ԿԱՃԱՌ/ԱԿԱԴԵՄԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
I, 2025
Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից
ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն,
hոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԻՐԻՆԱ ՍՈՏՆԻԿ
Սումիի պետական համալսարան, Ուկրաինա,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոն,
հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԷԼԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հայ-ռուսական համալսարան
elen.gasparyan02@gmail.com
Համառոտագիր
Ժամանակակից հոգեբանական, տնտեսական և սոցիալական գործընթացները բնութագրվում են հիմնականում սթրեսածին հատկանիշներով: Այսօր ժամանակակից անձի հոգեկանը ենթարկվում է սոցիալական, հոգեբանական, տեխնածին, բնական, կենցաղային և շատ այլ բնույթի հզոր բացասական ազդեցությունների, որոնք պահանջում են հատուկ միջոցներ հոգեկան առողջության պահպանման և ամրապնդման համար: Սուբյեկտիվ բարեկեցության ապահովման հայեցակարգը և մեթոդաբանությունը արտաքին միջավայրի սթրեսածին ազդեցությունների հաղթահարման համատեքստում, ընդգծելով սոցիալական կայունության և սուբյեկտիվ բարեկեցության փոխհարաբերությունների խորքային առանձնահատկությունները, գործնական ուղիների որոնումն այսօր, առավել քան երբևէ, օրակարգային են՝ տեղին և հրատապ: Դրա ապացույցը ժամանակակից հասարակությունների տրանսֆորմացիոն գործընթացների մասին գիտական վկայություններն են, որտեղ անհատը, ինչպես սոցիալական խմբերը, պարբերաբար բախվում են բարդ և հակասական սոցիալ-հոգեբանական, տնտեսական, մշակութային և քաղաքակրթական գործընթացներին: Նման իրավիճակներում զարգանում և խորանում են անձի և սոցիալական խմբերի անոմիայի երևույթին բնորոշ դրսևորումները, բացակայում կամ թուլանում է վարքագծի կառավարման նորմատիվ համակարգը, խաթարվում են անձի ինքնաիրացման գործընթացները, անձնական ներուժի և իրականության նկատմամբ կառուցողական վերաբերմունքի ձևավորման փորձառությունը: Վերափոխման են ենթարկվում նաև հոգեբանական առանձնահատկությունները, հուզական-գնահատական բաղադրիչները, որոնք պայմանավորում են անձի ներքին հարմարվողականությունն ու հավասարակշռությունը, ինչը անխուսափելիորեն ազդում է անհատի բարեկեցության, վարքի և կյանքի սուբյեկտիվ զգացողության վրա։ Ելնելով այն փաստից, որ ներկայումս ընդգծված է գիտական հանրության ուշադրությունը սուբյեկտիվ բարեկեցության խնդիրների վրա, գնալով դժվարանում է դասակարգել ուսումնասիրվող երևույթին բնորոշ նշանները, ինչը, իր հերթին, հանգեցնում է սուբյեկտիվ բարեկեցության ընդհանուր ընկալման աղավաղումների: Ուստի, այս ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է սուբյեկտիվ բարեկեցության գնահատման չափանիշների ձևավորման գիտական հայեցակարգի ներկայացման անհրաժեշտությամբ:
Բանալի բառեր՝ սուբյեկտիվ բարեկեցություն, չափանիշներ, գնահատում, հոգեկան առողջություն, հասարակություն։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՎՐՈՏԻԶՄԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ՆԵՐԱՆՁՆԱՅԻՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի
հոգեբանության ամբիոնի հայցորդ
Համառոտագիր
Հոդվածում ուսումնասիրվում է սոցիալական նևրոտիզմի ֆենոմենը ներանձնային կոնֆլիկտի համատեքստում: Քննարկվել են ներանձնային կոնֆլիկտի տեսական, հայեցակարգային բնութագրումները, դրանցում առանձնացվել են սոցիալական նևրոտիզմին նշաններով ներանձնային հատկանիշները: Գրականության համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ներանձնային կոնֆլիկտները կարող են դրևսորվել անձի կյանքի տարբեր ոլորտներում: Դրանք իրենց արտահայտումն են գտնում թե՛ անձի իմացական, թե՛ հուզական և թե՛ վարքային ոլորտներում: Դրանք կարող են դրսևորվել ինքնագնահատակի անկման, բացասական ապրումների, գործունեության խաթարման, ընդհանուր ադապտիվության աստիճանի նվազման և այլ ցուցիչներով: Հոդվածում ներկայացվել են հոգեբանական տարբեր ուղղությունների ներկայացուցիչների հիմնադրույթները քննարկվող երևույթների վերաբերյալ, ինչպես նաև սոցիալական նևրոտիզմի և ներանձնային կոնֆլիկտի ժամանակակից գիտական մեկնությունները: Առանձնացվել են ներանձնային կոնֆլիկտի ընկալման սեռային, տարիքային առանձնահատկությունները, դրանցում՝ սոցիալական նևրոտիզմի հատկանիշները, վեր են հանվել անձի գործունեության ընթացքում սոցիալական նևրոտիզմի բացասական ազդեցությունը նվազեցնելու մեթոդական գործիքները:
