ԿԱՃԱՌ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ 2026, II

 ԿԱՃԱՌ/ԱԿԱԴԵՄԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

II, 2026

Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից

 

ԻՆՆՈՎԱՑԻՈՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ

ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի փոխտնօրեն,

հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

naira.hakobyan@isec.am

 

ԻՐԻՆԱ ՍՈՏՆԻԿ

Սամիի պետական համալսարանի պրոֆեսոր, (Ուկրաինա)

տնտեսագիտության դոկտոր

sotnyk@econ.sumdu.edu.ua

 

ԲԱԳՐԱՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Քաղաքական գիտությունների թեկնածու

bsbagratyan@gmail.com

 

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դոցենտ,

հոգեբանական գիտությունների թեկնածու

anna.khachatryan@isec.am

 

Համառոտագիր

Հոդվածում քննարկվում է անձի իննովացիոն վարքագծի հիմնախնդիրը սոցիալական կայունության գնահատումների համատեքստում։ Հոդվածում ներկայացված են իննովացիոն վարքագծի ուսումնասիրման պատմությունը և զարգազման հեռանկարները։ Իննովացիոն վարքագիծը բնութագրվում է դիպվածայնությամբ և ներկայացվում՝ որպես անձի արժեհամակարգի բաղկացուցիչ մաս։ Վարքագծի իննովացիոն հատկանիշներն ու բնութագրերը դիտարկվում են աշխատանքային միջավայրում անձի ներթիմային փոխգործակցության գործընթացներն ուսումնասիրելիս։ Վերլուծվում են մի շարք հեղինակների կարծիքները իննովացիոն վարքագծի գործառութային սահմանումների վերաբերյալ։ Հոդվածում ներկայացվող իննովացիոն վարքագծի ներթիմային բնութագրերից  առանձնանում են մի շարք հատկանիշներ, ինչպիսիք են նպատակադրվածությունը,  ստեղծագործականությունը, ճկունությունը, որոշումներ կայացնելու անկախությունը և այլընտրանքների օգտագործումը։ Իննովացիոն վարքագիծը դիտարկվել է սոցիալական կայունության բնութագրերի համատեքստում, ինչպիսիք են՝ կյանքի որակը, սոցիալական համախմբվածությունը, պատկանելիության զգացումը, ներթիմային վստահությունը և կարիերայի զարգացումը։  Իննովացիոն վարքագծի և սոցիալական կայունության բնութագրերն ուսումնասիրվել են աշխատակիցների երկու տարիքային խմբերում։ Փորձարարական հետազոտության արդյունքները վկայում են ուսումնասիրվող երևույթների փխկապվածության բարձր մակարդակի մասին, որն հատկապես երևում է կյանքի որակի և կարիերայի զարգացման սոցիալական կայունության բնութագրերի և իննովացիոն վարքագծի հատկանիշների դրական կորելացիոն կապերի արտահայտվածությամբ։ Հետազոտության արդյունքները թույլ են տալիս նորովի գնահատելու սոցիալական կայունության հինախնդիրը՝ այն դիտարկելով իննովացիոն վարքագծում դրսևորվող ժամանակակից հասարակության զարգացման և անձի պահանջմունքների արժեքային տրանսֆորմացիաների համատեքստում։

Բանալի բառեր՝ իննովացիոն վարքագիծ, սոցիալական կայունություն, արժեքներ, դիպվածային հատկանիշ, սոցիալական համախմբվածություն, նպատակադրվածություն, կյանքի որակ։

 

ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՌԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄՈՏ

ՍՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի ղեկավար,

գիտական քարտուղար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

sona.poghosyan@paara.am

 

Համառոտագիր

Հոդվածը նվիրված է ստեղծարարության, դրա չափորոշիչների, դրսևորմանը նպաստող անձնային որակների և մոտիվացիոն ուղղվածության փոխկապվածությունների ուսումնասիրությանը կառավարման ոլորտի կին և տղամարդ մասնագետների շրջանում: Հետազոտությոանը մասնակցել են 52 կին և 40 տղամարդ: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ կանանց շրջանում, ի տարբերություն տղամարդկանց, ավելի բարձր են արագության, ճկունության, յուրօրինակության, մշակվածության, ստեղծարարության, բարդության,  ռիսկի հակվածության, ինքնագնահատման ցուցանիշները: Պարզվել է նաև, որ  կանանց և տղամարդկանց շրջանում ստեղծարարության և մոտիվացիոն ուղղվածությունների փոխկապվածությունների կառուցվածքը տարբերվում է։ Կանանց շրջանում ստեղծարարության ցուցանիշները դրական են՝ փոխկապված ալտրուիզմի և իշխանության մոտիվացիոն ուղղվածության հետ:  Տղամարդկանց շրջանում բացասական են՝ փոխկապված արդյունքի, աշխատանքի և գործընթացի հետ:

Բանալի բառեր՝ Ստեղծարարություն, սեռային տարբերություններ, մոտիվացիա, փոխկապվածություն, կառավարչական ոլորտ:

 

ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԳՆԻՏԻՎ ՈՃԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

 

ԱՆԺԵԼԻԿԱ ԱՅՎԱԶՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դոցենտ,

հոգեբանական գիտությունների թեկնածու

anzhelika.ayvazyan@isec.am

 

Համառոտագիր

Տագնապայնությունը անձի հոգեկան առողջության առանցքային հիմնախնդիրներից է, որը պահպանում է իր արդիականությունը հասարակության զարգացման հետ զուգընթաց։ Պատահական չէ, որ  վերջին տարիներին հոգեբանները, փիլիսոփաները, պատմաբանները և հասարակագիտական այլ դիսցիպլինների հետազոտողներ ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում տագնապայնության խնդրին:

Այս ուսումնասիրության շրջանակում ներկայացվել են հոգեբանական և մարդաբանական տեսական մոտեցումները տագնապայնության բնութագրման վերաբերյալ, շեշտադրվել են տագնապայնության մակարդակի վերհանման ուղղությունները։ Տագնապայնության բնութագրումները ներկայացվել են կոգնիտիվ ոճերի կիրառման մեթոդաբանության ներքո։ 

Հոդվածում 20-40 տարեկան անձանց շրջանում վեր են հանվել տագնապայնության մակարդակներն՝ ըստ անձնային և իրավիճակային տագնապայնության տեսակների։ Տագնապայնության բացահայտված մակարդակները համեմատվել են իմպուլսիվության, ռեֆլեքսիվության կոգնիտիվ ոճերի հետ։ Հետազոտության արդյուքնում ի հայտ են եկել կապեր անձնային տագնապայնության և իմպուլսիվության բարձր մակարդակների միջև, որոնք հանգեցնում էին որոշումների կայացման ձևախեղումներին և ոչ կոնստրուկտիվ լուծումներին։ Հետազոտության արդյունքները կարող են կիրառելի լինել կոգնիտիվ հոգեթերապևտիկ աշխատանքներում՝ ուղղված տագնապայնության մակարդակի նվազեցմանը։

Բանալի բառեր՝ տագնապայնություն, կոգնիտիվ ոճեր, իմպուլսիվություն, ռեֆլեքսիվություն, որոշումների կայացում, անձնային տագնապայնություն, իրավիճակային տագնապայնություն։

 

ՕԲՍԵՍԻՎ-ԿՈՄՊՈՒԼՍԻՎ ԽԱՆԳԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԼԻՐ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

ԱՐԱՅԻԿ ՖԻՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս,

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ara.firyan@mail.ru

 

ԱՐՄԻՆԵ ՍԱՆՈՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի մագիստրանտ

ԷԲԱՀ որակի ապահովման կենտրոնի մասնագետ

armenisa78@gmail.com

 

ՏԱԹԵՎ ՏՈՆՈՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

հոգեբանության ամբիոնի կլինիկական հոգեբանության բաժնի մագիստրանտ

tatevtonoyan.tt@gmail.com

Համառոտագիր

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (OCD) ժամանակակից կլինիկական հոգեբանության և հոգեբուժության առավել տարածված և սոցիալական նշանակություն ունեցող հոգեկան խանգարումներից է, որը բնութագրվում է ներխուժող օբսեսիվ մտքերի և տագնապին վազեցմանն ուղղված կոմպուլսիվ վարքային կամ մտավոր գործողությունների առկայությամբ: Խանգարումը զգալի ազդեցություն է ունենում անձի հոգեբանական ադապտացիայի, սոցիալական գործունեության և կյանքի որակի վրա:

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հոգեբանական մեխանիզմները, OCD ունեցող անձանց կոգնիտիվ, հուզական և վարքային առանձնահատկությունները, ինչպես նաև վերլուծել ժամանակակից ապացուցահեն և համալիր հոգեթերապևտիկ միջամտությունների արդյունավետությունը:

Հետազոտությունն իրականացվել է տեսական-վերլուծական մեթոդաբանության շրջանակում՝ հիմնված DSM-5-TR և ICD-11 ախտորոշիչ համակարգերի, միջազգային կլինիկական ուղեցույցների և գրախոսվող գիտական գրականության համակարգված վերլուծության վրա: Ուսումնասիրվել են կոգնիտիվ-վարքային, նեյրոկենսաբանական, մետակոգնիտիվ և երրորդ ալիքի հոգեթերապևտիկ մոտեցումները OCD-ի ձևավորման և պահպանման համատեքստում:

Արդյունքները ցույց են տալիս, որ OCD-ի պահպանման մեջ կարևոր դեր ունեն վտանգի աղավաղված գնահատումը, պատասխանատվության գերագնահատումը, անորոշության հանդեպ անհանդուրժողականությունը և կոմպուլսիվ վարքի միջոցով տագնապի ժամանակավոր նվազեցումը:

Առավել արդյունավետ միջամտություններ են համարվում CBT և ERP մեթոդները, մինչդեռ ACT, MBCT, EMDR և այլ ինտեգրված մոտեցումները կարող են կիրառվել որպես լրացուցիչ կամ համակցված թերապևտիկ ռազմավարություններ։

Հետազոտության արդյունքներն ընդգծում են OCD-ի փոխկապակցված բնույթը և անհատականացված հոգեթերապևտիկ միջամտությունների կարևորությունը՝ հոգեբանական ճկունության, հուզական կարգավորման և սոցիալական ադապտացիայի բարելավման համար:

Բանալի բառեր՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, կոգնիտիվ աղավաղումներ, հոգեբանական ճկունություն, հուզական կարգավորում, սոցիալական ադապտացիա, հոգեթերապիա:

 

ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱՆ ՀՈԳԵՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի

հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի

էրգոթերապիայի բաժնի մագիստրանտ

aramkhachatryan.95@mail.ru

 

ԱՐՄԻՆԵ ԱԶՆԱՈՒՐՅԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի

հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի

հատուկ մանկավարժության մագիստրանտ

armine.aznauryan1984@gmail.com  

 

ԹԵՐԵԶԱ ԱԶԱՏՅԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի

հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ,

մանկավարժական գիտությունների թեկնածու, կենսաբանական գիտությունների դոկտոր

azatyantereza41@aspu.am

 

Համառոտագիր

Հոդվածում ներկայացվում է էրգոթերապիայի նշանակալի դերը երեխայի զարգացման, ինչպես նաև  ֆիզիկական, ճանաչողական կամ հուզական դժվարությունների բախվող երեխաների աջակցման գործընթացում։ Հատուկ ուշադրություն է դարձվում ինքնախնամքի հմտությունների ինքնուրույնության զարգացմանը և երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Ընդգծվում է վաղ միջամտության, շարունակական գնահատման և թերապևտիկ գործընթացում ընտանիքի ակտիվ ներգրավվածության կարևորությունը։ Հոդվածը ուշադրության կենտրոնում է պահում էրգոթերապիայի գաղափարախոսությունը՝ օգնել մարդկանց ապրել հնարավորինս ինքնաբավ։ Էրգոթերապիան ժամանակակից մոտեցում է, որը օգնում է երեխաներին ոչ միայն վերականգնել կամ կատարելագործել հմտությունները, այլև ձեռք բերել նոր հմտություններ առօրյա կյանքի համար։ Այս թերապիայի շնորհիվ երեխաներն ավելի հեշտությամբ են հարմարվում հասարակությանը, ավելի վստահ են զգում դպրոցում և ավելի անկախ են դառնում իրենց առօրյա գործունեության մեջ։ Հիվանդության, հաշմանդամության կամ հմտությունների պակասը կարող է հանգեցնել մարգինալացման, սոցիալական մեկուսացման և ինքնագնահատականի նվազման (Mandich, A. &, Rodger, S., 2006):

Էրգոթերապիայի շնորհիվ երեխաներն աստիճանաբար ձեռք են բերում.

  • ինքնավստահություն,
  • անկախություն առօրյա գործողություններում,
  • ուշադրության կենտրոնացում և ուսումնական հմտություններ,
  • արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • նախապատրաստում մանկապարտեզին կամ դպրոցին՝ առանց ավելորդ դժվարությունների։

Քանի որ խաղը երեխաների հիմնական զբաղմունքն է, էրգոթերապևտները հաճախ օգտագործում են խաղը՝ որպես խաղային ակտիվությունն ու խաղալու կարողությունը զարգացնելու միջոց։ Հատկանշական է, որ խաղը ունի ինքնաբուխ բնույթ, հիմնված է ներքին դրդապատճառների վրա  և ինքնավար է։ Ակտիվ ներգրավվածությունը և գործընթացի, այլ ոչ թե վերջնական արդյունքի վրա կենտրոնացումը խաղի հիմնական առանձնահատկություններն են։ Էրգոթերապևտների կարծիքով՝ խաղը համարվում է երեխայի հիմնական զբաղմունքը, քանի որ այն ուսուցման կարևորագույն միջոց է և զգալիորեն նպաստում է երեխայի օպտիմալ զարգացմանը (G. Rautenbach et al., 2024):

Թեև բազմաթիվ գործոններ ազդում են երեխայի զարգացման վրա, էրգոթերապիան կարևոր դեր է խաղում զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաներին աջակցելու գործում։

Բանալի բառեր՝ էրգոթերապիա, զգայական ինտեգրացիա, մանր և խոշոր մոտորիկա, հարմարվողականություն, ճանաչողական հմտություններ:

 

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԻԿՏԻՄԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

 

ՄԵՐԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հայցորդ,

լրատվական կայքի խմբագիր,

meri.yeghiazaryan@edu.isec.am

Համառոտագիր

Սույն հոդվածում ինքնագնահատականը դիտարկվում է որպես անհատի հոգեբանական կայունության և սոցիալական հարմարման կարևոր մեխանիզմ՝ ամուսնական հարաբերությունների և վիկտիմության բարդ համատեքստում։ Այս տեսանկյունից ընտանիքը դիտարկվում է որպես անհատի գոյաբանական ինքնության և ինքնարդյունավետության ձևավորման առաջնային միջավայր։

Ուսումնասիրության տեսական շրջանակը համադրում է Ու. Ջեյմսի, Չ. Քուլիի և Կ. Ռոջերսի դասական հայեցակարգերը ժամանակակից էմպիրիկ տվյալների հետ՝ ընդգծելով դիսֆունկցիոնալ ընտանեկան դինամիկայի ու անհատի ինքնագնահատման համակարգի միջև հնարավոր բացասական կապը։ Վերլուծության շրջանակում երկարատև վիկտիմացման փորձառությունը դիտարկվում է «զոհի» սոցիալական դերի ներքնայնացման, ներքին հոգեբանական ռեսուրսների թուլացման և «հայելային Ես»-ի ձևափոխումների համատեքստում։

Տեսական վերլուծությանը զուգահեռ իրականացվել է էմպիրիկ հետազոտություն (N = 60)․ Ռոզենբերգի ինքնագնահատականի սանդղակի (RSES) կիրառմամբ կատարվել է համեմատական վերլուծություն՝ վիկտիմության ինքնընկալում ունեցող և բարենպաստ ամուսնական հարաբերություններում գտնվող կանանց ինքնագնահատականի մակարդակներն ուսումնասիրելու նպատակով։ Միայն կին մասնակիցների ընդգրկումը նպատակ ուներ միջանձնային ու ընտանեկան հարաբերությունների համատեքստում ապահովելու ինքնագնահատականի առավել կենտրոնացված ուսումնասիրություն, ինչպես նաև պահպանելու ընտրանքի առավել մեծ համասեռությունը։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց առավել հստակ ուսումնասիրել ինքնագնահատականի տարբերությունները, որոնք կապված են վիկտիմության տարբեր փորձառությունների և դրանց ընկալումների հետ։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ զոհի ինքնընկալում ունեցող կանանց շրջանում գերակշռում է ցածր ինքնագնահատականը (65%), ինչը կարելի է դիտարկել անձնային ռեսուրսների սահմանափակվածության և վերահսկողության ցածր սուբյեկտիվ զգացման վերաբերյալ տեսական պատկերացումների համատեքստում։ Էմպիրիկ արդյունքները նաև ընդգծում են ինքնագնահատականի կարևորությունը՝ որպես հոգեբանական դիմակայունությանն ու հարմարմանը նպաստող գործոն։

Ուսումնասիրության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ինքնարժևորման և ինքնագնահատականի բարձր մակարդակները կարող են հանդես գալ որպես հոգեբանական կայունությունը պահպանող պաշտպանական ռեսուրսներ։ Դրանք կարող են նաև պայմանավորել անձնական ինքնուրույնության ու ինքնավարության ավելի բարձր մակարդակ՝ հիմք ստեղծելով հոգեբանական միջամտության նպատակային ծրագրերի մշակման համար։

Բանալի բառեր` ինքնագնահատական, ընտանեկան վիկտիմություն, ինտերիորիզացիա, հոգեբանական ռեզիլիանս, ամուսնական հարաբերություններ, անձնային ռեսուրսներ:

 

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ, ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ

 

ԺՈՒԼԻԵԹ ԴԱՎԹՅԱՆ (ԴԱՎՈՒԴՅԱՆ)

Խաչատուր Աբովյանի անվան հայկական

պետական մանկավարժական համալսարանի

հոգեբանության ամբիոնի ասպիրանտ

davoodyanjuliet-phd23@aspu.am

Համառոտագիր

Գերմանիայում ազգային կարծրատիպերը շարունակում են մնալ պատմության, միգրացիայի և առօրյա փոխազդեցությունների ազդեցությամբ ձևավորված կայուն մարտահրավեր: Այս հետազոտությունը, որն ունի հետախուզական բնույթ և իրականացվել է որակական մեթոդաբանությամբ, ուսումնասիրում է, թե ինչպես են 11–20 տարեկան 15 մասնակիցներ նկարագրում, հիմնավորում և քննադատաբար անդրադառնում այդ կարծրատիպերին: Մասնակիցները մասնակցել են երկու առանձին կիսակառուցվածքային խմբային հարցազրույցների․ նրանցից վեցը ինքնանույնականացվել են որպես բնիկ գերմանացիներ, իսկ ինը՝ որպես առաջին սերնդի ներգաղթյալներ: Թեմատիկ վերլուծությունն իրականացվել է բացահայտ և թաքնված կանխակալության, սոցիալական ինքնության, ներխմբային նախապատվության և ավտորիտար անհատականության տեսությունների հիման վրա: Այս ընտրանքի շրջանակում մասնակիցները բարոյական տեսանկյունից մերժում էին ազգային կարծրատիպերը՝ միաժամանակ ընդունելով դրանց շարունակական գոյությունը մեդիա ներկայացումների, միջսերնդային փոխանցման և առօրյա փոխազդեցությունների միջոցով: Ստացված  արդյունքները Գերմանիայի դեռահասների ամբողջության համար ներկայացուցչական կամ վիճակագրորեն ընդհանրացվող չեն կարող համարվել։

Բանալի բառեր՝ ազգային կարծրատիպեր, դեռահասություն, Գերմանիա, փոքրամասնությունների խմբեր:  

 

ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵԶՐՈՒԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼ-ԱԴԱՊՏԻՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

 

ԱՍՅԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Ռուս-Հայկական համալսարան,

հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆսոր

aspsy@inbox.ru

 

ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի փոխտնօրեն,

հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

naira.hakobyan@isec.am

 

Համառոտագիր

Հետազոտությունը բացահայտում է անձի էթնիկ ինքնության եզրութաբանությունը սոցիալ-ադապտիվ գործընթացների  փոխկապակցվածության մեջ: Ժամանակակից հոգեբանական գիտության մեջ այս հիմնախնդրի արդիականությունը պայմանավորված է ներկայիս գլոբալիզացիոն սոցիալ-հոգեբանական, տնտեսական և մշակութային գործընթացներով, որոնք նոր սոցիալ-ադապտիվ պայմաններ են ստեղծում անձի կենսագործունեության համար: Այս պայմաններում, երբ հասարակական բոլոր գործընթացները դառնում են բավականին փոփոխական և անկայուն, իսկ պատկերացումները սեփական միջավայրի մասին ձևավորվում են տեղեկատվական տարաբնույթ հոսքերի ներքո, առաջ են գալիս անձի էթնիկ ինքնության դրսևորումների որոշակի փոխակերպումներ: Ավելին, էթնիկ ինքնության ձևավորման և ամրակայման հետ զուգընթաց սկսում է փոփոխությունների ենթարկվել նաև սոցիալական միջավայրին անձի ադապտացիոն հակումները և մեխանիզմները, ինչն առավել կարևորում է էթնիկ ինքնության և սոցիալական միջավայրին անձի ադապտացիոն գործընթացների փոխազդեցությունների սոցիալ-հոգեբանական հետազոտության իրականացումն ու էթնիկ ինքնության եզրութաբանության վերհանումը:

Բանալի բառեր՝ էթնիկ ինքնություն, եզրութաբանություն, սոցիալ-ադապտիվ գործընթացներ, պրիմորդիալիստական մոտեցում, ինստրումենտալիզմ, կոնստրուկտիվ մոտեցում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ․ ERASMUS+ EU-BRIDGE-Ի ԲԱԶՄԱՇԱՀԱԿԻՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածու

narine.vardanyan@isec.am

 

ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան,

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,

մանկավարժության դոցենտ

atom.mkhitaryan@isec.am

Համառոտագիր

Բարձրագույն կրթության միջազգայնացման և եվրոպականացման խորացումը Հայաստանի բուհերից պահանջում է ոչ միայն միջազգային համագործակցության ընդլայնում, այլև եվրոպական կրթական և հետազոտական ծրագրերի մշակման և կառավարման համապատասխան անհատական ու ինստիտուցիոնալ կարողություններ։ Սույն հետազոտության նպատակն է բացահայտել այդ կարողությունների հիմնական կարիքներն ու բացերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում և գնահատել դրանց համապատասխանությունը Erasmus+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» գործողության շրջանակում իրականացվող EU-BRIDGE («Strengthening Higher Education for European Project Management in Armenia») նախագծի նախատեսվող բաղադրիչներին։

Հետազոտությունն իրականացվել է խառը մեթոդներով՝ համադրելով երեք փոխլրացնող բաղադրիչների տվյալները՝ 180 մասնակիցների քանակական հարցման, բարձրագույն կրթության և որակի ապահովման ոլորտների 14 փորձագետների հարցման, ինչպես նաև 23 կազմակերպությունների ներկայացուցիչների ֆոկուս-խմբային քննարկման և 6 խորացված հարցազրույցների արդյունքները։ Տվյալների համադրումն ապահովել է տարբեր շահակիցների տեսակետների համեմատական վերլուծություն և արդյունքների թեմատիկ տրիանգուլյացիա։

Արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում առկա է եվրոպական ծրագրերին մասնակցելու բարձր հետաքրքրվածություն, սակայն այն միշտ չէ, որ ուղեկցվում է համապատասխան գործնական փորձով և ինստիտուցիոնալ աջակցությամբ։ Հիմնական կարողությունների կարիքները վերաբերում են ֆինանսավորման հնարավորությունների բացահայտմանը, նախագծերի գաղափարների և հայտերի մշակմանը, բյուջետավորմանն ու ֆինանսական կառավարմանը, միջազգային գործընկերների որոնմանն ու կոնսորցիումների ձևավորմանը, նախագծերի պլանավորմանը, մոնիթորինգին, գնահատմանը և հաշվետվողականությանը։ Միաժամանակ, որպես կարևոր խոչընդոտներ առանձնացվել են տեղեկատվության և խորհրդատվության սահմանափակ հասանելիությունը, ֆինանսական և ժամանակային սահմանափակումները, անգլերենի ոչ բավարար իմացությունը և ինստիտուցիոնալ աջակցության մեխանիզմների պակասը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ կարողությունների զարգացումը արդյունավետ չի կարող սահմանափակվել կարճաժամկետ վերապատրաստումներով։ Շահակիցների գնահատականները վկայում են գործնական ուսուցման, մենթորության, իրական նախագծերի սիմուլյացիայի, միջազգային ցանցային համագործակցության, փորձի փոխանակման և թվային մասնագիտական համայնքի ձևավորման անհրաժեշտության մասին։ Այս արդյունքները ընդհանուր առմամբ համապատասխանում են EU-BRIDGE ծրագրի՝ ուսուցման, գործնական փորձառության, սոցիալական նորարարության, նախագծերի սիմուլյացիայի և մասնագիտական ցանցավորման բաղադրիչներին։ Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման և եվրոպական նախագծերին կայուն մասնակցության փաստահեն մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև նմանատիպ Erasmus+ նախաձեռնությունների նախագծման և իրականացման համար։

Բանալի բառեր՝ բարձրագույն կրթություն, միջազգայնացում, եվրոպականացում, նախագծերի կառավարում, կարողությունների զարգացում, կարիքների գնահատում, Erasmus+ EU-BRIDGE։

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ. AILED ՄՈԴԵԼԸ

 

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

օտար լեզուների ամբիոնի վարիչ,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

gohar.grigoryan@isec.am

 

ԼԻԼԻԹ ՄԱՆՎԵԼՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

գիտակրթական միջազգային կենտրոնի

մասնագիտական անգլերեն լեզվի դասախոս

lilit.manvelyan@isec.am

 

Համառոտագիր

Հոդվածը նվիրված է իրավաբանական անգլերենի (Legal English) ուսուցման կարևոր խնդիրներից մեկին՝ տարբեր լեզվական պատրաստվածություն ունեցող ուսանողների համար արդյունավետ և տարբերակված ուսուցման կազմակերպմանը՝ արհեստական բանականության (AI) հնարավորությունների կիրառմամբ։ Իրավաբանական անգլերենը, որպես մասնագիտական նպատակներով անգլերենի (ESP) մասնագիտացված ոլորտ, պահանջում է ոչ միայն ընդհանուր լեզվական հմտություններ, այլև մասնագիտական տերմինաբանության, իրավական ժանրերի և մասնագիտական դիսկուրսի յուրացում։ Տարբեր մակարդակներ ունեցող սովորողների համար միասնական ուսումնական նյութերի կիրառումը կարող է դժվարություններ առաջացնել ցածր լեզվական մակարդակ ունեցող ուսանողների համար՝ միաժամանակ բավարար չափով չխթանելով ավելի բարձր մակարդակ ունեցող սովորողների առաջընթացը։

Հոդվածում առաջարկվում է AILED (AI-Assisted Legal English Differentiation) մոդելը, որը համադրում է արհեստական բանականությամբ աջակցվող իրավաբանական տերմինաբանության տարբերակումը, ուսումնական տեքստերի հարմարեցումը և տարբերակված ուսուցման սկզբունքները։ Մոդելը հիմնված է իրավաբանական անգլերենի դասավանդվման, արհեստական բանականության աջակցությամբ լեզվի ուսուցման և տարբերակված ուսուցման վերաբերյալ գիտական գրականության վերլուծության, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի մագիստրոսական ծրագրերի 103 ուսանողների տեղաբաշխիչ թեստերի տվյալների վերլուծության վրա։ Տեղաբաշխիչ թեստերի տվյալների վերլուծությունը փաստում է «Իրավագիտություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների լեզվական պատրաստվածության տարասեռ բնույթը և հիմնավորում իրավաբանական անգլերենի տարբերակված ուսուցման անհրաժեշտությունը։

AILED մոդելը ներառում է հինգ փոխկապակցված փուլ՝ ուսանողների լեզվական պատրաստվածության գնահատում, արհեստական բանականությամբ տարբերակված ուսումնական նյութերի ստեղծում, դրանց մասնագիտական և մանկավարժական համապատասխանության ստուգում դասախոսի կողմից, տարբերակված ուսումնական գործունեության իրականացում և ուսուցման արդյունքների գնահատում՝ շարունակական հետադարձ կապի միջոցով։ Մոդելը նախատեսված է որպես ցիկլային գործընթաց, որի շրջանակում ուսուցման արդյունքները հիմք են հանդիսանում հետագա ուսումնական նյութերի ընտրության և տարբերակման համար։ Հոդվածում ներկայացվում է նաև գործնական օրինակ, որը ցույց է տալիս իրավաբանական տերմինաբանության և ուսումնական տեքստերի տարբերակման կիրառությունը՝ միաժամանակ պահպանելով տարբեր լեզվական մակարդակներում սովորողների համար ճանաչողական պահանջների համադրելիությունը։

Հոդվածը եզրակացնում է, որ AILED մոդելը կարող է ծառայել որպես գործնական մանկավարժական մոտեցում՝ իրավաբանական անգլերենի ուսուցման ընթացքում լեզվական պատրաստվածության տարբերությունները հաշվի առնելու, մասնագիտական իրավաբանական տերմինաբանության յուրացումը խթանելու և արհեստական բանականությունը ուսուցման գործընթացում նպատակային ու դասախոսի վերահսկողությամբ ներառելու համար։

Բանալի բառեր՝ իրավաբանական անգլերեն, մասնագիտական նպատակներով անգլերեն (ESP), արհեստական բանականություն, տարբերակված ուսուցում, իրավաբանական տերմինաբանություն, AILED մոդել, լեզվական պատրաստվածություն։

 

 

ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ. ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

լեզուների ամբիոնի դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածու

shushanghazaryan1983@gmail.com

 

ՇՈՒՇԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

լեզուների ամբիոնի դասախոս

shushanghazaryan1983@gmail.com

Համառոտագիր

Սույն հոդվածում քննարկվում է լեզվի դասավանդման թվային փոխակերպումը, վերլուծվում են ժամանակակից թվային տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ազդեցությունները լեզուների դասավանդման գործընթացի վրա: Առանձին ուշադրություն է դարձվում ուսուցման ավանդական ձևերի զարգացմանը, կրթական թվային տեխնոլոգիաների հնարավորություններին, ինչպես նաև լեզվի դասավանդման մեջ արհեստական բանականության օգտագործման հիմնական ուղղություններին:

Ուսումնասիրվում են բանական (խելացի) համակարգերի կիրառության առավելությունները՝ ներառյալ ուսուցման անհատականացումը, գիտելիքի ուղղորդման ավտոմատացումը, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացումը, առցանց ուսուցման հնարավորությունները: Հոդվածում երևան են հանվում ակադեմիական բարեխղճության հետ կապված հիմնական ռիսկերը, տեղեկատվության հավաստիության, սովորողի անհատական տվյալների պահպանման, ինչպես նաև կրթական գործընթացում դասավանդողի առաջատար դերի պահպանմանն առնչվող հարցեր: Ուսումնասիրվել են թեմային վերաբերող ժամանակակից գիտական աշխատություններ, խնդրո առարկա հարցերի մասին տեսական գրականության վերլուծության հիման վրա ցույց է տրվում լեզվաբանական կրթության գործում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդաշնակ ներմուծման անհրաժեշտությունը՝ պահպանելով կրթության մարդասիրական ուղղվածությունը, դասավանդողի՝ որպես մենթորի, կողմնորոշողի դերի կարևորությունը: Եզրակացություն է արվում, որ ժամանակակից լեզվաբանական կրթության զարգացման առավել հեռանկարային մոդելը դասավանդողի և արհեստական բանականության համագործակցության մոդելն է, որն ապահովում է դասավանդման որակի բարելավում, հաղորդակցական հմտության զարգացում, ժամանակի և մարդկային ռեսուրսի խնայողություն և սովորողների մոտ թվային հմտությունների ձևավորում:

Բանալի բառեր` լեզվի դասավանդում, թվային փոխակերպում, արհեստական բանականություն, դասավանդող, կրթական գործընթաց:

 

 

ԳՈՎԱԶԴԸ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՌՔԻ «ԾԱՂԻԿ» ՀԱՆԴԵՍՈՒՄ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐԸ

(1905–1907)

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի

առաջատար գիտաշխատող,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

nairahambardzumyan@yahoo.com

Համառոտագիր

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ մամուլը ոչ միայն գրական, քաղաքական և հասարակական գաղափարների տարածման, այլև սոցիալական կյանքի, տնտեսական հարաբերությունների և մշակութային փոփոխությունների արտացոլման կարևոր հարթակ էր։ Այս համատեքստում գովազդային բաժինները արժեքավոր պատմական աղբյուրներ են՝ սպառողական մշակույթի, սոցիալական պատկերացումների և արժեքային համակարգերի ուսումնասիրման համար։

Սույն ուսումնասիրության նպատակն է քննել Հայկանուշ Մառքի խմբագրած «Ծաղիկ» հանդեսի (Կ. Պոլիս, 1905–1907) գովազդային բաժինը՝ բացահայտելով գովազդի գործառույթները՝ որպես սոցիալական և մշակութային հաղորդակցության ձևեր։ Հետազոտության խնդիրն է վերլուծել գովազդներում կիրառված հաղորդակցական և համոզման ռազմավարությունները, վստահության ու հեղինակության ձևավորման մեխանիզմները, ինչպես նաև դրանց միջոցով փոխանցվող սոցիալական և մշակութային արժեքները։

Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ գովազդային նյութերը հայ մամուլի պատմության մեջ հիմնականում դիտարկվել են որպես օժանդակ բաղադրիչներ, մինչդեռ դրանց վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու պոլսահայ հասարակության սպառման մշակույթը, կրթական պատկերացումները և արդիականացման գործընթացները։ Հատկապես նշանակալի են կրթության, առողջության, կենցաղի, նորաձևության և առևտրային ծառայությունների վերաբերյալ գովազդները, որոնք արտացոլում են կրթված կնոջ, ընտանիքի և քաղաքային կենսակերպի վերաբերյալ ժամանակի պատկերացումները։

Հետազոտության գիտական նորույթը «Ծաղիկ»-ի գովազդային բաժինը որպես սոցիալական և մշակութային հաղորդակցության համակարգ ուսումնասիրելն է։ Գովազդային տեքստերը դիտարկվում են որպես մշակութային հաղորդագրություններ, որոնց միջոցով ձևավորվում էին սպառողի վարքագիծը, հասարակական հեղինակության ընկալումները և ժամանակակից կենսակերպի պատկերացումները։ Դրանք միաժամանակ վկայում են քաղաքային շուկայի ընդլայնման, նոր ապրանքների ու ծառայությունների տարածման և կանանց սոցիալական ու կրթական դերի փոփոխության մասին։

Մեթոդաբանական հիմքը կազմում են պատմահամեմատական, բովանդակային, դիսկուրսային և կառուցվածքային վերլուծության մեթոդները։ Ուսումնասիրության նյութական հիմքը «Ծաղիկ» հանդեսում հրապարակված կրթական հաստատությունների, գրքերի, բժշկական ծառայությունների, կենցաղային ապրանքների, նորաձևության և առևտրային ծառայությունների վերաբերյալ գովազդներն են։

Արդյունքում «Ծաղիկ»-ի գովազդային բաժինը դիտարկվում է՝ որպես 20-րդ դարասկզբի պոլսահայ հասարակության արժեքային համակարգը, սոցիալական պատկերացումները և արդիականացման գործընթացները բացահայտող կարևոր պատմամշակութային աղբյուր։

Բանալի բառեր՝ «Ծաղիկ» հանդես, Հայկանուշ Մառք, գովազդ, մամուլի պատմություն, մշակութային կապիտալ, պոլսահայ հասարակություն։

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ​​ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ

 

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի

տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ,

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

karen.sargsyan@isec.am

 

Համառոտագիր

Արհեստական ​​բանականության (ԱԲ) աճող տարածումը զգալի հետաքրքրություն է առաջացրել տնտեսագետների և կառավարման գիտնականների շրջանում, քանի որ տեխնոլոգիական փոփոխությունը երկարաժամկետ արտադրողականության և տնտեսական աճի հիմնարար աղբյուր է: Ավանդական աճի տեսության մեջ տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն էր տալիս տնտեսություններին արտադրել ավելի շատ արտադրանք տվյալ քանակությամբ աշխատուժից և կապիտալից: Արհեստական ​​բանականությունը կարող է ազդել այս գործընթացի վրա՝ բարձրացնելով առկա արտադրական գործունեության արդյունավետությունը, ավելացնելով աշխատողների կարողությունները, արագացնելով հետազոտություններն ու զարգացումը, միաժամանակ բարելավելով կազմակերպչական ռեսուրսների բաշխումը:

Ի տարբերություն շատ ավելի հին թվային տեխնոլոգիաների՝ ԱԲ-ն կարող է իրականացնել կանխատեսման, դասակարգման, տեղեկատվության մշակման, բովանդակության ստեղծման և որոշումների կայացման աջակցության հետ կապված առաջադրանքներ: Հետևաբար դրա պոտենցիալ տնտեսական հետևանքները տարածվում են առօրյա գործունեության ավտոմատացումից այն կողմ՝ ներառելով նորարարությունը, կազմակերպչական վերափոխումը, մարդ-մեքենա համագործակցությունը և նոր ապրանքների ու բիզնես մոդելների ստեղծումը:

Արհեստական ​​բանականությունը չպետք է համարել տնտեսական աճի ինքնաշխատ աղբյուր: Նոր տեխնոլոգիայի արտադրողականության հետևանքները կախված են լրացուցիչ ներդրումներից, կազմակերպչական կարողություններից, ինստիտուցիոնալ պայմաններից, ինչպես նաև աշխատողների ու մենեջերների՝ տեխնոլոգիան արտադրական գործընթացներում ներառելու ունակություններից:

Արհեստական ​​բանականությունը կարող է մեծացնել ընդհանուր արտադրողականությունը և տնտեսական արդյունքը, բայց դրա օգուտները կարող են հավասարաչափ չբաշխվել: Այստեղ առկա են մի շարք ռիսկեր, ինչպիսիք են՝ ավտոմատացված աշխատանքներ կատարող աշխատողների ազատումը, աշխատավարձերի բևեռացումը, տեխնոլոգիական կարողությունների կենտրոնացումը, խոշոր ընկերությունների համար առավելությունները,ինչպես նաև տեխնոլոգիապես զարգացած և պակաս պատրաստված տնտեսությունների միջև տարաձայնությունները։

Ավելին, երկրները զգալիորեն տարբերվում են իրենց թվային ենթակառուցվածքներով, մարդկային կապիտալով, հետազոտական ​​կարողություններով, ֆինանսավորման հասանելիությամբ, ինստիտուցիոնալ որակով և առաջադեմ տեխնոլոգիաներ ներդնելու ունակությամբ։ Այս տարբերությունները կարող են որոշիչ լինել այն հարցում, թե արդյոք արհեստական ​​բանականությունը կդառնա լայնածավալ արտադրողականության աճի աղբյուր, թե դրանից հիմնականում կօգտվեն արդեն զարգացած ընկերությունները և տնտեսությունները։

Ամենահաջողակ տնտեսությունները, հավանաբար, կլինեն նրանք, որոնք արհեստական ​​բանականությանը վերաբերվում են ոչ միայն որպես ավտոմատացման գործիք, այլև որպես մարդկային կարողությունները լրա