ԿԱՃԱՌ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ 2026, I

 ԿԱՃԱՌ/ԱԿԱԴԵՄԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

I, 2026

Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,

հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆսոր,

naira.hakobyan@isec.am

ԻՐԻՆԱ ՍՈՏՆԻԿ

Սամիի պետական համալսարան, Ուկրաինա,

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,

sotnyk@econ.sumdu.edu.ua

 

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

anna.khachatryan@isec.am

 

Համառոտագիր

Անձի սուբյեկտիվ բարեկեցության խնդիրը հիմնարար խնդիրներից է, որն ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից, ինչպիսիք են փիլիսոփայությունը, տնտեսագիտությունը, բժշկությունը և հոգեբանությունը: Յուրաքանչյուր գիտություն լրացնում է այս հասկացությունը հատուկ բովանդակությամբ: Բժշկությունը սուբյեկտիվ բարեկեցությունը կապում է կյանքի որակի, հոգեկան առողջության այլ բաղադրիչների հետ: Ներկայումս այս խնդիրն ակտիվորեն ուսումնասիրվում է հոգեբանների կողմից: Դա պայմանավորված է սուբյեկտիվ բարեկեցության հիմքում ընկած մեխանիզմները հասկանալու անհրաժեշտությամբ. թե ինչպես են այդ մեխանիզմները կարգավորում մարդու վարքագիծը և ինչպես են ազդում նրա՝ այլ մարդկանց հետ հարաբերությունների վրա: Սուբյեկտիվ բարեկեցության խնդիրը կապված է անձնային աճի պոզիտիվ զարգացման խնդրի հետ: Գիտնականները զգալի հետաքրքրություն են ցուցաբերում այս խնդրի նկատմամբ՝ հաշվի առնելով ժամանակակից հասարակության զարգացման միտումները: Սուբյեկտիվ բարեկեցությունը հասկացվում է որպես հոգեկան առողջության, հոգեկան գործընթացների համահունչության և ներքին ներդաշնակության հոգեվիճակ, որը կախված է նրանից, թե արդյոք անձն ունի հստակ նպատակներ, դրանց հասնելու ռեսուրսներ և պայմաններ: Ուսանողների սուբյեկտիվ բարեկեցությունը հոգեբանական գիտության արդիական խնդիրներից մեկն է, որը հատուկ նշանակություն է ստանում ժամանակակից կրթական և սոցիալ-մշակութային միջավայրում: Այն համարվում է որպես բազմաբաղադրիչ երևույթ, որի հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ փորձառությունները, ներքին հարմարվողականությունը և սոցիալական միջավայրում արդյունավետ գործելու ունակությունը։

Բանալի բառեր՝ սուբյեկտիվ բարեկեցություն, ինքնաճանաչում, ինքնագնահատական, զարգացում, հուզական կայունություն։

 

ԻՆՖՈԴԵՄԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ԵՆՈՔՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի

գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրենի օգնական,

ուսումնական մասի առաջատար մասնագետ,

հոգեբանության ամբիոնի հայցորդ

manana.yenokyan@isec.am

 

Համառոտագիր

Վերջին տասնամյակներում տեղեկատվական միջավայրի արագ ընդլայնումը և սոցիալական հարթակների ակտիվ կիրառումը պայմանավորել են նոր սոցիալական երևույթների ի հայտ գալը, որոնց շարքում կարելի է առանձնացնել ինֆոդեմիան՝ որպես տեղեկատվության արագ շրջանառության և զանգվածային տարածման գործընթաց։ 2020 թվականի COVID-19 համաճարակի և քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ինֆոդեմիկ գործընթացները դրսևորվեցին ոչ միայն որպես կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվության լայն տարածում, այլ նաև որպես անհատների արժեքային կողմնորոշումների վերակառուցման վրա ազդող գործոն։

Սույն հոդվածի նպատակն է՝ վերլուծել ինֆոդեմիայի ազդեցությունն անձի արժեքային համակարգի ձևավորման և վերաիմաստավորման վրա՝ սոցիալական փոփոխությունների պայմաններում և սոցիալական մեդիայում տեղեկատվական մեծ հոսքի շրջանառման համատեքստում։ Հոդվածում դիտարկվում է, թե տարաբնույթ աղբյուրներից եկող տեղեկատվական միջավայրը, որը ներառում է ինչպես հավաստի, այնպես էլ կեղծ բնույթի տեղեկություն՝ ինչպես է արագորեն շրջանառվում մեդիա հարթակներում՝ նպաստելով սոցիալական անորոշության աճին և տագնապային բնույթի տրամադրությունների տարածմանը։