Բանալի բառեր՝ սոցիալական նևրոտիզմ, ներանձնային կոնֆլիկտ, Ես-կոնցեպցիա, ինքնագնահատական, տագնապայնություն։
ԱՖՐՈԱՄԵՐԻԿՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ․ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
օտար լեզուների ամբիոնի վարիչ,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԼԻԼԻԹ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
մասնագիտական անգլերեն լեզվի դասախոս
Համառոտագիր
Աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենը (այսուհետ՝ ԱԱԺԱ)՝ ամերիկյան անգլերենի ամենաշատ ուսումնասիրված տարատեսակը, որը հիմնականում օգտագործում են աֆրոամերիկացիները, դարձել է բազմաթիվ քննարկումների առարկա։ Հոդվածում ուսումնասիրվում է ԱԱԺԱ -ի բնույթը՝ բացահայտելով այն որպես առանձին լեզվական տիպ և ինքնության ցուցիչ, ընդգծելով դրա սոցիալ-լեզվաբանական նշանակությունը և կապը ստանդարտ անգլերենի հետ։ Ուսումնասիրության շրջանակներում ԱԱԺԱ-ի ծագումը դիտարկվում է երկու վարկածների միջոցով՝ բարբառագիտական, որը կապում է դրա առանձնահատկությունները ոչ ստանդարտ բրիտանական բարբառների հետ, և կրեոլյան, որը կապում է դրա ծագումը կրեոլյան լեզուների հետ, որոնք ձևավորվել են տրանսատլանտյան ստրկավաճառության շրջանում։ ԱԱԺԱ-ի բառապաշարային ազդեցությունը ստանդարտ ամերիկյան անգլերենի վրա դրսևորվում է հիմնական խոսույթում ԱԱԺԱ-ից փոխառված մի շարք բառերի լայն տարածմամբ, ինչին նպաստում են փոփ մշակույթը և թվային լրատվամիջոցները։ Հոդվածում վերլուծվում է առկա գիտական գրականությունը՝ ԱԱԺԱ-ն համեմատվում է ստանդարտ ամերիկյան անգլերենի հետ հնչյունաբանության և շարահյուսության տեսանկյուններից՝ հիմք ընդունելով Ռիքֆորդի, Գրինի և Մորգանի գիտական աշխատությունները։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ԱԱԺԱ-ի լեզվական առանձնահատկությունները, այդ թվում՝ օժանդակ բայի բացակայությունը, կրկնակի ժխտումը, կերպիմաստային ցուցիչները և ենթակայի ու օժանդակ բայի շրջադասությունը, վկայում են դրա բարդության և կանոնակարգված բնույթի մասին։
Այնուհետև հոդվածում դիտարկվում են ԱԱԺԱ-ի սոցիալական դրսևորումները միջին խավի աֆրոամերիկացիների հրապարակային խոսքում, ինչպես նաև լայնորեն տարածված լեզվական խտրականության և կրթական դժվարությունների խնդիրները, որոնց բախվում են աֆրոամերիկացիները։ Վերլուծվում են քաղաքական առաջնորդների, ինչպիսիք են Բարաք Օբաման և Մարտին Լյութեր Քինգը, ինչպես նաև հայտնի թոք-շոուի հաղորդավար Օփրա Ուինֆրիի, հրապարակային ելույթները՝ ընդգծելով նրանց սոցիալ-լեզվաբանական կոդափոխման ունակությունը, երբ խոսողը հարմարեցնում է իր արտասանությունը և անցում կատարում տարբեր լեզվական ոճերի ու բարբառների՝ կախված լսարանից և համատեքստից։ Ուսումնասիրության արդյունքները ապացուցում են, որ ԱԱԺԱ-ն ունի խորը պատմական և մշակութային արմատներ, ուստի՝ այն պետք է արժանանա պատշաճ ճանաչման և գնահատման՝ լեզվական իրավահավասարության ապահովման նպատակով։ Արդյունքներն ընդգծում են կրթական գործընթացում ԱԱԺԱ-ի և ստանդարտ ամերիկյան անգլերենի միջև լեզվական բացը լրացնելու համար հակադրողական վերլուծության ուսուցման մեթոդի ներմուծման անհրաժեշտությունը։ Դա կնպաստի լեզվական արդարությանը և ներառականությանը, հատկապես կրթական միջավայրում, որտեղ կոդափոխումը և հակադրողական մոտեցումները կարող են բարձրացնել գրագիտության մակարդակը և ակադեմիական առաջադիմությունը։
Բանալի բառեր՝ աֆրոամերիկյան ժողովրդական անգլերեն (ԱԱԺԱ), ստանդարտ անգլերեն, կրեոլ, բարբառ, լեզվբանական կառուցվածք, բառապաշարային հարստացում, միջին խավի աֆրոամերիկացիներ, ինքնության ցուցիչ, հրապարակային խոսք, կոդափոխում։
ԲԱՌԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՌԱՅԻՆ ԶՈՒԳԱԿՑՈՒՄՆԵՐԸ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոն,
բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դոցենտ
ԼԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Երևանի պետական համալսարան,
բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ
ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երևանի պետական համալսարան
