ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի պաշտոնական կայք
«Կաճառ» գիտական պարբերականը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական գիտական հանդեսն է:
«Կաճառ» գիտական պարբերականը ստեղծվել է «Գիտական հոդվածների ժողովածու» (գլխավոր խմբագիր՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյան) գիտական հանդեսի հենքի վրա (2014թ․): Վերջինս ընդգրկված է եղել ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական ժողովածուների ցանկում մինչև 2019թ․:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականը հրատարակվում է Գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ:
«Կաճառ» գիտական պարբերականը լույս է տեսնում տարին երկու անգամ և միտված է նպաստելու Հայաստանի Հանրապետության գիտակրթական ոլորտի բարելավմանը և առաջընթացին:
Գիտական պարբերականը, հրապարակելով գիտական և գիտամեթոդական հոդվածներ, նպատակ է հետապնդում իրազեկել գիտական հասարակությանը գիտության մեջ առկա արդիական ու հրատապ արժեքավոր գաղափարների ու հետազոտությունների արդյունքների վերաբերյալ, հնարավորություն ընձեռել իրականացնել վերջիններիս շուրջ գիտական քննարկումներ ու բանավեճեր, զարգացնել նոր գաղափարներ և վերջիններս կյանքի կոչել:
«Կաճառ» գիտական պարբերականում զետեղվում են գիտական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք կօժանդակեն գիտակրթական ամենատարբեր բնագավառների առջև ծառացած խնդիրների լուծմանը, առկա հիմնախնդիրների լուսաբանմանն ու իմաստավորմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանն ու ներդրմանը:
Գիտական պարբերականը նախատեսված է գիտության և կրթության համակարգում աշխատողների և առհասարակ գիտության տարբեր բնագավառների զարգացմամբ շահագրգիռ յուրաքանչյուրի համար:
«Կաճառ» գիտական պարբերականի խորագրերը ամփոփում են բնական, հումանիտար և հասարակական գիտությունների հիմնախնդիրների վերաբերյալ հոդվածներ:
Պաշտպանելով բազմակարծության և խոսքի ազատության սկզբունքները՝ խմբագրակազմը հիշեցնում է, որ հոդվածներում և հրապարակումներում ներկայացված տեսակետները հեղինակային են, և հնարավոր է՝ չհամընկնեն խմբագրակազմի պաշտոնական դիրքորոշումների հետ:
«Կաճառ» գիտական պարբերականի կայքում խմբագրությունը հրապարակելու է համարների բովանդակությունը, հոդվածների ամփոփումները, հանգուցային բառերն ու արտահայտությունները:
«Կաճառ» գիտական պարբերականում հոդվածները տպագրվում են անվճար՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ֆինանսական միջոցներով։