Ենթադրվում է, որ կեղծ տեղեկության ընդունման և տարածման գործընթացները կարող են պայմանավորված լինել անձի բազային սոցիալական կապերի ձևավորման և անվտանգության պահանջմունքների բավարարման ձգտումով։ Դրանց խաթարման պայմաններում անձը կարող է հայտնվել մշտական սպառնալիքի, տագնապի, անորոշության և վախի ազդեցության ներքո, ինչի արդյունքում ապատեղեկատվության շրջանառման օղակում գտնվելը կարող է հանդես գալ որպես ներքին լարվածության նվազեցման, սոցիալական նույնականացման և խմբի պատկանելիության վերականգնման խորհրդանշական մեխանիզմ։ Այս գործընթացում «Մենք»-ի ձևավորումը դառնում է ոչ միայն հաղորդակցական, այլև արժեքային գործընթաց, որը կարող է արտահայտվել ասեկոսեներ տարածելու, կեղծ աղբյուրների նկատմամբ վստահության և տեղեկության տարածման միջոցով։

Տեղեկատվական ճգնաժամերի պայմաններում անձի արժեքային համակարգում առավել արդիական են դառնում համերաշխության, միասնականության, ճշմարտացիության, սոցիալական պատասխանատվության, թափանցիկության և էմպատիայի արժեքները, որոնք հանդես են գալիս որպես սոցիալական կայունության ամրապնդման և հասարակական համերաշխության և վստահության ամրապնդման հնարավոր ռեսուրսներ։

Բանալի բառեր` ինֆոդեմիա, ինֆոդեմիկ նարրատիվներ, արժեք, արժեքային վերակառուցում, տեղեկության տարածում, պահանջմունք, ճգնաժամ, տարիքային խումբ։

 

ՄՈՆՏԵՍՈՐԻ ՄԵԹՈԴԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ԿՈՆՋՈՅԱՆ

Մոնտեսորի ուսուցիչ,

կիրառական հոգեբանության ամբիոնի հայցորդ

jasminekonjoyan@gmail.com

Համառոտագիր

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես՝ կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին ուղղված, հիմնականում հիմնված են ավանդական, փակ կրթական մոդելի վրա։ Սակայն դասարանային փորձը և աշակերտների վարքը, հատկապես՝ մոտիվացիայի տեսանկյունից, ցույց են տալիս լուրջ խնդիրներ․ երեխաները հաճախ հետաքրքրված չեն ուսմամբ և դասերի ընթացքում նախընտրում են օգտվել հեռախոսից կամ էկրան ունեցող այլ թվային սարքերից։

Մենք կարծում ենք, որ կրթական գործընթացը կարելի է կազմակերպել այնպես, որ ուսումը դառնա երեխայի համար բավականաչափ հետաքրքիր: Թեև հնարավոր չէ կրթական համակարգը միանգամից արմատապես փոխել, սակայն ավանդական մոդելի շրջանակում հնարավոր է ներմուծել նոր մեթոդաբանական տարրեր։

Սույն հոդվածի նպատակն է` առաջարկել ինտեգրված մոտեցում, հիմնավորել դրա արդյունավետությունը և ընդգծել դրա դերը կրտսեր դպրոցական տարիքի երեխաների զարգացման գործընթացում։

Բանալի բառեր՝ պատրաստված միջավայր, ուսուցչի դեր, անհատականացված ուսուցում, խառը տարիքային խմբեր, կենսագործնական հմտություններ:

 

ՕՏԱՐԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ՏԱԹԵՎԻԿ ՎԱԹՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

հոգեբանության ամբիոնի հայցորդ

vatyantatevik@gmail.com

Համառոտագիր

Այս հոդվածը նպատակ ունի բացահայտելու օտարի ընկալման երևույթը տարածության հոգեբանական բնութագրերի համատեքստում։ Օտարի ընկալման հոգեբանական ուսումնասիրությունները բացահայտում են անձի կյանքի մի շարք ոլորտներ, որոնցում արդիական են դառնում նոր միջավայրին անձի ադապտացիայի գործընթացները, միջանձնային հարաբերությունները, «մենք»-«նրանք» արժեքային կողմնորոշումները և այլն: Սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունները վկայում են, որ ժամանակակից մարդու գործունեության և կյանքի համար առաջնահերթ է դարձել նոր միջավայրին արագ հարմարվելու, սոցիալական փոխհարաբերություններում  ճկունություն դրսևորելու ունակությունը:  Այս համատեքստում որոշակի կերպով տրանսֆորմացվում են նաև անձի պատկերացումները Ես-ի մասին, ի հայտ են գալիս օտարացման նոր հարթություններ, որոնք ավելի ու ավելի են ներթափանցում անձի ներաշխարհ: Եթե նախորդ դարի հոգեբանական ուսումնասիրությունները օտարի ընկալումները վերլուծում էին հիմնականում անծանոթ մարդկանց հետ շփումների, միգրացիոն գործընթացների համատեքստում, ապա այժմ օտարի ընկալումները ձեռք են բերում անձի հոգեբանական օտարացման, Ես-կառուցվածքի աղավաղման երանգներ և իմաստներ: Այս տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում օտարի ընկալման սոցիալ-հոգեբանական վերլուծույթունը անձի հոգեբանական տարածության սահմանման և մեկնաբանման տեսանկյունից: Ստորև ներկայացվում են անձի հոգեբանական տարածության մեկնաբանման հոգեբանական մոտեցումները և օտարի ընկալման դրսևորումները:

Բանալի բառեր՝ օտարի ընկալում, հոգեբանական տարածություն, անանունություն, պրիվատություն, արժեքային կողմնորոշումներ։

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

հոգեբանության ամբիոնի հայցորդ

kristine.petrosyan@edi.isec.am

Համառոտագիր

Ժամանակակից հասարակությունում դեռահասների սոցիալականացումը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ համաշխարհայնացման տարաբնույթ գործընթացներն ազդում են անձի զարգացման վրա: Վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց են տալիս դեռահասության բնութագրման սոցիալական բազմաչափությունը, որն արտահայտվում է դեռահասների կողմից հաստատված սոցիալական կապերը խաթարելու և հասարակայնորեն նշանակալի արժեքների վերափոխման միտումներով: Դեռահասների սոցիալականացումը տեղի է ունենում «արժեքների ապակենտրոնացման» պայմաններում, երբ հասարակությունում ձևավորված արժեքային համակարգում ներառվում են տարիքային արժեքային ենթահամակարգեր, որոնք հաճախ հակադրվում են հասարակայնորեն նշանակալի արժեք-պահանջմունքային իմաստներին և վարքային մոդելներին: Դեռահասների տարիքային ճգնաժամը սրվում է ժամանակակից փոխակերպվող հասարակությունների գոյաբանական ճգնաժամի, արժեքների անորոշության և տրանսֆորմացիայի պայմաններում: Այս իրավիճակում առաջանում և սրվում է կախվածություն ձևավորող սոցիալականացման երևույթը: Այս ուսումնասիրությունը կենտրոնանում է դեռահասության շրջանում կախվածություն ձևավորող սոցիալականացման սոցիալ-հոգեբանական բնութագրումների վրա, որոնք վեր են հանվել ինքնագնահատման մեթոդի միջոցով: Ցույց է տրվել, որ ադդիկտիվ սոցիալականացումը զարգանում է անձնական և սոցիալական գործոնների ազդեցության ներքո, որոնք առաջանում և զարգանում են խնդրահարույց իրավիճակներում և կախվածություն ձևավորող վարքային մոդելների հետևանքների վերաբերյալ աղավաղված ընկալումների հետևանքով, ինչը հանգեցնում է սոցիալականացման գործընթացի քայքայիչ (դեստրուկտիվ) փոփոխությունների: Կախվածություն ձևավորող սոցիալականացումը բնութագրվում է  հարմարվողականության մեխանիզմների անբավարար դրսևորմամբ՝ իրականության աղավաղված ընկալմամբ, լարվածության և տագնապայնության աճով, իրականությունից փախչելու ցանկությամբ, չբավարարված կարիքների և ցուցադրական մոտիվացիայի շեշտադրմամբ:

Բանալի բառեր՝ կախվածություն ձևավորող սոցիալականացում, նորմատիվ սոցիալականացում, իրականության ընկալում, վարքային մոդելներ, ինքնագնահատական:

 

ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան,

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,

մանկավարժության դոցենտ

atom.mkhitaryan@isec.am

Համառոտագիր

Սույն հոդվածը վերաբերում է դոկտորական կրթության միջազգային մոդելները Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ինտեգրելու հրատապ անհրաժեշտությանը՝ վերլուծությունը կատարելով հետխորհրդային տարածքում երրորդ մակարդակի կրթության փոխակերպման վերաբերյալ ավելի լայն քննարկումների համատեքստում: Մինչ Հայաստանում ասպիրանտուրան հիմնականում արտացոլում է խորհրդային ակադեմիական ավանդույթից ժառանգված անհատական գիտական ղեկավարման մոդելը, առաջատար միջազգային համալսարաններն անցել են կառուցվածքային դոկտորական ծրագրերի: Այդ ծրագրերը, որոնք հաճախ կազմակերպվում են դոկտորական դպրոցների միջոցով, ներառում են համապարփակ կրթական բաղադրիչներ, բաշխված ղեկավարման պրակտիկա, առաջընթացի համակարգային մոնիթորինգ և ուսանողներին բազմաբնույթ կարիերայի պատրաստելու հստակ մեխանիզմներ:

Հետազոտությունը հիմնված է QS World University Rankings-ում («Կրթություն» ուղղությամբ) ընդգրկված լավագույն համալսարանների բաց առցանց տվյալների վերլուծության վրա, որը լրացվում է նաև վարվող քաղաքականության վերաբերյալ համապատասխան գրականության ուսումնասիրությամբ: Վերլուծությունը կենտրոնանում է ասպիրանտուրայի պատրաստման հինգ չափանիշների վրա՝ կազմակերպական մոդելներ, ընդունելության սկզբունքներ, ծրագրի բովանդակություն և ծանրաբեռնվածություն, մոնիթորինգի և ղեկավարման կարգավորումներ, ինչպես նաև պաշտպանության ընթացակարգեր: Արդյունքները բացահայտում են Հայաստանի պրակտիկայի և միջազգային չափանիշների միջև էական տարբերություններ: Մասնավորապես, Հայաստանում ընդունելությունը մնում է հիմնված քննությունների, այլ ոչ թե թեկնածուի կենսափորձի և հարցազրույցի վրա, կրթական բաղադրիչը մեծապես ձևական է, ղեկավարման պատասխանատվությունը կենտրոնացած է մեկ գիտական ղեկավարի վրա, ի տարբերություն բաշխված ղեկավարման մոդելների, իսկ միջգիտակարգայնությունը սահմանափակվում է կոշտ կարգավորումներով:

Համակարգային խոչընդոտները՝ ներառյալ ֆինանսական աջակցության ոչ բավարար մեխանիզմները, կառուցվածքային ծրագրեր իրականացնելու կազմակերպությունների սահմանափակ ներուժը և աշխատաշուկայի հետ թույլ կապը միջազգային ստանդարտներին համապատասխանելու հետ կապված լրացուցիչ մարտահրավերներ են առաջ բերում: Մյուս կողմից, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում վերջին տարիներին կյանքի կոչված նախաձեռնությունները ցույց են տալիս աստիճանական առաջընթաց՝ հիմք նախապատրաստելով ավելի ընդարձակ բարեփոխումների համար:

Այսպիսով, Հայաստանում դոկտորական կրթության համապարփակ, պետական մասշտաբի ձևափոխումն անհրաժեշտություն է: Ելնելով միջազգային լավագույն փորձից՝ բարեփոխումները պետք է առաջնայնություն դարձնեն դոկտորական դպրոցների ինստիտուցիոնալացումը, կառուցվածքային ուսումնական պլանների ինտեգրումը՝ ընդգծելով և՛ գիտահետազոտական, և՛ փոխանցելի հմտությունները, ղեկավարման մոդելների բազմազանեցումը և արտաքին շահագրգիռ կողմերի հետ կայուն կապերի հաստատումը: Նման միջոցառումները կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի երրորդ մակարդակի դոկտորական կրթության մրցունակությունն ապահովելու, հետազոտողներին բարդ և զարգացող համաշխարհային ակադեմիական և մասնագիտական միջավայրերին պատրաստելու համար։

Բանալի բառեր` ասպիրանտուրա, դոկտորանտուրա, բարձրագույն կրթության բարեփոխումներ, կառուցվածքային դոկտորական ծրագրեր, ղեկավարման մոդելներ, Հայաստան:

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԻԴԻՈՄՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ

 

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

օտար լեզուների ամբիոնի վարիչ,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

gohar.grigoryan@isec.am

 

ՆՈՒԱՐԴԱ ԵՂՆՋԱԿՅԱՆ

Երևանի պետական համալսարան,

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոն,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

nvard.yernjakyan@isec.am

 

ԼԻԼԻԹ ՄԱՆՎԵԼՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

մասնագիտական անգլերեն լեզվի դասախոս

lilit.manvelyan@isec.am

Համառոտագիր

Լեզուն արտացոլում է ազգային ինքնությունը, մշակութային արժեքները և ժողովրդի կենսափորձը։ Դրանք հատկապես լավ են երևում իդիոմատիկ արտահայտություններում։ Յուրաքանչյուր բնագավառ, սպորտը ևս ունի իրեն բնորոշ իդիոմատիկ արտահայտությունները։ Այս հոդվածը ուսումնասիրում է ամերիկյան անգլերենի սպորտային իդիոմները՝ որպես լեզվամշակութային դրսևորումներ, որոնք, բացի խաղադաշտի սահմաններում կիրառվելուց, ակտիվորեն օգտագործվում են բիզնես և քաղաքական դիսկուրսում, ինչպես նաև առօրյա հաղորդակցման մեջ։ Հետազոտության կարևորությունն այն է, որ ընդգծվում են մշակութային հիմք ունեցող սպորտային իդիոմները, որոնք արտացոլում են ոչ միայն լեզուն, այլև ամերիկյան հասարակության մտածողությունը և սոցիալական փոխգործակցության ձևերը։

Ուսումնասիրությունն ընդգծում է սպորտային արտահայտությունների դերը մշակութային հիշողության, սոցիալական նորմերի և ազգային արժեհամակարգի (օրինակ՝ մրցունակություն, թիմային աշխատանք, նախաձեռնողականություն և համառություն) փոխանցման գործում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են այս արտահայտությունները իմաստային փոփոխման արդյունքում ձեռք բերում փոխաբերական իմաստներ և մուտք գործում ոչ սպորտային դիսկուրս, որտեղ կատարում են արտահայտչական, գնահատողական և գործաբանական գործառույթներ։

Հետազոտությունը հիմնված է հասկացութային փոխաբերությունների տեսության վրա (Լակոֆֆ և Ջոնսոն, 1980) և կիրառում է նկարագրական ու մեկնաբանական մոտեցում՝ սպորտային արտահայտությունները՝ որպես մշակութային նշաններ վերլուծելու համար։ Այստեղ առանձնակի ուշադրություն է դարձվում դրանց ծագմանը հատուկ մարզաձևերին և դրանց վերափոխմանը ժամանակակից ամերիկյան անգլերենում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սպորտային արտահայտությունները ոչ միայն հարստացնում են առօրյա և մասնագիտական հաղորդակցությունը, այլև կարևոր դեր են խաղում միջմշակութային փոխըմբռնման գործում, քանի որ դրանց ճիշտ մեկնաբանությունը պահանջում է այն մշակութային համատեքստների իմացություն, որոնցից դրանք ծագել են։

Բանալի բառեր՝ իդիոմներ, լեզվամշակույթ, սպորտային փոխաբերություններ, ամերիկյան անգլերեն, մշակութային սեմանտիկա, միջմշակութային հաղորդակցություն։

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ

 

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

a.khachatryanmail@gmail.com

 

ՎԱՀԱԳՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հայաստանի Եվրոպական համալսարանի

իրավագիտության ամբիոնի հայցորդ

vahagnmnatsakanyan200@gmail.com

 

Համառոտագիր

Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը վերտառությամբ 12-րդ հոդվածում ամրագրված պետության պոզիտիվ պարտականությունների և նպատակների իրականացման ընթացքում, պետության բնապահպանական քաղաքականության մշակման և իրացման ընթացքում ձևավորվող բնապահպանական իրավահարաբերություններին՝ որպես իրավահարաբերությունների մի տեսակի։ Ելնելով բնապահպանական իրավունքի իրավական կարգավորման առարկայից և մեթոդից՝ քննարկվել է այս ոլորտում քաղաքական-իրավական կարգի առանձնահատկությունները, որոնք, ընդհանուր առմամբ, որոշվում են բնապահպանական իրավահարաբերությունների առանձնահատկությամբ:

Քաղաքակաիրավական կարգի ինստիտուցիոնալացումը ներկայացվել է որպես սոցիալական զարգացման բնական հետևանք, քանի որ հասարակությունը պահանջում է կարգավորել հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որը իրականացվում է իրավական միջոցներով: Քաղաքակաիրավական կարգը ձևավորվում և գործում է, երբ ձևավորվում է պետական ​​իշխանությունը, որը հաստատում և պահպանում է քաղաքակաիրավական կարգը, պաշտպանում է խախտումներից և, անհրաժեշտության դեպքում, պաշտպանում է հարկադրանքի ուժով: Վերլուծվել են իրավակարգին վերաբերող գիտական մոտեցումները և եզրահանգում կատարվել այն մասին, որ լայն իմաստով, շրջակա միջավայրի իրավական կարգը կարելի է դիտարկել՝ որպես մարդու և բնության միջև հարաբերությունները կարգավորելու համար պետական ​​բնապահպանական քաղաքականության ուղեցույցների իրականացման համար օրենսդրորեն ամրագրված միջոցների համակարգ:

Ներկայացվում են բնապահպանական իրավահարաբերությունների սուբյեկտները և օբյեկտները։ Բնապահպանական իրավահարաբերությունները միշտ հանդես են գալիս սուբյեկտների միջև կապի ձևով, որոնք միմյանց հետ կապված են իրավունքներով և պարտականություններով, որի ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ ունեն կամային բնույթ, քանի որ արտահայտվում են շահերի իրացման ձևով:

Բանալի բառեր՝ բնապահպանական հարաբերություններ, ապաէկոլոգիազացում, բնապահպանական կարգ, բնապահպանական իրավահարաբերությունների, բնապահպանական անվտանգություն, ինստիտուցիոնալացում։

ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության,սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս

naira.alaverdyan1@gmail.com

 

Համառոտագիր

Պառլամենտարիզմի և իշխանությունների բաժանման սկզբունքի ընդհանուր տեսական բնութագրի ուսումնասիրությունը ներկայումս առանձնահատուկ գիտական հետաքրքրություն է ներկայացնում և գործնական նշանակություն ունի մեր պետության զարգացման ճանապարհին։

Հոդվածում հեղինակն առաջ է քաշում այն գաղափարը, որ տեսամեթոդաբանական հիմքերի առումով կարևոր հիմնահարցերի թվին կարելի է դասել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների բաժանման սկզբունքը և ժամանակակից պայմաններում օրենսդիր մարմնի ազդեցությունն ու դերը պառլամենտարիզմի ձևավորման գործում։ Պառլամենտարիզմի զարգացումը, նրա էությունը մեծապես պայմանավորված է նաև երկրում պետության գլխի զբաղեցրած իրավական դրությունից` կառավարման ձևից։

Ուսումնասիրելով պառլամենտարիզմի և իշխանությունների բաժանման սկզբունքի ընդհանուր տեսական բնութագիրը՝ հոդվածի հեղինակն առաջադրել է պառլամենտարիզմի իր սահմանումը, ըստ որի՝ պառլամենտարիզմը քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ, ազատ ընտրություններով ձևավորված, պետական իշխանության կազմակերպման և իրականացման հատուկ համակարգ է, որը հիմնված է օրենքի գերակայության և իշխանությունների բաժանման սկզբունքի վրա:

Բանալի բառեր` պառլամենտարիզմ, սահմանադրական փոփոխություններ, ժողովրդավարություն, իշխանությունների բաժանման սկզբունք, հասարակական հարաբերություններ։

 

ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻՆ ԵՎ ԻՐ «ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ»-Ը

 

ԼԻԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի

հայոց պատմության ամբիոնի հայցորդ

liannaavetisyan888@gmail.com

Համառոտագիր

Հայոց պատմության միջնադարյան ժամանակաշրջանը թերևս ամենաբարդ, սակայն ամենահետաքրքիր և մասամբ չուսումնասիրված ժամանակաշրջաններից է, որն առ այսօր ունի լուսաբանման կարիք:  Միջնադարյան Հայաստանը հարուստ է պատմիչներով, ովքեր ոչ միայն հեղինակել են պատմական աշխատություններ և թողել են հարուստ ժառանգություն, որոնք հետագա սերունդների համար միջնադարը բացահայտելու անփոխարինելի սկզբնաղբյուրներ են, սակայն առ այսօր կան ականավոր պատմիչներ, որոնց կյանքին, գործունեությանը և թողած ժառանգությանը մենք մասամբ ենք ծանոթ: Այդ ականավոր պատմիչներից է Վարդան Արևելցին, ում կյանքի և գործունեության մասին տեղեկությունները խիստ հակասական են, սակայն շատ կարևոր: Նա հեղինակել է ոչ միայն պատմական, այլև աշխարհագրական աշխատությունների, որոնք արժեքավոր սկբնաղբյուր են միջնադարյան Հայաստանի վարչատարածքային բաժանումներն ուսումնասիրելու գործում: «Աշխարհացոյց»-ը ոչ միայն ուսումնասիրում է միջնադարյան Հայաստանի վարչատարածքային բաժանման համակարգը, այլև տեղեկություն է տալիս մի շարք վանքերի մասին, որոնք մինչև այժմ անհայտ էին հայոց պատմությանը: Այն երբեմն այնպիսի կարևոր աղբյուրագիտական տեղեկություններ է տալիս, որոնք այլևս ոչ մի տեղ չեն հիշատակվում: Նա այս առնչությամբ տեղեկություններ է քաղում ոչ միայն մեզ ծանոթ սկզբնաղբյուրներից, այլև բանավոր պատումներից և մեզ չհասած գրավոր այնպիսի աղբյուրներից, որոնցից են Հովհաննես Սարկավագի, Մխիթար Անեցու, Վահրամ Տիգրանակերտցու, Հովհաննես Վանականի պատմագրական երկերը: Սույն աշխատությունը կարևոր է նաև նրանով, որ կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Փոքր Ասիայի պատմական աշխարհագրության ուսումնասիրման դիտանկյունից:

Այպիսով՝ այս հոդվածի թեման է «Վարդան Արևելցին և իր Աշխարհացոյցը», որի ուսումնասիրությունը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ հայ միջնադարյան պատմագրության համար:

Բանալի բառեր՝ Վարդան Արևելցի, Վանական վարդապետ, Խոր Վիրապ, «Աշխարհացոյց», համառոտ և ընդարձակ բնագրեր, Հայկ Պերպերյան:

 

ՀՀ – ՌԴ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2015-2025 ԹԹ.

ԱՐԱՄՈ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ

aramo.hakhverdyan@gmail.com

Համառոտագիր

Հոդվածում վերլուծված են 2015-2025 թթ. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առևտրատնտեսական փոխադարձ հետաքրքրությունները, հարաբերությունների բնույթը, կառուցվածքային առանձնահատկությունները և արդյունքները: Թեմայի ժամանակագրական շրջանակի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ նշված ժամանակահատվածը շրջադարձային եղավ երկու երկրների հարաբերություններում մի շարք առանցքային քաղաքական և տնտեսական գործընթացների շնորհիվ: 2015 թ. Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ դառնալուց հետո երկու երկրների միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ նաև առևտրատնտեսական կապերը, որակապես փոխվեցին՝ դեկլարատիվ դաշնակցային համագործակցությունից տարբեր ոլորտներում ինստիտուցիոնալ ամրագրում ստացած համագործակցության անցմամբ:

Նշված ժամանակահատվածի հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններն ուսումնասիրելիս հաշվի են առնվել արտաքին առևտրային միջավայրի փոխակերպումը, ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ քաղաքական ու տնտեսական գործոնների ազդեցությունը: Ուշադրության կենտրոնում են երկու պետությունների առևտրատնտեսական համագործակցության աստիճանական զարգացման ընթացքը, ինչպես նաև ՌԴ դերի փոփոխությունը ՀՀ արտաքին առևտրային առաջնահերթությունների համակարգում:

Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի երկրների տնտեսական պատժամիջոցների ճնշման, համավարակային և հետհամավարակային հետևանքների պայմաններում ՀՀ – ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների խորքային վերլուծության անհրաժեշտությամբ, ինչը թույլ է տալիս բացահայտել ինչպես երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման միտումները, այնպես էլ կառուցվածքային անհամաչափությունները: Աշխատանքի նպատակը 2015-2025 թթ. ՀՀ – ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների, դրանց զարգացման հիմնական գործոնների, միտումների և օրինաչափությունների վերլուծությունն է, ՀՀ կայուն արտաքին տնտեսական քաղաքականության ձևավորման գործընթացում դրանց դերի և նշանակության բացահայտումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարների գնահատումը:

Բանալի բառեր՝ ապրանքաշրջանառություն, առևտրատնտեսական հարաբերություններ, արտահանում, ԵԱՏՄ, երկկողմ համագործակցություն, ներկրում:

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ԱՐԵԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոն,

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

areg.bagdasaryan@isec.am

 

Համառոտագիր

Բանկային համակարգի արդյունավետ կարգավորման և վերահսկողության սկզբունքների ու ընթացակարգերի մշակման համար նախ և առաջ անհրաժեշտ է վերլուծել բանկային համակարգի կառուցվածքում համաշխարհային մակարդակով տեղի ունեցով վերափոխումների միտումները: Նման միտումները բացահայտելու համար անհրաժեշտ է ուսումնասիրության և վերլուծության ենթարկել զարգացած և կայուն բանկային համակարգեր ունեցող երկրների փորձը:

Դասական բանկային համակարգը երկմակարդակ բանկային համակարգ է: Սակայն վերջին տասնամյակներում ֆինանսական շուկաների և ենթակառուցվածքների զարգացման արդյունքում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերանայել դասական երկմակարդակ բանկային համակարգի հետ կապված մի շարք մոտեցումներ: Որոշ երկրներ փորձում են ներդնել բազմամակարդակ բանկային համակարգի ձևավորման մոտեցումները, որոշները՝ հիբրիդային համակարգի մոդելն են առաջադրում, որտեղ կենտրոնական բանկերը բանկային հաշիվներ են բացում  և սպասարկում ոչ միայն ավանդային հաստատությունների (բանկերի) համար, այլ նաև ֆինանսական շուկայի համակարգային նշանակության ենթակառուցվածքների համար: Նման իրավիճակում առաջ են գալիս մի շարք հայեցակարգային բնույթի հարցեր, որոնց պատասխանների որոնմանն էլ նվիրված է սույն հետազոտական աշխատանքը:

Բանալի բառեր` բանկային համակարգ, կենտրոնական բանկ, բանկային հաշիվ:

 

ESG ԱՈՒԴԻՏԻ ԵՎ «ԿԱՆԱՉ» IT ԱՈՒԴԻՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

ՌԻՄԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դասախոս,

ՀՊՏՀ «Կառավարչական հաշվառում և աուդիտ» ամբիոնի հայցորդ

rimamarg88@gmail.com

Համառոտագիր

Այս հոդվածն ուսումնասիրում է ոչ ֆինանսական հաշվետվողականության աճող նշանակությունը՝ որպես ժամանակակից կազմակերպությունների առջև ծառացած հիմնարար մարտահրավեր։ Թափանցիկության համաշխարհային չափանիշների զարգացմանը զուգընթաց՝ հրապարակվող տվյալների արժանահավատությունն ավելի ու ավելի հաճախ է հաստատվում մասնագիտացված աուդիտորական գործունեության միջոցով, մասնավորապես՝ ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) և «կանաչ» ՏՏ աուդիտների տեսքով։ Չնայած երկու ուղղություններն էլ դիտարկվում են որպես կայուն զարգացման անհրաժեշտ գործիքներ, այնուամենայնիվ դրանք էապես տարբերվում են իրենց գործառնական շրջանակով և տեխնիկական իրականացման առանձնահատկություններով։

Համեմատական և համակարգային վերլուծության միջոցով սույն հետազոտությունը վեր հանեց տվյալ աուդիտորական մոտեցումների միջև առկա հիմնարար սիներգիաները։ Հետազոտության արդյունքները փաստում են, որ եթե ESG աուդիտն ապահովում է կազմակերպչական կայունության լայն ռազմավարական շրջանակը՝ ներառելով մարդկային ռեսուրսների կառավարումն ու կորպորատիվ կառավարումը, ապա «կանաչ» ՏՏ աուդիտն ապահովում է անհրաժեշտ քանակական խորությունը՝ կենտրոնանալով թվային համակարգերի բնապահպանական արդյունավետության վրա։

Հոդվածում եզրահանգում է արվում, որ այս երկու մոտեցումները խորապես փոխլրացնող են. ESG աուդիտը սահմանում է ընդհանուր կորպորատիվ տեսլականը, մինչդեռ «կանաչ» ՏՏ աուդիտը հանդես է գալիս որպես դրա տեխնոլոգիական հիմք (շարժիչ)՝ երաշխավորելով, որ կայուն զարգացման վերաբերյալ հայտարարությունները հիմնավորված լինեն էմպիրիկ տվյալներով։ Աուդիտի այս երկու տեսակների ինտեգրման միջոցով կազմակերպությունները կարող են ձևավորել առավել դիմակայուն կառավարման համակարգեր և բարձրացնել ոչ ֆինանսական հաշվետվողականության վստահելիությունը թվայնացված գլոբալ տնտեսության պայմաններում։

Բանալի բառեր՝ ESG աուդիտ,  «կանաչ» ՏՏ աուդիտ, էկոարդյունավետություն, ՏՏ համակարգեր, կորպորատիվ պատասխանատվություն, թվային տեխնոլոգիաներ։