Համառոտագիր
Հոդվածում ընդհանուր կողմերով ներկայացվում են արդի հայերենի գովազդային տեքստերում բառընտրության և բառազուգորդումների յուրահատկությունները: Խոսքի սեղմության և մատչելիության արժանիքները պահպանելու համար տեքստերում հաճախ գործածվում են համագործածական և խոսակցական բառեր, պատրաստի լեզվակաղապարներ և այլն: Բացի այդ` բառընտրության գործում մեծ դերակատարություն ունի թեմայի և թիրախավորված լսարանի հստակ որոշարկումը, քանի որ դրանք են նաև պայմանավորում, թե գովազդն ինչպիսի լեզվական հնարքներով պետք է ներկայացվի: Արդի գովազդներում ունենք սեղմ, հետաքրքրող և ներազդող տեքստեր, որոնք կազմված են ոլորտի «օրենքներով»: Բայց միաժամանակ կան այնպիսիք, որոնք սեղմ ժամանակի մեջ փորձում են մեծ ու սպառիչ տեղեկատվություն տալ` առանց նկատի առնելու բառընտրության և խոսքը լսարանին հասցեագրելու խնդիրները: Այս դեպքերում հոդվածում առաջարկվում են երկարաբան տեքստերի շտկման նմուշներ, որոնք կարող են օգտակար լինել հետագայում այդօրինակ սխալներից խուսափելու համար: Առանձնակի ուշադրություն է դարձվում այնպիսի բառերի ու արտահայտությունների զուգակցումներին, որոնք խոսքի` հոգեբանական ազդեցության դրսևորումներ են և մեծ ներուժ ունեն խթանելու ապրանքի/ծառայության սպառումը:
Բանալի բառեր` գովազդային տեքստի լեզու, թեմայի ընտրություն, բառակապակցումներ, անսովոր զուգակցումներ, խոսքի սեղմություն, լեզվական սխալ։
ԲԱՆԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ
ՍԻՐԱՆՈՒՇ ԴՈԽՈՅԱՆ
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի
օտար լեզուների խմբի ավագ դասախոս
Ժամանակակից աշխարհում միջլեզվային և միջմշակութային հաղորդակցության ոլորտը անընդհատ ընդլայնվում և բարդանում է՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, գլոբալացման հակասական միտումների և տեղեկատվության փոխանակման արագացման հետ: Սույն միտումներն առաջացնում են թարգմանիչ մասնագետների պահանջարկ, ովքեր լուծում են միջմշակութային շփումների կազմակերպման, թարգմանության, տեղեկատվության փոխանակման և մշակման գործընթացի նախագծման խնդիրները փոփոխվող սոցիալ-մշակութային համատեքստում: Մասնագետների պատրաստումը թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ոլորտում ներառում է լեզվական գիտելիքների ձևավորում և լեզվական միջոցների վերլուծության ու կիրառման գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական գործունեության համար: Թարգմանչությունը, որպես գիտություն, իր զարգացման ընթացքում առերեսվում է ավելի ու ավելի շատ խնդիրների, որոնք վերաբերում են տարբեր մշակույթների, լեզուների և միջավայրերի միջև փոխադարձ հասկանալի հաղորդակցական մեխանիզմների ստեղծմանը ու հընթացս զարացող թարգմանչական գործիքակազմի մշակում են ենթադրում: Փորձելով պատասխանել «Ինչպե՞ս թարգմանել» հարցին՝ հետազոտողները կենտրոնանում են թարգմանության տարբեր օբյեկտների վրա, որոնք հաճախ պահանջում են տարատեսակ գործիքակազմի կիրառություն: Սույն թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ թարգմանություններ կատարելիս թարգմանիչը բախվում է օտար և մայրենի լեզուների համակարգերի առանձին տարրերի նույնականացման, մեկ մշակույթի ռեալիաները այլ մշակույթի լեզվով ճշգրիտ թարգմանելու բարդ խնդրին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բանավոր թարգմանության մեթոդական գործիքակազմի ընտրության խնդիրներին։ Հետազոտության նպատակն է ներկայացնել բանավոր թարգմանության տեսակները, թարգմանության տարածքային, լեզվական և մշակութային առանձնահատկությունները։
Բանալի բառեր՝ բանավոր թարգմանություն, փորձառություն, մեկնաբանություն, թարգմանության տեսակներ, թարգմանության հմտություններ։
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ (ԱՆԳԼԵՐԵՆ) ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի
օտար լեզուների խմբի դասախոս
Համառոտագիր
Հակամարտություններով լի ժամանակակից միջավայրերում առաջնահերթ է դառնում միջազգային բարդ մարտահրավերներին պետությունների դիմակայումը և միջազգային փոխգործակցության խորացումը։ Պետությունների ներգրավումը միջազգային համագործակցության ձևերի մեջ արտահայտվում է համատեղ զորավարժություններին մասնակցությամբ, խաղաղապահ առաքելություններում ներգրավվածությամբ և կրթական ու վերապատրաստման ծրագրերում փորձի փոխանակմամբ։ Այս գործընթացներում անձնակազմի արդյունավետ մասնակցությունն ապահովվում է անգլերենի բավարար իմացությամբ։
ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացում օտար լեզուների ուսուցումը, մասնավորապես, անգլերենի ուսուցումը ռազմավարական նշանակություն է ստանում միջազգային առաջատար փորձը վերլուծելու, տարբեր պատերազմավարման մոտեցումները համեմատելու և ՀՀ զինված ուժերի համար առավել արդյունավետ մոդելներ մշակելու նպատակով, ինչը հնարավոր չէ առանց համաշխարհային փորձի իմացության: Այս իրողության համատեքստում անգլերենի դասավանդումը ռազմական ուսումնական հաստատություններում առաջնահերթ նշանակություն է ստանում։ Այն ոչ միայն զարգացնում է զինվորականների լեզվական հմտությունները, այլև նպաստում է մասնագիտական առաջընթացին և միջազգային ռազմական համագործակցության ընդլայնմանը։ Անհրաժեշտ է, որ սպաները կարողանան հաղորդակցվել, վերլուծել միջազգային փորձը, մասնակցել համատեղ զորավարժություններին, կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները։
Ուստի՝ ռազմական ուսումնական հաստատություններում անգլերենի դասավանդումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես լեզվական ուսուցում, այլ նաև որպես ռազմավարական զարգացման միջոց, որը նպաստելու է ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու միջազգային անվտանգության համակարգում ինտեգրմանը։
Բանալի բառեր՝ մարտահրավեր, ռազմական համագործակցություն, միջազգային փոխգործակցություն, ուսուցում, SWOT վերլուծություն։
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
կառավարման և տնտեսագիտության ամբիոնի վարիչ,
տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ
Համառոտագիր
Թեև ժամանակակից տնտեսական իրողություններում արտաքին տրանսֆերտները ֆինանսավորման կարևոր աղբյուր են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, երկրի տնտեսական աճի գործում վերջիններիս ազդեցության վերաբերյալ հստակ կոնսենսուս դեռ չի ձևավորվել։ Այս հարցում հիմնականում առկա են երկու հակադիր տեսակետներ։ Ուսումնասիրությունների մի խումբ հավաստում է, որ մակրոտնտեսական մակարդակում արտաքին տրանսֆերտները (դրամական փոխանցումները) հաճախ նպաստում են տնտեսական աճին` ապահովելով արտարժույթի ներհոսքի զգալի աղբյուր, ավելացնելով ազգային եկամուտն ու համախառն պահանջարկը, ֆինանսավորելով ներմուծումը և բարելավելով վճարային հաշվեկշիռը:
Միևնույն ժամանակ որոշ հեղինակներ ուշադրություն են դարձնում երկրի տնտեսության վրա մասնավոր արտասահմանյան տրանսֆերտների բացասական ազդեցությանը, մասնավորապես՝ արտահանմանն ուղղված ոլորտների մրցունակության կորստին, տնտեսության ուժեղ կախվածությանը օտարերկրյա փոխանցումներից, ռեսուրսների արտահոսքին արտադրական հատվածից դեպի սպասարկման ոլորտ, վճարային հաշվեկշռի վատթարացմանը, ինչպես նաև գնաճի մակարդակի աճին։
Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո՝ 2022 թվականի 2-րդ եռամսյակից Հայաստանի Հանրապետությունում կտրուկ ավելացել են օտարերկրյա մասնավոր տրանսֆերտների ներհոսքի ծավալը՝ Ռուսաստանում ձևավորված ֆինանսատնտեսական նոր իրողությունների և վերջինիս հանդեպ արևմտյան երկրների կողմից կիրառված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների պատճառով։ Դա կարճաժամկետ ժամանակահատվածում առաջացրեց, մասնավորապես, մասնավոր սպառողական ծախսերի առաջանցիկ աճ, որն իր հերթին խթանեց տնտեսական գործունեությունը Հայաստանի տնտեսության ոչ արտահանելի հատվածներում, ինչպիսիք են առևտուրը, շինարարությունը և ծառայությունները: Վերլուծելով արտաքին մասնավոր տրանսֆերտների զուտ հոսքերի ցուցանիշների և Հայաստանում տնտեսական աճի տեմպերի դինամիկան միանգամայն ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր տնտեսական աճի տարիներին արձանագրվել է նաև մասնավոր արտաքին տրանսֆերտների բարձր աճ, իսկ այն տարիներին, երբ արտասահմանյան մասնավոր տրանսֆերտները նվազել են, տնտեսական աճը բավականին ցածր է եղել կամ գրանցվել է տնտեսական անկում։ Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը շարունակում է մեծապես պայմանավորված լինել արտաքին գործոններով խթանվող ոչ արտահանելի ոլորտների աճով, ինչի պարագայում արտաքին գործոնների ազդեցության նվազման դեպքում տնտեսական աճը կտրուկ դանդաղում է կամ նույնիսկ անկում է գրանցվում։ Մինչդեռ, եթե տնտեսական աճը պայմանավորված լիներ արտահանվող ոլորտների աճով, ինչպիսիք են մշակող արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, ապա արտաքին ֆինանսական ռեսուրսներից կախվածությունն ավելի թույլ կլիներ, իսկ տնտեսական աճը՝ ավելի կայուն։
Բանալի բառեր՝ արտասահմանյան փոխանցումներ, զուտ ներհոսք, տնտեսական աճ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ
ԶԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի
նորարարությունների բաժնի ղեկավար,
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի
կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դասախոս,
տնտեսագիտության թեկնածու
ՏԱԹԵՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի
նորարարությունների բաժնի ինժեներ,
մագիստրոս
ԱՐՈՒՍ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի
ցանցային համագործակցության բաժնի ինժեներ,
մագիստրոս
ՇՈՒՇԱՆԻԿ ՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի
նորարարությունների բաժնի ավագ տեխնիկ,
մագիստրոս, ԳԿՄԿ շրջանավարտ
Համառոտագիր
Միջազգային գիտական կոնֆերանսները, սիմպոզիումներն ու ֆորումները առաջարկում և ընձեռում են եզակի հնարավորություն՝ բարձրացնելու հետազոտությունների արդյունքների մասին իրազեկությունն ավելի արագ և արդյունավետ, քան ցանկացած այլ հարթակ։ Հետազոտողները, գիտնականները, ուսանողները, մանկավարժներն ու ոլորտի մասնագետները պետք է օգտվեն իրենց հետազոտության արդյունքները ներկայացնելու բոլոր հնարավորություններից: ՄԳՀՍ[1] -ներում (Միջազգային գիտական համաժողվներ և սիմպոզիումներ) հոդվածների, իրական ներկայացումների և վիրտուալ զեկույցների ներկայացումն ու մատուցումը գիտելիքների համախմբման և փոխանակման արդյունավետ միջոց է: Բանախոսները հնարավորություն ունեն խոսելու և ներկայացնելու իրենց հետազոտության արդյունքներն ու նորարարությունները նմանատիպ և հարակից ակադեմիական ոլորտների գործընկերներին՝ ստանալով և՛ դրական արձագանքներ, և՛ կառուցողական քննադատություններ, որոնց միջոցով կարող են բարելավել հետազոտական աշխատանքի որակը: Հետաքրքրությունների ոլորտների վերաբերյալ մտքերի փոխանակումը սերմանում է գլոբալ կապերը՝ հիմք ստեղծելով ապագա համագործակցությունների համար: Շատերը, ովքեր ժամանակին պարզապես ՄԳՀՍ-ների մասնակից էին, այժմ աշխատում են աշխարհի խոշորագույն հետազոտական նախագծերի վրա՝ գրելով, մշակելով և հրապարակելով բեկումնային հետազոտական հետազոտություններ և ուսումնասիրություններ:
Գիտաժողովներում քննարկվող հետազոտությունների նոր մեթոդաբանությունները և նորարարությունները կարող են գործնականում կիրառվել և տարածվել գիտական տարբեր ոլորտներում։ Բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումները գրավում են ավելի մեծ ուշադրություն և մասնակցություն՝ մեծացնելով ընդհանուր ազդեցությունը գիտական հանրության վրա: ՄԳՀՍ-ի դեպքում օգտագործվող գործիքակազմը համապարփակ է, որը տարբերակվում է կախված սահմանված նպատակներից և հնարավոր ներդրումներից: ՄԳՀՍ-ները գիտնականների և նրանց արդյունքների շուկայավարման հարթակներից մեկն են, որոնք հիմնականում բիզնեսի կառավարման գործիք են գիտնականների, գիտական արդյունքների և իրադարձությունների համար:
Բանալի բառեր՝ գիտական համաժողովներ, նորարարություն, ազդեցություն, միջտարակարգային, գործիքակազմ։
ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. WACC-Ի ՀԱՇՎԱՐԿԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
ԱՇՈՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ֆինանսների ամբիոնի դասախոս,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՄԱՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ֆինանսների ամբիոնի դասախոս,
տնտեսագիտության թեկնածու
Համառոտագիր
Հոդվածում իրականացրել ենք Պեռնո Ռիկար կորպորացիայի ֆինանսական կարևորագույն ցուցանիշների գնահատումներ, նպատակ ունենալով բացահայելու կորպորացիայի կապիտալի կառավարման արդյունավետությունը։ Պեռնո Ռիկարը ֆրանսիական ընկերություն է, որի մասնաճյուղը գործում է նաև ՀՀ-ում՝ որպես գինիների և ոգելից խմիչքների լայն տեսականի արտադրող և վաճառող:
Հոդվածում Պեռնո Ռիկար կորպորացիայի տվյալների հիման վրա՝ գնահատել ենք կորպորացիայի՝ պարտքի և իրացումից հասույթի հարաբերակցության վարքագիծը, կապիտալի կառուցվածքի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները, ակտիվներով պարտավորությունների ապահովվածության մակարդակը, պարտքի սպասարկման կարողութունը, կապիտալի միջին կշռված արժեքը (WACC):
Կապիտալի միջին կշռված արժեքը (WACC) ներկայացնում է կապիտալի համակցված արժեքը բոլոր աղբյուրներից: Այնուամենայնիվ, WACC-ը կշռում է յուրաքանչյուր տեսակի կապիտալի արժեքը՝ ըստ ընդհանուր կապիտալի ընդհանուր տոկոսի: Այն կարող է ներառել պարտքի և սեփական կապիտալի տեսակներ, ինչպիսիք են՝ պարտատոմսերը, պարտքը՝ սովորական բաժնետոմսերի փոխարկելու օպցիոնով, բաշխելի պահուստները, թողարկված բաժնետիրական կապիտալը, վարձակալության ֆինանսավորումը, երկարաժամկետ ֆինանսներն՝ առանց սովորական բաժնետոմսերի փոխարկելու հնարավորության, երկարաժամկետ վարկերը, հիփոթեքային պարտատոմսերը, անբաշխելի պաշարները, արտոնյալ բաժնետոմսերը, պահպանված եկամուտը: Հատկանաշական ենք համարել կազմակերպության կապիտալի միջին կշռված արժեքի գնահատումը, քանի որ կարծում ենք, որ WACC-ը շահավետ է կազմակերպության կապիտալի կառուցվածքի յուրաքանչյուր կողմի արժեքը որոշելու նպատակով՝ հիմնված պարտքի, սեփական կապիտալի և արտոնյալ բաժնետոմսերի համամասնության վրա: Այն հաճախ օգտագործվում է որպես զեղչի դրույքաչափ ֆինանսական մոդելավորման մեջ՝ հատկապես NPV-ն հաշվարկելիս:
Բանալի բառեր՝ Պեռնո Ռիկար կորպորացիա, պարտքի և իրացումից հասույթի հարաբերակցություն, ակտիվներով պարտավորությունների ապահովվածության մակարդակ, շուկայական կապիտալիզացիա, կապիտալի միջին կշռված արժեքը (WACC)։
ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՄՆՎԱԾ ԼԻՍԻ ՉՈՐՍ ԳՈՐԾՈՆ ՄՈԴԵԼԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎՐԱ։ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ֆինանսների ամբիոնի դասախոս,
տնտեսագիտության թեկնածու
ani.grigoryan@asue.am
Համառոտագիր
Հոդվածում ուսումնասիրել ենք Դիագեո կորպորացիայի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ նպատակ ունենալով բացահայտել ամենառիսկային միտումները: Հետազոտության համար ընտրված ժամանակային լագ է համարվել վերջին 10 տարվա միտումը:
Դիագեո կորպորացիան խմիչքների արդյունաբերության մի մասն է: Վերջինիս բիզնեսը ներառում է ալկոհոլային խմիչքների մատակարարում այնպիսի ապրանքանիշերի հավաքածուի ներքո, ինչպիսիք են՝ “Johnnie Walker”, “Crown Royal”, “Buchanan's” և “Windsor” վիսկիները, “Smirnoff”, “Ciroc” և “Ketel One” օղիները:
Միայն 2024 թվականի առաջին կիսամյակում ընկերության շահաբաժինն աճել է գրեթե 6 տոկոսով, ինչը ոչ միայն խոստումնալից ցուցանիշ է, այլև ներդրողների տեսանկյունից գրավիչ։
Հոդվածում, մեթոդական գնահատման միջոցով, գնահատել ենք ընկերության շահութաբերությունը, որի համար վերլուծել ենք սեփական կապիտալի եկամտաբերությունը, տնտեսական շահութաբերությունը և ակտիվների զուտ եկամտաբերությունը:
Հաշվի առնելով իրականացված վերլուծության պատկերը և գնահատման ընթացքում արձանագրված ցուցանիշները, առանցքային ենք համարել ընկերության սնանկության ռիսկի գնահատման անհրաժեշտությունը: Այդ նպատակով օգտագործել ենք միջազգային պրակտիկայում լայն կիրառություն գտած Ռ. Լիսի սնանկության ռիսկի գնահատման մոդելը: Մոդելի տեղայանացման արդյունքում արձանագրված գնահատականն ընկերության համար ընկալվում է անվտանգ ֆինանսական իրավիճակ:
Բանալի բառեր՝ սեփական կապիտալի եկամտաբերություն, տնտեսական շահութաբերություն, ակտիվների զուտ եկամտաբերություն, շահութաբերության գնահատում, ռիսկի գնահատում, Լիսի մոդել։
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՏԵՍԱ-ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԽԻԹԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
կառավարման ամբիոնի հայցորդ
Համառոտագիր
Հանրակրթության ոլորտի կառավարումը սոցիալական գիտությունների տեսական և գործնական ոլորտ է, որն ուղղված է կրթական համակարգի ռազմավարության մշակմանը, կրթական գործընթացների պլանավորմանն ու մոնիթորինգին, ընթացիկ կառավարման խնդիրների բացահայտմանը և դրանց արդյունավետ լուծմանը: Հանրակրթության ոլորտի կառավարումը դարձել է կրթական համակարգի անբաժանելի մասը, քանի որ կրթական գործընթացների կազմակերպումն ու իրականացումն անհնար է առանց կառավարման մեխանիզմների և հմտությունների կիրառման: Ավելին, հանրակրթության կառավարման ոլորտը դարձել է հասարակության կրթական կարիքների և պետության ռազմավարական նպատակների միջև կապող օղակը, ուստի՝ հանրակրթության ոլորտի կառավարումը ոչ միայն տեսական գիտելիքի ձևավորման ոլորտ է, այլև ունի գործնական և սոցիալական մեծ նշանակություն։
Հանրակրթության կառավարման ոլորտում գիտական մտքի ձեռքբերումներին զուգընթաց պետք է նշել, որ ժամանակակից հասարակությունների արագ զարգացումը պահանջում է տեսական կառավարման մոդելների պարբերական վերանայում և համապատասխանեցում հասարակության ներկայիս կրթական կարիքներին: Կառավարման մոդելի ընտրության չափանիշների մշակման անհրաժեշտությունը պայամանվորված է կրթական համակարգի վերաբերյալ ժամանակակից սոցիալական պահանջներով և սպասելիքներով: Հանրակրթության կառավարման ոլորտում այսօր արդեն իսկ ի հայտ են եկել այնպիսի խնդիրներ, որոնցից առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում հետևյալ խնդիրները.
- պրակտիկայում կառավարման տարբեր մոդելների առկայությունը և դրանց տեսական հիմնավորման բացակայությունը,
- կրթական համակարգերի կառավարման մոդելների ֆորմալ ընտրությունը,
- հակասությունները կրթական համակարգում բազմաթիվ փոփոխությունների և այդ փոփոխությունները կառավարելու նպատակով մոդելների տեսամեթոդական հիմնավորվածության բացակայության միջև:
Հանրակրթության կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված տեսական և գործնական առաջարկությունների ձևակերպման համար ուսումնասիրվել են կառավարման մոդելների ձևավորման միտումները և դրանց էական բնութագրերը: Այս հետազոտության նպատակներից ներառում են սոցիալական կապերի հիմնական բնութագրերի նկարագրությունը, որոնք կազմում են հանրակրթական դպրոցների և հասարակության միջև փոխհարաբերությունների հիմնական կոնֆիգուրացիաները, և տարբեր երկրների ժամանակակից դպրոցներում գերիշխող կառավարման մոդելների տիպաբանության կառուցումը: Այս նպատակները ձևավորվել են հանրակրթության կառավարման ոլորտում միջազգային փորձի համեմատական ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված որակական տվյալների հիման վրա:
Բանալի բառեր` Հանրակրթության ոլորտի կառավարում, կառավարման մոդելներ, կրթական հոլդինգ, կոնսորցիում, կլաստեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ԲԱԳՐԱՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ
Համառոտագիր
Արդի աշխարհակարգում Հայաստանը ձգտում է հավասարակշռել իր հարաբերությունները հարևան երկրների, տարածաշրջանային տերությունների և միջազգային դերակատարների հետ՝ միաժամանակ հետապնդելով սեփական ազգային շահերը և անվտանգային նպատակները։ Այս համատեքստում Հայաստանը մշակում և իրականացնում է իր անվտանգության քաղաքականությունը, որն ունի բազմակողմանի բնույթ և ընդգրկում է տարբեր ոլորտներ ու մակարդակներ: Ազգային անվտանգության ապահովումն անվտանգային քաղաքականության հիմնարար խնդիրն է, որը հետամուտ է այնպիսի նպատակների իրականացմանը, ինչպիսիք են՝ ոչ միայն ազգի գոյապահպանության, պետականության, հասարակական-քաղաքական կյանքի ամրապնդման ու զարգացման դեմ ուղղված սպառնալիքներից պաշտպանություն, այլ նաև դրանք կանխարգելող միասնական ու համակարգված կառուցակարգերի նախատեսում և իրագործում:
Հայաստանի Հանրապետությունում անցած տարիների ընթացքում ընդունվել են տարբեր անվտանգային փաստաթղթեր, որոնք, նպատակաուղղված լինելով անվտանգության ապահովմանը, կատարողականության առումով փաստացի չեն ապահովել դրանցով նախանշված խնդիրների համընդգրկուն կարգավորումը: Այդպիսի անվտանգային փաստաթղթերի շարքում առաջին հերթին առանձնանում է ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս համատեքստում ազգային անվտանգության ռազմավարության մշակման կարևոր հարցերից է կոնկրետ մեթոդաբանության ընտրությունը: Որպես հիմնական ուղղություններ՝ առանձնացվում են հետևյալ երկու եղանակները. ազգային անվտանգության համակարգային կայացում, դրա հիման վրա ոլորտային ռազմավարությունների ստեղծում և առանձին ոլորտային ռազմավարությունների մշակում, դրանց համընդհանրացմամբ մեկ ամբողջական փաստաթղթի ստեղծում: Հայաստանում փաստացի կիրառվել է առաջին եղանակը: Այս հոդվածում քննարկվում են ազգային անվտւանգության ռազմավարության մշակման մեթոդաբանական հիմնահարցերը։ Ներկայացվում են 2007 և 2020 թվականների Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունների միջև փաստաթղթավորման համեմատական վերլուծության արդյունքները։
Բանալի բառեր՝ ազգային անվտանգություն, ռազմավարություն, մեթոդաբանություն, քաղաքական նպատակ, վերջնանպատակ, վերլուծություն:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
ԱՆԱՀԻՏ ՇԱՀՈՒՄՅԱՆ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի
ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ,
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի
և իրավունքի ինստիտուտի հայցորդ
Համառոտագիր
Ժամանակակից պետությունների կյանքում քաղաքացիական վերահսկողության և հասարակական կազմակերպությունների քաղաքական նշանակության մեծացումը պայմանավորված է հատկապես միջազգային ունիվերսալ պայմանագրերով պետությունների ազատականության մոդելի կիրառման հնարավորության ընդլայնմամբ: Այն նվազեցնում է պետության հասարակական (հատկապես՝ սոցիալական) պատասխանատվությունը, կազմակերպման-կառավարման գործառույթները՝ դրանք փոխանցելով ոչ պետական, հատկապես հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության գործառույթ:
Անվտանգային արդի գործընթացներում առավել մեծ քաղաքական (աշխարհաքաղաքական) նշանակություն ունեն քաղաքացիական վերահսկողության այն կառուցակարգերը, որոնք ֆինանսավորվում են միջազգային կազմակերպությունների, արևմտյան (մասնավորապես՝ ամերիկյան և եվրոպական) ֆոնդերի կողմից: Դրանց գերակշիռ մասի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում ուղղվում է նաև պետությունների ազգային անվտանգության երաշխավորմանը և բնականոն կենսագործունեության ապահովմանը:
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի կառուցվածքում իրենց ուրույն տեղն ու դերն ունեն ոչ պետական կառույցները, որոնցից կարելի է առանձնացնել քաղաքացիական հասարակությունը (մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունները), այդ թվում` ԶԼՄ-ները: Ազգային անվտանգության ապահովման համակարգում նմանատիպ մասնակցությունը խոսում է կայացած ժողովրդավարական համակարգի առկայության մասին: Դրանք այն օժանդակող սուբյեկտներն են, որոնք ստիպում են իշխանությանը պետական քաղաքականություն իրականացնելիս հաշվի առնել հասարակության տարբեր խմբերի բազմաբնույթ պահանջներն ու շահերը՝ ազդելով անվտանգության ոլորտի վերաբերյալ որոշումների ընդունման վրա:
ՀՀ ազգային անվտանգության ապահովման համակարգի վերահսկման, ինչպես նաև ազգային անվտանգության քաղաքականության կենսագործումն ապահովելու համար կարևոր նշանակություն ունի նաև համակարգված և հետևողական դիտարկումների անցկացումը: Ազգային անվտանգության ապահովման բնագավառի դիտարկումն ազգային անվտանգությանն ու դրա ապահովմանն ուղղված քաղաքականությանն առնչվող երևույթների, գործընթացների (կոնկրետ հիմնախնդրի, ծրագրի) վերաբերյալ համակարգված տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունն է: Արդյունավետ դիտարկումն անհրաժեշտ է պետության համար ռազմավարական նշանակության ոլորտներում տեղի ունեցող գործընթացների գնահատման, հետագա ընթացքի կանխատեսման և անհրաժեշտ որոշումների կայացման նպատակի իրականացման համար: Արդյունքում այդ դիտարկումը նպաստում է տվյալ ոլորտներում իրականացվող քաղաքականության բարելավմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Երկրի անվտանգության ամրապնդման, պետական կառավարման մարմինների գործունեության համակարգման, ռազմավարական ծրագրերի մշակման և արդյունավետ իրականացման, ինչպես նաև այլ պետությունների հետ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով համագործակցության համար էական նշանակություն ունի ՀՀ ազգային անվտանգության կառուցակարգերի և իրականացվող քաղաքականության դիտարկումը, որը հիմնականում համակարգվում է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից: Դիտարկման արդյունքներով ձևավորված վերլուծական-տեղեկատվական բազան հիմք է հանդիսանու<






