ԿԱՃԱՌ/ԱԿԱԴԵՄԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
II, 2025
Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից
ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ
ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
կառավարման ամբիոնի դոցենտ,
հոգեբանական գիտությունների թեկնածու
ՆԱԻՐԱ ՍԱՐՀԱՏՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ
Մ. Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի հայցորդ
Համառոտագիր
Հոդվածում ուսումնասիրվում է երիտասարդ ամուսինների կոնֆլիկտային փոխազդեցության և նրանց ծնողների ընտանեկան կյանքի նկատմամբ դիրքորոշումների փոխկապակցվածությունը՝ կենտրոնանալով սերնդային փոխանցման հոգեբանական մեխանիզմների վրա։
Հետազոտության նպատակն է՝ բացահայտել, թե ինչպես են ծնողական վարքի մոդելներն ազդում երիտասարդ զույգերի ամուսնական հարաբերություններում կոնֆլիկտայնության վրա։ Որպես մեթոդական գործիքներ՝ օգտագործվել են Ե. Շեֆերի և Ռ. Բելլի ծնողական դիրքորոշումների ուսումնասիրության (PARI) և կոնֆլիկտային իրավիճակներում ամուսինների փոխազդեցության բնույթի (ԿԻԱՓԲ) ուսումնասիրության մեթոդիկաները 180 հետազոտվողների շրջանում․ ընդգրկվել են կոնֆլիկտային և ոչ կոնֆլիկտային զույգեր ու նրանց ծնողներ։ Արդյունքները ցույց են տվել, որ կոնֆլիկտային զույգերը ժառանգում են ծնողների կոնֆլիկտային օրինաչափությունները, հատկապես՝ երեխայի դաստիարակության, դերային սպասումների և վարքի նորմերի ոլորտներում։ Մինչդեռ ներդաշնակ զույգերն արտացոլում են ծնողական փոխհամաձայնեցված վարք։
Հիմնական եզրահանգման համաձայն՝ ամուսնական տարաձայնությունները հաճախ արմատավորված են սերնդային փոխանցման կապերի մեջ և պահանջում են համակարգային մոտեցում։ Հետազոտությունն ընդգծում է ընտանեկան խորհրդատվության դերը՝ օգնելու զույգերին ճանաչել ժառանգված վարքի մոդելները, վերաիմաստավորել դերերը և ձևավորել հուզական կայուն հարաբերություններ։ Առաջարկվում է հետագա ուսումնասիրություններում ուշադրություն դարձնել մշակութային և սոցիալական փոփոխությունների ազդեցությանը ընտանեկան փոխհարաբերությունների դինամիկայի վրա։
Բանալի բառեր՝ երիտասարդ ամուսիններ, ընտանեկան կոնֆլիկտներ, սերնդային փոխանցում, ծնողական վարք, դերային սպասումներ, դաստիարակություն։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔՈՓԻՆԳ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿ ԱՎԱԳԻՄՅԱՆ
ՎՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ,
հոգեբանական գիտությունների թեկնածու
ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՎՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս,
ՀՊՄՀ ակադեմիկոս Մ. Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոն հայցորդ
ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ակադեմիկոս,
Մ. Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի հայցորդ
Համառոտագիր
Հոդվածում վերլուծվում է Հայաստանի և Արցախի տարբեր ժամանակաշրջանների (1990-ականներ, 2016, 2020, 2021–2023 թթ.) մարտական գործողություններին մասնակցած 200 կոմբատանտների քոփինգ ռազմավարությունները։ Օգտագործելով բազմաչափ վիճակագրական վերլուծություն (MANCOVA) և վավերացված հոգեչափական գործիքներ՝ աշխատանքը բացահայտում է զգալի տարբերություններ հարմարվողական մեխանիզմներում՝ կապված պատերազմի բնույթի և սոցիալ-քաղաքական համատեքստի հետ։
Հիմնական բացահայտումներից է, որ Արցախյան առաջին և Ապրիլյան կարճատև պատերազմների վետերանների շրջանում բարձր սթրեսակայունության պատճառով գերակշռում են ակտիվ ռազմավարություններ (ինքնատիրապետում, պլանավորում), մինչդեռ կրկնակի տրավմայի ենթարկված մասնակիցները դրսևորում են հարմարվողականության նվազեցված արդյունավետություն։ Վերջին տարիների մարտերին մասնակցած անհատները հակված են դրական վերագնահատման՝ պայմանավորված սոցիալական համախմբվածությամբ և հետտրավմատիկ աճով։
Արժեքային մակարդակում ակնառու է ունիվերսալիզմի և անվտանգության բարձր պահանջմունքը վերջին տարիների մարտական գործողություններին մասնակցածների խմբերում՝ կապված անորոշության և կորուստների վերաիմաստավորման հետ։ Փախուստ-խուսափման ռազմավարությունը զգալիորեն նվազեցնում է սթրեսակայունությունը՝ հատկապես բազմակի տրավմայի դեպքում։
Ուսումնասիրությունն ընդգծում է կրկնակի տրավմայի կուտակային բացասական ազդեցությունը և անհրաժեշտությունը տարբերակված ռեաբիլիտացիոն ծրագրերի մշակման՝ հաշվի առնելով պատերազմի ժամանակաշրջանը, անհատի ռեսուրսներն ու մշակութային համատեքստում սոցիալական աջակցության դերը։
Բանալի բառեր՝ քոփինգ ռազմավարություններ, պատերազմ, արժեքային կողմնորոշումներ, սթրեսակայունություն, ՀՏՍԽ, ՀՏԱ:
ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ԼԱՉԻՆՅԱՆ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի դոցենտ,
հոգեբանական գիտությունների թեկնածու
lachinyanlilit54@aspu.am
ԴԱՅԱՆԱ ՄԱՋԴԱԼԱՆԻ
Քասլիքի Սուրբ հոգի համալսարան,
մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ
dmajdalany@gmail.com
ՄԱՐԻ ՂԱԶԱՐԵԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Մ. Մազմանյանի անվան
հոգեբանության ամբիոնի հայցորդ
Համառոտագիր
Հոդվածում ներկայացվում է Լիբանանի կրթական համակարգում գործող մասնագետների հետ իրականացրած հոգեբանական հետազոտության արդյունքները, որտեղ մասնավորապես շեշտադրվում է սոցիալական կարծրատիպերի և հուզական ինտելեկտի փոխազդեցության խնդիրը: Վերջինս լուսաբանում է մանկավարժական հաստատություններում հանդիպող սոցիալական կարծրատիպերի բացասական ազդեցությունը, որոնք ազդում են կրթության որակի և արդյունավետության վրա: Հուզական ինտելեկտի և սոցիալական կարծրատիպերի միջև կապը բացահայտվել է ինչպես կրթական հաստատություններում գործող մանկավարժների, այնպես էլ սովորողների շրջանում: Հետազոտության արդյունքները բացահայտում են հուզական ինտելեկտի և սոցիալական կարծրատիպերի միջև նշանակալի հակադարձ կապ: Ավելի բարձր հուզական ինտելեկտ ունեցող մանկավարժներն ավելի հակված են ճանաչելու անհատական տարբերությունները, կառավարելու իրենց սեփական կողմնակալությունները և խթանելու ներառական, կարեկցող դասարանային միջավայրեր: Հետազոտությունն ընդգծում է հուզական ինտելեկտի կարևոր դերը կարծրատիպերի վրա հիմնված մտածողության նվազեցման և մանկավարժական արդյունավետության բարձրացման գործում: Հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա հոդվածում ներկայացվում են առաջարկություններ և ուղեցույցներ կրթական հաստատությունների և մանկավարժների համար, որոնք նպատակ են հետապնդում պայքարել սոցիալական կարծրատիպերի դեմ մանկավարժական հաստատություններում:
Բանալի բառեր՝ սոցիալական կարծրատիպեր, հուզական ինտելեկտ, սոցիալական հմտություններ, մանկավարժ, կրթական համակարգ:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՈԶԻՏԻՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՄԱՐԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի
կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս
Համառոտագիր
Հոդվածում ուսումնասիրվել են հոգեբանական ռեսուրսների ակտիվացման և զարգացման հնարավորությունները՝ պոզիտիվ հոգեթերապիայի տեսական մոտեցման համատեքստում։ Վերլուծության առանցքում են անհատի առաջնային (բնածին) և երկրորդային (ձեռքբերովի) ունակությունները, որոնք դիտարկվում են որպես ինքնաիրացման, հարմարվողականության և հոգեկան կայունության ապահովման հիմնական մեխանիզմներ։ Հոդվածում ներկայացված տեսական վերլուծությունը հիմնված է տարբեր հոգեբանական ուղղությունների գաղափարների համադրման վրա՝ ուշադրություն դարձնելով անձի ներուժի դրսևորման, ներքին ռեսուրսների ակտիվացման և դրանց փոխկապակցվածության հարցերին։ Պոզիտիվ հոգեթերապիան, որպես մեթոդ, առաջարկում է ռեսուրսների բացահայտման և վերաիմաստավորման գործիքներ։ Այսօր, երբ արտաքին աշխարհի անորոշությունը, սոցիալ-մշակութային փոփոխությունները և տարաբնույթ սթրեսորները խորապես անդրադառնում են անհատի հոգեկանի վրա, հոգեբանական ռեսուրսների հիմնախնդիրը դառնում է հրատապ և նպատակային քննարկման առարկա։ Այս առումով, ռեսուրսների գիտակցված զարգացումն ու գործարկումը կարող են էապես նպաստել ոչ միայն հոգեկան կայունության պահպանմանը, այլև արդյունավետ սոցիալական ադապտացիային, մասնագիտական կայունությանը և կյանքի որակի բարելավմանը։
Բանալի բառեր՝ հոգեբանական ռեսուրսներ, առաջնային և երկրորդային ունակություններ, անձնային աճ, ինքնաճանաչում, արժեհամակարգ։
ԱՆՁԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՅԼՈՑ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՏԱԹԵՎԻԿ ՎԱԹՅԱՆ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի
հոգեբանության ամբիոնի հայցորդ
Համառոտագիր
Ժամանակակից հասարակությունների արագ զարգացումը, միջմշակութային հարաբերությունների բազմաշերտ բնույթը, ինչպես նաև ներգաղթի և արտագաղթի գործընթացները ցույց են տալիս այլոց ընկալմանն առնչվող հարցերի ուսումնասիրության և հոգեբանական գիտության մեջ նոր մոտեցումներ ներկայացնելու անհրաժեշտությունը։ Ժամանակի ընթացքում այլոց պատկերացումներն որոշակի փոփոխություններ են կրել, այդ պատճառով արդի հասարակության մեջ այլոց ընկալման բազմակողմանի վերլուծությունն առանձնակի կարևորություն ունի։ Հոդվածում ուսումնասիրվել են ժամանակակից հայաստանյան միջավայրում ձևավորվող անձի արժեքային կողմնորոշումները, որոնք արտահայտվում են այլոց ընկալման համատեքստում։ Վերլուծության են ենթարկվել արժեքային կողմնորոշումների տեսական մոդելները, ինչպես նաև ժամանակակից կողմնորոշումների դրսևորումները համեմատվել են անձի հոգեբանական սուվերենության գաղափարների հետ։ Որակական և քանակական վերլուծության արդյունքում հնարավոր է դարձել բացահայտել «ես–այլք» դիխոտոմիկ ընկալումների համալիրը, որը ուսումնասիրվել է ժամանակակից հայ երիտասարդության շրջանում։
Բանալի բառեր՝ այլոց ընկալում, արժեքային կողմնորոշում, ինքնիշխանություն, կայունություն, արժեքների հիերարխիա։
ԱԴԴԻԿՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
հոգեբանության ամբիոնի հայցորդ
kristine.petrosyan@edi.isec.am
Համառոտագիր
Անձի զարգացման և սոցիալականացման սոցիալ-հոգեբանական գործընթացները լայնորեն հետազոտվել են հոգեբանական տարբեր ուսումնասիրություններում: Սոցիալականացման հիմնախնդիրը հոգեբանների ուշադրության կենտրոնում է ինչպես անձի տարիքային և հոգեֆիզիոլոգիական զարգացման, այնպես էլ հասարակությունում անձի հաղորդակցական հմտությունների և սոցիալական նորմերի ու արժեքների յուրացման տեսանկյուններից: Այդուհանդերձ, հոգեբանական գիտակարգում մեծանում է մասնագետների հետաքրքրությունը անձի սոցիալականացման գործընթացում տեղի ունեցող իմացական, վարքային և հուզական բաղադրիչների բացասական վերափոխումների և դեստրուկտիվ դրսևորումների հանդեպ: Հոգեբանական գիտակարգում հիմնախնդրի վերաբերյալ աճող հետաքրքրությունը թերևս պայմանավորված է թե՛ անձնային, թե՛ հասարակական մակարդակներում տեղի ունեցող սոցիալ-հոգեբանական տարաբնույթ գործընթացների ուսումնասիրման անհրաժեշտությամբ: Ժամանակակից հասարակությունների արագընթաց զարգացման պայմաններում ի հայտ են գալիս անձի հոգեկան առողջությանը վտանգ ներկայացնող բազմաթիվ դեստրուկտիվ երևույթներ և անձի գիտակցության և ընկալումների աղճատումներ: Պատահական չէ, որ ժամանակակից հոգեբանական գիտությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անձի ադդիկտիվ վարքային մոդելների ձևավորման և զարգացման հիմնախնդիրների ուսումնասիրություններին: Այժմ կարելի է խոսել արդեն սոցիալականացման ադդիկտիվ ձևի մասին, երբ անձը յուրացնում է հասարակական արժեքներ ու սոցիալական նորմեր, որոնք ընկալվում են որոշակի աղավաղումներով և աղճատումներով, ինչի արդյունքում խորանում և ամրապնդվում են ադդիկտիվ վարքային մոդելներն ու ռազմավարությունները։ Այն իր հերթին բացասական հետևանք է թողնում անձի ինքնադրսևորվման և ինքնառեալիզացիայի գործընթացի վրա: Հաշվի առնելով հիմնախնդրի արդիականությունը և կարևորությունը՝ մեր կողմից իրականացվել է ադդիկտիվ սոցիալականացման հոգեբանական գնահատման տեսամեթոդաբանական հիմքերի վերլուծություն: Ուսումնասիրվել են հոգեբանական տարբեր մոտեցումներ, որոնք յուրովի մեկնաբանում են ադդիկտիվ սոցիալականացման էությունն ու առանձնահատկությունները: Հետազոտության արդյունքում ներկայացվում է ադդիկտիվ սոցիալականացման հոգեբանական գնահատման հեղինակային մեթոդաբանություն, որը նպատակ ունի նորովի լուսաբանելու անձի սոցիալականացման ֆենոմենը ժամանակակից հասարակությունում, ինչը կարող է հիմք հանդիսանալ ադդիկտիվ սոցիալականացման մեթոդաբանության գործնական կիրառության համար:
Բանալի բառեր՝ ադդիկտիվ սոցիալականացում, Ես-կոնցեպցիա, ներանձնային կոնֆլիկտ, զարգացում, ինքնառեալիզացիա:
ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ՓԱՓՈՒԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
օտար լեզուների ամբիոնի վարիչ,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԼԻԼԻԹ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
մասնագիտական անգլերեն լեզվի դասախոս
ԿԱՌՈԼԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
թուրքերեն լեզվի դասախոս
ՅԱՆ ԲՈՀՄ
Վերին Ավստրիայի Կրթության համալսարանի պրոֆեսոր,
Համեմատական կրթության և միջազգային կրթական համակարգերի դոկտոր
Համառոտագիր
Սույն հոդվածում ներկայացվում է «Տեղահանված հայ երիտասարդների փափուկ և մասնագիտական հմտությունների զարգացում» նախագծի կառուցվածքը, նրա իրականացման ընթացքի և արդյունքների նկարագրությունը։ Հատուկ մշակված կրթական այս նախագիծը նպատակաուղղված էր հետպատերազմյան Հայաստանում կոնֆլիկտից տուժած երիտասարդների կարողությունների զարգացմանը։ 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո ընդհատվեց բազմաթիվ երիտասարդ հայերի կրթությունը, նրանք ենթարկվեցին սոցիալական մարգինալացման, նվազեցին նրանց մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կամ ունեցած հմտությունները կիրառելու հնարավորությունները․ խնդիրներ, որոնք հաճախ անտեսվում են արտակարգ իրավիճակների արձագանքման շրջանակներում։ Նախագիծը, որը իրականացրել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, նպատակ ուներ լրացնել այդ բացը՝ զարգացնելով մասնակիցների փափուկ և մասնագիտական հմտությունները՝ հաղորդակցություն, քննադատական մտածողություն, ինքնակենսագրության կազմում և ժամանակի կառավարում։
Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է տեղահանված բնակչության, մասնավորապես՝ երիտասարդության համար, որոնց երկարաժամկետ ինտեգրումն ու դիմակայունությունը կախված են ինչպես հոգեսոցիալական աջակցությունից, այնպես էլ աշխատունակության հմտությունների զարգացման հնարավորությունից, փափուկ և մասնագիտական հմտություններին ուղղված կրթական մոդելների ձևավորման հրատապ անհրաժեշտությունից։ Նախագիծը հիմնված էր մարդկային կապիտալի տեսության, սոցիալական ինտեգրման տեսության, տրանսֆորմատիվ ուսուցման և դիմակայունության շրջանակի տեսական հիմքերի վրա։ Նախագծի գնահատումը իրականացվել է խառը մեթոդաբանությամբ՝ համատեղելով քանակական և որակական տվյալների վերլուծությունը։
Ուսումնասիրության հիմնական արդյունքները վկայում են մասնակիցների ինքնավստահության, գործնական հմտությունների և սոցիալական ներգրավվածության նկատելի աճի մասին։ Մասնակիցների շրջանում անցկացված հարցումներից պարզվեց, որ զգալիորեն զարգացել են նրանց մասնագիտական և փափուկ հմտությունները, իսկ դասընթացի ժամանակ ունեցած ուժեղ հուզական ապրումները նպաստել են ներհամայնքային կապերի ձևավորմանը և ամրապնդմանը։ Բացի այդ, նախագիծը ոգեշնչել է մասնակիցներին՝ իրականացնելու հետագա նախաձեռնություններ, ինչը վկայում է նախագծի կայունության և տեղայնացված լինելու մասին։ Այս արդյունքներն ընդգծում են հետպատերազմական կրթության մեջ համապարփակ, սովորողակենտրոն մոտեցումների և փափուկ հմտությունների ծրագրերի ներառման կարևորությունը տեղահանված երիտասարդների վերականգնման ազգային ռազմավարությունների մեջ։
Բանալի բառեր՝ տեղահանված երիտասարդություն, փափուկ հմտություններ, մասնագիտական հմտություններ, հետպատերազմյան կրթություն, Հայաստան, դիմակայունություն, աշխատունակություն, տրանսֆորմատիվ ուսուցում, սոցիալական ինտեգրում, երիտասարդության հզորացում, դասընթացի գնահատում, հոգեսոցիալական աջակցություն, կայուն զարգացում։
ԲԻԶՆԵՍ ԽՈՍՈՒՅԹԻ ԻՄԱՍՏԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
լեզուների ամբիոնի դոցենտ,
բանասիրական գիտությունների թեկնածու
ՎԻԿՏՈՐՅԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
լեզուների ամբիոնի դոցենտ,
բանասիրական գիտությունների թեկնածու
ՇՈՒՇԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
լեզուների ամբիոնի դասախոս
shushanghazaryan1983@gmail.com
Համառոտագիր
Արդի լեզվաբանական գրականությունը ներկայացնում է «խոսույթ»-ի (discours) տարբեր սահմանումներ։ Նշանակալի է խոսույթի բացատրության կոգնիտիվ-հաղորդակցական մոտեցումը, համաձայն որի` այն համապարփակ երևույթ է, գործընթացի և արդյունքի ամբողջություն, որը ներառում է ինչպես լեզվական, այնպես էլ արտալեզվական հայեցակետեր (Fairclough, 1989)։
Խոսույթ, գործարար խոսույթ, բիզնես խոսույթ․ այս հասկացությունների վրա է հենվում սույն ուսումնասիրությունը: Այս հասկացությունները լեզվաբանական որոշակի շրջանակներում նույնացվում են, բայց կա նաև դրանք հստակորեն առանձնացնելու տեսակետ: Նշված հասկացությունները հնարավոր է բնութագրել և ուսումնասիրել առավել համակողմանիորեն:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բիզնես խոսույթը որոշակիորեն տարբերվում է գործարար խոսույթից: Սա պայմանավորված է ժամանակակից բիզնես աշխարհի զարգացումներով, որտեղ կարևոր դեր է կատարում հաղորդակցումը՝ լեզվական և արտալեզվական մի շարք գործոններով:
Ուսումնասիրության շրջանակում անդրադարձ է կատարված բիզնես խոսույթի հիմնական տեսակներին, ենթատեսակներին, դրանց առանձնահատկություններին, լեզվական և արտալեզվական հիմնական միջոցներին, որոնք նպաստում են բիզնես հարթակում տպավորիչ, ազդեցիկ ու նպատակային խոսք ձևավորելուն:
Բիզնես խոսույթի ենթատեսակները ներկայացնելիս, տարբեր օրինաչափություններ քննարկելիս՝ օրինակները մեջբերվել են գործարար աշխարհում հանրահռչակ Մարկ Ցուկերբերգի, Ջեֆ Բեզոսի և Բիլ Գեյթսի տարբեր ելույթներից, որոնք առատ և հետաքրքիր նյութ են տալիս տվյալ ուսումնասիրության համար։
Բանալի բառեր՝ խոսույթ, հաղորդակցություն, բիզնես խոսույթ, բանավոր ելույթ, վերբալ խոսք, արտալեզվական գործոն:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ՄԱՐՈ ԴԵԹԼՈՖՖ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի
կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դասախոս,
ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Համառոտագիր
Միջազգային տրանսպորտային միջանցքներին և գլոբալ մատակարարման շղթաներին ինտեգրումը տնտեսական ակտիվության ընդլայնման և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման հիմնական նախապայմաններից մեկն է։ Այս համատեքստում լոգիստիկ համակարգերի զարգացումն առանցքային նշանակություն ունի՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետությանը, առևտրի ծավալների ավելացմանը և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։ Հայաստանի Հանրապետության համար, որն ունի ռազմավարական դիրք Հարավային Կովկասում, լոգիստիկ համակարգի կատարելագործումը կարևոր գործոն է միջազգային փոխադրումների և տարանցիկ շարժի կազմակերպման տեսանկյունից։ Սակայն ներկայումս Հայաստանի լոգիստիկ կարողությունները զգալիորեն սահմանափակված են աշխարհագրական մեկուսացվածության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների, ինչպես նաև ենթակառուցվածքների և մաքսային գործընթացների թերությունների պատճառով։ Այս խնդիրները դրսևորվում են նաև «Լոգիստիկ կատարողականի ինդեքսում» (Logistics Performance Index – LPI) պետության ցածր դիրքերում, մասնավորապես՝ մաքսային գործընթացների արդյունավետության, ենթակառուցվածքային որակի և մատակարարման շղթաների ժամանակայնության բաղադրիչներով։
ՀՀ տրանսպորտային համակարգը երկրի տնտեսության զարգացման և տարածաշրջանային ինտեգրման ռազմավարական հենասյուներից մեկն է։ Որպես ազգային տնտեսության առանցքային ենթակառուցվածք՝ այն զգալի դեր է կատարում երկրի լոգիստիկ կարողությունների ձևավորման և տարանցիկ հնարավորությունների զարգացման գործում։ Հայաստանի լոգիստիկ համակարգը գերազանցապես հիմնված է ավտոմոբիլային փոխադրումների վրա, ինչը սահմանափակում է բազմատեսակ փոխադրումների զարգացման հնարավորությունները և խոչընդոտում երկրի արդյունավետ ինտեգրումը տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներին:
«Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի և «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնության զարգացումը կարող են վերածել Հայաստանը տարանցիկ հանգույցի՝ կապելով Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները։ Հայաստանի լոգիստիկ համակարգի արդիականացմանը զուգահեռ՝ կարևոր է մաքսային ընթացակարգերի պարզեցումը, թվայնացման ներդրումը և արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորումը, ինչը կնպաստի բեռնափոխադրումների ծախսերի և ժամկետների նվազեցմանը։ Տարածաշրջանային մրցակցային միջավայրում, որտեղ հարևան պետություններն ունեն ավելի զարգացած ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է համակողմանի ռազմավարական մոտեցում, որպեսզի Հայաստանը կարողանա գրավել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի դեր և ընդլայնել իր տնտեսական կապերը միջազգային փոխադրումների ցանցերում՝ մրցունակության բարձրացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և տնտեսական կայունության ամրապնդման համար։
Բանալի բառեր՝ լոգիստիկ համակարգ, միջազգային տրանսպորտային միջանցք, «Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցք, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություն, տարածաշրջանային ինտեգրում։
ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի դասախոս,
տնտեսագիտության թեկնածու
Համառոտագիր
Այս հետազոտությունը նպատակ ունի վերլուծել թվային բանկինգի ընդունման և զարգացման վրա ազդեցություն ունեցող բազմաչափ գործոնները՝ արագ տեխնոլոգիական առաջընթացի և փոխվող սպառողական ակնկալիքների համատեքստում։ Հիմք ընդունելով վերջին գիտական և ոլորտային աղբյուրների համակցված վերլուծությունը՝ ուսումնասիրությունը կենտրոնանում է այն փոխազդեցությունների վրա, որոնք ձևավորում են օգտատերերի վարքը թվային ֆինանսական ծառայությունների կիրառման գործընթացում։ Գլխավոր գործոնների թվում առանձնանում են ընկալվող հարմարավետությունը, օգտակարությունը, վստահությունը և կիբերանվտանգության հետ կապված մտահոգությունները։ Նշված գործոնները վճռորոշ դեր ունեն տարբեր սոցիալ-տնտեսական խմբերի համար։ Բացի այդ, սոցիալական ազդեցությունը, տարիքային, կրթական, եկամտային մակարդակն ու թվային գրագիտությունը կարևոր միջնորդող գործոններ են։ Ուսումնասիրվել են նաև ինստիտուցիոնալ գործելակերպերը, ներառյալ հարթակների անհատականացումը, արհեստական բանականության կիրառումը, բաց բանկային (open banking) ենթակառուցվածքների ներդրումը և ESG սկզբունքներով առաջնորդվող ֆինանսական ապրանքների զարգացումը՝ հաճախորդների ներգրավվածության և գործառնական արդյունավետության բարձրացման նպատակով։ Հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռսպառնալիքների աճին՝ շեշտադրելով կայուն և ճկուն պաշտպանական համակարգերի անհրաժեշտությունը։ TABInsights-ի 2025 թ․ վարկանիշային տվյալները ծառայել են որպես էմպիրիկ հիմք՝ թվային բանկերի շահութաբերության, շուկայի ընդլայնման և տարածաշրջանային տարբերակների վերլուծության համար։ Արդյունքները ցույց են տալիս, որ թվային բանկերի մրցունակության ապագան կախված է ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունից, այլև սպառողների արժեքների և կանոնակարգային պահանջների հետ համահունչ ծառայությունների ձևավորումից։
Բանալի բառեր՝ թվային բանկինգ, շահութաբերություն, ֆինտեխ, կիբերանվտանգություն, շուկայական կապիտալիզացիա, նորարարություն։
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ DUPONT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ
ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
կիրառական ֆինանսների ֆակուլտետի
ֆինանսական շուկաների և ինստիտուտների ամբիոնի դոցենտ,
տնտեսագիտության թեկնածու
Համառոտագիր
Վերջին տարիներին բանկային համակարգն ամբողջ աշխարհում և, հատկապես, Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում։ 11 տարվա ընթացքում (2014-2024թթ.) ՀՀ բանկային համակարգը բախվել է տարբեր խնդիրների. ավելացել է սեփական կապիտալի նորմատիվային մակարդակը, բանկերից որոշները ստիպված են եղել միավորվել, Covid-19 համավարակը հանգեցրել է պետական քաղաքականության փոփոխությունների, 2020 թ. տեղի է ունեցել տարածքային հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի հետևանքով փոխվել են որոշ բանկերի տարածքային տեղակայումը։ Բացի այդ, տեղի են ունեցել բանկային կարգավորման բազմաթիվ փոփոխություններ, որոնք ամրապնդել են բանկերի հուսալիությունը և բանկային կարգավորումը:
Ուսումնասիրության նպատակն է պարզել.
- որո՞նք են ՀՀ բանկային համակարգի շահութաբերության վրա ազդող հիմնական գործոնները,
- ո՞ր գործոններն են ամենամեծ ազդեցությունն ունենում վերջինիս վրա,
- արդյո՞ք բանկային համակարգի շահութաբերությունն ունի աճի ներուժ առաջիկա երկու տարիների ընթացքում:
Նպատակին հասնելու համար իրականացվել է Դյուպոնի հինգ գործոնային վերլուծություն՝ պարզելու, թե որ ցուցանիշները որքանով և ինչպես են առավելապես ազդում ՀՀ բանկային համակարգի շահութաբերության վրա։ Այնուհետև երեք հիմնական ցուցանիշների (ROE, ROS և IB) համար կառուցվել են միտման գծեր առաջիկա երկու տարիների համար բանկային համակարգի շահութաբերությունը կանխատեսելու նպատակով:
Վերլուծությունն իրականացվել է Excel-ի միջավայրում կանխատեսման գործիքների միջոցով՝ ամբողջ բանկային համակարգի 2014-2024 թվականների տվյալների վերլուծության հիման վրա: Վերլուծված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀ բանկային համակարգն արագ զարգանում է, իսկ շահութաբերության փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն ներքին բանկային գործոններով, այլև ՀՀ օրենսդրության փոփոխություններով:
Բանալի բառեր՝ Դյուպոնի վերլուծություն, ակտիվների շահութաբերություն (ROA), կապիտալի շահութաբերություն (ROE), գնահատում և վերլուծություն, միտման գծեր, կանխատեսում։
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
տնտեսագիտության և կառավարման ամբիոնի հայցորդ
vardan.kalantaryan@edu.isec.am
Համառոտագիր
Ժամանակակից տնտեսությունում ներդրումային գործունեությունը տնտեսական զարգացման, կառուցվածքային փոփոխությունների իրականացման և մրցակցության աճի հիմնական գործոններից մեկն է։ Աշխարհի երկրների զգալի մասը ձգտում է ներգրավել և խրախուսել օտարերկրյա ներդրումները՝ արտադրողական կարողությունների ամրապնդման և տնտեսության կայուն զարգացման նպատակով: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրողի համար ներդրման հիմնական շարժառիթը ներդրում ընդունող ձեռնարկության հետ երկարաժամկետ հարաբերությունների հաստատումն է՝ վերջինիս կառավարման վրա նշանակալի ազդեցություն ունենալու պայմանով, ինչպես նաև շահույթի մեծացումը, հարկերի կրճատումը, ռիսկերի դիվերսիֆիկացումը և այլն։ Ներկայումս համաշխարհային շուկայում օտարերկրյա ուղղակի ներդրումների հիմնական սուբյեկտները միջազգային ընկերություններն ու ֆինանսական խմբերն են:
Սակայն, իրականում, միայն օտարերկրյա ուղղակի ներդրումներն չեն կարող երաշխավորել ազգային տնտեսության բարգավաճումը: Վերջիններս, որպես զարգացման գործիք, ունեն ինչպես իրենց առավելությունները, այնպես էլ թերությունները, ընդունող երկրում դրանք նպաստում են տնտեսական կայուն աճին միայն որոշակի պայմանների ապահովման պարագայում: Այս առումով՝ ընդունող երկրի կառավարությունը պատասխանատու է օտարերկրյա ուղղակի ներդրումների համար սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն այդ երկրում երկարաժամկետ տնտեսական աճին, այլ ոչ միայն օտարերկրյա ներդրողների շահույթի ապահովմանը: Հետևաբար, օտարերկրյա ուղղակի ներդրումների ազդեցությունն ընդունող երկրի վրա կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են՝ շուկա մուտք գործելու եղանակը, ուղղակի ներդրումների ֆինանսավորման աղբյուրները, վերջիններիս ազդեցությունն ընդունող երկրում գործող ընկերությունների գործունեության վրա և այլն:
Մյուս կողմից, անկախ օտարերկրյա ներդրումների ծավալից, վերջիններս կարող են նաև լիովին անօգուտ լինել և, հանգեցնել երկրի բնական ռեսուսների անխնա վատնման և երկար տարիներով ազգաբնակչությանը արտաքին աշխարհից կախվածության։ Միայն ներդրողների և ընդունող երկրի համատեղ շահերի հավասարակշռված և կշռադատված մոտեցմամբ է հնարավոր երաշխավորել օտարերկրյա ներդրումների արդյունավետ ներգրավումն ու օգտագործումը ի շահ երկրի տնտեսության բարգավաճման և ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման:
Բանալի բառեր` օտարերկրյա ուղղակի ներդրումներ, թվային տնտեսություն, ձեռնարկություն:
ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ
ԲԱԳՐԱՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և
իրավունքի ինստիտուտի հայցորդ
Համառոտագիր
Ժամանակակից աշխարհում Հայաստանի ազգային շահերը ՀՀ քաղաքացիների, հայրենաբնակ հայության և հայկական համայնքների շահերի հավասարակշռված հանրագումարն է, որի ձևավորման միջոցով մրցակցային նոր միջավայրում լուծվում են գիտակցված պահանջմունքների վերածված ազգային նպատակների հետապնդման և արժեքների պաշտպանության խնդիրները:
Ազգային շահի իրացման ժամանակ արդյունավետ քաղաքականության հիմնական գրավականն է սեփական ներուժի, հավակնությունների, օբյեկտիվ իրողությունների միջև հավասարակշռության պահպանումը, որը կարող է և լիովին չբավարարել կոնկրետ շահը` սպասարկելով միայն շահի կենսական և իրատեսական մասնաբաժինը: Իսկ ազգային շահի կենսական տեսակների երաշխավորված բավարարման առանցքը պետության հզորության հավաքական ներուժի իրատեսական գնահատականն է և նրա առջև «իրական նպատակների» առաջադրումը:
Ռազմավարական մակարդակում ազգային շահերի գնահատման գործընթացում հատուկ ուշադրության են արժանի նաև շահերի հստակ ու ճշգրիտ որոշման արդյունքում ակնկալվող անվտանգային քաղաքականության նպատակները: Տեսամեթոդական առումով ազգային անվտանգության ռազմավարության մշակման ընթացքում որպես վերջնանպատակներ (desired ends) կարևորվում են երկու խմբեր` ընդհանուր (ռազմավարական, քաղաքական) նպատակներ և հատուկ (կոնկրետացված) նպատակներ: Այս համատեքստում հատկապես կարևորվում են առաջին խումբ նպատակները, քանզի դրանք այն ակնկալվող արդյունքներն են, որոնք սահմանում է պետության քաղաքական վերնախավը և որոնց ձեռքբերմանն է միտված տվյալ ռազմավարությունը: Հետևապես, ռազմավարական նպատակները պետք է լինեն տրամաբանորեն հստակ կերպով շաղկապված և իրատեսական, քանի որ ազգային անվտանգության ռազմավարությունն այն հիմնական մակարդակն է, որում համադասում է առկա իրավիճակը և ազգային անվտանգության քաղաքականության համակարգը:
Բանալի բառեր՝ ազգ, պետություն, անվտանգություն, շահ, նպատակ, առաջնահերթություն, հայեցակարգ, ռազմավարություն, քաղաքականություն, դոկտրին:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՄՀԵՐ ՇԻՐԻՆՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ
Համառոտագիր
Ժամանակակից միջազգային հարաբերություններում պետությունները որդեգրում են անվտանգային և մյուս մարտահրավերներին դիմակայելու ռազմավարություններ: Նրանց ընտրած ռազմավարությունները՝ պասիվ, պաշտպանողական կամ ակտիվ, կախված են ոչ միայն ռեսուրսներից, այլև քաղաքական վերնախավի կարողությունից՝ ճիշտ գնահատելու միջազգային միջավայրն ու գտնելու հավասարակշռության կետը՝ անվտանգության, ինքնիշխանության և զարգացման միջև։
Միջազգային հարաբերությունների ոլորտում ուժերի անհամաչափ բաշխվածության պայմաններում փոքր պետությունները հաճախ ստիպված են լինում խուսափել ուժային առճակատումներից և կիրառել դիվանագիտական բազմակողմ համագործակցության գործիքներ։ Փոքր պետությունների միջազգային ներգրավվածությունն այսօր փաստացի գերակշռող է հատկապես ՄԱԿ-ի և այլ գլոբալ ու տարածաշրջանային բազմակողմ հարթակների շրջանակներում, որտեղ անդամ երկրների մեծ մասը դասվում է փոքր պետությունների շարքը։ Այս պետությունները կարողանում են համատեղել ջանքերը և հանդես գալ որպես կոլեկտիվ ձայն՝ հաճախ առաջ մղելով այնպիսի գլոբալ օրակարգեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կայուն զարգացման նպատակները, մարդու իրավունքների պաշտպանությունը և խաղաղության ամրապնդումը։
Փոքր պետությունները, չնայած իրենց սահմանափակումներին, կարող են դառնալ ազդեցիկ և նախաձեռնող դերակատարներ՝ պայմանով, որ ունակ են խելամիտ ձևով կառավարել իրենց ներքին ռեսուրսները և ստեղծել կայուն ու ճկուն արտաքին քաղաքականություն։ Նրանց ուժը չի սահմանափակվում նյութական գործոններով, այլ հիմնվում է ռազմավարական կողմնորոշման, գաղափարական համախմբվածության, միջազգային գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի և ինստիտուցիոնալ համագործակցության վրա։
Հատկապես բազմակողմ ձևաչափում միջազգային հարաբերություններում փոքր պետության ուժը չափվում է ոչ միայն նրա մեծությամբ, այլև խելացի, համառ, ճկուն և նպատակաուղղված գործելու նրա կարողությամբ։ Այս պետությունները կարող են հանդես գալ ոչ միայն որպես անվտանգության սպառողներ, այլ նաև՝ որպես խաղաղարարներ, միջազգային նորմերի տարածողներ և գլոբալ մարտահրավերների լուծման համատեղ գործողությունների կրողներ։ Փոքր պետությունները մեծապես ապավինում են բազմակողմ դիվանագիտությանը, իրավական մեխանիզմներին և նիշային (niche) դիվանագիտությանը, որոնք թույլ են տալիս նրանց բարձրացնել իրենց քաղաքական կշիռը միջազգային կազմակերպություններո