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

ԱՆԱՀԻՏ ՇԱՀՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի

ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ,

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի

և իրավունքի ինստիտուտի հայցորդ

anahit.shahumyan@isec.am

 

Համառոտագիր

Ժամանակակից աշխարհում ազգային անվտանգության ապահովումը պետությունների առաջնահերթ խնդիրներից է։ Անվտանգության համակարգը չի սահմանափակվում միայն ռազմական կարողություններով կամ իրավական մեխանիզմներով․ այն պահանջում է նաև հասարակության և պետության միջև վստահելի հարաբերություններ։ Այդ հարաբերությունների ձևավորման առանցքային գործիքը հանրային հաղորդակցությունն է։ Թափանցիկ, համակարգված և հաշվետու հաղորդակցությունը հնարավորություն է տալիս ամրապնդելու հանրային վստահությունը, ապահովելու պետական կառույցների նկատմամբ վերահսկողությունը և խթանելու քաղաքացիական մասնակցությունը։

 Հայաստանի Հանրապետության համար այս հարցը հատկապես արդիական է հետպատերազմյան շրջանում, երբ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը նկատելիորեն նվազել է, իսկ անվտանգության համակարգը կանգնած է բազմաշերտ մարտահրավերների առաջ։ Նման պայմաններում քաղաքացիական վերահսկողության գործառույթները կարող են լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ պետական կառույցները հետևողականորեն կիրառում են արդյունավետ հաղորդակցական ռազմավարություններ։ Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ապահովելու տեղեկատվության բաց և ճշգրիտ հոսք, այլև կանխելու ապատեղեկատվության տարածումը, ամրապնդելու քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ձևավորելու փոխվստահության մթնոլորտ։

Հանրային հաղորդակցությունն ընդգրկում է մի շարք գործառույթներ՝ տեղեկատվության կառավարում, հանրային կարծիքի ձևավորում, կառուցողական երկխոսության ապահովում, մեդիա և հասարակական կապերի համակարգում, տեղեկատվության պաշտպանություն և ռազմավարական հաղորդակցություն։ Այս բոլոր գործառույթները փոխլրացվում են միմյանց և նպաստում այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ ազգային անվտանգության ապահովումը դառնում է ոչ միայն պետական կառույցների, այլև ամբողջ հասարակության համատեղ ջանքերի արդյունք։

Սույն ուսումնասիրության գիտական նորույթն այն է, որ հանրային հաղորդակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես տեղեկատվության փոխանցման միջոց, այլ նաև որպես ազգային անվտանգության ապահովման և քաղաքացիական վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Հոդվածում համադրվել են միջազգային փորձն ու Հայաստանի Հանրապետության իրականությունը՝ բացահայտելով հաղորդակցության արդյունավետության և հանրային վստահության միջև ուղղակի փոխկապակցվածությունը։ Ներկայացվող վերլուծությունները կարող են օգտակար լինել պետական կառավարման համակարգում հաղորդակցական քաղաքականությունների բարելավմանը ինչպես նաև քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների կատարելագործման համար։

Այսպիսով, սույն հոդվածի նպատակն է վերլուծել հանրային հաղորդակցության դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում քաղաքացիական վերահսկողության ապահովման գործընթացում՝ ցույց տալով դրա տեսական հիմքերը և գործնական կիրառելիությունը։

Բանալի բառեր՝ ազգային անվտանգություն, քաղաքացիական վերահսկողություն, հանրային հաղորդակցություն, տեղեկատվություն, քաղաքացիական հասարակություն, ռազմավարություն։

 

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԸ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի

կրտսեր գիտաշխատող, քաղաքագիտության ասպիրանտ

varduhi.hhovhannisyan@gmail.com

Համառոտագիր

Հոդվածում ուսումնասիրվում է միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի երկրների ժողովրդավարացման գործում, մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) գործունեության ուղղությունները՝ որպես Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ժողովրդավարացման հիմնական դերակատարներ։

Հետազոտությունն ընդգծում է, որ թեև արտաքին դերակատարներն ապահովում են կարևոր խթաններ և ինստիտուցիոնալ շրջանակներ, այնուամենայնիվ ժողովրդավարական կայունությունը կախված է ներքին քաղաքական հանձնառությունից և ինստիտուցիոնալ ճկունությունից։ Չնայած Վրաստանում ժողովրդավարացման որոշակի նահանջին և Ադրբեջանի շարունակական ավտորիտարիզմին՝ Հայաստանում նկատվում են ժողովրդավարացման իրական ձգտումներ։ Վերջինս վկայում է, որ արտաքին խթանները կարող են արդյունավետ լինել, եթե դրանք համակցվեն հասարակության պատրաստակամության և քաղաքական իշխանությունների իրական կամքի հետ։

Բանալի բառեր՝ Ժողովրդավարացում, Հարավային Կովկաս, Եվրոպական Միություն, Եվրոպայի Խորհուրդ, ՀԸԳՀ, ԵԽԽՎ: