,07 միլիարդ դոլար շուկայական կապիտալ: Սա Դիագեոյին դարձնում է աշխարհի 253-րդ ամենաթանկ ընկերությունն ըստ շուկայական կապիտալի: Շուկայական կապիտալիզացիան, որը սովորաբար կոչվում է շուկայական կապիտալ, հանդիսանում է հրապարակային վաճառվող ընկերության չմարված բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքը և սովորաբար օգտագործվում է ընկերության արժեքը չափելու համար:

Հետազոտության ընթացքում կատարել ենք ընկերության պարտքի, դրա բաղադրիչների և վաճառքից հասույթի հարաբերակցության, կապիտալի կառուցվածքի, դրա բաղադրիչների միջև կապը բնութագրող ցուցանիշների, ակտիվներով պարտավորությունների ծածկույթի մակարդակը բնութագրող ցուցիչների գնահատումներ՝ մեր կողմից առաջարկվող մեթոդաբանության համաձայն:

Բանալի բառեր և բառակապակցություններ շուկայական կապիտալիզացիա, կապիտալի կառուցվածք, ընդհանուր ակտիվներ, ընդհանուր պարտավորություններ, եկամուտ, EBIT:

ՄԽԻԹԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

կառավարման ամբիոնի հայցորդ

mkhitargasparyan98@gmail.com

ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԴԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

Համառոտագիր

Զարգացման ծրագիրն այն ռազմավարական օրինակելի փաստաթուղթն է, որի ծրագրային և նպատակային մոտեցումների հիմնարար սկզբունքներին համապատասխան պլանավորվում և արդյունավետ կիրառմամբ հնարավոր է դառնում ապահովել տվյալ հաստատության կայուն գործունեությունն ու առաջընթացը:

Հետազոտության համար առաջադրված հիմնական վարկածն այն էր, որ վերջին տարիներին, մասնավորապես՝ կառավարման նոր մոդելի 2023 թվականի հունվարի 1-ից ներդրման հետևանքով աճել է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական այն ուսումնական հաստատությունների թիվը, որոնցում տևական ժամանակ կառավարումն իրականացվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների կողմից: Սույն հոդվածում վերլուծվել է հաստատության կայուն զարգացման գործընթացում վերջինիս կողմից տևական ժամանակ պաշտոնավարելու հնարավոր բացասական ազդեցությունը, այդ թվում՝ անկայունության, անորոշության և անհստակության ընկալումը, որն էլ հանգեցնում է կառավարչական դերի նվազեցմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր համակարգ ձգտում է կայունության, որը առաջադեմ զարգացման պայման է և սկզբնակետ:

Աշխատանքում ընդգծվել է, որ ժամանակավոր ողջամիտ շրջանը, մյուս կողմից, կարող է լինել անհրաժեշտ, որի ընթացքում համակարգը հասնում է հավասարակշռության, և համապատասխան մեխանիզմների ներդրման դեպքում այն կարող է լինել օգտակար՝ հանդիսանալով իբրև դպրոցի զարգացման ռազմավարական ծրագրի նախապատրաստմանն օժանդակող փուլ:

Վերլուծությունն առավելապես հիմնվում է ըստ ենթակայության 2019-2023 թթ. ժամանակահատվածի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ մարզպետների աշխատակազմների և Երևանի քաղաքապետարանի տրամադրած անհրաժեշտ վիճակագրական տվյալների վրա:

Հոդվածում ներկայացվել են նաև կառավարման գծային և ֆունկցիոնալ կազմակերպչական մեխանիզմները և դպրոցական համակարգում գործարկման հնարավորությունները:

Հետազոտության հիման վրա ներկայացվել են առաջարկներ՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության ռազմավարական զարգացման գործընթացում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կառավարչական առաքելության վերաբերյալ:

Բանալի բառեր և բառակապակցություններ զարգացման ծրագիր, ուսումնական հաստատություն, դպրոց, տնօրեն, ժամանակավոր պաշտոնակատար, կառավարում, կառավարման մեխանիզմներ:

ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

տնտեսագիտության ինստիտուտի հայցորդ

rafik.harutyunyan.g@gmail.com

 

ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԿԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԵՏՔՈՎԻԴՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Համառոտագիր

Հայաստանում բանկային համակարգի ֆինանսական կայունության տեսանկյունից ծագող ռիսկերն առաջանում են հիմնականում երեք աղբյուրներից` արտաքին տնտեսությունից,  ներքին տնտեսությունից և բուն ֆինանսական համակարգից: Վերջինը սովորաբար դիտարկվում է առանձին, որովհետև ֆինանսական համակարգը տնտեսության առանձնահատուկ բաղադրատարրն է: 

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի բանկային ոլորտը ենթարկվել է մի շարք շոկերի և համակարգային ռիսկի կուտակման՝ հանգեցնելով դոլարայնացման ավելի բարձր մակարդակի, այդպիսով սահմանափակելով Կենտրոնական բանկի՝ դրամավարկային քաղաքականության ավանդական գործիքների միջոցով տնտեսական միջավայրի վրա ազդելու հնարավորությունը:

Սակայն, հատկապես վերջին երկու տարիներին վարկային շուկայի միտումները ներկայացնող վաղ ահազանգման ցուցանիշների համապարփակ  վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ վարկային շուկան գտնվում է չափավոր աճի փուլում, իսկ ցիկլային համակարգային ռիսկերը, ընդհանուր  առմամբ, հավասարակշռված են, բացառությամբ հիփոթեքային վարկավորման,  որտեղ առկա են գերտաքացման ռիսկեր: 

Բանալի բառեր և բառակապակցություններ. բանկային համակարգ, առևտրային բանկեր, ֆինանսական կայունություն, համակարգային ռիսկ, կապիտալի համարժեքություն: